HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Արզումանյանը` Հայկ Բաբուխանյանին. «Արա´, ես նստելուց չեմ վախենում, ես 3 անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, ասաց, որ այն մարդիկ, ովքեր այդ դեպքի մասին ասելիք շատ ունեն, չխոսեցին, մինչդեռ այդ հարցի մասին խոսեց ԱԺ քաղաքական մեծամասնությունը: Ըստ նրա` քանի դեռ այս իշխանությունները կան, մարտի 1-ը չի բացահայտվելու: Այդ գործում, ըստ նրա, եղել է 1 կողմ, որը բաղկացած է նախագահից, վարչապետից, քննչական ծառայություններից, դատախազությունից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից:

Ապա ընդգծեց, որ երեկ այնքան հարցեր էին տալիս ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին, փոխարենն այդ հարցերը, նրա խոսքով, պետք է տային Ռոբերտ Քոչարյանին, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ընդդիմադիրները զենքով կրակում են, մարդկանց սպանում են, ինչի համար որևէ մեկը չի դատապարտվել զենք կրելու համար: «Բա մի հարցնեիք, ա՛յ պարոն նախագահ, էս ի՞նչ ես պատմում: Արտգործնախարար կար, որ նույնն անգլերեն լեզվով տարածեց ամբողջ աշխարհով, սաղ աշխարհին բացատրեցին, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով, բա մի հատ հարցնեիք… Պառլամենտի նախագահ  ունեիք՝ քաղաքագիտության դոկտոր Թորոսյանը, որ գնահատական էր բացատրում, բա մեկդ հարցներ այդ ժամանակ»,- ասաց նա՝ այնուհետ հավելելով, թե 27-ի գործով կասկածյալն այսօր հարցնում է, թե ինչու 27-ի գործով հանձնաժողով չեն ստեղծում: «Ո՞վ է ձեռդ բռնել, ստեղծի»,- նշեց նա: Պատգամավորի այս խոսքերից հետո դահլիճում արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որի խոսքերը, սակայն, լսելի չէին, փոխարենն Ալ. Արզումանյանն այսպես պատասխանեց. «Արա´, ես նստելուց չեմ վախենում, ես 3 անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա»:

Ապա Ալ. Արզումանյանը, դիմելով պատգամավորներին, ասաց. «Այս դահլիճում, բացի «Ժառանգությունից» ու ՀԱԿ-ից, բոլորդ մարտի 1-ի կոծկման մասնակից եք: Բոլորիդ անունները կան, ելույթները կան, մտեք նայեք»:

Ալ. Արզումանյանի ելույթն ընդհատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հորդորելով չթշնամանալ: Սրան ևս արձագանքեց պատգամավորը` նշելով. «Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, բանակցել եմ թուրքերի, քրդերի հետ, ես գիտեմ ինձ պահելու ձևը և պատասխանատու եմ իմ ասած յուրաքանչյուր խոսքի համար, ես երկիր եմ ներկայացրել»:

Ալ. Արզումանյանի խոսքով` մարտի 1-ի ողջ իորղությունը կբացահայտվի միայն ու միայն ՀՀԿ-ի գնալուց հետո, իսկ ԱԺ-ում ծավալած քննարկումն էլ նա համարեց «գոլորշի բաց թողնել»: «Վաղը մնում է Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ցույց անի և պահանջի իրողություն: Ես զարմանում եմ... Այդ ցինիկությունն իր սահմանն ունի: Ես շատ բան կարող եմ ասել, բայց բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել»,- ընդգծեց նա` ասելով, որ դահլիճում ներկա գտնվողները բոլորն էլ գիտեն, թե ինչ է կատարվել` հիշեցնելով, որ ԱԺ-ն չորս անգամ օրենք էր փոխել իրենց «նստեցնելու» համար:

Մեկնաբանություններ (2)

Ար
Ալ. Արզումանյանը մարտի 1ի պատասխանատուներից մեկն է
Jay
Evidently Mr. Arzoumanian, prime instigator of Yerevan violence, has forgotten the conversation taking place between him and Nikol Pashinian: http://www.youtube.com/watch?v=l2sf6oLaeZY

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter