HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Զինվոր թոռ ունեմ, բա չաշխատե՞մ, որ իմ զինվոր բալին լավ-լավ բաներ առնեմ ուղարկեմ»

Օրվա երկրորդ կեսին Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղի փողոցների տարբեր հատվածներից մարդկանց ձայներ էին լսվում: Գյուղացիներն անցել էին հողի գործերին:

73-ամյա Ջուլիետա Հակոբյանը որդու եւ հարսի հետ աշխատում էր իրենց տնամերձ հողամասում: Թեեւ պատկառելի տարիքին, երկաթյա ձողերի մի տրցակ ուսին դրած՝ նա հողամասի մի ծայրից տեղափոխում էր մյուս ծայրը: Ջուլիետա տատը փոքր ջերմոց էր պատրաստում աշնանը ցանած կանաչիները պոլիէթիլենային տոպրակներով ծածկելու համար:

Տեսնելով մեզ՝ նա կանգնեց տեղում եւ հայացքով զննեց ֆոտոխցիկը, ձայնագրիչը եւ ցածրաձայն ասաց. «Էս ի՞նչ հաշիվ ա»: Մի քանի քայլ առաջ եկավ եւ ժպտալով բարեւեց: Մտերմիկ զրույցից հետո սկսեց պատմել իր առօրյայի մասին:

«Հիմա որ չարչարվում եմ, լավ չի, բալես, բայց հեսա կանաչին կծածկեմ, այն ժամանակ արդեն լավ կլինի: Կծախենք, փող կունենանք, դա վատ ա՞: Զինվոր թոռ ունեմ, բա չաշխատե՞մ, որ իմ զինվոր բալին լավ-լավ բաներ առնեմ ուղարկեմ: Դրա համար եմ վռազում, թե չէ իմ փորի մասին չեմ մտածում»,- ասաց Ջուլիետա Հակոբյանը:

Շատերի նման նա էլ առողջական խնդիրներ ունի, երեկոյան ճնշումը բարձրանում է, մեջքն ու ոտքերը ցավում են, սակայն հաղթահարում է բոլոր ցավերը, «հիվանդությունը գրկած չի նստում»: «Հիմա մեռնել-ապրելու դար է, ով աշխատեց՝ նա կապրի, ով էլ չէ՝ միշտ բողոքելու է, որ վատ է ապրում ու սոված օր է անցկացնելու»,- ասաց Ջուլիետա տատը:

Նա մարդկանց կոչ արեց հույսները դնել իրենց վրա եւ ոչ մեկից, այդ թվում՝ կառավարությունից սպասելիքներ չունենալ:

«Որ մարդը ջիղ ունենա, կապրի, թե չէ՝ լրիվ սուտ ա: Կառավարությունը ի՞նչ պիտի օգնի, ինձ կբերի փող կտա՞, չի տա: Պարարտանյութ, սոլյարկա, էժան բերում բաժանում են, դա հերիք չի՞: Ոչ մի երկրում պետությունը չի բերում տալիս ու ասում՝ առանց աշխատելու նստի կեր, պիտի աշխատենք: Ես էլ եմ ուզում հանգիստ մնամ, նստեմ արեւի տակ ու ոչ մի բան չանեմ, բայց որ սոված մնամ, ու՞մ վրա մունաթ գամ, ո՞վ կբերի կտա ինձ: Չէ, տղա ջան, քանի ուժ ունեմ, պիտի աշխատեմ, իմ երեխեքին օգնեմ: Մեծ եմ, ես էլ իմ ուժի չափով եմ անում ու ջահելներին շախի եմ գցում»,- նշեց Ջուլիետա տատը եւ արագ-արագ երկաթյա կեռ ձողերը հրեց հողի մեջ:

73 տարեկան կինը չի հասկանում այն մարդկանց, ովքեր գյուղում են ապրում ու սոված են քնում: «Ազնվությամբ՝ ամաչում եմ, որ մեկի մոտ ասեմ՝ փող չունեմ: Ու՞մ ասեմ, պիտի ասեն՝ ձեռք ունես, ոտք ունես, հողդ մշակիր, կեր: Որ նման բան ասեն, ճիշտ կանեն, բա ինչի՞ պիտի չաշխատեմ,- ասաց Ջուլիետա Հակոբյանը եւ հրաժեշտ տվեց,- թող առողջ լինենք ու միշտ աշխատենք, աշխատանքից վատ բան չկա: Ջահել ես, քեզ գործից չկտրեմ, դու էլ գնա աշխատի»:

 

Մեկնաբանություններ (2)

Anny
HOW AMAZING ! I get hope again, hope to find Armenians willing to work ! She is the FIRST one or so , I read / meet who realy takes responsability to manage her own life by the work of her own hands ! Congratulations, dear Julieta ! I hope to meet you once ! Many even young armenians beg for money because they are too lazy to work ! shame on them.
Anna
Աշխատելը լավ... բայց չեմ հասկանում ինչու՞ պիտի ,,զինվոր բալին լավ-լավ բաներ առնի ուղարկի...,, Բանակի ու պետության գործը չի՞ որ իր զինվորին լավ պահի, լավ կերակրի, որ ուժեղ լինի ու խեղճ չլինի: Բայց արի ու տես որ չէ, էդ երեխեքը ամիսներ-տարիներ միրգ չեն տեսնում, միրգը ճոխություն է, տարրական պարագաներ բացակայում են: Ինչու՞ պիտի զինվորի կոշիկը կամ շորը մի ամսից ծակվի կամ ոտքը ջուր ու ցուրտ անցկացնի, ու այս կնոջ նման օրվա հաց հազիվ վաստակող չարչարվող ծնողի գործը լինի որ գնա ինչ որ տոնավաճառներից հազար ու մի կարեւոր մանրուք, նոր զինվորի սապոգ ու այլ բաներ առնի ուղարկի...էս բիզնեսի վերջը պիտի տրվի՞ մի օր թե չէ...անորակ շորեր ու կոշիկ են հագցնում որ հետո ստիպված ծնողը գնա իրենց բիզնեսից ապրանք առնի ուղարկի զինվորին - սա է զինվոր պահելը?...հասկացանք որ փող աշխատել կա բայց ոչ ամեն գնով չէ՞....էդ ստանդարտ ցուցակները որոնք զինվորների ծնողների ձեռքն են դնում բանակ գնալու առաջին օրվանից՝ պիտի վերանան, եւ ամոթ է որ այսքան ողորմելի ձեւով ենք զինվոր պահում: Թողես մեծ-մեծ բրդեն թե լավ բանակ ունենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter