HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Մինաս Հալաջի շեղաչք «Իեւան»՝ Սաաչիի լավագույն տասնյակում

«Ռոմանտիկան անցավ, մնաց Իեւայի պատկերացրած «շաշ» իրականությունը».- առավոտյան Կալիֆոռնիայից գրում է նկարիչ Մինաս Հալաջը։

Այս արտահայտությունից էր թերեւս, որ հազարավոր կմ-երի հեռավորության վրա հասկացա՝ ինչ է փոխվել Մինաս Հալաջ արվեստագետի մոտ։ Նախկին հարցազրույցի ժամանակ, որը երկու տարի առաջ էր, Մինասն ավելի հաստատ էր խոսում կատեգորիաների, տեսակների, զգացումների մասին։ Հիմա հակառակն է՝ ավելի ընդհանրական վիճակները մասնատում՝ դետալացնում է։ Ստեղծագործություններում առաջվա պես նյութը շատ է. կոլաժները դուրս են եկել Կալիֆորնիայի սահմաններից։

«Իեւա»-ն ընդունվեց Լոնդոնում։ Սաաչիի ցուցասրահը, որն ամենահայտնիներից մեկն է աշխարհում, հերթական մրցույթը հայտարարեց «Painted faces» («Նկարված դեմքեր») խորագրով։

Մինասը գրում է

«Կոլաժներիցս մեկը «Իեւա»-ն ուղարկեցի Սաաչի արտի «Painted faces»-իս մրցույթին։ Մասնակցում էին տարբեր երկրներից՝ շուրջ 4000 նկարիչներ։ Առաջին փուլում ժյուրին, որի կազմում շատ հայտնի անուններ կան (աշխարհահռչակ քենիացի նկարչուհի Վանգեչի Մուտուն, Ռեբեկա Ուիլսոնը, որը նաեւ ցուցահանդեսի կազմակերպիչն էր) ընտրեց 300-ը։ Երկրորդ փուլում 100 գործ ընտրվեց, իսկ հետո առանձնացրեցին լավագույն 30-ը։ Իմ նկարը հայտնվեց լավագույն տասնյակում։ Տասնյակի նկարներն ուղեւորվեցին Լոնդոն»։

«Իեւան» հիմա ցուցադրվում է Սաաչիի ցուցասրահում, ինչպես նաեւ ներկայացված է Saatchi Art պաշտոնական կայքում, որն ընդգրկում է արդեն Մինասի այլ ստեղծագործություններ եւս։

Մինասը գրում է 

«Վերջին կոլաժային շարքերում այնպիսի նյութեր են, որոնք առօրյայում օգտագործվել եւ դեն են գցվել։ Այդ նյութերը նորից կյանք եմ վերադարձնում՝ դրանք կլինեն մաշված կտորներ, կոշիկներ, զգեստներ, զարդեր։ Փորձում եմ այդ առարկաներին նոր շունչ հաղորդել։ Եղել է դեպք, երբ կոլաժի համար գնել եմ 1800-ակաների թանկարժեք զգեստ»։

-Երկու տարի առաջ զրույցի ժամանակ քննարկում  էինք, որ նկարներիդ առանցքը մարդն է՝ իր ողբերգությամբ, բայցեւ գեղեցկությամբ նկատում եմ, որ կոլաժներումդ այդ մարդը փոխվել է այն կա՛մ դեմք չունի, կա՛մ աչքերը շեղ են։

-Այո, ճիշտ ես նկատել։Գնալով մենք հետ ենք մղվում մի ինչ-որ ճանապարհի հաշվին՝ ենթարկվելով մետամորֆոզի։Ներսային հարցերդ սուր հակասությունների մեջ են մտնում։

-Դեռ երկու տարի առաջ, երբ ինձ նկարագրում էիր օրերդ, նշեցիր, որ մարդկանց հետ գրեթե չես շփվում:

-Այո, հիշում եմ։ Գնալով ավելի եմ հիասթափվում մարդուց՝ տեսնելով գեղեցիկիոչնչացումը։ Մարդը վառում է քաղաքներ, մարդուն հանում են մարդու դեմ։Ես էլի փորձում եմ գեղեցիկը տեսնել, բայց հիմա այնպիսի ժամանակներ են, որ ամեն բան խառնվել, միաձուլվել է։

-Կարծու՞մ ես՝ դա անհատի, թե՞ համակարգի խնդիր է։

-Դա անհատի խնդիրն է, որը կառավարում են համակարգերը։

-էդ պարագայում, դու, նույնիսկ որպես արվեստագետ, համակարգից դուրս լինել չես կարող:

-Ես փորձում եմ չընկնել ոչ մի համակարգի մեջ կամ ազդեցության տակ։

-Բայց դու էլ ես կոկա-կոլա խմում, մեքենա վարում, գնում ես ընտրությունների:

Ես ընտրությունների երբեք չեմ գնացել, որովհետեւ ամեն բան կանխորոշված, որոշված է (նույնիսկ քո ենթագիտակցությունն է արդեն իսկ կառավարված) եւ չեմ կարող ընդունել այն, ինչ շատ է պրոպագանդվում։ Հեռուստատեսությունն ու ինֆորմացիոն հոսքերն արեցին իրենցը՝ ցույց տալով եւ պրոպագանդելով բաներ, որոնք  վնասակարության հիմնական նմուշներ են։

Եվ, այո, էդ ամենից է, որ ռոմանտիկան անցավ, մնաց «շաշ» իրականությունը։

-Կարծու՞մ ես՝ Սաաչիում դա գնահատեցին։

-Երեւի թե հենց դա գնահատեցին։

-Այս կոլաժների շարքը փորձում եմ համեմատել նախկին գործերի հետ, որոնք դեռ երկու տարի առաջ կային։ Հետաքիքիր է, որ առաջ երկու գիծ հստակ առանձնացնել լինում էր՝ գեղեցիկի ընդգրկումն ու դրա ոչնչացման ողբերգությունը նախկին կոլաժներդ ընդգրկում էին  ծաղիկը, կինը, նախշերը հստակ եւ դրան զուգահեռ՝ մարդն էր փշալարերով, ողբերգության մեջ։ Այսօրվա կոլաժներիցդ, մասնավորապես «Իեւա»-ն դիտելիս մի զգացողություն ունեցա մարդն է՝ համակերպված բոլոր տեսակի ողբերգությունների հետ՝ այլեւս զգալով եւ չվերլուծելով դրանք։ Իեւան շատ հանգիստ է նայում իր շեղ աչքով կա՛մ համակերպված է, կա՛մ շատ բան այլեւս չի նկատում։

-Այո, համակերպվել է։ Զգում է իրականությունը, բայց իմանալով, որ արդեն շեղվել է։Կարծում եմ՝ աչքերը շարժման մեջ են ու դեռ պատասխան որոնում են, բայց արդեն շեղ վիճակում։

-Այնուամենայնիվ իրեն կաղապարի, նյութական հստակ ֆուտլյարի մեջ ես ներկայացրել։ Ինքը այդ իրականության մեջ մերկ չի։

-Հենց էդպես է․ այս կոլաժի մասերը սոսնձելիս շատ եմ ազդվել եգիպատական մումիաների սարկոֆագների վրայի անանուն նկարիչներից։ Եթե ուշադիր լինես, հետեւի ֆոնին էլ Աստվածաշնչից էջեր կան։

-Լուսանկարից դա չի երեւում ի՞նչ հիմնական շերտեր է պարունակում կոլաժը։

-Կոլաժը 4 բաղկացուցիչ մասից է կազմված, որն ընդգրկում է հետեւի ֆոնը եւ Իեւային, մեջտեղում սեւ գույնը, որ տեսնում ես, չորացրած նավթ է։

-Հետաքրքիր եւ հատկանշական է նավթը որպես նյութի մաս օգտագործելը։ Հստակ նշանակություն ունի՞։

-Նավթի եւ Աստվածաշնչի էջերի ճնշումը ունի հենց ներկայիս իրականության պատկերը դրսեւորելու նշանակությունը։ Աղջկա ձեռքերից յուրաքանչյուրում սիմվոլ կա՝ նավթի սեւ փայտիկը, որի շարժիչ ուժ է, ասել է  թե աստվածային զորությամբ, իսկ մյուսում կրոնական սիմվոլն է։

-Այսինքն դեռ ընտրության հնարավորություն կա՞՝ նույնիսկ շեղ աչքերով։

-Լույսը տեսնելու համար ընտրություն անել պետք չէ, բայց իրականությունը, ցավոք, հանգեցրեց արհեստական ընտրությունների։

ՀԳ․ Սաաչիի պաշտոնական Saatchi art կայքում Մինաս Հալաջի աշխատանքներն այստեղ են։ Հրապարակված լուսանկարները Մինաս Հալաջի վերջին կոլաժային շարքի արխիվից են։ Գլխավոր լուսանկարում Մինաս Հալաջն է: Երկրորդ լուսանկարը ներկայացնում է «Իեւա» կոլաժը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter