HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Մինասյան. «Նաիրիտը» կունենա՞ փրկության շանս

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ներկայացրեց «Նաիրիտի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որը պատկանում է ՀՅԴ-ին:

Նա նշեց, որ հետաքննող լրագրողների կողմից արդեն հրապարակում կա, որի հիմնական միտքն այն է, որ «Նաիրիտը» կանխամտածված տարվում է դեպի սնանկացում, լիկվիդացում: Դա, ըստ պատգամավորի, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև այս գործարանի արտադրատեսակը պետք է ոչ միայն ՀՀ-ի տնտեսության կարևորագույն ճյուղի զարգացման համար, այլև տարածաշրջանում ՀՀ-ի ազդեցության դերակատարությանը մեծացմանը: «Ովքե՞ր և ի՞նչ ձևով են ազդել այս ընկերության գործունեության վրա, ցավալիորեն պառլամենտից դուրս որևէ ձևով հնարավոր չէ պարզել, անգամ քրեական գործի հարուցումը մերժվել է այդ ձեռնարկության հետ կապված, որի արդյունքում մութ պատմություններ են մնացել, մինչդեռ ընկերությունը տարբեր հաշվարկներով կուտակել է 150-ից մինչև 400 միլիոն  դոլար պարտավորություններ, պարտքեր»,- ասաց Ա. Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ ընկերության 3.000 աշխատակիցներ հայտնվել են գործազուրկի կարգավիճակում: Ըստ նրան` մի կողմից՝ ընկերության տնտեսական վիճակը, մյուս կողմից` աշխատակիցների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելը, և «Նաիրիտի» ապագան, ճակատագիրը որոշելը դառնում է Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի կարևոր խնդիրը: Եվ դա է պատճառը, ըստ պատգամավորի, որ խորհրդարանը պետք է մասնակցություն ունենա: Իսկ մինչ հիմա այդ նախագիծը չէր դրվել քննարկման կառավարության այն հորդորով, որ ջանքեր են տարվում «Նաիրիտը» վերագործարկելու ուղղությամբ, այնինչ այսքան ժամանակ անց կառավարությունը չի կարողանում պատասխանել մի պարզ հարցի, թե ինչ է նախատեսվում «Նաիրիտի» համար, արդյոք գործարանը վերագործարկվելու է, ինչպես են փակվելու այդ պարտավորությունները, արդյոք «Նաիրիտի» աշխատակիցները` որպես մասնագիտական կարևորագույն ուժեր, ներգրավվելու են գործարանի հետագա գործունեությանը: Այս հարցերի պատասխանները, սակայն, չկան:

«Եթե մենք փորձենք հասկանալ, թե «Նաիրիտ» գործարանի մասով ինչ գործընթացներ են իրականացվում ներկայումս, պարզ կարող ենք ասել հետևյալը. հիմա կանխամտածված իրականացվում է «Նաիրիտի» սնանկացում, ինչը նշանակում է, որ «Նաիրիտը» վերագործարկելու որևէ օբյեկտիվ հիմք չի կարող լինել շատ պարզ մի պատճառով. «Նաիրիտի» ակտիվներն ընդհանուր առմամբ շուրջ 200 մլն դոլարի կարգի են, իսկ պարտավորությունները դրա կրկնակի չափով են, այսինքն` եթե սնանկացման գործընթաց գնաց, «Նաիրիտը» փրկության որևէ շանս չունի»,- նշեց Ա. Մինասյանը` կոչ անելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter