HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սա կյանք չի է, զոռով գոյատեւել ա. էնքան հացի պարտք ունեմ...»

Անահիտ Բաղդասարյան

Յոլյանների ընտանիքն ավելի քան 23 տարի վագոն-տնակում է բնակվում: Տարիներ շարունակ տնակը գտնվել է Գորիս քաղաքի Մաշտոցի 151 հասցեում, սակայն նույն վայրում 2012թ.-ի հուլիսին սոցիալական տուն էր կառուցվելու եւ այն տեղափոխեցին:  Հասցեն մնաց նույնը, բայց մի քանի անգամ այս ու այնտեղ տեղափոխելուց հետո ընտանիքը վերջնականապես տեղավորվեց սոցիալական տնից մոտ հարյուր մետր ներքեւ ու արդեն հինգ ամիս է այստեղ են:

Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության՝ ՀՀ կառավարման համաֆինանսավորմամբ իրականացրած «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի շրջանակներում կառուցված այս եռահարկ շենքը նախատեսված էր սոցիալապես անապահով, վագոն-տնակներում բնակվող ընտանիքների համար, սակայն այս ընտանիքին այդպես էլ բնակարան չհասավ:

«Մենք ավելի լավ վիճակում չէինք գտնվում, քան ստացողները: Ամբողջ կյանքում տուն ստանալու հույսով էինք ապրում, բայց մեզ չհասավ,- հուսալքված պատմում է Գայանե Յոլյանը,- սոցիալական շենքում տներ կան, որոնց դռները փակ են ստացած օրվանից, եթե, իրոք, կարիքավոր են, խի՞ չեն մնում: Նրանց  կողքին մենք էլ անտուն, չգիտենք, թե ում դիմենք: Քաղաքապետին դիմում եմ, ասում ա` գնա քո ուժերով կառուցի: 15,600 դրամ թոշակով ես ի՞նչ կարող եմ անել»:

Ընտանիքի միակ եկամուտը ամուսնու հաշմանդամության թոշակն է, ով ճառագայթվել է Չերնոբիլի ատոմակայանի պայթյունից, աշխատանքի ընթացքում: «Երրորդ կարգ են տվել հերիք չի, այս տարի էլ ուզում էին էդ թոշակից էլ կտրել,- ասում է Գայանեն ու թվարկում ամուսնու մյուս հիվանդությունները,- ողնաշարի վրա էլ գրիժա ունի, սիրտն էլ լավ չի ... էս խոնավության մեջ հազար մի հիվանդություն ենք ձեռք բերել»: Տան աշխատողը Գայանեն է եղել, նա էլ թթի ծառից ընկել ու ողնաշարն է ջարդել. մոտ մի տարի է անկողնային պառկած էր, մի քանի օր է, ինչ ոտքի է կանգնել:

Գայանեն երկու աղջիկ ունի: Նրանցից մեծը՝ Սոնան, ամուսնացել ու հիմա գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում, սակայն իր երկու աղջիկների հետ գրանցված է նույն վագոն-տնակում, որի պատճառով, Յոլյանները զրկված են նաեւ սոցիալական նպաստից:         

Տեղափոխությունների ընթացքում ջարդվել են նաեւ ոչ այնքան բարոք վիճակում գտնվող տնակի պատուհանները, իսկ առաստաղը՝ կախվել է: Գայանեի խոսքով բախտները բերել է, որ արեւոտ եղանակին ենք այցելել իրենց, թե չէ անհարմար վիճակում կհայտնվեինք: «Մի կաթ անձրեւ ա գալիս, սաղ  տան մեջ ա: Ինչքան աման ունենք, գետնին շարում ենք, որ տունը ջրով չլցվի: Պատուհաններն էլ ցելաֆոնով փակել ենք, որ ցրտից չսառենք»,- ջարդված պատուհաններն ու  կախված առաստաղը  ցույց տալով՝ ասում է Գայանեն: 

Նրանք զրկված են նաեւ հոսանքից: Գայանեն ավելի շատ անհանգստանում է իր ուսանողուհի աղջկա համար, ով մոմի լույսի տակ է սովորում դասերը: Այս ընտանիքը նաեւ ջուր չունի, հարեւանի տնից են խմելու ջուր բերում, իսկ լվացք անելն ու լողանալը՝ բարեկամի տանը: «Մոտ 100 հազար դրամի պարտք ունենք, ասում են` պիտի գոնե կեսը վճարեք, որ վերեւի թաղից մի 80 մետր խողովակ քաշեն, ջուրը բերեն, մեզ հասցնեն»,- պատմում է Գայանեն` ոչ մի լուծում չակնկալելով:

Կացարանը չունի նույնիսկ կոմունալ պայմաններ: Կոյուղին անցնում է կացարանի կողքով, բայց վագոն-տնակի անմիջապես կողքին անսարք վիճակում կանգնած վերամբարձ կռունկն ամեն կերպ խանգարում է զուգարան կառուցելուն: Գայանեն ասում է, որ բազմիցս դիմել է մեքենայի տիրոջը, բայց վերջինս պատճառաբանել է, որ հնարավորություն չունի այն տեղափոխելու: Նա նույնիսկ այս հարցով է  քաղաքապետարան դիմել, բայց ապարդյուն: «5 հազար դրամ են տվել, թե գնա կռանը քաշի, բայց ինձնից լավ գիտեն, որ տեղափոխելու համար ամենաքիչը 10 հազար դրամ կուզեն»:

«Սա կյանք չի է, զոռով գոյատեւել ա. էնքա~ն հացի պարտք ունեմ...»,- ասաց Գայանեն ու ձեռքը թափ տալով մտավ տուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter