HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարպետ Հարութի առաջարկը. «Գոնե բազմակնություն լիներ, կնանիք կգնային հողերում կաշխատեին»

Արեւը դեռ չէր հասցրել տաքացնել հողը, բայց Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղի արհեստավոր տղամարդիկ արդեն պատրաստ էին համագյուղացի Արմեն Մնացականյանի տնամերձ հողամասում ջերմոցի կառուցման աշխատանքներին:

Շինաշխատանքները ղեկավարում էր Հարություն Պետրոսյանը՝ վարպետ Հարութը: Զոդման աշխատանքները հենց նա էր  անում. «Հլա արի տես գյուղացին ինչ օրեր ա քաշում»,-ձայն տվեց Հ. Պետրոսյանը:

Ներկաներն իրենց օրը նվիրել են ջերմոցի կառուցմանը, իսկ Վարպետ Հարութը հավատացնում է, որ բոլորն էլ անվճար են աշխատում. գյուղում իրար միշտ են օգնում:

«Համագյուղացիները նրա համար են, որ գան իրար ձրի օգնեն, եթե փողով լինի էնքան վարպետներ կան, կգնան նրանց կբերեն: Ջերմոցը կկառուցենք, մի կտոր հաց կուտենք, կշնորհավորենք ու կգնանք տներով: Խմելն էլ եմ թարգել, արդեն 2 տարի ա բրախել եմ: Տեսա կողքիս կանգնողները պուճուր են, համը հանում են, բրախ տվեցի իրենց, թող մի քիչ էլ իրենք խմեն»,- ժպտալով ասում է Հարություն Պետրոսյանը:  

Թեեւ բոլորի տրամադրությունը բարձր էր, որովհետեւ ըստ նրանց՝ «լավ գործի համար են հավաքվել», սակայն գարունը շուտով կբացվի եւ գյուղացին դժավարությունների առաջ կկանգնի: Հարություն Պետրոսյանը առանձնացրեց պարարտանյութի, թունաքիմիկատների, ոռոգման ջրի բարձր գները, գյուղատնտեսական տեխնիկայի բացակայությունը:

«Ով էլ տեխնիկա ունի այսօր մասնավոր սեփականություն է, թվեր են դրել վրան ու քշում են: 1000 մետր հողամասը ձեռքի փոքր տրակտորը 20.000 դրամով է վարում: Այդ գումարը հե՞շտ է աշխատելը: Մի կանեստր սոլյարկան 10.000 դրամով ենք առնում, մինչեւ տրակտորով հասնում ենք հողամաս, արդեն վերջանում է: Հիմա չգիտենք՝ ճանապարհածախս անե՞նք, թե՞ գնանք հողի վրա աշխատենք»,- ասում է Հարություն Պետրոսյանը եւ կատակով որպես հարցի լուծում՝ առաջարկում իր տարբերակը. «Գոնե բազմակնություն լիներ, կնանիք կգնային հողերում կաշխատեին, համ էլ շատ երեխեք կլինեին»:

Մինչ տղամարդիկ դրսում ջերմոցի դետալներն էին պատրաստում, Արմենի կինը՝ Մարիամ Ավետիսյանը ասաց, որ թեեւ ջերմոցը շատ ծախսատար է, բայց այլ տարբերակ չկա: Արդեն որոշել են՝ վարունգ ու լոլիկ են ցանելու:

«Կաթիլային սիստեմով 250քմ ջերմոց կառուցելու համար մոտ 1000 դոլար է անհրաժեշտ: Ծախսը շատ է, ցելոֆանները 2-րդ, 3-րդ ձեռքից ենք գնում ու ավելի թանկ: Կառավարությունը պիտի գյուղացու հետ ուղիղ կապի մեջ լինի ու այդ կապը չպիտի լինի միջնորդավորված, որ կարողանանք ոտքի կանգնել»,- ասում է Մարիամը եւ տեղեկացնում, որ ջերմոց կառուցելու համար ոսկի են գրավադրել բանկերից մեկում եւ այդ գումարով էլ իրականացնում են աշխատանքները:

Մարիամի խոսքերով՝ առանց վարկի հնարավոր չէ հող մշակել, դա է պատճառը, որ անընդհատ ոսկին գրավադրում են բանկերում եւ հետ վերցնում ու այդպես շարունակ:

«Հողը շատ ծախս է սիրում, պիտի գումար ծախսես, որ կարողանաս եկամուտ ունենալ, բացի այդ, հողը լատարեի նման բան է՝ մի տարի կարող ես օգտվել, մյուս տարի լրիվ տուժել: Կամ ցուրտ է լինում, ցրտահարվում է, կամ էլ անձրեւն ու կարկուտն են փչացնում»,- ասում է Մարինե Ավետիսյանը եւ ցույց տալիս տան դիմաց հողի տակ թաղած բողկը, որի մի մասը ցրտահարվել է եւ ստիպված են թափել: Արեւաշատում շատերի բողկն է ցրտահարվել:

«Մարդիկ իրենց տանը տաք-տաք նստած էին, մենք դեկտեմբեր-հունվար ամիսների ցրտերին դրսում սառը ջրով բողք էինք լվանում, որ շուկա տանենք: Ճիշտ է, չեմ բողոքում, էլի ձեռքի փող էինք ունենում, բայց տանջանքը շատ է»,-ասում է Մարինե Ավետիսյանը եւ շտապում աշխատող տղամարդկանց համար ուտելիք պատրաստել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter