HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե պարտքը չբերես, կփչացնենք»

Տավուշի Հովք գյուղի բնակիչ Հայկ Թորոսյանը 18 տարեկանը բոլորելով, 2003 թ.-ին զորակոչվել է հայկական բանակ: Սակայն 11 տարի առաջ ծառայության գնալով, մինչ օրս Հայկը տուն չի վերադարձել: Նա արդեն 9 տարի գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ցմահ դատապարտյալի կարգավիճակում՝ մեղադրվելով ոստիկանի սպանության մեջ:   

Ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում է 19-ամյա կրտսեր սերժանտ Հայկ Թորոսյանը դատապարտվել պատժի առավելագույն չափի: Նա մեղադրվել է քրեական օրենսգրքի միանգամից վեց հոդվածների հատկանիշներով (զենք գողանալ, զենք կրել, զորամասը ինքնակամ լքել, ավազակային հարձակում, սպանություն): 2005 թ-ին Վայոց ձորի առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել նրան վերագրված մեղադրանքներն ու դատապարտել ցմահ ազատազրկման: 

Քրեական օրենքներ բանակում 

Ծանոթանալով նախկին զինվորի քրեական գործի նյութերին, զրուցեցի Հայկ Թորոսյանի շահերի պաշտպանությունը վերջին տարիներին ստանձնած փաստաբան Մանվել Վարդանյանի հետ: Նրա համոզմունքով, Հայկն՝ ինքը տուժող ու զոհ է այս ողբերգական պատմության մեջ: 

Հայկը մեծացել է առանց հայրական խնամքի, ունի հիվանդ քույր, նրանց խնամքով զբաղվել է մանկավարժ մայրը: Նախ զինվորը ծառայել է Արմավիրում, ապա՝ Վայք քաղաքում տեղակայված զորամասում: Պարզվում է ողջ պատմության հիմքում գումարի պարտքն է, բանակում «նայողների», «լավ» տղաների, հարց լուծողների առկայությունը, «փչացվելու», բռնաբարվելու սպառնալիքի տակ կատարած մի շարք արարքներ, որոնք, սակայն, դատարանի կողմից իրավական գնահատականի չեն արժանացել: 

Փաստաբանների պալատի անդամ Մանվել Վարդանյանը նշեց, որ նախ խիստ կասկածում է, որ Հայկի կրակոցից է մահացել ոստիկանը, քանի որ դատարանը չի պատասխանել նրա մեղքն ապացուցող մի շարք կարևոր հարցերի (նախ նշվել է, որ կրակված գնդակը դեֆորմացված է ու նույնականացման ենթակա չէ, ապա փորձաքննությամբ նույնականացվել է, երկրորդ՝ գնդակը բժիշկն է վերցրել առանց քննիչի ու ընթերականների ներկայության), ապա՝ դատարանը պատճառահետևանքային կապի մեջ չի դիտել Հայկ Թորոսյանի գործողություններն ու նրան ուղղված տղամարդկային արժանապատվության նսեմացման սպառնալիքները: 

«Չաստ նայողներն» ու բռնաբարվելու սպառնալիքը 

Ըստ քրեական գործի նյութերի, Հայկը զինվորներից մեկից՝ Ռոմանից գողացել է 8000 դրամ: Զորամասում հեղինակություն վայելող Անդրանիկ Ղասաբյանը պարզելով, թե ով է կատարել գողություն, պահանջել է Հայկից գումարը իրեն տալ: Հայկը վերադարձրել է այն: Սակայն Անդրանիկ Ղասաբյանը գումարի տիրոջը՝ Ռոմանին վերադարձրել է միայն 3 հազար դրամը, իսկ 5000-ը ծախսել իր ընկերոջ հետ: Մեկ օր հետո էլ Հայկից պահանջել է իրեն տալ կրկնակի գումար, այսինքն՝ 16.000 դրամ, այլապես սպառնացել է փչացնել, տղամարդկային արժանապատվությունը ոտնահարել ու զորամասում տարածել գողության մասին լուրը: Հայկը զորամաս եկած մորաքրոջից, ապա և մորից խնդրել է գումար՝ այդպիսով կարողանալով վճարել 11.000 դրամը: Իսկ 5000 դրամը «չաստ նայող» Անդրանիկը, զորացրվելու պատճառաբանությամբ, ասել է, որ վճարի իր ընկերներից Արեն Խառատյանին: Անգամ վերջնաժամկետ են դրել՝ հունիսի 25-ը:

Հունիսի 24-ի գիշերը Հայկ Թորոսյանը, բացելով զեքերի պահարանը (ցուցմունքներ կան, որ ցանկացած մեկը հեշտությամբ կարող էր բացել ու ցանկացած պահի զենք վերցներ պահարանից: Դեպքից հետո է միայն կողպեք ավելացել այնտեղ), վերցրել է ավտոմատն ու դուրս եկել զորամասից: Հետո նա մտել է Վայք քաղաքի խանութներից մեկն ու զենքի սպառնալիքով վերցրել մի քանի հազար դրամ, ապա դուրս եկել խանութից, լսել «կանգնիր» ազդանշանը: Հայկ Թորսյանը ցուցմունքում նշել է, որ մութ լինելու պատճառով չի տեսել, որ բղավողները ոստիկաններ են: Վազելով դեպի ետ է կրակել իր մոտ եղած ավտոմատից: Ըստ նախաքննության վարկածին, հենց այդ կրակոցից էլ սպանվել է ոստիկաններից մեկը:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter