HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի արվեստի միությունը հովանավորի կարիք ունի

2013թ.-ի դեկտեմբերի 31-ին «Արեգ» արվեստի միությունը պաշտոնական գրանցում է ստացել Ջավախքում և կարող է գործունեություն ծավալել, սակայն չունի ֆինանսական միջոցներ: Այն գտնվում է Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում:

Հիշեցնենք, որ արվեստի միությունը, որը հայ արվեստի կրթօջախ է լինելու, երկար ժամանակ Վրաստանում չէին գրանցում: Ի վերջո, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի միջամտությունից հետո գրողներ Գուրի Եթերին և Սիլվա Սիփանուհուն հաջողվել է գրանցել այն:

Սիլվա Սիփանուհին պատմում է, որ դպրոցի ֆինանսավորման հարցով դիմել է Ախալքալաքի շրջանի ղեկավարությանը, որտեղից ասել են` գնացեք Հայաստանից ֆինանսական աջակցություն փնտրեք: Տիկին Սիլվան դիմել է ՀՀ սփյուռքի նախարարություն, որտեղ նախապես խոստացել էին գրանցումից հետո հոգալ դպրոցի ծախսերը. «Տարոն Շագոյանն ինձ ասել է, որ այս տարվա բյուջեի մեջ մենք չենք կարող ոչ մի բան մտցնել, իսկ ես երազում եմ, որ ապրիլի 7-ին երաժշտական դպրոցը նորից բացվի: Ո՞վ պետք է օգնի, որ կարողանանք այս գործն իրականացնել»,- հարցնում է Սիլվա Սիփանուհին:  

Այս տարվա փետրվարի 5-ին Սիլվա Սիփանուհին Ախալքալաքի բանկում հաշվեհամար է բացել. այդպես էին պայմանավորվել սփյուռքի նախարարության հետ: Հաշվեհամարը կա, սակայն նախարարությունը առայժմ գումար չի կարող փոխանցել. «Ոչ Վրաստանն է մեզ տիրություն անում, ոչ էլ Հայաստանը»,- հուսալքվել է Սիլվա Սիփանուհին: Այժմ նա հովանավոր է փնտրում, որպեսզի հոգան գոնե դասավանդող անձնակազմի աշխատավարձերի հարցը: 

ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տարոն Շագոյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ նախարարության բյուջեն և ծախսերը ձևավորվեն են 2013-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, և բյուջեով նախատեսել այլևս չեն կարող, սակայն այլ միջոցներով կփորձեն աջակցել արվեստի միությանը: Ինչ վերաբերում է ամբողջությամբ արվեստի դպրոցի ֆինանսավորման հարցին, Տ. Շագոյանի խոսքով, դա պետք է կարգավորվի Ախալքալաքի շրջանի ղեկավարության հետ: Տ.Շագոյանը կարծում է, որ եթե Վրաստանը գրանցել է արվեստի միությունը, պետք է որ նաև ցանկություն ունենա ինչ-որ բանով օգտակար լինել դրա կայացմանը: Իսկ իրենք չեն կարող անմիջական ֆինանսավորում ապահովել. «Դա անօրինական գործողություն կլինի, եթե մենք դեսպանատուն չդիմենք և այդ ճանապարհը չանցնենք»:

Տարոն Շագոյանի հավաստմամբ, հանջորդ տարի խնդիրը կկարգավորեն, եթե մինչ այդ այլ աղբյուրների միջոցով չկարողանան օգնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter