HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 տոննա թմրանյութ փոխադրող վարորդի կինը երդվում է, որ իր ամուսինն անմեղ է

Շուրջ մեկ տոննա թմրանյութ տեղափոխող վարորդ, Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլու կինը` Լեյլա Մարտիաշվիլին համոզված է, որ իր ամուսինը այդ թմրանյութի հետ որևէ առնչություն չունի և անմեղ է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան  ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները,  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել են 927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թմրամիջոցների մաքսանենգություն): Բեռնատարի  վարորդ 1953թ-ին ծնված Ավթանդիլ Մարտիաշվիլին  ձերբակալվել է: Հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել էր նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպման մեջ մեղադրվող, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն:

Այսօր «Հետքը» զրուցել է վարորդի կնոջ ` Լեյլա Մարտիաշվիլու հետ:  

-Ի՞նչ գիտեք  Ձեր ամուսնու հետ կատարվածի մասին: Ինչպե՞ս է նա ներքաշված այս պատմության մեջ:

-Նա մեղավոր չէ: Ես երդվում եմ իմ երեխաներովս, թոռներովս ու կյանքովս, որ նա այնպիսի մաքուր մարդ է, որ մեղավոր չէ: Նա 61 տարեկան է, և ողջ կյանքում մի վատ բան արած չկա: Նա որևէ օրենք չի խախտել երբևէ: Իսկ հիմա ես չգիտեմ, թե ինչ է լինելու և ինչպես: Նա վարորդ է: Ողջ կյանքում` 40 տարի վարորդ է աշխատում, բեռնափոխադրումներ էր կատարում Եվրոպայով մեկ: Գնում էր Կիև, Մինսկ, Լեհաստան, Գերմանիա, Թուրքիա, Չեխիա և այլ երկրներ:

-Ինչ-որ ընկերությունո՞ւմ էր աշխատում:

-Նա մի տեղ էր աշխատում: Երեք ամիս առաջ նրա մեքենան վաճառեցին, և նա մնաց առանց աշխատանքի: Թուրքիայից այդ մարդը (նկատի ունի` Օսման Ուգորլուին-Ք.Ա.) գնեց այս մեքենան (որը Մեղրիի մաքսակետում բռնագրավվեց-Ք.Ա.) և ասաց ամուսնուս, որ աշխատի այդ մեքենայով: Այդ մեքենան 3 ամիս առաջ էին գնել Վրաստանում:

-Հատուկ Ձեր ամուսնո՞ւ համար գնեցին:

-Չէ, ոչ իմ ամուսնու, գնել էին երեք ամիս առաջ, և այդ ժամանակ իմ ամուսինն այլևս աշխատանք չուներ, ամուսնուս առաջարկեցին աշխատանք: Ամուսինս էլ համաձայնեց: Մեկ փոխադրում արեց Թուրքիայից Գերմանիա, և սա երկրորդ փոխադրումն էր: Թուրքիայից նա նուռ էր փոխադրել Գերմանիա:

-Դուք գիտեք, թե ումի՞ց է գնվել այդ մեքենան:

-Ես չգիտեմ, թե ումից է գնել: Միայն Օսմանը գիտի, թե ումից են գնել ու գարծակալը գիտի, նա բիրժայում է աշխատում: Նա էր ամուսնուս զանգել, նա գիտեր, որ Աֆտանդիլը աշխատանք չուներ, առաջարկեց աշխատել:

-Այսինքն` ամբողջությամբ թո՞ւրքն էր կազմակերպում փոխադրումները, և Ձեր ամուսինը ոչնչից տեղյակ չի՞ եղել:

-Իհարկե: Եթե ամուսնուս իմանայիք կամ կարողանայիք տեսնել, կհասկանայիք, որ նա այնպիսի մարդ է, որ ոչ մի նման քայլ չէր անի: Կյանքում վատ բաներ չէր արել, երբևէ դատական գործերի մեջ չէր ներքաշվել:

-Դուք Օսման Ուգուրլուին ճանաչո՞ւմ եք, տեսե՞լ եք նրան երբևէ:

-Այո, մեկ անգամ տեսել եմ, մեր տուն էր եկել մի անգամ, սուրճ խմեցին:

-Ձեր ամուսինը պայմանագրո՞վ էր աշխատում նրա հետ: Ի՞նչ պետք է փոխադրեր:

-Ես չգիտեմ` պայմանագրով էր, թե չէ: Գիտեմ, որ այստեղից տախտակ էր տարել:

-Քանի՞ երեխա ունեք:

-Երկու երեխա ունեմ` տղա և աղջիկ և երեք թոռ:

-Ինչպե՞ս եք ապրում, ֆինանսական ի՞նչ աղբյուրներ ունեք:

-Այնքան էլ նորմալ չենք ապրում: Նորմալ էր, երբ ամուսինս աշխատում էր: Ես չեմ աշխատում, աղջիկս է աշխատում: Որդիս շինարարության վրա է աշխատում: Ամուսնացած է և երկու երեխա ունի:

-Հնարավորություն ունե՞ք Վրաստանից փաստաբան վարձել, որ Ձեր ամուսնուն պաշտպանի:

-Չէ, դա բավականին թանկ է, որտեղի՞ց ինձ այդքան փող: 

Լուսանկարում` Ավթանդիլ Մարտիաշվիլին

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Հետքի առաջին հարցը ՀԱՅԵՐԵՆ ՉԷ (Ի՞նչ գիտեք Ձեր ամուսնու հետ կատարվածի մասին) սխալ է՝ ռուսաբանություն է что с тобой случилось.....Հետքը պետք է ավելի ուշադիր լինի այս հարցում....Հայերենում գրում են - Ի՞նչ գիտեք ձեր ամուսնուն պատահածի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter