HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջանֆիդայի բնակիչներն sms-ով տեղեկացրել են համայնքի առաջնահերթ խնդիրների մասին

Ջավահիր Եղիազարյան

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղը հանրապետության այն վեց համայնքներից մեկն է, որտեղ կյանքի կոչվեց «Համայնքային  միկրոհարցում» ծրագիրը: Այն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը` ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ «ՄՈԲԲԻՍ» ընկերության հետ համատեղ: Ջանֆիդայի համայնքապետ Ռաֆիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  «Համայնքային միկրոհարցումը» համայնքի բնակիչների շրջանում բջջային կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով կազմակերպվող հարցում է՝ համայնքին հուզող խնդիրների վերաբերյալ:

«Բնակիչները համայնքապետարանին տրամադրել են իրենց բջջային հեռախոսահամարը, նշել իրենց սեռը եւ տարիքը, որից հետո համայնքապետարանը կարճ հաղորդագրությամբ (sms) հարց է ուղղել միկրոհարցման մասնակիցներին: Մասնակիցները հաղորդագրությամբ պատասխանել են միկրոհարցմանը՝ արտահայտելով իրենց կարծիքը»,- ասաց Ջանֆիդայի համայնքապետը:

«ՄՈԲԲԻՍ» ընկերության հրապարակած տվյալներով` Ջանֆիդայում համայնքային միկրոհարցմանը գրացված բնակիչների թիվը 460-ն է, որից 16-35 տարեկան 182 բնակիչ, 35-55 տարեկան՝ 230 բնակիչ, 55 տարեկան եւ բարձր՝ 48 բնակիչ:

Բնակիչներին ուղղված առաջին հարցը հետեւյալն էր՝ ո՞ր հիմնախնդիրն է առաջնային Ջանֆիդա համայնքում՝

1. խմելու ջրագծի  մասնակի վերանորոգում,

2. գյուղամիջյան ճանապարհների մասնակի վերանորոգում,

3. մանկապարտեզի բակի վերանորոգում,

4. ժամանցի տաղավարի (беседка) կառուցում:

«ՄՈԲԲԻՍ» ընկերությունն ամփոփել է հարցման արդյունքները, ըստ որի`  90 մասնակցներից 36-ն առաջնային է համարել խմելու ջրագծի մասնակի վերանորոգումը, 48 բնակիչ ցանկացել է, որպեսզի գյուղամիջյան ճանապարհները գոնե մասնակի վերանորոգվեն, 2 բնակչի հուզել է մանկապարտեզի բակի վերանորոգումը, իսկ 4 բնակիչ առաջնային է համարել ժամանցի տաղավարի կառուցումը: Ծրագիրն իրականացնողները հավաստիացնում են, որ հարցման մասնակիցների անձնական տվյալների գաղտնիությունը պահպանվել է:

Ռաֆիկ Եղիազարյանը կարծում է, որ միկրոհարցումը լավագույն հնարավորությունն է, որպեսզի բնակիչն արտահայտի իր կարծիքը համայնքին վերաբերող այս կամ այն հարցի վերաբերյալ: Նա հաջորդ հարցումների ժամանակ ավելի ակտիվ մասնակցություն է ակնկալում և խոստանում է բնակիչների  կարծիքները հաշվի առնել հետագա որոշումներում:

Ջանֆիդացիները կարեւորեցին միկրոհարցումը նշելով, որ երբեւէ հնարավորություն չեն ունեցել տեղեկանալ, թե համայնքի բյուջեի հաշվին համայնքի ղեկավարն ու ավագանին ինչ ծրագրեր են որոշել իրականացնել եւ այդ մասին իմացել են այդ ծրագրերն իրականացնելուց հետո: Գյուղացիների մի մասն էլ չի մասնակցել հարցմանը, բայց հավաստիացնում է, որ հաջորդ հարցմանն անպայման կհայտնեն իրենց կարծիքը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նատալյա Հարությունյանի խոսքով՝ «Համայնքային միկրոհարցումը» նորարական ծրագիր է, եւ դեռեւս փորձարկվում է, գոհացուցիչ արդյունքների դեպքում այն կգործարկվի նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter