HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրիտյան «կրքեր». Հովիկ Աբրահամյանն ընդհատեց Արմեն Մովսիսյանի ելույթը

Այսօր ԱԺ էր եկել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Գուցե պլանշետի բացակայությունից էր, որ նախարարը ձանձրույթի ակնհայտ դրսևորումներ էր ցուցաբերում` մեկ կիսափռվում էր սեղանին, մեկ ձեռքերը դնում էր ծոծրակին` գլուխն առաջ տանելով: Նրան նախ մոտեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով, մի քիչ խոսելով նախարար Մովսիսյանի հետ, հեռախոսը հանեց, ինչ-որ բան գրանցեց:

Օրվա երկրորդ հատվածում, երբ քննարկմնան էր դրվել ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից «Նաիրիտի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, նախարարը ելույթ ունեցավ: Նա նախ նշեց, որ «Նաիրիտ» գործարանն ինչպես Հայաստանի, այնպես էլ Խորհրդային Միության ամենախոշոր ընկերություններից էր: Նա բնական համարեց «Նաիրիտի» շուրջ ստեղծված աղմուկը` դա պայմանավորելով նաև այնտեղ աշխատող 2500 աշխատակիցներով: Նրա խոսքով` ինքը հավանել է մի քանի ելույթներ, որտեղ սրտացավություն կար, մինչդեռ որոշ ելույթներում էլ տեսել է քաղաքական երանգ: Ա. Մովսիսյանն, անդրադառնալով այն գնահատականներին, թե կառավարությունը որոշել է սնանկացման տանել «Նաիրիտը», կառավարությունը թալան է կատարել այնտեղ, ասաց, որ «եթե կառավարությունն ուզեր սնանկացնել, ապա 3-4 տարի առաջ այդ սնանկացման մոտիվները կային, և կարող էր սնանկացնել, եթե կառավարությունը որոշեր սնանկացնել, ապա ժողովրդին այդքան տարի չէր պահի, կհաներ դուրս»:

«Նաիրիտի» ամենամեծ արժեքը ոչ թե այդ սարքավորումներն են, այլ այդ մասնագիտական դպրոցն է, որն այդտեղ կա»,- ասաց նա: Այնուհետ Ա. Մովսիսյանը նշեց, որ ինքը դեմ է որևիցե հանձնաժողովի ստեղծմանը: «Վերջապես գտնվել է այնպիսի ընկերություն, որը հնարավորություն ունի 500 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում, իսկ այն կարծիքը, որ 500 մլն դոլարը…»,- Ա. Մովսիսյանին ընդհատեց նիստը վարող Հերմինե Նաղդալյանը, և նախարար Մովսիսյանն այդպես էլ չկարողացավ շարունակել խոսքը, քանի որ արտահերթ ելույթ ունեցավ Հովիկ Աբրահամյանը:

Թեպետ նախարարի խոսափողն անջատել էին, նա շարունակում էր խոսել, իսկ այդ ընթացքում ամբիոնին մոտեցավ ԱԺ նախագահը: Վերջինս նախ հանդուրժողականություն կոչ արեց` ասելով, թե, կարծես, շատ խոսելու մրցույթ է:

Հ. Աբրահամյանը նշեց, որ իրենք` իշխանությունները կողմնակից են ստեղծել հանձնաժողով, որպես օրինակ, նա մեջբերեց «գազային» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Նա կրկին ընդգծեց, թե իրենք ճշմարտությունը չեն կոծկում, և նման խնդիր էլ չունեն: «Մեզ պետք է հարգել, մեզ հետ պետք է համագործակցել: Եվ ես ուզում եմ անդրադառնալ իմ նախկին ելույթներից մեկին, ես՝ որպես ԱԺ նախագահ, խոստանում ես ձեզ, հարգելի ընդդիմություն, 4 քաղաքական ուժեր, ստեղծելու ենք հնարավորություն, որ այս հարցը նույնպես քննարկվի Ազգային ժողովում»,- ասաց նա` նշելով, որ իրենք չեն կարող մի քանի ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծել և ԱԺ-ի ամբողջ գործունեությունը կատարել:

«Դուք ասացիք, որ մինչև աշուն համաձայն եք, ես ձեզ տալիս եմ խոստում, որ մենք ստեղծելու ենք հնարավորություն»,- ընդգծեց նա` կոչ անելով իրար չվիրավորել, չնեղացնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter