HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փլվող ճշմարտություններ»

Հերթական խնդրահարույց հարցն առիթ հանդիսացավ, որ ես, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ «Ազգի» աշխատակից Մելանյա Բադալյանը հյուրընկալվենք աշխարհահռչակ գիտնական ու մտավորական Գրիգոր Գուրզադյանին: Գիտնականի հյուրընկալ հարկի տակ մի քանի ժամ տեւած հանդիպումն անմոռանալի եղավ մեզ համար. ժամեր շարունակ մեզ հաղորդակից դարձրեց տիեզերքի անսահման գաղտնիքներին, որոնք միայն ինքն էր կարողանում կարդալ եւ որոնք այլեւս ոչ ոքից եւ երբեք չէինք լսելու: Ամենից շատ զարմացած էինք նրա մտքի պայծառությամբ, պատմությունը շարունակում էր ճիշտ այնտեղից, որտեղ ընդհատել էր ասելիքը: Մեղք կլիներ չգրառել եւ ընթերցողներին չփոխանցել այն մտքերը, որոնք հյուսվում էին մեկ բաժակ գինու շուրջ: Այդ շնորհակալ գործը կատարեց Մելանյա Բադալյանը` «Ազգ» օրաթերթի 22.07.2006թ.-ի մշակութային հավելվածում հրապարակելով «Գրիոր Գուրզադյանի տիեզերական մտածողությունը ընչաքաղց թշվառության դեմ» -Ս. Պետրոսյան:

«Փլվող ճշմարտություններ»

Գառնիի ուղղահայաց լեռնալանջերն ասես կախված են մեզ հյուրընկալող տան պատշգամբից: Թվում է` ձեռքդ երկարես, կդիպչես նրանց: Երկինքը չի «երեւում», լեռներն ասես ծնվում են երկնքից ու ընկնում ճիշտ հայացքիդ վրա: Ամառվա շոը ստեպ-ստեպ հանչում է դիմացից եկող քամու հաճելիության մեջ: Բաց պատշամբին կից պատերին Գրիգոր Գուրզադյանի ծաղիկների աշխարհը, իր նկարների Գառնին ու ինքը` ակադեմիկոսը, ամբողջությամբ ձուլված են բնության այս սքանչելի մոնումենտալ կտավին: Ներդաշնակությունն այստեղ կատարյալ է, մարդկայնորեն հուզիչ ու խորհրդավոր: Այս գեղեցկությունից անդին, աշխարհն այլ է, մութ կրքերի մեջ թաթախուն... Արձանագրել պահը ժամանակակցի, թե՞ ապաայի համար, ակնթարթի մեջ հասկանալ, որ փակվում է (գուցե անդարձորեն) այն էպոխան, երբ ի սեր մարդկության կամ նրա փրկության, երկիր էին իջնում հոգիներ` օգնելու նրանց... Գրիգոր Գուրզադյանը նրանցից մեկն է, ու թերեւս վերջիններից մեկը... Մեղավոր զգալ ժամանակի առաջ` մարդու համար, փորձել հասկանալ մեծ գիտնականի, մտավորականի հոգու ողբերությունը: Ծանր է: ...Հիշողությամբ վերականգնել սիրելի, ազնվական կերպար` վերահաստատելու նրա արդեն ասված խոսքերի ճշմարտությունը բարձր մտածողության, գիտության, իդեաների ու մաքուր արվեստների մայրամուտի մասին... Գառնիի վսեմ լեռները լուռ ունկնդիրն են օրերի խուլ ձայներին: Գուցե տեղին չէ, բայց հիշեցի Կարթագենի մեծ զորավար Հաննիբալին նվիրված Գ. Գուրզադյանի էսսեն, որի ավարտը մտքումս ասոցացվեց գիտնականի կյանքի առաքելությունը, նվիրումն ու իմաստն ամփոփող «Գառնիի տիեզերական կենտրոնի» այսօրվա աններելի վիճակին: Դաժանագույն իրականություն, որն ինձ համար գոնե դարձավ հայելին այսօրվա հայ իրականության կամ խայտառակության: Հայելի, որ մեր բարոյականության (ընչամոլություն-անտարբերություն) խորհրդանիշն է, որի արտացոլքը` մեր պատկերը` ավելի քան հուսահատեցնող ու կործանարար է: Կողք կողքի դրված երկու իրողություններն այնքան ցցուն են, որ խոսքերն այլեւս ավելորդ են: Գիտնականի հայացքը` Տիեզերքի աստղալույսին, գյուղապետինը` խոզաբուծարանին:Հրեշավոր միտքն է ընդունակ միայն նվաստացումի նման սցենար հորինելու...

Այս հրապարակումը Գրիգոր Գուրզադյանի խոսքի մեր գրեթե անընդմիջում ունկնդրումի արձանագրումն է, որ մեկնաբանության կարիք չունի: (Այն կայացավ Գառնիի իր աշխատասենյակում, մոտ մեկ ամիս առաջ: Երբ մեր թերթը տպագրեց «Գառնիի» կենտրոնում գյուղապետի նախաձեռնությամբ խոզաբուծարան կառուցելու մասին տեղեկությունը, եղան բազմաթիվ արձագանքներ, անհրաժեշտություն առաջացավ ակադեմիկոսին հանդիպել կենտրոնում, որի լքված, ամայի վիճակը վկայություն էր տարիների բարձիթողի վիճակի ու թալանի): 

Ինչպես է մտածում այս պղտոր ժամանակներում իտնականը

 ... Օրեր առաջ հանձնեցի մի շատ հետաքրքրական գործ: Հայաստանի ազային պատկերասրահի տնօրենի` Փարավոն Միրզոյանի հետ այդ միտքը առաջացավ: Անցած տարի ցուցահանդես կազմակերպեցին` Երկիրը լուսանկարված ինքնաթիռից` 5-6 կմ հեռավորությամբ:*

Պատկերացնում եք ինչպես կերեւա Երկիրը Լուսնի հեռավորությունից: Ժամանակներ առաջ շատ քիչ քանակությամբ հրատարակվեց այդպիսի մեծ ատլաս: Միտք հղացավ այդ նկարները դարձնել պաննոներ` ստեղծելու թանգարանային կոլեկցիա. լրջորեն զբաղվեցի:  Սովետի սիստեմը մի անհաջող գաղափար էր նետել եւ մինչեւ վերջ փորձեց ջատագով լինել այդ գաղափարին`կոսմոնավտ: Որպեսզի ամեն անգամ հիշեցնեն, թե սովետական մարդը կոսմոս դուրս եկավ: Կոսմիկական էպոխան ստեղծվեց, երբ փաստորեն մարդը դուրս եկավ տիեզերք, սովետ սիստեմը, մյուս կարեւորագույն հարցերը թողած, հասավ այդ խնդրի լուծմանը` կոսմոս հանեց մարդ: Հարկավոր էր այնպիսի մեկը, որ չխորանա երեւույթներն ըմբռնելու կարողության մեջ: Ինչ է տիեզերքը, շատ դժվար է: ... Սովետը անչափ էր ճնշում անհատականություններին: Կոսմոնավտը մարդ էր, բայց թե ինչ տառապանքներ, զգացումներ, ապրումներ է ունենում, այդ մասին` ոչ մի խոսք: Սովետական մարդը ոչ մի տառապանք չուներ, վերջացավ: Զրկել էին մարդ կոչվելու իրավունքից, որ հոգուց խոսի, զգացմունքներից խոսի, աչքի տեսածը եւ մտածածը խոսի: Ամերիկյան կոսմոնավտները բոլորովին ազատ էին եւ վերադարձից հետո թողնում էին իրենց մտքերը, տառապանքները, սարսափները, չէին թաքցնում: («Ինչ գիտեի, որ տիեզերքը այդքան սեւ է, սարսափ է բերում այդ սեւությունը...», ասել է նրանցից մեկը):

Սովետական ամենահետաքրքրական իրադարձություններից մեկը եղավ, երբ մարդը պետք է բաց կոսմոս դուրս գար: Ալեքսեյ Լեոնովը` իմ սիրելի  բարեկամը, որի հետ շատ պարագաներով կապված էինք, առիթ եղավ եւ Հայաստան եկավ: Իմ տանը հյուր էր, նա 6 ժամ պատմում էր իր տառապանքների մասին, երբ առաջին անամ կոսմոս դուրս եկավ: «Այս 15 րոպեներին 6 անգամ նայել եմ մահու աչքերին». սա մարդ արարածի պոռթկումն էր: Սովետական թերթերը գրեցին բարեհաջող կոսմոս նրա դուրս գալու մասին: 

Մինչդեռ Լեոնովը դեռ չմոտեցած դռանը, գիտակցությունը կորցնում է: Ես հետո մանրամասնորեն ուսումնասիրեցի սրտի կարդիոգրամները: Հրամանատարի, որ նավից դուրս չէր գալու եւ իրեն վտանգ չէր սպառնում, սրտի զարկերակները մի քանի անգամ ավելի էին: Ընկերոջ կյանքի համար ունեցած տագնապներն էին: Բոլոր կոսմոնավտները, ում հետ բախտ եմ ունեցել հանդիպելու, այնպիսի¯ բաներ էին պատմում: Հավաքեցի լուսանկարների 70 կադր եւ դրանց կողքին ամերիկյան կոսմոնավտների խոսքերը` առատ, հուզիչ, մարդկային, ավելացրի նաեւ իմ զգացմունքները, տիեզերական մտածողության, տիեզերական պրոբլեմների, հարակեցության, սկզբի ու վերջի... Ես դեռ այն ժամանակ հասկանում էի, որ միայն պրոպագանդիստական նպատակով շեշտը դրվում էր կոսմոս մարդ հանելու վրա:

Քաղաքական խաղեր էին, կանցնեին, վստահ էի, որ ապագայում կոսմոսում կոսմոնավտը չէր լինելու: Կոսմոսի էպոխայի ամենախոշոր իրադարձություններից մեկը սարքաշինությունն է: Կոմպլեքսայինը. այն որ կարելի է առանց մարդու անել: Ժամանակին տիեզերք հանվեցին 2 աստղադիտարան` «Օրիոն-1» եւ «Օրիոն-2», վերջինը գիգանտ գործ էր բոլոր չափանիշներով, երկուսն էլ մեզ մոտ` Հայաստանում են ստեղծված, ամերիկյանները` իսկական կոսմիկական սիստեմները, հետո երեւացին: Երկու խոշոր մարդ մեծ գործ արեցին` մեկը ֆոն Բրաունը, որը դեռեւս մինչեւ պատերազմը ստեղծեց առաջին ռակետան` ռազմական նպատակներով եւ Կորոլյովը, որ նույնը արեց, բայց նրան Սիբիր աքսորեցին (հետո բերեցին, որ այդ ամենը շարունակեն): Նրանք աշխարհին ցույց տվեցին, որ ռակետան ապագայի մարդկությունն է: Մեծ ցատկ կատարեմ 300 տարվա անցյալին: 

... Մի ամբողջ էսսե ստեղծեցի պրովոկացիոն վերնագրով` «Ինչը չունի մաթեմատիկական ապացույց»: Ինչո՞ւ է պրովոկացիոն. որովհետեւ որեւիցե բան, որ ունի մաթեմատիկական ապացույց, անվիճելի է, քննարկման առարկա չի էլ դառնում: Այս սկզբունքը դրել է Նյուտոնը, հանճար, որ ստեղծեց աշխարհի մաթեմատիկայի կեսը: Ոչ մի մարդու ու ոչ մի ասպարեզի համար այսպիսի ձեւակերպում չկա, վաղուց արդեն աշխարհի գիտությունը միաբերան դա է ասում: Նա ստեղծեց դիֆերենցիալ ինտեգրալ հաշիվները` պարզելու մոլորակների շարժման օրենքները, կար ու կանոնը: Իրենից առաջ եղած մաթեմատիկան անկարող էր այդ խնդիրը լուծելու: Նյուտոնը ստեղծեց այդ նոր մաթեմատիկան, եւ այսօրվա աշխարհը դրանով ապրում է: Բայց պարզվում է, այդ հանճարեղ մարդը, որ այդպիսի մաթեմատիկա է ստեղծել, արել է նաեւ խոշոր հայտնագործություն, որ մաթեմատիկական ապացույց չունի: Երեք օրինակներից մեկը բերեցի` ռեակտիվ ուժի օրենքը: Ռեակտիվ ուժը այն է, որով շարժվում է հրթիռը: Խեղճ Ժյուլ Վեռնը գեղեցիկ հեքիաթ է սարքել թնդանոթի կրակոցի: Թնդանոթի կրակոցով 12 կմ էլ չի բարձրանա, ո¯ւր մնաց կոսմոս: Թող լինի, երեխաների համար վատ չէ: Թնդանոթի կրակոցով Լուսին սկզբունքորեն անկարելի է, դա կարող է ամենաշատը 1,5-2 կմ/վրկ արագություն ստեղծել: Լուսին հասնելու համար 11,5 կմ/վրկ արագություն է հարկավոր: Միակ միջոցը հրթիռն է: Իսկ ինչպես պետք է նա ռակետան: Նյուտոնը տվեց այդ խելագար գաղափարը` ռեակտիվ ուժի, որը եթե գործում է դեպի վար, այդ նույն ուժով մարմինը կցատկի դեպի վեր: Ոչ ոք չհավատաց: Նյուտոնը Անլիգական թագավորական ակադեմիայի պրեզիդենտն էր: Ակադեմիան այդ ժամանակ աշխարհի հարստություններից էր: Նյուտոնի կոլեգաները ռեակտիվ ուժի այդ գաղափարին կասկածեցին, թե Նյուտոնի մտածողության հետ բան չի պատահել արդյո՞ք: Պահպանվել են այդ մեմուարները: Այսօր բոլոր ինքնաթիռները գործում են միայն ռեակտիվ ուժի օրենքով (Եթե ռեակտիվ ուժը փոքր է, դառնում է ինքնաթիռ, եթե մեծ է` հրթիռ): Պարադոքսն այն է, որ ռեակտիվ ուժի գաղափարը, որ Նյուտոնից 300 տարի հետո կյանք մտավ, եթե մի պահ հանենք, կյանքը կան կառնի, ինչպես եթե Ֆարադեյին հանենք, ես ասում եմ` ապահովված է մարդու վերադարձը դեպի քարանձավ: (Լավ կլիներ, որ դա էլ լիներ, մարդավարի կապրեինք, հը՞):

Այսօրվա գիտությունը մի անօրինակ իրադարձություն է մարդկության պատմության մեջ, հատկապես իր զարգացման տեմպով: Այսպիսի տեմպ տիեզերքում ոչ մի տեղ չկա, նկատի ունեմ աստղերի, ուրիշ մոլորակների վրա եւ չի էլ եղել: Հայտնի է բիոլոգիական զարգացման տեմպը, դա բավականին ստույգ է: Կենսաբանները հաստատել են, որ կյանքը ստեղծվել է 600 մլն տարի առաջ` օվկիանոսում: Մոտ կես շրջանում` 300 մլն տարի հետո փորձեր են արվել օվկիանոսից դուրս գալու, որոշ սողուններ սկսեցին դուրս գալ ցամաք, դրանցից մի մասը հետագայում գնաց իր զարգացումը, դեպի մարդը:

Քանի որ օվկիանոսը եղել է օրրանը, մինչեւ հիմա էլ քանակական տեսակետից մնում է ամենահզորը: Կենդանաբանները, մարդաբանները հաշվել են 6400 տեսակի զարգացած սիստեմ, որոնց հիմնական կառուցվածքը նույնն է, որի ծայրահեղը (ամենից զարգացածը) մարդն է: Հանգամանքների բերումով հայտնվեցինք այն դարաշրջանում, որ կոչվեց կոսմոս. որ պրոգրեսիվ է` դա քննարկման նյութ չէ, որ ապագան է, շատ քչերն են հասկանում: Ես մեկն եմ նրանցից: Որ հեռավոր ապագայում հրաշքներ կգործի կոսմոսը, որ մարդու գործունեության հիմնական ապագան կլինի, իմ շուրջը չեմ փորձում բացատրել անգամ: Ովքեր ինձ շատ են կապված, ապավինում են ինձ, հավատում, նրանք չեն էլ տարակուսում ընդունել դա որպես եղելություն: Բայց հասարակությանը բացատրել շատ դժվար է, իսկ պետական այրերին` գրեթե անհնար:

...1997 թ. հոկտեմբերի 15-ին ամերիկացիներն արձակեցին մի գիգանտ տիեզերանավ, որ 6 տարի պիտի թռչեր` հասնելու Սատուրնին` արեգակնային համակարգի 5-րդ մոլորակին` վայրկյանում 8 կմ արագությամբ: Սա բացառիկ իտական հետաքրքրություն էր ներկայացնում: Անցած տարի` 2005-ի հունվարի 15-ին հասավ Սատուրնին` արբանյակ դարձավ. այնտեղից պետք է հասներ բնական արբանյակին` Տիտանին, որին է հառված եղել վերջին տասնամյակներին ամբողջ աշխարհի գիտությունը: Կա հավատ, որ Տիտանի վրա պետք է լինի կյանք, բնական է` ոչ մեր տիպի, բայց կյանքի պարագան է կարեւոր: 2-րդ տեսակի կյանք գիտությունը ոչ միայն չի հայտնաբերել, պատկերացում էլ չունի, թե ինչպես կարող է լինել. բոլոր սպասելիքները Տիտան արբանյակի հետ էր կապված: Դա բացառիկ իրադարձություն էր բոլոր չափանիշներով, 6 տարի այդ ֆանտաստիկ արագությունը եւ որ բան չպատահի, հեշտ չէ: Ոչինչ չպատահեց, բարեհաջող հասավ եւ աշխատանքները գնացին: Ամերիկյան կառավարությունը տեղյակ էր, որ գիտնականները աշխատում են մի գերհզոր գիտական խնդրի վրա, որին մասնակցում էին 17 եվրոպական երկիր եւ 33 ամերիկյան նահանգներ, եւ որ դա լինելու էր վերջին 50 տարիների խոշոր իրադարձությունը գիտության:

Նախագիծը ներկայացվեց Կոնգրեսի հաստատմանը: Գլխավոր կոնստրուկտորը եւ գիտական ղեկավարը 20 րոպե խոսեցին, վերջում, ինչպես կարգն էր, պետք է հայտնեին ծրագրի արժեքը: Դա շատ դժվար բան է: Գիտության մարդու համար ամենածանր պահն է, երբ նա գիտությունը դրած մի կողմ` պետք է խոսի միջոցներից եւ պետական հնարավորությունից: Պրոֆեսորը գիտի հոգեբանությունը իր կոլեգաների եւ մեծ ներքին ճնշմամբ հայտնում է թիվը: Ծրարի արժեքը` 3,5 մլրդ դոլար: Սա եթե ԱՄՆ-ի համար մեծ բան չէ, բայց բացարձակ իմաստով մինչեւ այդ, նման թանկությամբ ծրագիր չի եղել: Եվ տագնապը գիտական շրջանում շատ մեծ էր. արդյոք Կոնգրեսը կհաստատի: Պրոֆեսորի խոսքի ավարտից հետո քար լռություն է տիրում, եւ այդ ժամանակ բարձրանում է կոնգրեսականներից առավել համարում ունեցող ու փորձառու մեկը եւ մեկ նախադասություն արտաբերում` «Առաջարկում եմ հաստատել առանց քվեարկելու»: Ի պատասխան այդ խոսքի, ամբողջ Կոնգրեսը ոտքի է կանգնում: Ահա պետականություն, որ ունի իր վերաբերմունքը հանդեպ ուլտրաժամանակակից գիտությանը եւ մեծ հաշվով գիտության ապագան: 

Անդրադարձ անցյալին 

...Ինչ տառապանքներ եմ քաշել այս վերջին 10-15 տարիներին այս սիստեմից: Ես բացարձակապես այստեղից ոչինչ չեմ ստացել: Սովետի ժամանակ ամենահեշտ խնդիրը ֆինանսականն էր, ամենածանր խնդիրը` նախաձեռնության առաջնահերթությունը: Ներկայացնում եմ մի գաղափար, որ ըմբռնման կարողության պարագայում կստանա առավել հավանականություն: Եվ այնքա¯ն անակնկալ էր Կրեմլի արձագանքը եւ այնքա¯ն խանդավառ նրանց ձեռնարկած միջոցառումները: Դրանք խելագար միջոցառումներ էին եւ ամբողջ պետականության մասշտաբով պիտի լինեին, լուծվեցին հարցերը այնպիսի արագությամբ եւ այնպիսի մակարդակով: Այն տարի, երբ «Օրիոն-2» պիտի արձակվեր, հարկադրված էի ամեն շաբաթ թռչել Մոսկվա: Այնտեղ արվում էին հրթիռների հետ կապված աշխատանքները, այստեղ` Գառնիում, մեր տիեզերական աստղադիտարանն էր ստեղծվում. 13 ագնամ այդ տարի եղել եմ Կրեմլում: Նրանք գիտեին իմ զբաղվածությունը ժամանակի տեսակետից եւ դժվար կհաջողեինք, եթե չլիներ Կրեմլի օգնությունը, գործելաոճը:

Հետո իմ մտերիմ միջավայրում ես այդ միտքը նետեցի, եթե ողջ Սովետ Միությունը կառավարվեր ինչպես Կրեմլի ներսում, այս երկրին տիեզերքը չէր հասնի: Այնպիսի¯ կարգ ու կանոն, այնպիսի պետական մտածողություն, ես այնտեղ համոզվեցի եւ այդ պարագան ինձ համար դարձավ որոշիչ: Ինձ թվում էր` դա ուրիշ աշխարհ էր, ուրիշ մոլորակ, այս երկրի հետ կապ չունեցող: Այսպիսի խելոք պետական ղեկավարություն. Կրեմլից ինչո՞ւ դուրս չի գալիս: Ասում էին` ողջ պրոբլեմը դա էր. չենք կարողանում ժողովրդի գիտակցությանը հասցնել:  Ես կուսակցական չեմ եղել: Երբեք: Կրեմլ մտնել առանց կուսակցական տոմսի, անկարելի էր: Անկուսակցականը իրավունք չուներ գիտական կենտրոնի ղեկավար լինելու: Ես երբեք տոմս չէի ունեցել, բայց գիտական կենտրոնի ղեկավար էի: Երբ կար արդեն գիտակցումը, որ սա պետք է, Կրեմլը հասավ դրան, որ այդ տոմս ունենալ-չունենալը որոշիչ չէ: Երկար ժամանակ իմ առաջ փակ էին արտասահման գնալու դռները, կողպված էին: Հանկարծ Կրեմլը որոշում է, որ ինձ պետք է թողնել Ամերիկա գնալ: Դա մեծ իրադարձություն էր: Ամերիկյան թերթերը գրեցին, որ Գուրզադյանը առաջին մարդն էր, որ մտավ «Նասսա»: Տիեզերական այդ կենտրոնը, որ ռազմական նշանակություն ունի, անկարելի բան էր մտնելը: Եվ եղել է մեծ վիճաբանություն` «Նասսա»-ի` որպես ռազմական կենտրոնի եւ պետդեպարտամենտի միջեւ: Արտգործնախարարությունը եղել է խիստ դեմ, իսկ «Նասսան» եղել է խիստ կողմ: Ես տեղյակ չէի: Պետդեպարտամենտն այսպիսի դիրքորոշում է ունեցել. «Մենք գիտենք, որ պրոֆ. Գուրզադյանը կոմունիստ չէ, բայց գիտենք նաեւ, որ նա վայելում է բացառիկ աջակցությունը կոմունիստական սիստեմի»: Ինչ-ինչ հանգամանքներում «Նասսան» հաղթում է եւ ես հայտնվեցի այնտեղ: Ես արդեն ասացի, որ կոմունիստ չեմ եղել, բայց հիմա ես ամենամեծ գաղափարախոս եմ կոմունիզմի եւ դա կեցվածք չէ բոլորովին: Պարզապես այն  ժամանակվա կոմունիստական էպոխայի սխալները դարձան որոշիչ, ճակատագրական: Շատ պարզ կերպով կարելի էր դա կանխել, շրջանցել: Չինաստանը դրա օրինակը տվեց... ... Ինձ հետ մտերիմ են եղել Կենտկոմի բոլոր քարտուղարները, ամենամտերիմը` Կարեն Դեմիրճյանն էր: Նա կար այստեղ` կեսգիշերին, նույնիսկ հանկարծ, առանց զանգելու: Դուռը բացում եմ` նա է: «Ի՞նչ է պատահել»: «Դե մտածեցի ուշ է, մինչեւ քեզ կանչեմ, ավելի հեշտ է իմ գալը»: Խելոք տղա էր: Կնստեր ժամերով, բոլոր հարցերը կլուծեինք: Շատ էլ թանձր էր լեզուն` չասվելիք խոսքերով: «Գիտես ինչ, մենք ինչ-որ տեղ ընկել ենք, հերիք է: Չլինեմ-չիմանամ, թե մտքովդ անցնի կոմունիստ դառնալ: Քեզ ինչ է պետք, արի մեզանից տար»:

Ահա այդ ժամանակն էլ եկավ, եւ վստահ եմ, որ տոմսն այլեւս որոշիչ չէր լինելու: Չապրեցինք մինչեւ այդ պահը: Բայց փոխարենը Կրեմլը կարողացավ բարձրագույն գիտական-ինժեներական եւ զինվորական շրջաններ հասցնել կոսմոսի գիտակցությունը: Ավելի ցածր օղակները գրեթե չէին հասկանում: Քչերից մեկը ես էի: Եկավ ժամանակ, երբ ստիպված եղա գնալ առճակատման:

Պարտադրված առճակատում

Հայաստան եկավ Համբարձումյանը, եւ ես դարձա նրա առաջին ասպիրանտը: Տարիներ նրա հետ աշխատեցինք: Մի օր իմանում է, որ հեռանում եմ Բյուրականից, ուզում եմ տեղափոխվել Գառնի: Համբարձումյանը երեւույթ էր մեր ժողովրդի պատմության մեջ, եւ թող թույլ տրվի ինձ իրավունքը ասելու, թե ինչպիսի իրադարձություն էր Համբարձումյան-աստղաֆիզիկոսը: Մեծ ապրումներ եղան, ցնցող իրադարձություններ իմ ու նրա միջեւ: Նա սարսափելի ծանր տարավ իմ հեռանալը: Ինչե¯ր էր անում. «Բյուրականի աստղադիտարանի պարսպից այն կողմ էլի հող կա, գուցե գաք այնտեղ սարքեք»,-ասում էր: Ինքը ճիշտ էր. հող կար, բայց ես մտածում էի` ինչքան հնարավոր է հեռու լինեմ: Ինչո՞ւ: Երկրի աստղադիտարաններն իրենց դարն ապրել են: Նա գլուխը կախում էր, խելացի էր, գիտեր, որ դա վիճելի խնդիր չէ: Բայց ասում էր. «Մի մոռացեք, Գրիգոր, որ մի մարդը կյանքում մեկ աստղադիտարան կարող է ստեղծել»: Եվ դա էլ ճիշտ էր: Եվ ասում էր. «Այն, ինչ դու ես սկսում, դա է ապագան: Բյուրականը ոչ մեկին պետք չէ»: Այն ժամանակ ես լուռ էի մնում: Հետո ծնվեց մի հզոր նախագիծ, եւ ես որոշեցի Համաբարձումյանին ողջ ծրագիրը ներկայացնել: Պարզվեց, որ մեկ հանդիպումը բավարար չէ: 11 հանդիպում եղավ: Առաջին հանդիպումը տեւեց երեք ժամ: 3 ժամ ես խոսում էի, 3 ժամ նա լսում էր` լարված, կենտրոնացած: Այդ խելացի, հանճարեղ մարդը 10-րդ հանդիպման ժամանակ ասաց` կարծեմ թե սկսեցի հասկանալ: Սա համեստության կեցվա¯ծք չէ:

Ամեն անգամ մի նոր խնդիր էր առաջանում, որ պահանջում էր առանձին խոսակցություն` էլեկտրոնիկա, օպտիկա, ռադիո կառավարման սիստեմներ: Սրանք բարդ բաներ են... Մնաց վերջինը` 11-րդը, որտեղ պետք է ես լուռ մնայի, խոսողը պետք է լիներ ինքը: Դա տեւեց  ընդամենը 3 րոպե եւ եղավ 2 խոսք. առաջինը իրենն էր, երկրորդը` իմը: Երկար ժամանակ լուռ էի, զգում էի, որ մեծ տանապ է ապրում: Ասելիքն արդեն որոշել է: Բայց ինչպես ասի եւ դժվարությամբ լուխը բարձրացնելով, աչքերիս նայելով ասաց. «Այն օրը, երբ այդ պրոյեկտը («Քրոնոս» էի կոչել) դուրս կա կոսմոս, այդ օրը պետք է փակել Բյուրականի աստղադիտարանը»: Պետք էր հասկանալ: Փորձեցի հասկանալ: Իր կյանքի գնով ստեղծեց աստղադիտարան եւ իր օրոք ինքն է համարում, որ պետք է փակվի: Այդ 1,5 ամիսն ի¯նչ է կատարվել  ինձ հետ` նկարագրվելիք բան չէ, աշխատում էի հանգիստ արտաքուստ, բայց խիստ լարված վիճակ էր: Երբեք մտքովս չէր անցնում, որ այդպիսի հարց կլինի, ու ես հարկադրված կլինեմ պատասխանել այդպիսի պոռթկումով: Պատասխանը սա էր. «Բյուրականը կփակվի եւ առանց «Քրոնոս»-ի: - Դաժան է: - Քիչ է ասել դաժան է: Բայց ապավինեք իմ խոսքին. դա ես կարող էի միայն Համբարձումյան մտածողին, երկնային մտածողին այդպիսի դաժանությամբ մոտենալու, վստահ, որ նա ունակ կլինի ըմբռնելու ամբողջ խորությունը, տրագեդիան էպոխայի, մերը` նաեւ: Գլուխը կախեց եւ ոչինչ չասաց: Նա հասկանում էր, որ դա միակ ճշմարտությունն էր ապագայի համար: Այդպես մենք իրարից բաժանվեցինք: Այդպես էլ Համբարձումյանն աշխարհից հեռացավ, այս մտքերը եղան հավանորեն վերջին տարուբերումները, վերջին ղողանջները նրա տիեզերական մտածողության... Բյուրականում ոչ ոք դա չէր հասկանում: Չեմ թերագնահատում, բայց ոչ ոք Համբարձումյան չէր: Ես Բյուրականում ոչինչ չեմ պատմել: Համբարձումյանը եղավ միակ բացառությունը եւ հիմա էլ մնում է: Ամերիկան իր գործելակերպով հաստատեց, որ ապագան կոսմոսն է եւ ուրիշ ոչինչ: Ամերիկայի բոլոր աստղադիտարանները դադարեցին ստեղծել տելեսկոպներ: Աշխարհում բոլոր տելեսկոպները վերացան:

Սովորական աստղաֆիզիկայի ապագան դարձյալ Կոսմոսն է: Եվ որովհետեւ Երկրի մթնոլորտի տատանումները խանգարում են, միակ միջոցը տելեսկոպը կոսմոս հանելն է: Այդպիսի փորձ արվեց եւ դրանցից ամեն մեկի տված գիտական արդյունքները գերազանցում են գետնի վրայի 100 աստղադիտարանների 100 տարվա արած աշխատանքներին: Դա նույնն է, ինչ հոսանքը դնենք մի կողմ, ու վերադառնանք օջախի կրակին: Աշխարհն այսօր չի կարող գոյատեւել առանց Ֆարադեյի այդ պարզ էլեկտրական գաղափարի:

Հանճարը կարող է այդքան պարզ գաղափար ունենալ եւ ստեղծել ապագա նաեւ մարդկության համար: Հիմա այդպիսի մեծ գեներատոր է ապագայի եւ մարդկության առաքելության կոսմոսը: Այդ հարցում, հազար ներողություն, Գուրզադյանը մենակ է բոլորովին: Համբարձումյանը տրագեդիան ապրելով` գոնե մենակ չէր թողնում ինձ: Հասկանալով հանդերձ, որ բախտը որոշվել էր Բյուրականի, հարկադրում էր իրեն հոեգբանորեն ապրել ալիքով, եւ Աստծո տվածով օժտվածը մարդը կարող է այդպիսի վիճակի հասնել:

Տիեզերքը` մարդկության ապագա

Կոսմոսը ապագան է մարդկության,  ուրիշ սպասելիք չի կարելի ունենալ: Մենք ամբողջ մի կյանք ապրելով եւ կյանք դնելով այդ ասպարեզի վրա` համոզվեցինք, որ սա ապագան է մարդկության:

Երկրի այս անզուսպ տարափը նավթի, քարածխի. արդեն քարածուխ չկա, նավթը նույնպես կվերջանա շատ շուտով: Ապավինեք իմ ունեցած տվյալներին եւ մտածողությանը: 50 տարի հետո երկրագնդի վրա չի լինի ոչ ազգ, ոչ նավթ: Քարածուխը կարծում էին 50 տարի դեռ կմնա, բայց ավելի շուտ վերջացավ` Դոնբասը կերակրում էր ամբողջ երկրին: Հիմա Ուկրաինային էլ չի կերակրում: Չեն ուզում այսօր պետական իշխանությունները  եւ խելացի մարդկությունը հասկանալ, որ կան պրոցեսներ, որ  երկրանդի 4,5 մլրդ տարվա պատմության մեջ մեկ անգամ են լինում. ինչպես նավթի, գազի, քարածխի առաջացումը: Ես անկարող եմ ինչ-որ ձեւ գտնել բացատրելու: Առաջադեմ գիտությունը պետք է զբաղվի այս խնդրով` ինչո՞վ պետք է ապրի մարդկությունը: Լուծումը կա: Սկզբունքորեն դա հուսալի է միանգամայն: Դա նավթ չէ, գազ չէ, փայտ չէ, քարածուխ չէ: Դա այն է, ինչ աստղերի մեջ է կատարվում: Աստղերը 10 մլրդ տարի ապրում են, ինչպե՞ս: Այդ գաղափարը հարկավոր է բերել Երկիր: Եղավ այդպիսի մի հանճար` պրոֆ. Հանս Բետտե: Իմ կյանքի խոշորագույն իրադարձություններից մեկն էր այդ մարդու հետ ծանոթանալ, առնչվել, աշխատել ԱՄՆ-ում: 6 անգամ հանդիպեցինք, պատրաստվում էինք մի մեծ հատոր ստեղծել: Հաջորդ իմ գնալուն մահացավ: Այն ժամանակ արդեն շատ տարեց էր: Նա Էյնշտեյնի ընկերներից էր` Գերմանիայից փախած: Նա հայտնաբերեց աստղերի էներգիայի արտադրման մեխանիզմը: Այդ հայտնաործության համար 1967-ին ստացավ Նոբելյան մրցանակ: Դա շատ խոշոր իրադարձություն էր մարդկության համար: Բայց որովհետեւ դժվար էր հասկանալ, մնաց չերեւացող: Բայց Բետտեի արձանն է դրված Կոլորադոյի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում` ոսկեձույլ, հրաշալի, չնայած կենդանի Նոբելյան մրցանակի դափնեկրի արձանը դնել ընդունված չէ... Այդ մարդը ցույց տվեց մարդկության ապագան: Հարկավոր էր մտածել այդ մեխանիզմն իրականացնել Երկրի վրա: Գիտությունը աշխատում էր այդ ուղղությամբ: Եվ մենք ունեինք, ե°ւ Ամերիկան. այդ հսկաները մահացան, գործը առաջ գնաց, բայց գաղափարը դեռ գաղափար էր մնում: Հարկավոր էին նոր մտքեր: Ես նույնպես զբաղվեցի եւ հանգեցի այն մտքին, որ դրա համար քարածուխ պետք չէ: Բավական է միայն սովորական ջուրը: Հարկավոր է ստեղծել հատուկ սարքեր` մագնիսական մեծ ուժի, եւ այդ ջուրը բաց թողնել ու կստեղծվի էլեկտրականություն:

Չափազանցություն թող չթվա, բայց 1 տակառ ջուրը Հայաստանին կհերիքի այսօրվանից 10 անգամ ավելի էներգիա ունենալ: Էներգիան անպատկերելի շատ է լինելու, այնքան, որ կհալեցնենք բազալտը, եւ մեր ճանապարհները հալված բազալտով կլինեն: - Ֆանտաստիկա է թվում: - Այսքան խենթություն եմ պատմում կոսմոսի հետ կապված, հերիք չի, հիմա էլ` սա: Իմ կյանքը սրանով կվերջանա, բայց փառք Աստծո, հանգիստ եմ, որովհետեւ գիտեմ` ուր է գնալու այսօրվա մարդկությունը... Մարդկության ապագան գիտությունն է: Ատոմային ռումբը կվերանա, ջրածայինն էլ: Ջրածնային ռումբն աշխատում է նույն սկզբունքով, ինչ-որ աստղերի էներգիայի վիբրացիան է: Եվ սա առաջինը Սախարովը հասկացավ եւ առաջինն իրականացրեց: Դա նույն ռեակցիան է, ինչ կատարվում է աստղերի մեջ, եթե դանդաղեցնենք, կդառնա էլեկտրականություն: Դրա համար քարածուխ պետք չէ, նավթ պետք չէ: Միայն հարկավոր է այդ  մեխանիզմը տիրապետել եւ իրականացնել: Ուստի ո՞րն է իմ այս երկար խոսելու իմաստը: Հարկավոր է ստեղծել հնարավորություն գիտությամբ զբաղվելու: Երկու խոշորագույն բնագավառ է այսօր մարդկության հայացքին կախված: Մեկը Կոսմոսն է, դրանից խուսափել անկարելի է, մյուսը`ջերմամիջուկային ռեակցիան է, դրանից էլ խուսափել անկարելի է: Հանգամանքների բերումով մենք հայտնվեցինք Կոսմոսի հարցում առաջին պլանում: Ամերիկացիները չգիտեն անգամ մեր գոյությունն այստեղ` Հայաստանում, բայց հրաշալի գիտեն Գառնիի այս կենտրոնի գոյությունը, գիտեն իմ բոլոր աշխատությունները, որ կապված են տիեզերական տարածության մեջ թռիչքներ իրականացնելու հետ: Անսպասելիորեն դիմեցին ինձ գիրք ստեղծելու առաջարկով: Ես սարսափեցի. այդ գիրքը շատ դժվար բան էր: Ես հրաժարվում էի: Այնքան համառեցին, ես համաձայնեցի: Գիրքը ստեղծվեց. կոչվում է «Կոսմոսի դինամիկան»: Դինամիկան շատ սարսափելի բան է, վախեցնող նույնիսկ: Սա է ապագան գիտության` կոսմիկական դինամիկա, կոսմիկական տելեսկոպներ, կոսմիկական թռիչքներ: Հրթիռների գործելը շատ արագ նորմալ կդառնա, ինչպես ավտոմեքենա վարելը: Անհաջողությունները պակասում են, հրթիռները հզորանում են, էժանանում են, հրթիռներով թռիչքը չի դառնա ինչ-որ երեւույթ, միայն հարկավոր է տիեզերական սիստեմները յուրացնել: Գառնին այդպիսի խնդիր էր դրել իր առաջ: Եվ եղավ ամբողջ Սովետական Միության մեջ միակ բացառությունը`Մոսկվայից այսքան հեռու, այս կետում` նման գիտական կենտրոն, որ զբաղվի միայն Կոսմոսով: Աշխատողների քանակը մինչեւ 700 մարդու հասավ: Հիմա դռները փակ են, բացարձակապես մարդ չկա:

Իմ տառապանքի ամբողջ պատճառը փրկել Գառնին ապագայի համար... Հանդիպման մեր ապրումներն ու զգացումները հիշողության անջնջելի տպավորություն չէ, որ մնաց միայն, այլ իբրեւ խորունկ ցավ` սեփական փորձառության պես ապրված: Թղթին ապավինելու այս միջոցը նաեւ մի հնարավորություն է` փորձել երկիրն այսօր գործնականորեն կառավարողներին մոտեցնելու պետական կամ ազգային մտահոգությամբ կարեւորագույն խնդիրների: Իսկ մեծ անհատների ողբերությունները, անանձնական փիլիսոփայության այս կենսակերպը միշտ եղել է ժամանակի ըմբռնողականությունից դուրս: ... Մի քանի տարի առաջ գիտնականը հուսահատված հեռացավ. գնաց Մոսկվա: Այդ տարի նրա 80 ամյակն էր: «Գրական թերթում» Լեւոն Անանյանը մտահոգված եւ ազդեցիկ հրապարակում արեց, Սիլվա Կապուտիկյանը` «Հայաստանի Հանրապետությունում»: «Ազգը» արձաանքեց նրանց: Գրիգոր Գուրզադյանի հեռանալը երկրից իր համար ծանր էր, մեզ համար` ապտակ: Թողնել «Գառնին»` գիտական իր ողջ գործունեության նպատակը, որը եւ տիեզերքում իր ամենահարազատ կտորն է, Գառնին, որի հոգին շարունակվում է այստեղ` իր տան մեջ, իր նկարների գույներում, գծի մեջ... Մոսկվայից այն ժամանակ իրեն հետ բերեց թոռնուհու նամակը` «Մենք ինչո՞վ ենք մեղավոր, պապիկ»: Դա 2002-ն էր: Մեր  «բարոյականությունը» այդ օրվանից հետո ավելի հեռուն գնաց: 

«Այդ ժամանակ իմ երեւակայությունն այս խոզանոցը չէր պատկերացնում: Ես տիեզերական վիշտ եմ ապրել: Ես Երեւանում չեմ ապրել: Այսպես ասած` իմ անկողինը Բյուրականից տեղափոխեցին Գառնի: Երեւանում ոչ մի գիշեր չեմ եղել, ամբողջ տարվա մեջ մեկ օր եմ լինում` Նոր տարվան,  երեխաների հետ եմ: Ողջ ժամանակ այստեղ եմ լինում, փակված: Իմ կյանքը եղել է միայն գիտություն, գիտություն եւ հիմա ահա այսպիսի ստորացում, երեւակայելի չէ»: Իսկ քիչ անց` «...Միշտ այն միտքն է ինձ պարուրել, թե Հայաստանի բնությունը ստեղծվել է, որ նկարեն` ամեն կողմից, ամեն անգամ եւ վերջ չունենա: Այս փոքր տարածքի վրա ինչ-որ տեսնում եք` լեռ, գագաթ, չափել-չափչփել եմ անթիվ, անհամար անգամներ, փայտը ձեռքիս այս քարերի վրայով դուրս եմ եկել Սեւանի ափը, մեքենան ուղարկել եմ, նա է ուշացել: Մեր բնությունը հրա¯շք է, մեր Հայաստանը դա մի չեղած տոն է, արտասովոր բան է...»:

Գրիգոր Գուրզադյանի ամեն խոսքից, ամեն պատմությունից հետո, դրանք արձանագրելու, ժամանակին պահ տալու անհրաժեշտությունն ես ունենում ու ափսոսանքի զգացում, դրանք այնքան շատ են, այնքան լիցքակիր, ու այդ խոսքի մոգական մթնոլորտից երկար ժամանակ դուրս գալ չի լինում: Մտովի տեղափոխվեցի ոչ վաղ անցյալ, երբ  Գուրզադյան անունն արդեն պատկառանք ու ակնածանք էր առաջացնում: Օրվա տպավորությունը որքան հարուստ ու մոգական, բայց ծանր բեռի պես մնաց. ոչինչ փոխել չկարողանալու հուսահատությունն էր դա: Հեռանալը դժվարանում էր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter