HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիները դժգոհ են պարարտանյութի բաշխման կարգից. «Իրենց ֆոկուսը լավ ենք հասկանում»

Գյուղական համայնքներում ցուցակագրում են շուկայականից էժան գներով դիզելային վառելանյութ եւ պարարտանյութ գնել ցանկացող գյուղացիներին:

Համայնքապետարանները համապատասխան գրություններն արդեն փակցրել են մարդաշատ վայրերում, սակայն ակտիվությունն այնքան էլ մեծ չէ. այս սեզոնին գյուղացին գումար չունի եւ կանխիկ գնումներ չի կարող իրականացնել: Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի բնակիչներն ասում են, որ իրենք եւ պարարտանյութի եւ դիզվառելիքի կարիք ունեն, սակայն կանխիկ գումար չունենալու պատճառով չեն կարող ցուցակագրվել:

Ակնաշենցի Սուքիաս Ենոքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գումարները հիմա են հավաքում, բայց ապրանքը գյուղացուն փոխանցելու են ավելի ուշ:

«Իրենք գիտեն, թե գյուղացին միամիտ է, բան չի հասկանում, բայց իրենց ֆոկուսը լավ ենք հասկանում: Շուկայականից էժանը 2000 դրամի տարբերությունն է (պարարտանյութի դեպքում), մեկ է պետությունն իրենց փոխհատուցում է այդ գումարը, բերողն էլ իրենք են: Մեզ ցույց տվեցին, որ էժան են բերում: Մենք փող չունենք, որ հիմա առնենք, իրենք էժան վերցնում են դա, հետո ավելի թանկ վաճառում են մեր վրա: Պարարտանյութերն այն ժամանակ են բերում բաժանում, որ գյուղացու ձեռքին գումար չկա»,-ասում է Ս. Ենոքյանը:

Ակնաշենի համայնքապետարանից տեղեկացրին, որ ցուցակագրվողներ կան, սակայն ակտիվությունն այնքան էլ մեծ չէ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ տեղեկացրեց, որ հողօգտագործողներին որպես աջակցություն, պետության կողմից սուբսիդավորմամբ հատկացվելու է  7000 տոննա ազոտական պարարտանյութ՝ 1 պարկը 6000 դրամով, պարկը 7000 դրամով 300 տոննա ֆոսֆորական եւ 200 տոննա կալիումական պարարտանյութ, 2 մլն լիտր դիզելային վառելանյութ՝ 1 լիտրը 350 դրամ արժողությամբ, ինչպես նաեւ 18 տոննա գարու, 6.5 տոննա առվույտի եւ 0.6 տոննա եգիպտացորենի սերմացու:

Արմավիրի մարզպետը եւս հաստատեց, որ վերը նշված ապրանքները գյուղացուն տրամադրվում են նախապես կանխիկ վճարելու պայմանով:  «Պրակտիկան ցույց է տալիս, որ ապառիկ վաճառքի դեպքում հնարավոր չի լինում կազմակերպել գումարների հավաքագրումը»,-ասում է Աշոտ Ղահրամանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter