HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Մեգերյան կարպետներ». հայկական գորգեր` բնական ներկանյութերով

Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող «Մեգերյան կարպետներ»-ի հայաստանյան 22 մասնաճյուղերից այժմ գործում են միայն 3-ը` Երևանում, Աբովյանում և Հրազդանում: Հայկական գորգեր արտադրող գործարանի մասնաճյուղերի աշխատանքների ժամանակավոր կասեցումը բացատրում են համաշխարհային ճգնաժամով: Արտադրության գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի խոսքով` եթե առաջ իրենց գորգերի 90%-ն արտահանում էին ԱՄՆ, ապա ճգնաժամից հետո ԱՄՆ արտահանվող գորգերի քանակը կտրուկ նվազել է: Այժմ հիմնական սպառումը տեղի է ունենում ներքին շուկայում, գնորդների մեծ մասն էլ զբոսաշրջիկներ են: Բայց և այնպես, «Մեգերյան կարպետներ»-ը շարունակում է գորգերի պատվերներ ստանալ աշխարհի տարբեր երկրներից` Հասարակածային Գվինեա, Ավստրալիա, Չինաստան, Հարավային Ամերիկայի երկրներ և այլն:   

«Հիմա քանակի վրա չենք աշխատում, այլ որակի, դիզայնի ու գույների»,- ասում է Լ. Անդրեասյանը:

Գորգի գույները ստանում են բնական ներկանյութերով: Վերջիններիս համար որպես հիմնական հումք ծառայում են անթառամ ծաղիկը, նռան կեղևը, սպիտակ թթի ծառի թեփը, տորոնի արմատը: Միայն ինդիգոն` կապույտ գույնն են ներկրում Հնդկաստանից, մյուսները ձեռք են բերում Հայաստանից: Այս նյութերն իրար խառնելով ու տարբեր չափաբաժիններ օգտագործելով՝ կարպետի գործարանում ստանում են  տարբեր երանգներ: Շիբն ու գինեքարն էլ օգտագործում են գորգի գույները պահպանելու համար:   

 «Շուկան գիտե՞ս ինչ դաժան է: Գորգ արտադրող շատ երկրներ կան` Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Չինաստան, Աֆղանստան, Վիետնամ: Դրանց գներն ավելի ցածր են, քան մերը, - ասում է Լ. Անդրեասյանը` դա պայմանավորելով նրանց սոցիալական վիճակով ու էժան աշխատուժով:- Մրցակցելու համար պետք է այնպիսի որակ ապահովես, որ արդարացնի բարձր գինը»:

Այժմ երևանյան մասնաճյուղի գորգագործական տեղամասում աշխատում է 30 մարդ: Տարբեր տարիքի կանայք են. ոմանք նոր են յուրացնում գորգագործությունը,  ոմանք էլ երկար տարիների փորձառություն ունեն: Քնարիկ Սարգսյանը եւ՛ գործում է, եւ՛ զուհագեռաբար ականջակալներով երգ լսում: Ասում է` նստակյաց աշխատանքի պատճառով երբեմն այդպես է աշխատում: Նա այստեղ է 2001 թվականից. սկզբում Աբովյանի մասնաճյուղում էր, հիմա արդեն՝ Երևանում: Նույն գորգի մոտ նստած աշխատում են Ամալյա Պետրոսյանն ու Վարդուհի Հարությունյանը: Արդեն տասը տարի նրանք զբաղվում են գորգագործությամբ: Միասին երեք կանայք աշխատում են «Վասպուրական» կոչվող գորգի վրա և խոստովանում, որ իրենց համար արդեն ոչինչ դժվար չէ: Հիշում են, որ ամենադժվար պատվերը վարդածածկ «Ղարաբաղն» էր, որի վրա աշխատել են 5 ամիս:

Պետրոսյան Լիլիթն այստեղ աշխատում է մեկուկես ամիս, չնայած նախկինում գորգագործության փորձ ունեցել է: Նրան դուր է գալիս հատկապես գորգերի գույների ներդաշնակությունը: Նորեկի համար գուցե գույները շփոթելու խնդիր առաջանա, բայց նա հավատացնում է, որ գորգի դիզայնը պատկերող նկարների շնորհիվ կարելի է արագ կողմնորոշվել, իսկ գորգագործությունը յուրացնելը բարդ չէ:

«Մեգերյան կարպետներում» գորգերը ստեղծում են սեփական դիզայնով: Միաժամանակ, օգտագործում են հին հայկական գորգերի դիզայնը: Այժմ կիրառում են նաև գորգ գործելու հին հայկական տեխնոլոգիան` գորգը գործելու ընթացքում անելով կրկնակի հանգույց: Չնայած այս մեթոդն ավելի բարդ է և ավելի շատ ժամանակ է պահանջում, սակայն դրա շնորհիվ ավելանում է գորգի երկարակեցությունը: Այստեղ ստեղծվող գորգերից ամենահայտնին «Վիշապագորգն» է, որի պատմությունը հասնում է 7-րդ դար:

«Դուրս եկավ, որ մոռացված հինը լավագույն նորն է»,- ասում է Լ. Անդրեասյանը:

Նրա խոսքով, սակայն, գորգ գործելը աշխատանքի միայն կեսն է: Նախ և առաջ, պետք է ճիշտ բուրդ ընտրել: Բուրդը ձեռք են բերում Հայաստանի տարբեր շրջաններից` Զանգեզուր, Աշոցք, Գեղարքունիք, Վայոց ձոր և այլն: Պակաս դժվար չէ նաև գունավորումը: Ներկանյութերը աղում, խառնում են իրար, իսկ բնական ճանապարհով թելեր ներկելը, ի տարբերություն քիմիականի, տևում է մի քանի օր: Լ. Անդրեասյանի խոսքով` այժմ ունեն 600-ից ավել բնական գույն, սակայն արտադրության մեջ ներդրել են միայն 150-ը: Նա բացատրում է, որ մեկ գույնի ներդնումը, մյուս գույների հետ դրա համապատասխանության ստուգումը կարող է տևել մոտ մեկ տարի: Այնուհետև պատրաստի գորգը մի քանի անգամ լվանում են, խուզում, որից հետո կրկին մշակում գորգի մակերեսը:

«Մեգերյան կարպետների» ցուցասրահում ներկայացված են նաև Հայաստանի տարբեր շրջաններում, այդ թվում Արևմտյան Հայաստանում տարբեր տարիների գործված հին հայկական գորգեր: Լ. Անդրեասյանը նշում է, որ Ղարաբաղի ու Լոռվա գորգերը բավականին նման են միմյանց, ընդ որում` շատ են հատկապես կենդանիների պատկերներով նմուշները: Գորգը լավ պահպանելու դեպքում այն կարող է «ապրել» առնվազն 300 տարի: Իսկ «Մեգերյան կարպետներ»-ի հաջողությունը պայմանավորված է գորգերի որակով, յուրահատուկ գույներով ու դիզայնով:

 Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (2)

Ohannes
I don't understand? Was this to be some kind of investigative piece looking into the state of rug weaving in Armenia? 90% of the info in the article appears on the Mergerian website or on any orienntal rug site In parts, it sounded like an advert for the company. Why have the company's production units in Armenia shut down? Just due to cheap competition? How much do the women weavers make in salary? What does Mergerian think of Tufenkian Carpets? A little less gloss and more insight please.
Research History
Armenians in Armenia need to start protecting their craft from the impostor Turks and Azeris who claim that carpets are their creation. They have copied Armenians entirely, in fact carpets are an invention of Armenian culture. You should do some investigative reporting how during the Soviet Union the Azeris ripped off Armenian designs and started calling it their own, just like their Turkish counterparts did before the Genocide.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter