HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանումներ Սանահինի վանական համալիրի վերականգնման մասին

Սանահինի վանական համալիրի վերականգնման եւ ամրակայման ընթացքի մասին մեր «Միլիոնները ծախսվում են, իսկ արդյունք չկա» հոդվածին արձագանքեց այդ աշխատանքներն իրականացնող, մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն՝ ներկայացնելով հանրային հաշվետվություն: Այդուհանդերձ, այդ հաշվետվության մեջ մենք չգտանք մեր բարձրաձայնած որոշ հարցերի պատասխաններ, ուստի դիմեցինք նշված կենտրոն՝ պարզաբանումներ ստանալու: Մեր հարցերին պատասխանում են «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի իրավական գծով օգնական

Արեգ Փիլիպոսյանը, տնօրենի տեղակալ պրն Խալաթյանը եւ հաշվապահ Արմեն Ալոյանը: 

- Կառավարությունը հայտարարել է, որ Ս. Աստվածածնի եկեղեցու գավիթը  վերականգնված է, աշխատանքներն ավարտված են: Սակայն անզեն աչքով տեսանելի է, որ աշխատանքներն ավարտված չեն: Ինչու՞ է կառավարությունն այդպիսի հայտարարություն անում: Ջրահեռացման խնդիրները լուծված են, բայց գավիթի ներսում որևէ աշխատանք կատարված չէ: 

Ա. Փիլիպոսյան-Ներսու՞մ: 

-Այո, ներսում: 

Ա. Փիլիպոսյան - Ներսում ծավալներ չկան, ախր: Պայմանագիրը, որով մենք սկսել ենք այդ աշխատանքները, կազմվել է 2013թ. հունիսի 11-ին, վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 30-ը: Վարչապետը էնտեղ եղել է, եթե չեմ սխալվում, սեպտեմբերին: 

 -Ոչ, հունիսին: 

Ա. Փիլիպոսյան - Մեր պայմանագիրը սկսվել է հուլիսին: Հասկանում եք, այդ ընթացքում չնայած ինչ-որ չափով մինչև պայմանագիր կապելը մենք  բացարձակ ոչ մի իրավունք չունենք եկեղեցու վրա աշխատելու:

Վարչապետի գալուց մի քանի օր անց, մի 20 օր անց նոր սկսել ենք էդտեղ աշխատանքներ կատարել: Կատարել և վերջացրել ենք հոկտեմբերի 30-ին:  Դուք հասկանու՞մ եք բարդությունը, այդքան սեղմ ժամկետում կատարել ենք  այդքան աշխատանք, և այդ ամբողջ ժամանակահատվածում մենք ստիպված ենք եղել անընդհատ գնալ այնտեղ ու վերադառնալ: Մեր կազմակերպությունը, հանդիսանալով այս պահին վերականգնման ամենախոշոր կազմակերպություններից մեկը, ամենամեծ ծավալով աշխատանքներն է իրականացնում, և ամենապատասխանատուն ենք: Մեր աշխատողների թիվը բավականին սակավ է, բայց յուրաքանչյուր դեպքում մենք աշխատում ենք աշխատանքները կատարել պատշաճ և ՀՀ քաղաքացուն վայել: Մենք ունեցել ենք 2-5 ամիս այդ աշխատանքները կատարելու համար և կատարել ենք: 

Ձեր կազմակերպությանը 18 մլն դրամ է տրված եղել 2012թ. սալիկապատման բոլոր աշխատանքներն ավարտելու համար, բայց դուք չեք ավարտել: 

Ա. Փիլիպոսյան – Ցավոք սրտի,  Ձեր ասած 18մլն դրամն ամբողջ մակերեսինը չէր: 

Խալաթյան- 40,5մլն դրամ է ընդհանուր: 

- Գիտենք, որ 2012-2016թթ. 180 մլն դրամ է տրամադրվելու եկեղեցու վերականգնման համար: Վարչապետն իր պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց այդ մասին: Գումարը Ձեզ փուլ առ փուլ է  տրվում: Առաջին փուլում 18 մլն դրամ է տրվել: 

Ա. Փիլիպոսյան - Հիմա Ս. Աստվածածին եկեղեցու վրա, ինչպես դուք գիտեք, ծախսվել է 40,5 մլն դրամ: Դա հիմնականում ծախսվել է ծածկասալերի վրա: 

- Բայց կառավարությունը հայտարարել է, որ ավարտվել են գավիթի ամրացման աշխատանքները: 

Ա. Փիլիպոսյան- Հարցն այն չէ, թե ինչ է ասել վարչապետը: Վարչապետը որպես պաշտոնատար անձ հայտարարում է այն ծավալների, այն գումարի մասին, որը տրամադրվելու է: Իսկ արդեն կոնկրետ աշխատանքները  որոշում է գիտամեթոդական խորհուրդը, որոշում է նախագծող ճարտարապետը, և այդ 40.5 մլն դրամը գրեթե ամբողջությամբ նախատեսված է հենց ծածկերի վերանորոգման համար: 

- Փաստորեն, գավիթի համար գումար չի՞ նախատեսվել: 

Ա. Փիլիպոսյան - Գավիթի համար էլ են նախատեսել, բայց այն հատվածները, որոնք առաջին փուլում արվել են, դրանք ընկնում են ներս և դրսից անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: 

- Դուք կառավարության պաշտոնական հայտարարությունը կարդացե՞լ եք:

Կառավարությունը  Ձեզ 2012թ. 18 մլն դրամ է տվել և 2013թ. հունիսի 18-ին կառավարության կայքում տեղեկատվություն է տարածվել, որ այդ 18 մլն դրամով արդեն իսկ մասնակի վերականգնվել է համալիրի Ս. Աստվածածին եկեղեցին, հեռացվել է պատերի բուսածածկը, ամրակայվել և վերականգնվել են եկեղեցու պատերի և ծածկասալերի առանձին հատվածներ: Բայց իրականում այդ 18 մլն դրամով ընդամենը հանվել են հին ծածկասալերը, դրանցից չվնասվածները կրկին տեղադրվել են եկեղեցու ծածկերին: Նոր ծածկասալեր չեն գնվել և չեն տեղադրվել: Եվ դրանով ավարտվել են 18 մլն դրամի աշխատանքները: 2013-ին էլ Ձեզ պետբյուջեից 22,5 մլն դրամ է հատկացվել Ս. Աստվածածին եկեղեցու գավիթի և Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքների համար: 

Խալաթյան – Կառավարությունը պաշտոնապես գումարը տալիս է, կատարող կապալառուն չի հասցնում կատարել: Հետո վարչապետն ասել է՝ այն, ինչի համար տրամադրել  ենք, արվել է: 

Արմեն Ալոյան - Առաջադրանք են տալիս՝ 20 մլն-ի կամ 18 մլն-ի  շրջանակներում կատարել ծածկասալեր, բայց ճարտարապետը մինչև ծածկասալերը նախատեսում է որոշ աշխատանքներ, որոնք պետք է կատարվեն, նոր անցնենք ծածկասալերին: Ծածկասալը հանել, տակը մաքրել, կրաշաղախը փոխել, շատ տարբեր աշխատանքներ: Էնպես չի, որ միանգամից, եթե ասել են՝ 20 մլն դրամը պետք է դնել ծածկասալի վրա, ուրեմն էդ 20 մլն-ը ծածկասալ անելու համար է: Նախնական պետք է կատարել ևս մի քանի աշխատանքներ: Ու այդ 180մլն դրամը լրանալու դեպքում, էն ժամանակ, երբ կկատարենք նախնական աշխատանքները, կհասնենք ծածկասալերի ամբողջական կատարմանը, կարող է հնարավոր լինի ծախսել ոչ թե 40,5, այլ 45 մլն դրամ: Ճարտարապետն է  որոշում, պետք է անել որոշակի գործեր`ելնելով կառույցի վիճակից, նոր անցնել ծածկասալին: 

-Սովորաբար, եկեղեցիները  վերակառուցելիս և նախագծողը և շինարարը պարտավոր են հավատարիմ մնալ կառույցի նախկին տեսքին: Ճիշտ չէ՞: 

Խալաթյան - Հատկապես Սանահինում: 

- Ս. Աստվածածին եկեղեցու ծածկերին հիմնականում թողնվել են հին կարմիր անդեզիտի ծածկասալերը: Մյուս կողմից՝ դրվել են բազալտե նոր ծածկասալեր:  Դրանք գունային առումով ներդաշնակ չեն: Հեռվից  բազալտե ծածկասալերը կարկատան են հիշեցնում: 

Ա. Փիլիպոսյան - Եկեք ճարտարապետական տերմինով խոսենք: Հին ծածկը երևի Ձեզ հայտնի է, որ անդեզիտ քարից է, կարմիր անդեզիտից: Մենք ունենք վերականգնման նախադեպ, երբ գավիթների տանիքների անդեզիտը փոխարինված է բազալտով: Տվյալ դեպքում, երբ մեր ծածկասալերն արդեն կոտրտված են, անհրաժեշտություն կա դրանք փոխարինելու, և վանական համալիրի ծածկասալերի մի մասն արդեն իսկ բազալտից է, դա անհրաժեշտություն է առաջացնում՝ փոխելու դրանք: 

-Այդ դեպքում հին ծածկասալերի փոխարեն բազալտ դնեիք: 

Ա. Փիլիպոսյան - Իսկ հի՞նը: Հին ծածկասալերը մենք ի՞նչ անեինք, չպահպանեի՞նք այն ծածկասալերը, որոնց վրա կա պատմական աշխատանքի  արժեք: 

-Այդ դեպքում եկեղեցու ծածկն ամբողջությամբ անդեզիտի  ծածկասալերով շարեիք: 

Ա. Փիլիպոսյան - Իսկ Դուք գիտե՞ք՝ որտեղից պետք է բերենք էդ քարը: 

-Դա Դուք պետք է իմանաք: 

Ա. Փիլիպոսյան - Մենք գիտենք, որ դա հնարավոր չէ: 

-Դա էլ է պատասխան: Ինչու վերականգնման 1-ին և 2-րդ փուլերում Ս. Աստվածածին եկեղեցու  վեղարի գագաթը չի վերանորոգվել: 

Ա. Փիլիպոսյան - Վեղարի կատա՞րը: Երբ աշխատանքներն ինչ-որ չափով չեն կատարվում համապատասխան պայմանագրով, դրանք փոխարինվում են այլ աշխատանքներով: 

Հիմա վեղարի կատարի վերանորոգումը, որը նախագծողն անհրաժեշտ է համարել, ինչու՞ չի կատարվել 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում: 

Ա. Փիլիպոսյան - Անհրաժեշտ է համարել այդ փուլերում, բայց աշխատանքների ընթացքում, երբ առաջանում է բարդություն, իրենք փոխարինում են դա այլ աշխատանքով` թողնելով հաջորդ փուլին: 

-Վեղարի կատարի հետաձգված աշխատանքներն ի՞նչ աշխատանքով եք փոխարինել: 

Ա. Փիլիպոսյան - Սանահինի մեկ տարվա աշխատանքների փաթեթը մոտավորապես 100-200 էջ է, որտեղ կան փոփոխություններ: 

Խալաթյան - Սա բնակելի շենք չէ, անընդհատ փոփոխվում է: 

Ա. Փիլիպոսյան- Սա Մագիստրոսի տանիքն է: 

-Ինչու՞ է այնտեղ ջուր կաթում: 

Ա. Փիլիպոսյան - Ամբողջական չէ, դրա համար: 

-Ի՞նչ է նշանակում՝ ամբողջական չէ: 

Խալաթյան – Ջուրը, գիտեք, ոնց է: Դուք կարող է էստեղ աշխատանք անեք, լրիվ փակեք, էստեղ որակով աշխատանքն անեք, բայց դա մի ամբողջականություն է, էնտեղից՝ հեռվից, կարող է տեղ ունենա ու գա: Ու շատ է եղել, որ պարզվել է՝ էդ ջուրը քաշում է մի 10-12 մետրից: Այդպիսի դեպքեր լինում են: 

-Հնարավո՞ր է, որ դա շաղախն անցքերով լավ չլցնելու հետեւանք է: 

Խալաթյան – Ոչ: 

Ա. Փիլիպոսյան - Դուք գիտեք, որ եկեղեցին շատ բաց տարածքներ ունի, որոնք նախատեսված են կառույցը թեթևացնելու համար: Այսինքն, եթե մի եկեղեցին մի թեթև ջուր քաշի, հնարավոր է, որ էդ ամբողջ բաց տարածքներով գա և տարբեր տեղերից թափվի: 

-Ի վերջո, Մագիստրոսի ճեմարանում հնարավո՞ր է այնպես անել, որ ջուր չկաթի: 

Ա. Փիլիպոսյան - Սա մոնումենտալ կառույց է, որն ամբողջությամբ պետք է վերանորոգել, լաքապատել և ջրամեկուսիչ շերտով պատել ու ավարտել, որից հետո կհանձնենք արդեն օգտագործողին, տվյալ դեպքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: 

Մեկնաբանություններ (2)

Հովհաննես
Սա մոնումենտալ կառույց է, որն ամբողջությամբ պետք է վերանորոգել, լաքապատել և ջրամեկուսիչ շերտով պատել ու ավարտել, որից հետո կհանձնենք արդեն օգտագործողին, տվյալ դեպքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Հուսով ենք, որ մեր իշխանություններն,իրոք, ամեն ինչ կանեն, որ այդպես լինի:
Valod
Զարմանալի է, որ լրագրողը մասնագետներից ավելի փորձառու է վերականգնման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter