HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը` կենդանիների վաճառքի տարանցիկ երկիր. կապիկների գործով զբաղվում է Ինտերպոլը

Միջազգային Կարմիր գրոքում գրանցված և անհետացման եզրին գտնվող 2 բոնոբոներից բացի, որոնց մասին արդեն գրել ենք, ևս 2 բոնոբո (թզուկ շիմպանզե, Pan paniscus) Հայաստան է ներկրվել 2012-ին:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ գեներալ-մայոր Արթուր Աֆրիկյանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, տրամադրել է 2010-13թթ. CITES թույլտվություններով Հայաստան ներմուծված և արտահանված կենդանիների ցանկը: 2012-ի նույն CITES թույլտվությամբ ներկրվել է նաև 4 սովորական շիմպանզե (Pan troglodytes) և 4 դիանա կապիկ (Cercopithecus diana): Ցանկից երևում է, որ այս կապիկների ծագման երկիրը Գվինեան է, սակայն Հայաստան են ներմուծվել Արաբական Միացյալ Էմիություններից:

Կապիկների երեք տեսակներն էլ ճանաչվել են վտանգված և ընգրկվել Միջազգային Կարմիր գրքում: Վտանգված կենդանիների առևտուրը, ներկրումն ու արտահանումը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (CITES), որին Հայաստանը միացել է 2009թ.: Կոնվենցիայի հավելվածներում ներառված կենդանիների ներկրումն ու արտահանումը կազմակերպվում է CITES թույլտվություններով:

Որպեսզի այդ տեսակներից որեւէ մեկը A երկրից B երկիր արտահանվի կամ ներկրվի, անհրաժեշտ են երկու երկրների կոնվենցիաները համակարգող մարմինների թույլտվությունները: Հայաստանում այդ մարմինը ՀՀ բնապահպանության նախարարությունն է, որը, ինչպես «Հետքին» հայտնել է, որևէ բոնոբոյի, շիմպանզեի և դիանա կապիկի ներկրման թույլտվություն չի տրամադրել: Իսկ այս կենդանիները կոնվենցիայի առաջին հավելվածում են ընդգրկված, այսինքն` ամենավտանգվածների ցուցակում:

Բոնոբոներից մեկը և 4 շիմպանզեները ցուցադրված են «Ջամբո» էկզոտիկ այգի-ռեստորանում: Այստեղ ցուցադրված են նաև կապիկների այլ տեսակներ:

Լուսանկարներ Ջամբո այգուց

Եվ սա դեռ ամենը չէ. մաքսային անցակետից ներկրված կենդանիների մասին ՊԵԿ-ի՝ մեզ տրամադրած ցուցակից նաև երևում է, որ 2011-ին ներկրված 2 բոնոբոների հետ եղել է ևս 2 շիմպանզե:

Բացի դրանից, առանձին CITES թույլտվություններով 2011-ին ներմուծվել են նաև դիանա կապիկներ և շիմպանզեներ, սակայն թե ինչ քանակությամբ՝ ՊԵԿ-ի ցուցակի այդ տողում նշված չէ: Կենդանիների ծագման երկիրը դարձյալ Գվինեան է, ներմուծվել են դարձյալ Արաբական Միացյալ Էմիրություններից:

Կոնգոյի իրավապահ մարմինների մի աշխատակցի (ում անունը չենք հրապարակում իր ցանկությամբ) տրամադրած տվյալներով՝ այս ցուցակը չի արտացոլում Հայաստան ներկրված կապիկների իրական թիվը. պարզվում է, որ մեր թվարկածներից բացի, 2011թ. հունվարին մեկ այլ CITES թույլտվությամբ Հայաստան է ներկրվել նորից բոնոբո տեսակի կապիկ: Ներկրել է Zoo Fauna Art ընկերությունը, որի հիմնադիրը Արթուր Խաչատրյանն է: Եվ այս դեպքում էլ որպես արտահանող նշված է աֆրիկյան ծագման West Africa Zoo-ն: Հիշեցնենք՝ Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր ներկրած բոնոբոն վայրի բնությունից չի վերցված, այլ բուծված է Գվիենայի բուծարանում, ուստի ներկրող և արտահանող երկրների թույլտվությունն անհրաժեշտ չէ: Մինչդեռ Գվինեայում նման բուծարան գոյություն չունի:

Բոնոբո կապիկը Հայաստանում

Ստացվում է, որ Հայաստան ներկրվել է առնվազն 5 բոնոբո (ըստ ներկրողի` Արթուր Խաչատրյանի դրանցից մեկը Հայաստան հասնելուց հետո սատկել է) և առնվազն 7 շիմպանզե, և նրանք պետք է որ այժմ էլ գտնվեն Հայաստանում, քանի որ երկրից արտահանված կենդանիների ցուցակում նշվածներից ոչ մեկը չկա:

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի համակարգող մարմնի տվյալների բազայում, սակայն, Գվինեայից արտահանված և Հայաստան ներմուծված բոնոբոյի և սովորական շիմպանզեների մասին որևէ տվյալ չկա: Մինչդեռ բազայում ներառված են բուծարաններում բուծված (C), բուծարաններում արհեստականորեն բազմացված (D), բուծարաննեում ծնված (F), վայրի բնությունից վերցված (W) և մնացյալ բոլոր տեսակները, որոնք Գվինեայից արտահանվել են 2010-2012թթ.: Արաբական Միացյալ Էմիրությունների արտահանման բազայում նույնպես Pan տեսակի որևէ կապիկի՝  ՀՀ արտահանման մասին տվյալ չկա: Թզուկ շիմպանզե ընդհանրապես չի արտահանվել, իսկ սովորական շիմպանզե արտահանվել է, բայց ոչ Հայաստան: 

Կոնվենցիայի առաջին հավելվածում ներառված կենդանիներ ձեռք բերելն այնքան էլ հեշտ ու էժան չէ. Աֆրիկայում շիմպանզեների զույգն արժե 10-15 հազար դոլար, 15-20 հազար դոլար էլ՝ բոնոբոյի զույգը: CITES 2-րդ հավելվածում ներառված կենդանիների արժեքը տատանվում է 1000-3000 դոլարի սահմաններում:

ՀՀ ներմուծված կապիկների տեսակները.

Ինտերպոլը զբաղվում է կապիկների գործով

«Զու ֆաունա արտ» ընկերության սեփականատիրոջ` Արթուր Խաչատրյանի նկատմամբ մաքսանենգության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Հիմա գործը ՊԵԿ-ի քննչականի վարույթում է, նախաքննության փուլում: Արթուր Խաչատրյանը հայտնվել է նաև Ինտերպոլի ուշադրության կենտրոնում, քանի որ աֆրիկյան երկրներից արտահանողները անհայտ ծագման կազմակերպություններ են, որոնք ղեկավարում են կենդանիների վաճառքով զբաղվող «դիլերները», իսկ Արթուր Խաչատրյանի կապերը, ինչպես երևում է, սերտ է նրանց հետ, և Խաչատրյանի միջոցով Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր կենդանիների առևտրով զբաղվող «դիլերների» համար:

Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված մեր հարցմանը պատասխանելիս ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը նշել է, որ ներկայումս Միջազգային Կարմիր գրքում գրանցված և անհետացման եզրին գտնվող կենդանիների, մասնավորապես՝ կապիկների ապօրինի առք ու վաճառքի վերաբերյալ համագործակցում են Կոնգոյի և Նիգերիայի ԱԿԲ-ների հետ. «ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում ստացված տեղեկատվությունը փոխանցվել էր ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, ինչի հիման վրա ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ»: Քրեական գործը հարուցվել է մաքսանենգության հոդվածով:

2010-2013թթ. տվյալների համաձայն` Հայաստան են ներկրվել Կոնգոյի, Տանզանիայի, Մալիի և Գվինեայի ծագման կապիկներ: Դրանք Հայաստան են մտել հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններից: Հայաստանից էլ արտահանվել են առավելապես Ռուսաստանի Դաշնություն:

Create Infographics

Սա վերաբերում էր միայն կապիկներին, սակայն Հայաստանը տարանցիկ երկիր է նաև այլ տեսակի կենդանիների և մեծաքանակ թռչունների համար: Այդ կենդանիների և թռչունների ներկրման և արտահանման աշխարհագրությունն արդեն դուրս է վերոնշյալ երկրների շառավղից եւ հասնում է Քաթար, Թուրքիա, Լիբանան, Իրան, Ուզբեկստան, Ուկրաինա, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն, Բահրեյն, Չեխիա, Սուդան, Գայանա, Սենեգալ, Եգիպտոս, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա, Տաջիկստան և Չիլի:

Ձևավորումը` Անի Հովհաննիսյանի, տեսանկարահանումը` Սարո Բաղդասարյանի

Ներմուծված և արտահանված կապիկների աղյուսակը մոտավոր է և հիմնված է ՊԵԿ-ի տրամադրած տվյալների վրա, որտեղ որոշ տողերում կապիկների քանակը նշված չէր: 

Մեկնաբանություններ (3)

soghomon
Խնդրում եմ մի օր էլ բարի լուրեր տուէք,սա ինչ երկիր է Մի ասէք ԱՄՆ ում կան նման բաներ։ Ախր ԱՄՆը ուր մենք ուր ­­­։
mane
Hajastanum buzwaz mi qani kapik el unen,tox dpanzel artahanen,te gin twox chunen.apsos...
Sean Whyte
congratulations to the newspaper, INTERPOL and police for pursuing this matter. Armenia is one of many countries which have illegally imported great apes from Africa. For every baby exported, their mothers will have been shot of killed with a machete - solely to provide baby chimps etc for zoos.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter