HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտագաղթի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը միգրանտներին բիզնես ծրագրերում ընդգրկելն է

Մուշեղ Հովսեփյանը մի քանի ամիս է, ինչ վերադարձել է Ռուսաստանից, որտեղ մինչ այդ առեւտրով էր զբաղվում: «Քույրս եւ եղբայրս այնտեղ են ապրում, սկզբում որոշել էի մնալ, աշխատանքի իրավունքի փաստաթուղթ էլ ունեի, բայց վերադարձա, որովհետեւ մշտապես չէի կարող, իսկ ընտանիքս այդ երկրում անարգել ապրելու համար շատ խնդիրներ պիտի հաղթահարի, մանավանդ միգրանտների համար սահմանված նոր կարգի պայմաններում»,- ասում է Մուշեղը: Նրա խոսքով`  մեկնումից առաջ իր հայրենի Շինուհայր գյուղում դաշտավարությամբ է զբաղվել, գյուղատնտեսական վարկ էր վերցրել, ցորեն ցանել, բայց հազիվ կարողացել է վարկը մարել:

Վերադառնալուց հետո Մուշեղը տեղեկացել է, որ «Մարդը կարիքի մեջ» հ/կ-ի  հայաստանյան  ներկայացուցչությունն իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որն ուղղված է աջակցելու աշխատանքային միգրանտների վերաինտեգրմանը եւ դիմել է ծրագրի շրջանակներում ստեղծված «Սյունիքի միգրացիոն ռեսուրս կենտրոնին»:

«Մուշեղը վերադարձողներից միակը չէ, ում կենտրոնն աջակցում է իրենց տեղը հայրենիքում գտնելու հնարավորության ապահովման համար»,- ասում է Սյունիքի միգրացիոն ռեսուրս կենտրոնի տնօրեն Լիանա Սահակյանը: Նրա խոսքով` կենտրոնի հիմնադրումից հետո կարճ ժամանակում մարզի տարբեր տարածաշրջանների սոցաշխատողների աջակցությամբ կենտրոն են դիմում հարյուրավոր միգրանտներ` տեղեկատվություն, խորհրդատվություն ստանալու, հայրենիքում ինտեգրվելու նպատակով վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար:

Ըստ կենտրոնի տնօրենի` ծրագրի կարեւոր բաղադրիչներից է փոքր դրամաշնորհների միջոցով վերադարձածների վերաինտեգրմանն աջակցելը: Այդ նպատակով «Մարդը կարիքի մեջ» հ/կ-ի հայաստանյան ներկայացուցչությունը եւ Հայ օգնության միությունը Եվրոպական միությունից ֆինանսավորվող «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Զբաղվածության պետական ծառայություն գործակալության հետ համատեղ կենտրոն դիմած միգրանտների համար կազմակերպում են բիզնես դասընթացներ, որի նպատակն է գիտելիքներ հաղորդել բիզնեսի կազմակերպման տարբեր փուլերի մասին:

Դասընթացներին մասնակցելու համար մարզի տարբեր տարածաշրջաններից` Կապանից, Մեղրիից, Սիսիանից եւ Գորիսից կենտրոն է դիմել 135 մարդ, որից միայն 90 դիմորդի տվյալներն են համապատասխանել նախատեսված չափորոշիչներին: Նախատեսվում է, որ բիզնես դասընթացներից հետո մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ՝ բիզնես դրամաշնորհի մրցույթի փուլին, որի ընթացքում 1 մլն 500 հազարից մինչեւ 5 մլն  դրամի շրջանակներում գույք կամ սարքավորումներ կարող են ստանալ համապատասխան բիզնես ծրագիր ներկայացնելու դեպքում:

«Սա շատ շահեկան հնարավորություն է, հաջողության դեպքում կարող եմ ջերմոցային տնտեսություն ստեղծել Շինուհայրում»,- ասում է Մուշեղը: Նրա կարծիքով` նման նախաձեռնություններն արտագաղթի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են, թե չէ անգամ ցածր տոկոսադրույքներով վարկերը խճճում են մարդկանց, որովհետեւ հաճախ մարդիկ ֆինանսական միջոցները տնօրինելու կարողություն չեն ունենում, որի արդյունքում հայտնվում են գրավադրված անշարժ գույքը կորցնելու վտանգի առաջ:

Լուսանկարում` Լիանա Սահակյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter