HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սթինգ. «Հետեւելու եմ ամեն շնչիդ, ամեն շարժմանդ»

Նաիրա Հայրապետյան

«Ես արթնացա գիշերվա կեսին, գլխումս անդադար հնչում էր այդ տողը: Նստեցի դաշնամուրի առջև և կես ժամվա ընթացքում գրեցի երգը: Երաժշտությունն առանձնապես ինչ-որ բանով աչքի չի ընկնում և նման է հարյուրավոր այլ երգերի, բայց ահա բառերը հետաքրքիր են: Երգն այնպես է հնչում, ասես սիրո սփոփիչ  խոսք լինի, մինչդեռ ես այն ժամանակ չէի էլ  գիտակցում, թե իրականում որքան չարություն կար նրանում», - այսպես է մեկնաբանում Սթինգն իր ամենահայտնի երգերից մեկը, որը չնայած իր առաքելությանը`բոլորովին այլ կերպ ընկալվեց հասարակության կողմից և դարձավ ամենասիրելի, ամենաբարի ու դրական լիցքեր հաղորդող սիրո խոստովանություն-երգերից մեկը:  Եվ թեև Սթինգը խոստովանում է, որ կյանքի այդ փուլում նա այնքան չարացած էր, որ երգի խորքում  ներդրել էր հետապնդելու և վերահսկելու միջոցով պատժելու ենթատեքստը (օր ու արև չտալու),  այն առավելապես որպես սիրերգ գրանցվեց երաժշտասեր հանրության լսարաններում :

“Every Breath You Take”-ը («Քո ամեն շունչ առնելը») անգլիական  «The Police»  ռոք խմբի ամենասիրված երգերից մեկն է, որը թողարկվեց 1983-ին՝ խմբի վերջին՝ “Synchronicity” ալբոմի կազմում: Այն դարձավ այդ տարվա ամենահեղինակավոր հիթերից մեկը՝ ութ շաբաթ շարունակ գլխավորելով ամերիկյան և բրիտանական սինգլների առաջատար հիթ-շքերթները: Երգը  համարվում է 1983թ-ին ԱՄՆ-ում ամենավաճառված սինգլը, և ամենավաճառված  5-րդ երգը ամբողջ տասնամյակի ընթացքում:  Մեկ տարի անց “Every Breath You Take” երգը երկու «Գրեմմի» մրցանակ նվիրեց խմբին:

Երգի տեքստը շատ պարզ բառերով և մտքերով է ներկայացված, սակայն այդ պարզության խորքում իրականում թաքնված է սևեռուն քայլերով կամ մտքերով լի զգացմունքային դաշտ, որն  ինչ-որ առումով ագրեսիվ է, որովհետև խոցված է, միևնույն ժամանակ նուրբ ու սիրով լի հոգեվիճակ է, որն այլևս անզոր է կառավարվել:

Երգը ստեղծվել է Սթինգի համար շատ ծանր ժամանակշրջանում, երբ նա անձնական կյանքում մեծ ճգնաժամ էր ապրում: Երգիչը  նոր էր բաժանվել կնոջից՝ դերասանուհի Ֆրենսիս Թոմելթիից, և այդ բաժանումը ծանր հարված էր նրա կյանքում, դժվար սպիացող վերքի նման: Այդ տրամադրությունն արտահայտվում էր ոչ միայն Սթինգի ստեղծագործություններում, այլև աշխատանքի մեջ,  կյանքում, մարդկային հարաբերություններում, թեև նա ամեն կերպ փորձում էր հաղթահարել:

Երգի հանդեպ հանրության այս վերաբերմունքը մինչ օրս չի դադարում զարմացնել և, նույնիսկ, զայրացնել Սթինգին: Այս առիթով նա գրեթե իր բոլոր հարցազրույցներում նշում է, նույնիսկ պնդում, որ այն իրականում անպատասխան սիրո մասին է, սիրելի մարդու կորստյան հետևանքով առաջացած սևեռուն հետապնդման ու խանդի մասին է և չի կարող դրական զգացողություն հաղորդել: Մինչդեռ մի անգամ ամուսնական մի զույգ մոտենում է երգչին և ասում. «Մենք շատ ենք սիրում այդ երգը և այն մեր հարսանեկան արարողության գլխավոր երգն էր»:

«Ես մտածեցի, դե ի՞նչ ասեմ, հաջողություն եմ մաղթում»,- պատմել է երգիչը հետագայում:  “BBC Radio 2” ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում, երբ նրան հարցնում են, թե ինչու տեսահոլովակում նա զայրացած տեսք ունի, պատասխանում է.  «Ես կարծում եմ, որ այս երգը շատ, շատ չարագուշակ և այլանդակ երգ է: Ըստ էության՝ սխալ է ընկալվել մարդկանց կողմից՝ իբրև մեղմ ու նուրբ  երգ սիրո մասին, մինչդեռ այն բոլորովին հակառակն է»:

Այս  տարբեր մեկնաբանություններից և ընկալումներից դուրս` “Every Breath You Take”-ը  երաժշտագետների բնորոշմամբ` “The Police”-ի գործունեության մեջ ստորագրություն-երգ է համարվում, որը հանրաճանաչության նոր թափ հաղորդեց խմբին:  Աշխարհահռչակ “Rolling Stone” ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերը» ցուցակում այն զբաղեցնում է 84-րդ տեղը, որը ամենաբարձր գնահատականն է ռոք երաժշտության «Նոր ալիք» կոչված ուղղության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter