HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Պետական իշխանությո՞ւն, թե՞ պետական անարխիա

Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին իր որոշմամբ կասեցրեց պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում էին կենսաթոշակային պարտադիր վճարումները չկատարելու համար գործատուներին պատասխանատվության ենթարկելուն:

Կենտրոնական բանկը կարճ ժամանակ անց հայտարարություն  է տարածում` թե դա որևէ նշանակություն չունի, քանի որ ՍԴ որոշումը չի կարելի ընդունել որպես վճարումները չփոխանցելու արտոնության շնորհում: Ավելին. ԿԲ-ն փաստացի սպառնաց գործատուներին և 1974թ հետո ծնված` այս համակարգի շահառուն դարձող աշխատողներին, որ եթե ՍԴ-ն հետագայում օրենքն ամբողջությամբ ճանաչի սահմանադրական, նրանք ստիպված են լինելու վճարել նաև չվճարած ամիսների` հունվարի և փետրվարի համար: Դրան պատասխանեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը` հայտարարելով, թե որևէ մեկը իրավունք չունի ոչ միայն մեկնաբանել և կանխորոշել Սահմանադրական դատարանի որոշումները, այլև պնդել, թե կարող է գանձումներ կատարել այն ամիսների համար, որոնց ընթացքում օրենքի այդ հոդվածների կիրառումը կասեցված է եղել: Բայց դրան զուգահեռ հայտնի դարձավ, որ ՍԴ աշխատակազմի հաշվապահությունը, այնուամենայնիվ, աշխատակիցների աշխատավարձը հաշվարկել է` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելիք 5 տոկոս պահումով:

Թվում է, թե այս ամենը կամ վատ բեմադրված տրագիկոմեդիկ ներկայացում է, կամ մղձավանջային երազ: Բայց կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի ճիրաններում հայտնված շարքային քաղաքացիների համար սա իրականություն է, որտեղ նրանք ուղղակի չգիտեն` ինչ են իրենցից ուզում մի կողմից Կառավարությունն ու Կենտրոնական բանկը, մյուս կողմից Սահմանադրական դատարանը և նրանցից որի որոշմամբ պետք է առաջնորդվեն: Մինչդեռ նման հարց չպետք է առաջանար սկզբունքորեն, եթե խոսքը վերաբերեր իրավական երկրին, որտեղ, ինչպես հայտնի է, տեղից վեր կացողը Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելու իրավունք չունի: Մինչդեռ Կենտրոնական բանկը և Կառավարությունն իրենց այնքան անկաշկանդ են զգում, որ դա անում են հանգիստ, առանց կոմպլեքսավորվելու, սառնասիրտ, մի առանձնահատուկ ցինիզմով համակված: Ավելին` ակնարկելով այն մասին, որ անկախ ամեն ինչից, օրենքի այդ դրույթների կասեցման ժամանակհատվածի համար գանձումներ կատարելու են, պետական այս ինստիտուտները փորձում են ուղղորդել առանց այն էլ ուղղորդված ՍԴ-ին` թե ինչպիսի որոշում պետք է կայացնել օրենքի սահմանադրականության հարցում:

Լիազորությունների նման գերազանցում պետական կառավարման որևէ ինստիտուտ, առավելևս անհատ, իրեն թույլ տալ չի կարող: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ կառույցները ծառայում են ամենազորության սինդրոմով տառապող իշխանական նոմենկլատուրային: Կառավարության, ԿԲ-ի  շուրթերով իրականում Սահմանադրական դատարանին, ի դեմս վերջինիս` խոշոր հաշվով ողջ արդարադատության համակարգին այսքան նվաստացնում է հենց այդ նոմենկլատուրան` օգտագործելով այն հանգամանքը, որ ՍԴ անդամներն իրենք հանդիսանում են դրա անօտարելի մասնիկները: Հակառակ դեպքում նախ դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է ՍԴ-ն ոչ թե ողջ օրենքի, այլ միայն դրա առանձին հոդվածները կասեցնելու որոշում կայացներ: Երկրորդ`ինչո՞ւ այսպիսի որոշում կայացնելու դեպքում գոնե հարկ չհամարեց հանդես գալ լրացուցիչ բացատրություններով ու պարզաբանումներով` հրաշալի գիտակցելով հանդերձ, թե ինչպիսի քաոսի է դա հանգեցնելու: Եվ երրորդ` ինչո՞ւ է ՍԴ-ն բերանը ջուր առել, երբ Կենտրոնական բանկը, ըստ էության, այդ հայտարարությամբ իրեն դարձրեց պինգպոնգի գնդակ: Որ այս ամենը ի սկզբանե հանձնված ՍԴ-ի վրա նոմենկլատուրայի տոտալ հարձակում է, վկայեց նաև ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: tert.am-ի հարցին պատասխանելիս վերջինս բառացիորեն ասում է հետևյալը. «Մենք փողը չենք վերցնում, որ ինչ-որ բան անենք, փողը վերցնում ենք քաղաքացիների վաղվա օրվա համար, սա է մեր նպատակը, որովհետև կենսաթոշակ բարձրացնելու հստակ ճանապարհ մենք չունենք՝ կամ պետք է հարկերը շատ կտրուկ բարձրացնենք, կամ պետք է տնտեսությունը կտրուկ զարգանա, այս բոլորը հնարավոր չէ»:

Հակոբ Հակոբյանը Աժ պատգամավոր է: Իսկ Աժ-ն, առավելևս նրա առանձին պատգամավորները, ի գիտություն նաև Հակոբյանի, ոչ փող վերցնելու, ոչ էլ կեռնսաթոշակային համակարգ աշխատեցնելու լիազորություն չունեն: Բայց առաջին դեմքի հոգնակի թվով` «մենք»-ով խոսելը նշանակում է, որ Հակոբյանն իրեն իրավունք է վերապահում խոսելու գործադիր իշխանության և այն քաղաքական թիմի անունից, որը պատասխանատվություն է ստանձնել կենսաթոշակային այս համակարգը ներդնելու համար: Կարճ ասած` նա հանդես է գալիս որպես նոմենկլատուրայի դասական ներկայացուցիչ: Եթե այդպես չէ, ապա Կառավարությունը պետք է պարզաբանի, թե այդ երբվանից են պառլամենտի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները փող հավաքողներ դարձել:

Սա արդեն դուրս է գալիս զուտ կենսաթոշակայինի թեմատիկայից և վերածվում պետական կառավարման ինստիտուտների, Սահամանդրական կարգի գոյության իմաստի քննության, որն ավելի լուրջ ու ողբերգական է, քան առանձին վերցրած որևէ բարեփոխում: Եթե պատգամավորը կարող է անարգել իրեն Պետեկամուտների կոմիտեի տեղը դնել, ԿԲ-ն` իրեն Սահմանադրական դատարանի, իսկ վերջինս էլ իրեն` Պիղատոսի, ապա գործ ունենք տիպիկ անարխիայի հետ: Իսկ նման համակարգում ոչ ոք ոչ մեկից ոչինչ պահանջել կամ ակնկալել չի կարող: Հենց սրա լույսի ներքո է հասկանալի դառնում, թե ինչպես կարող է Սահմանադրությամբ պառլամենտի առջև մշտապես հաշվետուԿառավարության անդամը պատգամավորի բարձրաձայնած հարցադրմանն ի պատասխան նույն անկաշկանդվածությամբ հայտարարել, թե չի պատասխանելու նրա հարցին:      

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Ժամանակին մի ֆիլմ կար (անունը չեմ հիշում) որի մեջ այսպիսի դրվագ - ինչ որ բանանի երկրի կիսավայրենիներ, առաջին անգամ ինքնաթիռ տեսնելով ու շատ հավանելով, իրենք էլ սարքեցին՝ ճյուղերից ու տերեւներից, եւ սկսեցին աղոթել ու համբերությամբ սպասել թե պիտի թռչի ... Մեծն Վահրամ Փափազյանը մեր լավ հայտնի դերասաններից մեկին այսպիսի դիտողություն է արել - ,,Տղաս! Ամեն սեւ ներկած բան Օթելլո չէ՜,, Առածներս ինչ ցուցանեն - կամ խելքներս չի հասնում, կամ չարամիտ կոմեդիա է ներկայացվում, կամ ... երկուսը միատեղ! Ուրիշ տարբերակ կարծես չի մնում:
Վ.Առաքելյան
Երեկ Կենտրոնական բանկն էժանացրել է դրամը 7,5%-ով: ԵՎ ուրեմն պարտադիր կենսաթոշակի փոխանցվոզ 5 տոկոս գումարի կուտակային չափը թոշակ ստանալու պահին կկազմի այնքան չնչին գումար, որ չի բավարարի անգամ այդ կուտակող բանկի /Տիգրան Սարգսյանի/ աշխատողների աշխատավարձերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter