HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկու ափերի մեջտեղում. մարմինս բանտում է, հոգիս՝ դրսում»

Գաղութը չի տալիս, գաղութը տանում է 

Անաստասիան մեկն է ավելի քան 200 կանանցից, ով ազատազրկված է «Աբովյան» ՔԿՀ-ում: Նրա մասին «Հետքին» պատմել էր Ժասմեն Տեր-Հովհաննիսյանը, ով երկար տարիներ խեցեգործություն է դասավանդում «Աբովյանի» բանտում անչափահաս դատապարտյալներին և կանանց: Անաստասիան 6 տարի է՝ ազատազրկման վայրում է՝ 21 տարեկանից: Դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Որդին լույս աշխարհ է եկել, երբ ինքն արդեն անազատության մեջ է եղել: Շուտով երեխան կդառնա 6 տարեկան: Անաստասիան մասնագիտությամբ նկարչուհի-մոդելավորող է, քրեակատարողական հիմնարկի ողջ տարածքում նրա նկարներն են: 

Անաստասիայի հետ զրուցեցինք կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներից մեկում, ռեժիմային գոտի մեզ չթույլատրեցին մտնել: 27-ամյա կինը ներս մտավ՝ իր խեցեգործական ու նկարչական աշխատանքների տոպրակը ձեռքին: Քրեական գործից, ազատազրկման պատճառներից ու հանգամանքներից չցանկացավ խոսել: Փոխարենը զրուցեցինք ազատության ու անազատության, պատժի ու պատժի նպատակների, կյանքի, ապագայի հանդեպ իր ունեցած պատկերացումներից: Առաջին հարցս ընտանիքի մասին էր: Պատմեց, որ վաղ մանկուց է սիրել նկարել ու ընտրել մասնագիտությունը: Անաստասիան անազատության մեջ աշխատում է գորգագործության արտադրամասում որպես էսքիզավորող, ստանում աշխատավարձ: Իսկ գորգերը վաճառվում են Վերնիսաժի «Բանտային գործ» կրպակում: «Ինձ համար կոնկրետ ոչ թե առաջնայինը գումար ստանալն է, այլ այն, որ փակի տակ էլ կարող եմ մի բան ստեղծել և ուղարկել ազատություն»,- ասում է Անաստասիան, ով նաև ազատազրկված կանանց անգլերեն է ուսուցանում:  

«Երբեմն լրագրողները հարցնում են՝ ի՞նչ է տվել գաղութը ձեզ: Ես էլ միշտ պատասխանում եմ՝ գաղութը չի տալիս, գաղութը տանում է: Ինձնից գաղութը տարել է առաջինը՝ երիտասարդ տարիներս, առողջությունս, շատ- շատ բաներ: Այստեղ սովորում ես միայն առանձնանալ ու ամեն ինչ ինքնուրույն անել: Իսկ դատարկությունը փորձել եմ լցնել նկարելով: Ազատությունից հետո հայտնվել այստեղ, այն էլ հղի վիճակում, ահավոր էր: Սկզբում պարփակվեցի իմ մեջ: Չէի նկարում: Չէի շփվում ոչ մեկի հետ մոտ մեկ տարի: Ունեի լուրջ հոգեբանական խնդիրներ, հայտնվել էի խելահեղության սահմանագծին: Հետո հասկացա, որ կործանման եմ գնում: Իհարկե, հոգեբանը զրուցում էր ինձ հետ, բայց եթե ինքդ չուզենաս վերականգնվել, որևէ մեկը չի կարող ներխուժել քո հոգեկան աշխարհ: Եկել էր մի պահ, որ ինձ համար ամեն ինչ միևնույնն էր: Արգելափակել էին անգամ զանգերն ու տեսակցությունները մոտ մեկ տարի: 

 Բայց անգամ արգելքները հանելուց հետո չէի ցանկանում տեսնել ընտանիքիս անդամներին: Վերագտա ինձ ավելի ուշ: Ես ինքս ինձ համար զբաղմունք ստեղծեցի՝ նկարել, ասեղնագործել, գործել: Հիմա ես անընդհատ զբաղված եմ, ազատ ժամանակ համարյա չունեմ, ուզում եմ անընդհատ գեղեցկություն տեսնել իմ աշխատանքների միջոցով: Անգամ բաժակի կոտրված պոչը անպետք չէ, կարելի է մի գեղեցիկ մանրանկարչություն ստեղծել»: 

Ասաց, որ բանտերում հոգևոր ծառայություն իրականացնող խմբից հայր Ռուբենը սկզբնական շրջանում իրեն հորդորել է նկարել: Ասում էր՝ եթե նույնիսկ որևէ մեկին ցույց չտաս, ոչինչ, միևնույնն է՝ նկարի՛ր: Հետո հայր Ռուբենը պատերի որմնանկարները տեսավ, շատ ուրախացավ ինձ համար: 

12 տարվա ազատազրկման դատապարտված կնոջ երեխան ծնվել է «Աբովյան» ՔԿՀ-ում: Օրենքը թույլատրում է, որպեսզի մինչև 3 տարեկանը լրանալը երեխան մնա մոր հետ: «Բայց տղաս վատառողջ էր, հաճախ էի հարազատներիս մոտ ուղարկում նրան: Նաև գիտակցում էի, որ անազատության մեջ երկար եմ մնալու, չէի ցանկանում, որ շատ կապվի ինձ հետ»,-ասաց նա:  

Երեխային տեսնում է տարեկան մեկ անգամ՝ երկարատև տեսակցությամբ՝ 3 օրով և երեք անգամ կարճատև՝ 1 ժամանոց տեսակցությամբ: «Ճի՛շտ է, դա շատ քիչ է, բայց, ինչ արած, առավելապես ծանր հանցագործության հոդվածով օրենքն է այդպիսին: Երբ հարազատներս երեխային բերում են, ոչ մի տեղ չի ուզում գնալ, կանգնում է միջանցքում ու չի հեռանում, ասում է՝ հետս արի գնանք տուն, մինչև դու չգաս, ես չեմ գնա: Իր հետ շատ բարդ է: Տեսակցությունից հետո իմ մեջ հեղափոխություն է լինում. ո՛չ ինձ հետ եմ, ո՛չ իրենց: Երկու ափերի մեջտեղում: Մարմինս բանտում, հոգիս՝ դրսում»: 

Իմ հարցին, թե ինչպես է պատկերացնում ապագան, ո՞ւր կգնա առաջինը 6 տարի անց, ազատության առաջին պահերին, Անաստասիան պատասխանեց՝ եկեղեցի, հետո կգնամ մի տեղ, բայց չեմ ուզում ասել, թե՝ ուր, դա արդեն նպատակ է դարձել: «Ամեն վատի մեջ պիտի աշխատել լավը տեսնել, եթե ցանկանում ես ապրել: Իրավունք չունես հանձնվել: Կապ չունի ինձ վրա ինչ հոդված է դրված, ես պայքարում եմ հանուն նրա, որ ապացուցեմ, որ ես այն մարդը չեմ, ով այստեղ պիտի լինի: Ես ունեմ Աստծո հանդեպ վախ»: 

Անաստասիան կնքվել է հենց «Աբովյան» ՔԿՀ-ում: Պատմեց, որ մկրտությանը նախորդող ամբողջ գիշերը նկարել է Հիսուսի դիմանկարը: Անազատության մեջ հայտնված մարդկանց նա դժվարանում էր կոչել  հանցագործներ: Ասում է՝ սխալված մարդիկ են, ասում է՝ միգուցե ինչ-ինչ պատճառներից դրդված են սխալվել կամ պահի ազդեցությունն է մեծ դեր ունեցել: Ասում է, որ վախենում է դատապարտել մարդկանց, քանի որ դրա իրավունքը չունի: Անաստասիան հրաշքների ու երազանքների չի հավատում, ունի նպատակներ, որոնց մասին չցանկացավ բարձրաձայնել: 

Իսկ վերջում ասաց, որ ազատությունն ու անազատությունը երկու աշխարհներ են. «Կորցնելուց հետո ես սկսում ամեն ինչ գնահատել: Այն, ինչ ազատության մեջ չես գնահատել, այստեղ պարտավոր ես: Ու շնորհակալություն բոլորին, ովքեր դեռ ինձ հավատում են»:

-------------------------------------------------------------------------------------------------------------

«Աբովյան» ՔԿՀ-ի մասին

«Աբովյան» ՔԿՀ-ն կառուցվել է 1958 թ.-ին, նախատեսված է եղել միայն անչափահաս դատապարտյալների համար: Եվ միայն 1991 թ.-ից սկսած՝ այնտեղ պատիժ են կրում նաև կին դատապարտյալներ: Իսկ 2008 թ.-ին ՔԿՀ-ում՝ անչափահաս դատապարտյալների տեղամասում, կառուցվել է նաև մեկուսարան՝ կին ու անչափահաս կալանավորների համար: ՔԿՀ-ն նախատեսված է 250 անձի համար: Մեր այցելության պահին այնտեղ կար 215 կին ու անչափահաս: ՔԿՀ-ն ունիվերսալ է, այսինքն՝ դատապարտյալների պահման բոլոր տիպերն առկա են՝ փակ (6 կին), կիսափակ (50 կին), կիսաբաց (87 կին) և բաց (5 կին): Այս պահին քրեակատարողական հիմնարկում զբաղված է 31 կին: Նրանք կատարում են տարբեր աշխատանքներ տնտեսական սպասարկման մասում, ստանում նվազագույն աշխատավարձի չափով գումար: Եվս 8 կին աշխատում է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի կողմից ստեղծած հաստիքներում՝ գորգագործության, կարի արտադրամասում, նաև անասնապահության ոլորտում: 

Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (4)

Միկօ
էէէ Նաստյա Նաստյա
Արմենակ Եղիայեան
Յարգելի՛ բարեկամներ, Ձեր այսօրուան թիւին մէջ հանդիպեցայ օնլայն օտար բառին, ինչո՞ւ չէք ուզեր գործածել հայերէն ԱՌՑԱՆՑ հոմանիշը: Գրած էք նաև. «Օրէնքը թոյլատրում է, ՈՐՊԷՍԶԻ մինչև 3 տարեկանը երեխան մնայ մօր հետ». այստեղ պէտք է կիրարկել ՈՐ շաղկապը՝ ՈՐՊԷՍԶԻ-ի փոխարէն, քանի ունինք ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ երկրորդական նախադասութիւն, և ոչ ՆՊԱՏԱԿԻ ՊԱՐԱԳԱՅ երկրորդական նախադասութիւն: Շնորհակալութիւն ձեր ուշադրութեան համար:
Կարինե
նա սպանության հոդվածով չի.
Թլկատինցի
« Պատմեց, որ մկրտությանը նախորդող ամբողջ գիշերը նկարել է Հիսուսի դիմանկարը:» Դժվար որ նկարէր «Յիսուսի» դիմանակարը քանի որ ոչ մէկ հաւաստի նկար իրենից մեզ չի հասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter