
2013-ին Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության վիճակի գնահատականները՝ մասնագիտական վերլուծությամբ
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ««Մամուլի ազատությունը Հայաստանում 2013-ին. հիմնական խնդիրները եւ մարտահրավերները» թեմայով վերլուծություն է պատրաստել, որը հրապարակել է երկլեզու (հայերեն եւ անգլերեն) էլեկտրոնային գրքի տեսքով: Ուսումնասիրության թեմատիկ շրջանակը լայն է՝ ընդգրկում է ոչ միայն ավանդաբար խոսքի ազատության խոչընդոտ համարվող ֆիզիկական բռնությունների դեպքերը, զրպարտության եւ վիրավորանքի հայցերով դատական գործերը, այլեւ ԶԼՄ-ներում աննախադեպ չափերի հասած գրագողությունը, լրագրողների շրջանում լայն տարածում գտած ինքնագրաքննությունը, պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակը, տեխնոլոգիական առաջընթացով եւ այլ գործոններով պայմանավորված՝ տպագիր մամուլին նետված մարտահրավերը եւ այլն:
Նշված խնդիրների մասին վերլուծական հոդվածներ են պատրաստել «Հետքի» լրագրողները: Իսկ իրավաբաններ Արա Ղազարյանը եւ Աշոտ Վարելջյանը ամփոփ ձեւով ներկայացրել են լրատվամիջոցների ազատության տարբեր ասպեկտները՝ օրենսդրական կարգավորում, ֆիզիկական բռնություններ, զրպարտության եւ վիրավորանքի հայցերով դատական գործեր: Իրենց վերլուծության մեջ վերջինի վերաբերյալ նրանք դրական եզրակացության են հանգել՝ նշելով, որ 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում դատարանները կայացրել են լրատվամիջոցների ու լրագրողների ազատության առումով մեծամասամբ բարենպաստ դատական ակտեր։
Սակայն, ինչպես միշտ, մտահոգիչ է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների կամ նրանց գործունեությանը միջամտելու դեպքերի քննությունը: «Բազմաթիվ են դեպքերը, երբ լրագրողի հասցեին հնչեցված սպառնալիքը, որի արդյունքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը, քրեաիրավական որևէ հետևանքի չի հանգեցրել: Նույնիսկ եթե կատարվել է որևէ քննություն, դա եղել է ծառայողական բնույթի քննություն, որը սկզբունքորեն, ինչպես նաև գործնականում չի համարվում իրավական պաշտպանության արդյունավետ միջոց»,- գրել են իրավաբանները։ Ուսումնասիրությունը վկայում է, որ շատ քիչ դեպքերում է լրագրողների իրավական պաշտպանության միջոցը՝ սահմանված քրեական օրենսգրքով, արդյունավետ պաշտպանության միջոց եղել։
Ինտերնետային ԶԼՄ-ների դաշտը կարգավորելու, ցանցային լրագրողների պրոֆեսիոնալիզմի մակարդակը բարձրացնելու, բարոյական նորմերով առաջնորդվող ժուռնալիստիկան խթանելու նպատակով մասնագետներն առաջարկում են կրթել լրագրողներին եւ լսարանը, որպեսզի ընթերցողը/դիտողը, ինչպես հեռակառավարման վահանակով հեռուստատեսային ալիքն է փոխում վատ հաղորդման ժամանակ, այնպես էլ համակարգչային մկնիկի հարվածով հրաժարվի անբարեխիղճ կայքերից:
Ինքնագրաքննության աստիճանի, դրա արտահայտման ձեւերի մասին վերլուծության մեջ նույնպես հետաքրքիր եզրահանգումներ են կատարվել. «Չորրորդ իշխանությունն այսօր նույնպիսի ճգնաժամ է ապրում, ինչ իշխանության մյուս երեք ճյուղերը, եւ սա միայն մտքի ճգնաժամ չէ: Այս իրավիճակը հնարավորինս շատ իշխանական եւ նյութական ռեսուրսների տիրանալու արդյունք է: Այն հնարավոր է հաղթահարել, եթե վարչակազմը սթափ գիտակցի, որ երկիրը կանգուն պահելու համար պետք է դադարեցնել Սոդոմ-Գոմորը եւ յուրաքանչյուրին իր առաքելությունն իրականացնելու հնարավորություն տալ»:
Թեեւ խմբագիրներն ու լրագրողները հիմնականում հակված են գրագողության դեմ պայքարել ինքնակարգավորման մեխանիզմների միջոցով, սակայն հեղինակային իրավունքների խախտումներն այնքան մեծ չափերի են հասել համացանցում, որ վերջիններս միակ «փրկություն» համարում են 2013-ին կատարված օրենսդրական փոփոխությունը: Այն հնարավորություն է տալիս լրատվամիջոցին իր հեղինակային իրավունքի խախտման համար դատարանի միջոցով դրամական փոխհատուցում պահանջել եւ «դաս տալ» գրագողություն կատարածին:
Ուսումնասիրության վերջին թեման արծարծում է տպագիր մամուլի «մոտալուտ վախճանի» հարցը: Հայաստանյան իրավիճակի առանձնահատկություններով պայմանավորված՝ այդ «վախճանը» կարծես ավելի մոտ է, քան այլ երկրներում: Բայց մասնագետները ելք են առաջարկում՝ միակ փրկությունը «արտագաղթն» է դեպի ցանց:
Ուսումնասիրության իրականացմանն աջակցել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել