HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյանը հրաժարվել է փաստաբաններից

Թբիլիսիում կալանավորված Աշոտ Սուքիասյանը հրաժարվել է իր 2 փաստաբաններից: Նրա գործով զբաղվող Պրիդոն Կենկեբաշվիլին «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք այլևս Աշոտի գործով չեն զբաղվում: 

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը հրաժարվել էր նաև հանրային պաշտպանի ծառայություններից: 

«Նա, ով մեզ վարձել էր՝ Վրաստանի քաղաքացի Դոդոն, ինքն էլ հրաժարվեց մեզնից: Ի դեպ, Աշոտը կին էլ ունի` Շուշանիկը, նրա հետ էլ խոսեցինք (Դոդոն Աշոտի կնոջ բարեկամն է), բայց, չգիտեմ ինչու, հետո մեզանից հրաժարվեցին, որովհետև մտան նաև հոգևորականության ներկայացուցիչներ»,- ասաց փաստաբան Կենկեբաշվիլին: 

Հայ առաքելակա՞ն, թե՞ Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ են նրանք եղել, կամ ինչու՞ են նրանք «խառնվել» գործին, վրացի փաստաբանը չցանկացավ մանրամասնել:

Վիրահայոց թեմից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք որևէ հոգևորական այցելել է Աշոտ Սուքիասյանին: Թեմի առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը «Հետքի» հետ զրուցում ասաց, որ Վիրահայոց թեմից որևէ մեկը չի այցելել Աշոտ Սուքիասյանին:  

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը, Հայաստանի ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ և համագործակցեկով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին: Փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը գործարար Աշոտ Սուքիասյանին դատապարտեց «արտահանձնման կալանքի»: 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Հանձնման մասին միջնորդությունը քննարկման փուլում է:

Ավելի վաղ` 2013թ. հունիսի 17-ին, նախաքննական մարմինը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:

Լուա.` «Հրապարակի»

Մեկնաբանություններ (1)

ara
Uremn Kchon terternerin votqi e hanel???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter