HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ընդդիմադիրին ծեծելը հանցանք չէ

Երեկ հայտնի դարձավ, որ Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Անի Գևորգյանը ոստիկանության կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել: Համաձայն հրապարակումների՝ Գևորգյանին ապտակել է ոստիկանության փոխգնդապետ Պողոսյանը: Դեռևս անհայտ է, թե ինչով կավարտվի այս պատմությունը, բայց վիճակագրությունը տխուր է: Ակամա հիշում ենք ոստիկաններից տուժած այլ քաղաքացիների:


Ակնհայտբայց «չբացահայտված»

2004-ին ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկվեց ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը: Սակայն տեղական իրավապահները հրաժարվեցին քրեական գործ հարուցել, և հարցը հասավ Եվրադատարան: Ու թեև վերջինս վճռով հաստատեց բռնությունների փաստը, միևնույն է, Վիրաբյանին ծեծողները ոչ միայն չեն պատժվել, այլև պաշտոնների բարձրացման են արժանացել: Ըստ Վիրաբյանի՝ իրեն ծեծողների թվում էր Երևանի այժմյան ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Նույն կերպ բոլորին հայտնի է անցյալ տարվա ապրիլի 9-ին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հարվածած ոստիկանի ինքնությունը: Տեսանյութում  պարզ երևում է, թե ինչպես է վերջինս բռունցքով հարվածում ընդդիմադիր գործչի քթին:

Ոստիկանության ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայող Արթուր Ղազարյանը անպատիժ մնաց և շարունակեց ծառայությունը համակարգում:

Ոչ պակաս ակնհայտ էր դեկտեմբերի 20-ին ԱԺ-ի մոտ ցույց անող Անտոն Իվչենկոյին ծեծելու փաստը: Մենք արդեն գրել ենք այս մասին եւ մատնացույց արել ակտիվիստին բռունցքով հարվածող ոստիկանին:Տեսանյութում դա հստակ երևում է:

Սակայն պարզվում է, որ ոստիկանը ակտիվիստ Անտոն Իվչենկոյին չի հարվածել: Համենայն դեպս, իր որոշման մեջ այդպես է պնդում Հատուկ քննչական ծառայության քննիչը:

Առավել ծանր, բայց մութ գործեր

Անշուշտ, ոստիկանության գործողություններից տուժած ընդդիմադիրները շատ ավելի շատ են: Սակայն այդ գործերով հանրությանը հայտնի չեն մեղավորների անունները:

2007 թվականին, ըստ նախաքննության, ոստիկանության բաժնում «ինքնասպան» եղավ Լևոն Գուլյանը: Սակայն առ այսօր ո՛չ սպանության, ո՛չ էլ ինքնասպանության հասցնելու մեղադրանքներ որևէ ոստիկանի չի առաջադրվել:

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից կատարված ամենածանր հանցագործությունը` ոստիկանները սպանեցին 8 քաղաքացու, տասնյակները վիրավորվեցին: Սակայն, վիրավորվածների մեծ մասի և բոլոր 8 սպանությունների մեղավորները «չհայտնաբերվեցին»: Ցավոք, այդ ոստիկանների անունները հանրությունն էլ չկարողացավ պարզել:

Թվարկված բոլոր գործերը Հատուկ քննչական ծառայության լիազորությունների շրջանակում են: Եվ, ըստ գաղափարի տրամաբանության, պետական մարմիններից (այդ թվում` ոստիկանությունից) անկախ այս քննչական ծառայությունը պիտի գոնե գտներ և դատարան ուղարկեր մեղավորներին` անկախ զբաղեցրած դիրքից և տուժողի քաղաքական հայացքներից: Սակայն, թվարկված գործերից և ոչ մեկի վերաբերյալ գործը դատարան չի հասել: Որպես կանոն՝ «հանցակազմի բացակայության» պատրվակով:

Բացի այդ, ցավոք, համարյա չեն եղել այնպիսի դեպքեր, երբ ընդդիմադիրի նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկանը պատասխանատվության կանչվի:

Այսպիսով, Հայաստանում ընդդիմադիր ակտիվիստներին ծեծած և անգամ սպանած ոստիկանները, որպես կանոն, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Եվ դա անգամ այն դեպքերում, երբ ակնհայտ է և¢ բռնության փաստը, և¢ բռնություն գործադրած ոստիկանի անձը:

Այսինքն, եթե փորձենք տեսնել ընդհանուր պատկերը, ապա կստացվի, որ Հայաստանում ոստիկանի կողմից ընդդիմադիր ակտիվիստին ծեծելը, խոշտանգելն ու անգամ սպանելը հանցագործություն չի համարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter