HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբական երգչախումբը սիրում է կատարել Կոմիտաս

Անահիտ Մուրադյան

Հայաստանի դրոշի գույներով թևնոցները ձեռքերի վրա պտտեցնելով՝ արաբուհիներ Շաադեն ու Ռուլան պատմում էին, որ ավելի շատ սիրում են Կոմիտաս երգել, քան արաբական երգեր: Նրանք երգում են Լիբանանի «Ֆայհա» երգչախմբում: Հիմա Երևանում են: Ռուլայի խոսքով՝ ինքը երկրորդ անգամ է Հայաստանում, առաջին անգամ մասնակցում էր Հայաստանում լիբանանյան օրերի միջոցառումներին: Շաադեն, նայելով ընկերուհուն, ժպտում է, ասում, որ ինքն առաջին անգամ է եկել Հայաստան, բայց ուրախ է: Հետո նայում է եռագույն թևնոցին՝ նկատելիորեն ժպտալով, ասում, որ գնել է Վերնիսաժից:

«Մարդիկ շատ արտիստիկ են Հայաստանում, շատ սիրեցի Հայաստանը»,- նշում է Շաադեն: Նրանք երկուսն էլ մասնակցելու են փետրվարի 12-ին Երևանի պետական կամերային երգչախմբի հետ համատեղ համերգին՝ «Շնորհակալություն արաբական աշխարհին» խորագրով, որի ժամանակ հայերը երգելուն են արաբերեն: «Ես ունեմ սիրած երգեր: Կոմիտաս եմ սիրում ամենից շատ: Մեր խմբավարը շատ է պատմում Կոմիտասի մասին, և մենք Կոմիտասին սիրում ենք նաև որպես մարդու, որպես երաժշտի: Կոմիտասի երաժշտությունը շատ գեղեցիկ է: Օրինակ, սիրում եմ «Գութանի երգը», «Տերողորմյան», «Սուրբ-սուրբը»... Ոչ, ոչ, Շաադե, «Խաղաղ գիշերը» Կանաչյանինն է»,- ասում է  Ռուլան՝ Շաադեի հետ թվարկելով նաև Բարսեղ Կանաչյանի երգերը:

«Ֆայհայի» խմբավարը Պարգև Թասլաքյանն է, ում ասելով՝ 12 տարվա ընթացքում կոմպոզիտոր Է. Տոնիկյանի հետ կարողացել են ստեղծել արաբական նոր մշակույթ ունեցող երգչախումբ: Երգչախումբը հիմնադրվել է 2003 թ.:  «Արաբական երաժշտությունը միաձայն էր, շատերն էին փորձել բազմաձայն դարձնել արաբական երգչախումբը, սակայն չէր ստացվում, որովհետև հարմոնիայի օրենքները եվրոպական էին: Արաբական երաժշտության մեջ կան պայմաններ, որոնք պետք է կատարել, օրինակ, բառերը պետք է լավ հնչեն, չի կարելի խաղալ բառերի հետ, ինչպես հայերենում կամ իտալերենում՝ երկարացնելով դրանք: Այդ պայմաններն էլ դժվարացնում են հարմոնիա ստեղծել արաբական երգեցողության մեջ»,- ասում է Պ. Թասլաքյանը:

«Ֆայհայի» կազմում 60 կատարողներ են, որոնցից միայն երկուսն են հայեր, մյուսներն արաբներ են: Խմբավարի խոսքով՝ խմբի արաբներն ավելի լավ են երգում հայերեն, քան հայերը, և ըստ նրա, երաժշտության մեջ զգացմունք հաղորդելն ամենակարևորն է: «Հայկական բուրմունք ունեցող երգերը կատարելիս եվրոպացի հանդիսատեսին լացացնում ենք, հատկապես, երբ կատարում ենք Կոմիտաս, Կանաչյան, Էդգար Հովհաննիսյան: Դուք ուղղակի չեք կարող պատկերացնել, թե ինչպես են եվրոպացիները լացում այդ երգերի կատարումից»,- նշում է նա:

2005 թ. երգչախումբը մասնակցել է Վարշավայի երգչախմբային միջազգային փառատոնին ու ստացել երկրորդ մրցանակ, հաջորդ տարի, մասնակցելով այդ նույն փառատոնին, ստացել է առաջին մրցանակ երկու անվանակարգերում՝ լավագույն երգչախումբ և լավագույն խմբավար:

«Հիշում եմ, երբ բեմից դուրս եկանք, և երգչախմբի անդամները շատ ուրախ էին, խնդրեցի, որ նստեն գետնին: Նստեցինք գետնին, հետո ասացի, որ սա սկիզբն է, որ մեզնից ավելի մեծ է լինելու պահանջը, դրա համար մեր ոտքերը պետք է ավելի ամուր դրվեն գետնին»,- ասում է խմբավարը: Երբ հարցրեցի նրան, թե ինչու է արաբական երգչախումբը հայկական երգեր երգում, որն է նպատակը, Պ. Թասլքայանն պատասխանեց, որ իր հայ լինելու գործոնն է նպաստել, և նպատակը հայկական մշակույթի տարածումն է օտարազգիների միջոցով: Նա ասում է, որ իրենք որևէ քաղաքականության չեն խառնվում, բայց իր համար առաջնային են մնում հայ և արաբական դատերը: Օրինակ, համերգներին ինքը հաճախ է բարձրացնում Հայ դատի մասին հարցը, հատկապես, երբ երգչախումբն սկսում է երգել Կոմիտաս: «Ավելի լավ է, երբ հայերի  բերանից է հնչում Կոմիտաս, բայց շատ ավելի լավ է, երբ օտարազգիների բերանից է հնչում այն»,- եզրափակում  է նա:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter