HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսեցի մարզիկների տասնամյակների «լռության» պատճառները

Մարիամ Մաթեւոսյան

Մարզական աշխարհում գորիսեցիների վերջին լուրջ հաղթանակը 1993 թ.-ին էր, երբ «Զանգեզուր» ֆուտբոլային թիմը արդեն երկրորդ անգամ (մինչ այդ 1990 թվականին եւս հաղթել էր), զբաղեցրեց Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության առաջին հորիզոնականը: «Սպորտի նկատմամբ հետաքրքրվածությունը սկսվում է դպրոցից, երբ երեխան անցնում է ֆիզկուլտուրա առարկան»,- ասում է «Զանգեզուր» ֆուտբոլային թիմի նախկին ֆուտբոլիստ Վրեժ Դավթյանը:

Այսօր Գորիսի դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան անցնում են շաբաթական 2-3 անգամ: Թեեւ դպրոցներն ունեն մարզադահլիճներ, բայց դասապրոցեսները, մեղմ ասած, իրենց նպատակին չեն ծառայում: Նյութատեխնիկական բազայի (մարզագույք, սպորտային պարագաներ) բացակայության պատճառով առարկայի ուսումնական գործընթացի կազմակերպումը դժվարանում է: «Փոխելու ենթակա են վոլեյբոլի եւ բասկետբոլի ցանցերը, գնդակներն արդեն երկար տարիներ չեն թարմացվում: Չունենք ներքնակներ, որպեսզի աշակերտը համապատասխան թռիչքների ժամանակ վնասվացքներ չստանա»,- ասում է Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արարատ Ստեփանյանը:

Մյուս կողմից` աշակերտների մասնակցությունը ֆիզկուլտուրայի դասաժամերին, միջին դասարաններում ավելի մեծ է, քան ավագ դասարաններում: Ուսուցչի խոսքով՝ ավարտական դասարաններում առարկային չեն մասնակցում՝ արտաժամյա պարապմունքները հասցնելու համար: «Միշտ փորձում ենք աշակերտների հետ այնպես աշխատել, որ մրցույթ-մրցաշարերի մասնակցեն, նաեւ հետագայում մեծ սպորտով զբաղվեն, բայց, չգիտես ինչու, ավագ դասարաններից թեքվում են իրենց առարկայական պարապմունքներին եւ, ցավոք, հենց այս առարկայի հաշվին:  Դասաժամին, եթե դժվար են սպորտով զբաղվում, ի՞նչ խոսք կարող լինել, արտաժամյա սպորտային խմբակներ հաճախելու մասին»:

Ըստ Վրեժ Դավթյանին` որեւէ վերահսկողություն չկա, թե ինչպիսին է մարզական կրթությունը դպրոցներում. ո'չ ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարությունից, ո'չ  Մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից հսկողություն չի իրականացվում, թե որքանով են արդյունավետ անցկացվում ֆիզկուլտուրայի դասաժամերը: «Աշակերտները ոչ միայն չեն մասնակցում դասերին, այլեւ առարկայի մասին տարրական գիտելիքներ չունեն»,- ասում է Վ.Դավթյանը:

Ֆինանսական միջոց չունենք երեխաներին խրախուսելու համար

Գորիս քաղաքում գործում է համայնքային իշխանության ենթակայության տակ գտնվող Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը ու Ալբերտ Օրդյանի անվան շախմատի դպրոցը, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցը: Վերջինս գործում է շուրջ 64 տարի: Նախատեսված է մինչեւ 14 տարեկան երեխաների համար եւ ուսուցանվում է 6 սպորտաձեւ (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ, թեթեւ ատլետիկա): Պարապմունքներն անվճար են, սակայն ժամանակին 1000 սան եւ  45 խումբ ունեցող մանկապատանեկան մարզադպրոցում այժմ գործում է 15 խումբ՝ 209 սանի համար:

Մարզադպրոցի տնօրեն Սեյրան Պետրոսյանի կարծիքով սպորտի նկատմամբ հետաքրքրության պակասը պայմանավորված է մի շարք հանգամանքներից. պատճառը ոչ միայն շենքային վատ պայմաններն են, այլեւ ֆինանսական սուղ միջոցները: «Չունենք համալիր շենք: Ամեն մի սպորտաձեւի պարապմունք քաղաքի տարբեր դահլիճներում է անցկացվում: Ֆուտբոլի պարապմունքներն անցնում են Գորիսի տարբեր դպրոցների մարզադահլիճներում: Ծանրամարտի եւ ըմբշամարտի դահլիճները ենթական են հրատապ վերանորոգման»,- մեզ հետ զրույցում ասաց մարզադպրոցի տնօրեն Ս. Պետրոսյանը:

Ըստ Գորիս քաղաքի 2013-2016 թթ.-ի քառամյա զարգացման ծրագրի իրականացման ժամանակացույցին՝ մարզադպրոցի ըմբշամարտի, ծանրամարտի դահլիճի, Ֆուտբոլի դաշտի, բակային սպորտային հրապարակների նորոգման, ինչպես նաեւ նոր սպորտաձեւերի ներդրման համար համայնքային բյուջեից պլանավորված է 8 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմելու է 1 մլն դրամ, իսկ  7 մլն դրամն ակնկալվում է դոնորներից ու պետական բյուջեից:

Գորիսի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի գծով առաջատար մասնագետ Երվանդ Հակոբջանյանը նշում է, որ ներկայումս քննարկումներ են գնում ավագանու անդամների հետ, թե այս տարի, սպորտային ոլորտում ո՞ր խնդիրներն են առաջնահերթ, այսինքն, չորս տարիների համար նախատեսված 8 մլն դրամը որտե՞ղ պետք է ուղղվի: Ե. Հակոբջանյանը նշում է, որ 2014 թվականի համար նախատեսված անելիքներ շատ չկան: «Այս տարի ամենայն հավանությամբ մարզպետարանի աջակցությամբ կվերանորոգվի ըմբշամարտի մարզադահլիճը»,- ասում է քաղաքապետարանի աշխատակիցը:

Մրցունակ մարզիկ դառնում են մրցույթների մասնակցելով

Սպորտի զարգացման, մասսայականացման համար կարեւոր հանգամանք է մարզիկների մարզային, հանրապետական նաեւ միջազգային մրցաշարերի մասնակցելը: Գորիսեցի մարզիկները, ճիշտ է, թեեւ ոչ հաճախ, բայց մրցաշարերի մասնակցելիս հիմանականում հյուրընկալվում են այլ քաղաքներում՝ իրենց բնակավայրում բավարար պայմաններ չլինելու պատճառով: «Մեր մոտ մրցումներ հազվադեպ են անցկացվում,- ասում է ըմբշամարտի մարզիչ Տիգրան Աղաբեկյանն ու հավելում,- Գյումրու ըմբշամարտի մարզադահլիճի մոտ մերն ինչ ա՞, խայտառակ կլինենք, եթե այստեղ մրցումներ կազմակերպենք»:

Ըմբշամարտի մարզադպրոցն այսօր ունի 83 աշակերտ: Տարրական պայմաններ չունեցող մարզաշենքում շաբաթվա գրեթե ամեն օրը խունացած պատերի ներսում հնամաշ մարզագույքի, պատառոտված ըմբշամարտի գորգի վրա ոչ բոլոր երիտասարդներն են շարունակում պարապել: «Հանդերձարան, նույնիսկ սանհանգույց չկա, էլ չեմ ասում, որ մարզադահլիճը չի ջեռուցվում»,- պատմում է մարզադպրոցի նախկին սան Սլավ Կարապետյանը:

Մարզիկների տասնամյակների «լռությունը» պայմանավորված է տեղական եւ պետական կառույցների անտարբերությամբ 

Գորիսում գործում է 5 ֆուտբոյալին խմբակ՝ մարզիչ Վրեժ Դավթյանի գլխավորությամբ: Այս սպորտաձեւում գորիսեցիների սպասումներն առավել քան իրատեսական են, քանի որ պատանի ֆուտբոլիստերը մի քանի տարի է, ինչ սկսել են փոքրիկ հաղթանակներ գրանցել: «Անցած, 2013թ.-ին Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությանը 6-րդ հորիզոնականն ենք զբաղեցրել՝ հետ մնալով Փյունիկ, Բանանց, Միկա ակումբներից»,- ասում է մարզիչը: Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ Վ. Դավթյանը նշում է, որ Գորիսում սպորտի մակարդակը ցածր  է, քանի որ չկա տեղական եւ պետական կառույցների անհրաժեշտ ուշադրություն: «Չեմ ասում, որ աջակցություն չկա համայնքային իշխանությունից, բայց կարող էր ավելին լինել»,- նշում է սպորտի վարպետը: 

Ֆուտբոլային թիմին աջակցում է ոչ միայն համայնքային իշխանությունը, Ֆուտբոլի ծնողական կոմիտեն, այլեւ Ֆուտբոլի ֆեդերացիան: Ամեն տարի ֆեդերացիան օգոստոս ամսին մարզիչների եւ սաների համար ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Հանքավանում:

Մասսայական սպորտը կզարգանա, եթե բակային մարզահրապարակներ կառուցվեն

Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում գործում են տարբեր մարզաձեւեր, որոնց անդամները ոչ միայն քաղաքի, այլեւ գյուղական համայնքների պատանիներն են: Ֆինանսավորում ստանալով Սյունիքի մարզպետարանից՝ մարզադպրոցի նպատակն է տարածաշրջանում զարգացնել սպորտը: Այս մարզադպրոցում եւս պատանիների հաճախելիության թիվը գնալով նվազում է: «Եթե այսօր մի խմբում 20 երեխա է ընդգրկված, ապա 10 օր հետո 10 երեխա է մնում»,-ասում է մարզադպրոցի տնօրեն Արթուր Ասլանյանը: Ըստ նրան, որպեսզի սպորտը մեծ տարածում գտնի, ապա իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն բակային խաղահրապարակների կառուցմանը, քանի որ նրանց ուղին հենց այդտեղից է սկսվում դեպի մեծ սպորտ:

Տարեկան կտրվածքով 350 հազար դրամ գումար է տրամադրվում մարզադպորցին՝ 5 մարզաձեւի համար, որն ըստ Ա. Ասլանյանին, չնչին գումար է: «Եթե մենք էսօր 12 երեխա ուղարկենք Երեւան մրցումների՝ տրված գումարը կբավարարի ճանապարհածախսի, գիշերավարձի ու սնունդի համար»,- ասում է Ա. Ասլանյանը:

Գորիսի սպորտային կյանքը քիչ թե շատ աշխուժացնում է շախմատը

Ալբերտ Օրդյանի անվան շախմատի դպրոցի տնօրեն Տիգրան Գրիգորյանը ուրախությամբ է պատմում, որ Գորիսում լավ շախմատիստներ կան, ովքեր հանրապետության մասշտաբով գրավում են բարձր հորիզոնականներ:

2007 թ.-ին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբիանտի հատկացրած 14 մլն դրամով վերանորոգվել է դպրոցի տանիքը, կատարվել են ներսի հարդարանքներ: Այժմ հրատապ վերանորոգման կարիք ունի միայն մեկ դասասենյակ: 50 սան ունեցող դպրոցում գործում է 4 խումբ, յուրաքանյուր խմբում 20 ապագա հայ շախմատիստներ են պարապում, մինչդեռ, ըստ տնօրենին, յուրաքանչյուր խմբում պետք է ընդգրկված լիներ 12 երեխա, որպեսզի մարզիչը կարողանա երկար ու արդյունավետ աշխատել երեխաների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter