HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրյու Սալիվան. «Կազմակերպված հանցավորության և կառավարության միջև կապն ավելի խորն է, քան մարդիկ կարծում են»

«Հետքի» հարցերին պատասխանում է լրագրող, խմբագիր, Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի (Organized crime and Corruption Reporting Program) հիմնադիր Դրյու Սալիվանը:

Պատմեք Ձեր կատարած հետաքննություններից մեկի մասին, որը մեծ արձագանք է ստացել:

Իմ հետաքննություններից մեկը՝ որպես Բոսնիայում Հետաքննական լրագրության կենտրոնի (CIN) խմբագիր, վերաբերում էր վարչապետին: Մենք դիմել էինք դատարան՝ խնդրելով իրավական փաստաթղթեր ու արձանագրություններ տրամադրել վարչապետի բնակարանի ձեռքբերման մասին, քանի որ մեր թղթակիցը պարզել էր, թե ինչ կառույցներ են գտնվում վարչապետի սեփականության ներքո, ներառյալ՝ մի հրաշալի բնակարան քաղաքի կենտրոնում: Մենք պարզեցինք, թե ինչպես է նա ձեռք բերել այդ բնակարանը, քանի որ տեղեկություններ ունեինք, որ այն ստացել է կառավարությունից: Մինչ դատարանը մեզ կպատասխաներ, վարչապետն ինքը մեզ զանգահարեց և ասաց. «Ի՞նչ է Ձեր ուզածը»: Մենք նրան ասացինք, որ չկարողացանք գտնել տեղեկագրեր, ինչպես որ մեզ խոստացել էին, սակայն դրանք կկարողանանք գտնել այլ աղբյուրներից: Մենք ստիպեցինք իրավաբաններին մեզ ճշգրտորեն բացատրել, թե ինչպե՞ս է աշխատում համակարգը:  Պարզվեց, որ Բոսնիայի կառավարությունը որոշել է, որ բնակարանի կարիք ունի, և շուկայական գնից կրկնակի բարձր գնով գնել է մի գեղեցիկ բնակարան: Հետո կառավարությունը որոշել է, որ այլեւս չունի այդ բնակարանի կարիքը և այն ընդգրկել է մասնավոր ցուցակի մեջ: Այն սեփականաշնորհվել է վարչապետի անունով՝ 900 դոլար մասնավորեցման նոտարագրով: Այս ամենը կատարվեց ընդամենը մեկ շաբաթում: Ի վերջո, այս պատմությունը տարածվեց բոլոր ԶԼՄ-ներում: Նկատելի էր նաև հանրության բողոքը: Նա մեղադրվեց և հրաժարական տվեց:

Նշեք այն ճանապարհը, որը Ձեզ տարավ դեպի հետաքննական լրագրություն:

Հետաքննական լրագրությունը նման է գլուխկոտրուկի, որը դու պետք է լուծես: Դու ունես որոշ դետալներ, բայց ոչ ամբողջ պատմությունը: Դու պետք է բացահայտես՝ հիմնվելով ունեցածդ դետալների վրա և պետք է գտնես տեղեկություն, որը կապացուցի քո վարկածները: Դա դժվար է, բայց հաճելի է: Ես սիրում եմ անլուծելի հարցերը և սիրում եմ պարզել, թե ինչպես են մարդիկ խաբում համակարգին:

Որպես հետաքննող լրագրող՝ ի՞նչ մեթոդներ, տեխնիկաներ եք դուք օգտագործում:

Օգտագործում եմ դասական հետաքննության մեթոդները, որտեղ սիրում եմ իմանալ իմ՝ նախապես տրված բոլոր հարցերի պատասխանները: Սա նշանակում է, որ քեզ համար կարևոր է յուրաքանչյուր տեղեկությունը և պետք է այն վերանայել, եթե չեք հասկանում, թե ինչ է կատարվում: Հեշտ բան չկա: Սա դժվար աշխատանք է: Սակայն հետո դու իմանում ես պատմությունը ավելի լավ, քան այն մարդիկ, ովքեր կապված են եղել այդ հանցագործության հետ: Երբ դու նրանցից հարցազրույց ես վերցնում, դու գիտես պատմությունը, երբ նրանք խաբում են քեզ, դու դա գիտես:

Ի՞նչ կարևորություն ունեն թվային տեխնոլոգիաները հետաքննական լրագրությունան համար:

Թվային ինֆորմացիան հեղափոխեց լրատվության հաղորդման համակարգը: Այն հնարավորություն է տալիս քեզ կարճ ժամանակում ավելի բարդ վերլուծություններ անել: Այն թույլ է տալիս քեզ գտնել ինֆորմացիա օնլայն հարթակում կամ ավելի խորը սուզվել կայքերում: Տեղեկատվությունը մեզ երբեք այնքան հասանելի չի եղել, ինչպես այսօր: Եվ նրանք, ովքեր դա լավ են օգտագործում, կարող են ազդեցիկ թղթակիցներ լինել: Հրատարակչական տեսանկյունից այն հնարավորություն է տալիս մեզ հրապարակել և ողջ աշխարհով տարածել այն, ինչը կարևոր է, որովհետև հանցագործությունը և կոռուպցիան երկար ժամանակ փոխկապակցված են եղել:

Ունե՞ք որևէ արտասովոր մեթոդ, որով կատարում եք Ձեր հետաքննությունները կամ ընտրում եք թեմաները:

Մեր առաքելությունն է՝ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ժողովուրդներին իսկապես բացատրել, թե ինչպե՞ս է աշխատում կամ չի աշխատում իրենց կառավարությունը: Այսպիսով, մենք բացահայտում ենք կոռուպցիայի մեծ դեպքեր: Հետո մենք փորձում ենք այդ մարդկանց և ընկերությունների մասին ամեն ինչ գրավոր տեսքով ստանալ: Դա դժվար աշխատանք է, բայց երբ ստանում ես տվյալներ երեք կամ չորս տարբեր երկրներից, պարզ է դառնում, թե ինչպես է աշխատում կոռուպցիան: Եվ վերջում քրտնաջան աշխատանքը փոխհատուցվում է:

Ո՞րն է եղել ամենակարևոր դասը, որ քաղել եք Ձեր փորձառության տարիներին:

Ես հասկացել եմ, որ կապը կազմակերպված հանցավորության և կառավարության միջև ավելի խորն է, քան մարդիկ կարծում են: Ես սովորեցի, որ մեր իշխանություններն այս տարածաշրջանում շատ վտանգավոր են, քանի որ նրանք հաճախ հանդես են գալիս որպես կազմակերպված հանցավորության խմբեր: Կարծում եմ, որ դասն այն է, որ անկախ նրանից՝ որքան անցանկալի են մեր նորությունները, անկախ նրանից, թե քանի մարդ չի մտածում այդ մասին, թե ինչ կպատահի դրանից հետո, մարդիկ գնահատում են մեր աշխատանքը: Այսպիսով, մենք չենք հանձնվում: Մենք դեպրեսիայի մեջ չենք ընկնում: Մենք շարունակում ենք աշխատել: Սա մեր կյանքի առաքելությունն է, և մենք այն որքան հնարավոր է լավ ենք կատարում:

Ո՞րն է հետաքննական լրագրության  ամենամեծ սպառնալիքը:

Ամենամեծ սպառնալիքը թափանցիկության բացակայությունն է: Երբ փաստերը թաքցված են, դու չես կարող ապացուցել ճշմարտությունը: Մեզ հարկավոր են արձանագրություններ, իսկ կառավարությունները հասկացել են, որ պրոֆեսիոնալ լրագրության դեմ պայքարի լավագույն ձեւը տեղեկատվություն չտրամադրելն է: Մենք պետք է պայքարենք ավելի բարձր աստիճանի թափանցիկության համար:  

Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա հետաքննող լրագրողներին:

Չհանձնվե՛լ: Չթողնե՛լ պատմությունը: Չթողնե՛լ աշխատանքը: Հետաքննական լրագրությունը ամենամեծ աշխատանքն է, որը կատարելիս ամեն օր նոր բան ես սովորում և վարձատրվում ես դրա համար: Բայց դա կարող է դժվար լինել: Միշտ չէ, որ ստանում ես այն արդյունքը, որ ցանկանում ես: Որոշ բաներ այնպես չեն լինում, ինչպես որ պետք է լինեն: Ես բուդդիստ եմ և հատուկ պատկերացում ունեմ սրա վերաբերյալ: Ես համբավ ձեռք չեմ բերում: Ես ազդեցություն չեմ ստանում: Ես միայն աշխատանք եմ ստանում: Դա միակ բանն է, որն ինձ թույլատրված է: Եվ աշխատանքը պետք է բավարարի ինձ: Այնպես որ, դուք չպետք է անհանգստանաք մյուս բաների համար: Մեր աշխատանքի նպատակը հասարակությունը փոխելը չէ, այլ ճշմարտությունն ասելը և առաջ շարժվելը: Մարդկանց աշխատանքն է փոփոխություններ անելը: Եթե մենք փորձենք անել այս երկուսը, մենք կսխալվենք: Ես գոհ եմ, որ անում եմ այս գործը, գրում եմ պատմություններ. սա իմ միակ իրավունքն է: Ես հուսով եմ, որ բոլորս աշխատելով՝ ավելի լավ աշխարհ կստեղծենք: 

Հարցազրույցը ՝ Կիմա Խաչատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter