ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Լավ եմ անում», «Սուտ ա ասում»,- Սարգիս Հակոբյանի արձագանքը կնոջ վկայությանը



Գավառի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սարգիս Հակոբյանի դատը՝ կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:

Դատական նիստը տեւեց մոտ 5 ժամ՝ երեք ընդմիջումներով: Նիստը բացվեց ամբաստանյալի, տուժողի եւ վկաների ներկայությունը ճշտելով: Վկաներ Վարսիկ Հակոբյանը (բախտագուշակ Վարսիկ), Համլետ Հակոբյանը եւ Գոհար Խաչատրյանը չէին ներկայացել:

Վարսիկ եւ Համլետ Հակոբյանների ընտանեկան բժիշկ Սիրականյանը տեղեկանք էր ներկայացրել դատարան այն մասին, որ Վարսիկ Հակոբյանը տառապում է հիպերտոնիկ, իսկ Համլետ Հակոբյանը՝  կարդիոսկլերոզ հիվանդություններով եւ չեն կարող ներկայանալ դատարան: Դատավոր Աղվան Պետրոսյանի հարցին, թե արդյոք նրանք անկողնային հիվանդ են, Սարգիս Հակոբյանը պատասխանեց. «Մեկը հա, մեկը՝ չէ»:

Դատավոր Պետրոսյանը պահանջեց ուսումնասիրել վկաների առողջական վիճակը եւ հաջորդ դատալսմանը չներկայանալու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ նրանց դատարան բերելու համար՝ ընդհուպ բերման ենթարկելը:

Հասմիկ Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը կրկին հանդես եկավ միջնորդությամբ՝ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ, որին առարկեց Հակոբյանի պաշտպանը: Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության վերաբերյալ որոշումը՝ մինչ ապացույցներին ծանոթանալը:

Սարգիս Հակոբյանի պաշտպան Տիգրան Աբրահամյանը մեկ այլ միջնորդությամբ հանդես եկավ՝ դատական նիստերը դռնփակ դարձնելու, քանի որ քննարկվում է մարդու ընտանեկան կյանքը, ինչին Հասմիկ Խաչատրյանն առարկեց՝ նշելով. «Իմ ընտանեկան կյանքն արդեն վաղուց ծանոթ է բոլորին»:

Դատարանը մերժեց Հակոբյանի պաշտպան Տիգրան Աբրահամյանի միջնորդությունը՝ թողնելով դատը դռնբաց:

Ծեծի եւ խոշտանգումների վերաբերյալ Հասմիկ Խաչատրյանի վկայությանը Սարգիս Հակոբյանը երբեմն ընդմիջում էր՝ ասելով. «Լավ եմ անում», «Սուտ ա ասում»: Վկայություն տվեցին նաեւ Խաչատրյանի ծնողները՝ Ռիմա եւ Պապին Խաչատրյանները՝ Հակոբյանների ընտանիքի հետ իրենց հարաբերությունների, ինչպես նաեւ ծեծի եւ խոշտանգումների մանրամասների մասին:

  

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 18-ին:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ