HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական շահերի վտանգված լինելը Անկարային դրդել է հետ կանչել զորքերը Լիբանանից

Երկու հարց՝ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին

-Այս օրերին խոսվում է ՄԱԿ-ի Յունիֆիլ  խաղաղապահ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավվածության մասին: Մյուս կողմից՝ խաղաղապահ առաքելության իր ինքնաառաջադրումն է արել Թուրքիան: Ի՞նչ վերաբերմունք ունեն Լիբանանի քաղաքական ուժերը դրան՝ հաշվի առնելով նաեւ թուրքական գործոնի առկայությունը Մերձավոր Արեւելքի երկրներում:

-Նախ ասեմ, որ Անկարան առաջին երկրներից էր, որ ինքնաառաջադրվել էր մաս կազմելու հարավում տեղակայված խաղաղապահ զորամիավորումներին։ Վերջին շրջանում նա որոշեց տուն կանչել իր զորքը։ Այս երեւույթը սերտորեն կապված էր թուրքական գործոնի՝ տարածաշրջանում վերընկալման իրականության հետ։ Դամասկոս-Անկարա, Կահիրե-Անկարա հարաբերությունների կտրուկ վատթարացմանն առընթեր Լիբանանում եւս փոխվեց թուրքական համակրանքի ալիքը, երբ շիա առեւանգյալների թղթածրարից պարզ դարձավ, որ պատասխանատվությունը կրում է Անկարան։ Թուրքական շահերի վտանգված լինելու փաստը Անկարային առաջնորդեց հետ կանչել իր զորքերը Լիբանանից։ Հայկական դասակի ժամանման լուրը, կարծում եմ, որ որեւէ անհանգստության տեղիք չի տալու։ Սա նախ պետք է դիտարկել տարբեր միջազգային ծրագրերում եւ իրականացվող աշխատանքներում մեր երկրի ու պետության ներգրավվածությամբ, ինչը դրական է գնահատվում։ Իսկ համայնքից դիտված, կարծում եմ, որ նորմալ է ընկալվում այն հանգամանքով, որ խաղաղապահ ուժերը ներլիբանանյան խնդիրներին չեն ներքաշվում եւ պաշտոնական Բեյրութի համաձայնությամբ՝ խաղաղապահ գործողություններ են իրականացնում։

-Բեյրութում նախորդ տարվա սեպտեմբերից սկսած պայթյուններն ավելի հաճախակի բնույթ են կրում: Ինչի՞ հետևանք է դա: Արդյո՞ք դա խոսում է Լիբանանի հարավում տեղի ունեցող ռազմական գործողությունների տարածման մասին:  

-Այո, Բեյրութում հաճախակիացել են պայթյունները, շատ անգամ մահապարտների մասնակցությամբ։ Պայթյունների ընդհանուր ուղղվածությունը ուսումնասիրելիս նկատվում է, որ սուննի եւ շիա համայնքների միջեւ լարվածությունը վառ պահելու միտում կա։ Սա կարող է դիտարկվել նաեւ տարածաշրջանի մակարդակում բաժանարար ծրագրերի ընդհանուր համատեքստում։ Ապահովական այս իրավիճակը ուղեկցում է քաղաքականին, որը իր հերթին այս օրերին բնութագրվում է անորոշությամբ եւ անհեռանկարայնությամբ։ Առայսօր չի հաջողվում կառավարություն կազմել։ Մի քանի ամսից Լիբանանը պիտի ընտրի հանրապետության նոր նախագահ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter