HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արման Սերեբրակյանի 34-րդ տեղը լավագույն արդյունքն է ձմեռային օլիմպիական խաղերում

Սոչիում ավարտվեցին 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Վերջին երկու օրերին Հայաստանը ներկայացնող երկու պատվիրակ պետք է դուրս գար պայքարի: Երրորդ անգամ մրցուղի պիտի ելներ դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը, իսկ նրանից առաջ երկրորդ անգամ ուժերը փորձելու էր լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Փետրվարի 22-ին Արմանը հանդես եկավ հատուկ ոլորավայրէջքում (սլալոմ): Առաջին փորձի ժամանակ մեր մարզիկը 116 մասնակիցների մեջ զբաղեցրեց 60-րդ տեղը՝ ոլորանները հաղթահարելով 55.90 վայրկյանում: Ընդ որում՝ միայն 77 հոգի իրավունք ստացավ մասնակցել երկրորդ փորձին: Երկրորդի ժամանակ Սերեբրակյանը տարածությունն անցավ 1:04.67 ժամանակում, ինչը 31-րդ արդյունքն էր: Ընդհանուր 2:00.57 արդյունքով հայ դահուկորդը զբաղեցրեց 34-րդ տեղը, ինչը ձմեռային օլիմպիական խաղերում մեր մարզիկների լավագույն ցուցանիշն է: Արմանը 18.73 վրկ-ով զիջեց հաղթող դարձած ավստրիացի Մարիո Մատտին, երկրորդը նույնպես ավստրիացի Մարսել Հիրշերն էր, իսկ երրորդը՝ նորվեգացի Հենրիկ Քրիստոֆերսենը:

Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանն այդպես էլ չմեկնարկեց 50 կմ ազատ դահուկավազքում: Հիշեցնենք, որ Սերգեյն ու Արթուր Եղոյանը ուժերը խնայելու համար փետրվարի 11-ին հանդես չէին եկել արագավազքում, իսկ Եղոյանը բաց էր թողել նաեւ 15 կմ դասական ոճը, որի համար ուժեր էր պահում: Փաստորեն Միքայելյանն ու Եղոյանը չմասնակցեցին երկուական մրցման, ինչը խոսում է թե մարզավիճակի, թե հույսերի բացակայության մասին: ՀԱՕԿ-ն իր պաշտոնական կայքում այդպես էլ չի պարզաբանել նրանց վերջին բացակայությունների պատճառը՝ փոխարենը նշելով, որ բոլորն էլ կատարել են առաջադրանքը, իսկ Սերեբրակյանն ու Միքայելյանն արժանի են գովասանքի:

Սոչիի 22-րդ խաղերում վերջին պահին կտրուկ պոկում կատարեց Ռուսաստանի թիմը, որը վերջնարդյունքում նվաճեց թիմային առաջին տեղը՝ ունենալով 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: 33 մեդալը հրաշալի արդյունք էր տանտերերի համար: Երկրորդը նորվեգացիներն էին (11-5-10), երրորդը՝ Կանադան (10-10-5): Լավագույն հնգյակում էին ԱՄՆ-ն (9-7-12) եւ Հոլանդիան (8-7-9): 87 մասնակիցներից մեդալ նվաճեց 26 երկիր, որոնցից 21-ը նաեւ օլիմպիական չեմպիոն ունեցան:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2018 թ. Հարավային Կորեայի Փհենչան քաղաքում:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter