HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիլվայի լույսը մարում է արեւի լույսի հետ

Անահիտ Բաղդասարյան

57-ամյա Սիլվա Այվազյանը ապրում է Քարահունջ գյուղում, իր տան նկուղային հարկում:  Տարիների ընթացքում տունը քայքայվել է եւ հիմա շենքից կանգուն են մնացել միայն նկուղային հարկի պատերը: «Գոնե այստեղ մի կերպ պատսպարվում եմ ցրտից: Գազանը որ գազան ա, էլի իրա որջն ունի: Ի՞նչ անեմ, շենքս ամբողջովին ավերվել է»,- կարծես իրականության հետ համակերպված ասում է Սիլվան:

Ակներ գյուղում է ծնվել Սիլվան: Մոր երկրորդ ամուսնությունից հետո նրանք տեղափոխվում են Քարահունջ: Խորթ հոր մահանալուց տասը տարի անց մայրը նոր ամուսին է գտնում, այս անգամ` Սիսիանի Նորավան գյուղում: «88 թիվը կրկնակի դժբախտություն բերեց ինձ. իմ անձնական կյանքում էլ երկրաշարժ եղավ»,- արցունքները մի կերպ զսպելով վերհիշում է Սիլվան:

Մոր հեռանալուց հետո անընդհատ սկսվում են խորթ հոր ընդվզումները: «Էնպես էր մորս լարել իմ դեմ, ասես դարավոր թշնամիներ լինենք»: Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ մայրը ամուսնու հետ գնում է ոստիկանություն, դիմում ներկայացնում, իբր Սիլվան հոգեկան խնդիրներ ունի, եւ նրան տեղափոխում են Կապանի հոգեբուժարան: Սիլվան այնտեղ ընդամենը մի քանի օր է մնացել, սակայն դրանից քսանհինգ տարի անց էլ բոլորի կողմից միայն արհամարհանքի է արժանանում: «Ես համարում եմ, որ Սումգայիթում եմ: Թքում են երեսիս, ես էլ լուռ տանում եմ եւ՛ փոքրի, եւ՛ մեծի վիրավորանքը: Ինձ շատ ստորացված ու նվաստացած եմ զգում»,- ասում է նա:

Սիլվան, անհարմար զգալով իր տան պայմաններից, ամեն կերպ փորձում է արդարացնել իրավիճակը. «Տանս ոչինչ չկա, քանի որ տարիների ընթացքում ինչ ունեցել եմ` վաճառել եմ, որ կարողանամ գոնե օրվա հացը գնել»:

Ամեն անգամ ուժեղ քամիների հետեւանքով շենքի տանիքի մի մասը վնասվում է, այնպես որ ոչ միայն տանիքից, այլեւ ողջ շենքից միայն նկուղի չորս պատերն են մնացել: «Մահճակալս հա տեղափոխում եմ, ամեն տեղից կաթում ա ... մի օր էլ կփլի գլխիս վերջնականապես»: Հագուստն էլ տոպրակների մեջ է պահում, որ անձրեւաջրերից չփչանան, չկեղտոտվեն: «Թեկուզ էս պայմաններում, բայց էլի փորձում եմ կենցաղս կարգավորել: Դրսի ու տան շորերս առանձին-առանձին տոպրակների մեջ եմ պահում, որ գյուղամեջ դուրս գալիս հագուկապս նորմալ լինի, այնպես որ ինձ մատնացույց չանեն»,- պատմում է Սիլվան:

Նա իր ունեցած մի քանի բաժակն, ափսեն ու մի կաթսան պահում էր տարիներ շարունակ իր նպատակին չծառայող գազօջախի մեջ: «Գյուղապետը շատ լավ գիտի իմ վիճակի մասին: Երբ դիմում եմ, ասում ա` ի՞նչ անեմ, գամ քեզ պահե՞մ: Ոչ մի անգամ գոնե մի դրական պատասխան չեմ ստացել»,- իր անօգնական վիճակն է ներկայացնում Սիլվան:

Տարիներ շարունակ Սիլվայի տանը լույս, ջուր չկա: Լույսի, ջերմության միակ աղբյուրը վառարանն է, այն էլ, եթե հասցնում է ցախ հավաքել: Անցած տարիները վերհիշելիս Սիլվան ինքն էլ է զարմանում, թե ինչպես է գոյատեւել մինչ այսօր: Պատմում է, թե ինչպես է օրեր շարունակ սոված քնել: Վերջին ամիսներին չորացրած սերկեւիլն է եփել ու կերել: Բազմիցս դիմել է նպաստ ստանալու համար, բայց`  ապարդյուն: «Ամեն անգամ պատճառաբանել են, որ փաստացի գրանցման վայրից պիտի լույսի չեկ բերես, դե ես էլ լույս չունեմ... էնքան գնացել եմ, արդեն ես էլ եմ զզվել»,- լացակումած շարունակում  է Սիլվան:

Խունացած պատերի ներսում ծվարած Սիլվայի միակ մխիթարությունը գրքերն են:  Ճապոնական գրականություն է սիրում ուսումնասիրել, բայց ստիպված կարդում է այն, ինչ տալիս են գրադարանում. «Կարդում եմ այնքան, մինչեւ մութն ընկնում է: Հետո մուշտակս հագնում, կուչ գալիս ու էդպես էնքան մնում, մինչեւ հոգնեմ ու քնեմ»,- պատմում է Սիլվան:

Վերջում Սիլվան կիսվեց իր միակ ցանկությամբ. «Թող կյանքում ոչ մի մայր չլքի իր երեխային»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter