Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով վկաները շարունակում են հարցաքննվել



Փետրվարի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության քրգործի դատաքննության սկզբում դատավոր Նարինե Հովակիմյանը հրապարակեց ոստիկանության բաժինների աշխատակիցների կողմից դատական նիստին վկաներին բերման ենթարկելու մասին արձանագրությունները: Ըստ դրանց՝ գործում ներգրավված վկաներ Տիգրան Խլղաթյանը, Աշոտ Սեփխանյանը, Էլյա Կոստանյանը և Արեն Հովհաննիսյանը իրենց գրացման վայրում չեն եղել: Վկա Օֆելյա Աֆիցերյանը անկողնային հիվանդ է եղել, իր հայտարարությամբ ունեցել է 39 աստիճան ջերմություն և ոստիկաններին հայտնել է, որ չի կարող ներկայանալ դատարան: Վկա Հրանտ Ասլիկյանին իր գրանցման վայրում ոստիկանները չեն գտել: Պարզել են, որ արդեն 4 տարի Հրանտ Ասլիկյանը որևէ առնչություն չունի այդ բնակարանի հետ:

«Հարգելի դատարան, երեք վկաներ ունենք, որոնց վերաբերյալ ոչինչ չկա»,- հայտնեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը: «Ես հրապարակեցի այն, ինչի վերաբերյալ ներկայացվել է արձանագրություն: Մյուսներին կանդրադառնանք»,- պատասխանեց դատավորը: Ոստիկանների կողմից դատարան բերման էին ենթարկվել երկու վկաներ: Վկա, շտապօգնության բժիշկ Յուրի Մկրտչյանը իր ցուցմունքում հայտնեց, որ 2012 թ.-ի նոյեմբերի 18-ի երեկոյան՝ դեպքից հետո, երբ շտապ օգնությունը հասել է «Մուշ» ռեստորան, ինքը տեսել է տուժող Սամվել Շարբաթյանի դիակը և այլևս անիմաստ է համարել որևէ բժշկական օգնություն ցուցաբերել տուժողին: Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը շտապ օգնության բժշկից պահանջեց դատարանին հայտնել, թե այցի օրը շտապ օգնության ձեռքի տակ ինչ դեղամիջոցներ են եղել և ինչու իր եղբորը չի ցուցաբերվել առաջին բժշկական օգնություն:

«Նա դիակ էր»,- կրկնեց շտապօգնության բժիշկը: Յուրի Մկրտչյանը իր նախաքննական ցուցմունքների մանրամասները չէր հիշում: Դատավոր Նարինե Հովակիմյանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Վկան չհրաժարվեց նախաքննական ցուցմունքներից: Վկա Տիգրան Մանուչարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքումներում առկա հակասության պատճառով դատավոր Հովակիմյանը հրապարակեց նախաքննական ցուցմունքերի առանձին հատվածներ:

«Առավոտյան, ժամը 5-ի սահմաններում Հայկը մեր տուն եկավ և ինձ պատմեց, որ քեռիս Վանաձոր է եկել Տաթևիկով հետաքրքրվող տղայի հետ զրուցելու, ծանոթանալու: Հանդիպել են «Մուշ» ռեստորանում: Քեֆ են արել: Ժամը 22-ի սահմաններում քեռիս ցանկացել է մեկնել Երևան: Դուրս գալիս վեճ է առաջացել: Մի կողմից վեճին մասնակից է եղել քեռիս, մյուս կողմից՝ Արտակը և Սամվել Դիլոյանը: Քանի որ քեռիս մենակ է եղել 2-3 հոգու դեմ, չի կարողացել պաշտպանվել, ռեստորանի բակում ծեծել են նրան: Դեպքի մասին պատմելիս Հայկն ասաց նաև, որ կռվի ընթացքում քեռուս ծեծողներից մեկի մոտ զենք է եղել, որից կրակել են քեռուս վրա: Լսել է խուլ կրակոցի ձայն: Կռվի ժամանակ բարձրաձայն հայհոյել են, ոտքերով ու ձեռքերով հարվածել են քեռուս և կանգնած, և գետնին ընկած վիճակում, որի արդյունքում էլ քեռիս մահացել է: Այդ ամենը ինձ հայտնի է Հայկի պատմածով: Տեղեկություն չեմ ստացել, թե կռվողներից ով է քեռուս մարմնի որ հատվածին հարվածել: Հայկը ասել է, որ խառը խփել, ծեծել են քեռուս»: «Ի՞նչ կասեք սրա մասին»,- վկային հարցրեց դատավորը: «Էդ դեպքը, որ եղել է, մեր տանն է այդքանը պատմել»,- պատասխանեց վկան: «Դեպքի մասին Հա՞յկն է պատմել Ձեր տանը»: «Այո»,- պատասխանեց Տիգրան Մանուչարյանը:

Վկաների բացակայության պատճառով դատական նիստն ընդհատվեց: Նիստից հետո, ի պատասխան «Հետքի» հարցման, տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը դատաքննության ընթացքը գնահատեց շատ վատ: «Վկաները դատարանում տալիս են այնպիսի ցուցմունքներ, որոնք բացարձակ չեն համապատասխանում իրականությանը: Զգացվում է ուժի ազդեցություն, երևի դրսում ինչ-որ մեկը ազդում է վկաների վրա»,- ասաց տուժողի իրավահաջորդը: Վերջինս ենթադրում է, որ իր քրոջ որդին՝ զինվորական ծառայության մեջ գտնվող, վկա Հայկ Ասլիկյանը իր նախաքննական 9 ցուցմունքներից հրաժարվել է վախից: «Ըստ իս՝ Հայկը վախից հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից: Ես քրոջս զինվոր որդու դեմ ոչինչ չունեմ, նա վախեցած էր»,- ասաց տուժողի քույրը:

Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը «Հետքին» իր բացասական վերաբերմունքը հայտնեց դատական նիստերի անհարկի ձգձվելու առթիվ. «Այս պահի դրությամբ ունենք հարցաքննելու դատակոչված դեռևս 8 վկաներ: Այսօրվա դատական նիստի 17 օր հետաձգելը խիստ մտահոգում է մեզ»: Վերջինս դատաքննության ընթացքը գնահատեց նորմալ: Ամբաստանյալ Արտակ Վերանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մհեր Դավթյանն էլ հայտնեց, որ արդար դատավարության սկզբունքը դատարանում առ այսօր չի խախտվել, երբ կգա ապացույցների գնահատման փուլը, կտեսնեն՝ դատարանը ինչպես է գնահատում:

«Հետքի» խնդրանքով փաստաբան Ռուբեն Հակոբյանը անդրադարձավ նաև գործի վարույթը վերահսկող դատախազ Աշոտ Գրիգորյանի կողմից վկաների փակման իր մասնակցության մասին դատարանում արված հայտարարությանը. «Դատախազը այն պաշտոնատար անձն է, ով որևէ բան հայտարարելիս պետք է փաստեր ունենա: Դա մեկ: Դատախազը գիտի՝ ինքը ինչ գործ է հսկել: Դատախազը գիտի, որ իր հսկած գործը դատարանում չի կարող փուլ չգալ, եթե նորմալ պաշտպանություն իրականացվի: Եվ որպեսզի դատախազը իրեն ապահովագրի, կարծես թե արդեն առաջ է ընկնում, ասում է մենք գիտենք՝ սենց է լինելու, և դրա պատճառը պաշտպանն է: Անհիմն հայտարարություն է»,- պատասխանեց Ռ. Հակոբյանը: Պաշտպանները նաև հայտնեցին, որ պաշտպանական կողմը դատաքննության ավարտման փուլում համապատասխան միջնորդությամբ է հանդես գալու, որպեսզի վկանների նախաքննության ենթադրյալ իրավախախտումներ թույլ տված քննիչները դատաքննության ընթացքում անպայման ներկայանան դատարան և պարզաբանեն, թե ինչու են այդպիսի խախտումներ թույլ տվել, որովհետև այդ խախտումներից է կախված ապացույցների թույլտվության և արժանահավատության փաստը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (3)
1. karen15:14 - 12 փետրվարի, 2014
katarvac e vochragorcutyun, da et 3-i voch araji, voch verji hancagorcutyunn e, dranq hertov vaxecnum en bolor vkanerin, dranc hasarakutyunic heracnel e petq, amen inch parz e
2. karen208:15 - 13 փետրվարի, 2014
Ռուբեն Հակոբյանը ir vra e verzrel aknhayt mardaspannerin pashtpanelu u vkanerin ahabekelu mijozov chezoqaznelu partakanutyun@. Petakan anvtangutyan zarayutyun@ petq e mijamti ays gorzin u haytnaberi bolor nranz ovqer kazmakerpvaz dzevov ahabekum en vkanerin, aylapes ays yerkir@ verazvum e gazananozi.
3. pastaban10:20 - 13 փետրվարի, 2014
Ardar mardaspannerin ardaracum, inqnatip koche, aselik chka, et havqvacnery tesnes vor tun en gnum, chen mtacum vor strukner en et hancagorcneri araj. Ardar mardaspanerin ardaracnox pastabany ir gorcne anum gumari dimac, bayc amen inchin chap ka, en um parz che vor inch e katarvel entex, en um parz che vor vkanerin ahabekel en meky myusi etevic, en um parz che vor vaxenum em zohvaci harazatnerin, en ov dranc chi chanachum, ayd eryaku arden arajin angamy che vor hancagorcutyun e anum u datarannerum u banterum e gtnvum. Cankanum em ardarutyun ayo bayc iskakan ardarutyun, voch te shantajner joxovrdin, dataxazutyuany, datarin. Amot e, ardar mardaspanner uxxaki apsurd
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ