HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուսակցական ու քաղաքացիական պայքարների քաղաքական հայեցակարգերի մասին-4

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Հայաստանում այսօր բոլորի համար ակնհայտ է, որ երկրում քրեաօլիգարխիկ վարչակարգ է հաստատված, իսկ այն գործարկող հանցավոր վարչախումբը յուրացրել է պետական կառավարման բոլոր լծակները: Կրիմինալ սկզբունքներով ու մեխանիզմներով առաջնորդվող, կրիմինալ տարրերի վրա հենվող, անօրինական կերպով տարիների ընթացքում պետական, հանրային, շատ դեպքերում նաեւ` մասնավոր սեփականությանը տիրացած, ողջ երկիրը տիրապետության տարածքների, իսկ տնտեսական դաշտը քվոտաների ու ոլորտների բաժանած օլիգարխիան երկրում ստեղծել է հստակ տեսանելի բեւեռացված անհավասարություն:  

Դրա հետ մեկտեղ, այսօր կա հանցավոր վարչախմբից պետական կառավարման մարմիններն ազատելու եւ իրավական ինքնիշխան պետություն կառուցելու հանրային մեծ պահանջ: Արդեն շատերն են գիտակցում, որ երկիրը ճգնաժամից հանելու համար հարկ է գնալ համակարգային փոփոխությունների եւ քրեօլիգարխիայից վերցնել նրա բռնազավթած բոլոր իրավունքները` հօգուտ այդ իրավունքներից զրկված քաղաքացիների: Ըստ էության` պետական շինարարությունը` իրավական ինքնիշխան պետություն կառուցելու գործը, քաղաքացիների կողմից իրենց իրավունքների հաստատման մի ծանրագույն գործընթաց է ենթադրում: Այդ գործում առաջնահերթ նշանակություն ունի քաղաքացիների քաղաքական իրավունքները նվաճելու խնդիրը, քանզի դրա միջոցով է, որ երկրում հնարավոր է վերջնականապես ապամոնտաժել քրեօլիգարխիկ համակարգը (վարչակարգը) եւ երկրում հաստատել ժողովրդի կողմից ընտրված, օրինակարգ կառավարություն:

Հանցավոր վարչախմբից պետական կառավարման մարմիններն ազատելու եւ իրավական ինքնիշխան պետություն կառուցելու հանրային պահանջը առանձին հանրային շրջանակներին խնդիր է առաջադրում գտնել ճանապարհներ այդ պահանջն իրացնելու համար: Ի հայտ են գալիս որոշակի մտքեր, գաղափարներ, մեխանիզմներ, իսկ մեծ հաշվով` նաեւ հայեցակարգեր, որոնց միջոցով փորձ է արվում գտնել այդ խնդրի լուծումը: Նման մի մեծ ծրագիր է իրենից ներկայացնում քաղաքացիական պայքարի քաղաքական հայեցակարգը:

Վերջինս ելնում է մի քանի օբյեկտիվ հանգամանքներից ու նախադրյալներից: Այսպես, ըստ այս հայեցակարգի, երկրում համակարգային փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է`

ա) մի ողջ քրեօլիգարխիկ վարչակարգ տապալել եւ իշխող վարչախմբին հեռացնել,

բ) ազատ ընտրությունների մեխանիզմ ներդնել եւ լեգիտիվ վարչակազմ ձեւավորել,

գ) սահմանադրական կարգ հաստատել` համահավասար ու լիարժեք կիրառել Սահմանադրությունը (եթե Սահամադրությունը չի համապատասխանում ժողովրդի ակնկալիքներին, ապա դրանում նաեւ կատարել փոփոխություններ, կամ նորն ընդունել):

Պարզ է, որ նման ծանրագույն խնդիրները միայնակ չեն կարող լուծել առանձին քաղաքացիները կամ լոկալ խմբերը: Այդ խնդիրները, ըստ էության, չեն կարող լուծել նաեւ քաղաքական մեծ խմբերը` կուսակցությունները, քանի որ դրա համար նրանց անհրաժեշտ կլինի գաղափարներով տոգորված շարքերի առկայություն, կազմակերպական հմտություններ, ամուր կարգապահություն, հանրային տարբեր շերտերի մոբիլիզացիայի կարողություն, հսկայական ռեսուրսների առկայություն եւ, հատկապես, հեղափոխական պայքարի ռեալ ցանկություն: Ակնհայտ է, որ այս ամենը չկա հայաստանյան կուսակցությունների մոտ:

Առանձին երկրներում հեղափոխական վերափոխումների 20-21-րդ դարերի փորձը համոզում է, որ համակարգափոխությունը ողջ հանրության գործն է, իսկ կուսակցությունները կարող են հասնել առավելագույնը սեփական իշխանության հաստատմանը (իշխանափոխությանը) նույն վարչակարգի պայմաններում, բայց ոչ երբեք` համակարգային փոփոխությունների: Տարբեր բռնապետական վարչակարգերի տապալման, սահմանադրական կարգի հաստատման լիարժեք օրինակներ են Լեհաստանի, Չիլիի, Սերբիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության եւ այլ երկրների հեղափոխական գործընթացները, որտեղ քաղաքացիական պայքարի միջոցով կարողացել են հասնել ամբողջական համակարգափոխության: Այս օրերին Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները նմանապես այդ են վկայում:

Հայկական ոչ վաղ անցյալի իրականությունը նույնպես դրա լավագույն վկայությունն է: Ընդամենը քառորդ դար առաջ համաժողովրդական շարժումը քաղաքացիական պայքարի` լոկալ կոմիտեներից մինչեւ համահայաստանյան «Ղարաբաղ» կոմիտե ձեւավորելու միջոցով, կարողացել է Ղարաբաղյան հարցը անցկացնել կոմունիստական վարչակարգի կիրառած խոչընդոտների եւ ռեպրեսիաների միջով ու բերել հասցնել դրա լիարժեք լուծմանը: Այդ ընթացքում, այլ գործոններից զատ նաեւ հենց մեր քաղաքացիական պայքարի հարուցած հեղափոխական վերափոխումներից ազդվելու ու թուլանալու միջոցով է, որ տապալվել է տոտալիտար կոմունիստական  վարչակարգը եւ փլուզվել է աշխարհի ամենամեծ պետությունը` ԽՍՀՄ-ը:

Ինչպես արդեն ասվել է, եթե կուսակցական պայքարի քաղաքական հայեցակարգի նպատակը իշխանության գալն է, ապա քաղաքացիական պայքարի քաղաքական հայեցակարգում` ազատ ընտրությունների մեխանիզմի գործարկումն է, որը ճանապարհ կբացի լիարժեք համակարգափոխության հասնելու համար: Ըստ էության քաղաքացիական պայքարի նպատակակետը հենց ազատ ընտրությունների անցկացումն է, քազնի ակնհայտ է, որ միայն դրանից հետո քաղաքացիական հանրությունը իր պահանջներն ու լիազորությունները կարող է պատվիրակել իր կողմից ընտրված ներկայացուցչական մարմիններին եւ այդուհետ վստահ լինել, որ լեգիտիմ նոր վարչակազմը կգործի ըստ ազատ ընտրությունների ժամանակ իր առաջադրած եւ ժողովրդի վստահությունը շահած ծրագրի: Այդուհետ, անշուշտ, կշարունակվեն համակարգային բարեփոխումները, բայց դրան անմիջական մասնակցություն ունենալու հանրային տարբեր շերտերի ցանկությունները բավական թույլ կլինեն:

Իրավական ինքնիշխան պետություն կառուցելու գործում քաղաքացիական պայքարի նպատակը պարզելուց հետո խնդիր է դառնում պարզել, թե ինչ պետք է անի քաղաքացիական պայքարի դրոշակն իր ձեռքը վերցրած շարժումը եւ ինչպես պետք է հեռացնի իշխող վարչախմբին: Առաջին հարցին քաղաքացիական պայքարի քաղաքական հայեցակարգում տրվում է հետեւյալ պատասխանը` շարժումը վարչախմբի համար պետք է ստեղծի անհաղթահարելի եւ իրավական վեճ հարուցող այնպիսի իրավիճակ, որտեղ վարչախմբի կամայականությամբ գործող ուժային կառույցները կհայտնվեն երկընտրանքի առաջ: Այն է` պաշտպանել իրավական վեճի կողմերից վարչախմբի՞ն, ով գործում է ակնհայտ կեղծ օրինապաշտությամբ, թե՞ կազմակերպված ժողովրդին, ով գործում է կեղծ օրինապաշտների (այդ թվում` նրանց հարել փորձող ուժային կառույցների) կատարած հանցագործությունների համար պետական օրենքը կիրառելու ակնհայտ մղումով: Ուժային կառույցների համար վարչախմբին պաշտպանել ասվածն այստեղ ենթադրում է աննախադեպ ռեպրեսիաներին դիմելը, որի ժամանակ կարող են անգամ մարդկային զոհեր լինել եւ որոնք ուժային կառույցներին միջազգային եւ հայաստանյան հանրության աչքում միանշանակ կդարձնեն տեռորիստական խմբավորումներ: Իսկ ժողովրդին պաշտպանել ասվածը ենթադրում է ուժային կառույցների եւ առաջին հերթին ոստիկանության ժողովրդի կողմն անցնելը եւ վարչախմբին օրենքից դուրս հայտարարելը:

Երկրորդ հարցի պատասխանը, թե ինչպես վարչախմբի համար շարժումը պետք է ստեղծի անհաղթահարելի իրավիճակ, քաղաքացիական պայքարի հայեցակարգը պատասխանում է`

ա) խնդրի ճիշտ ձեւակերպման,

բ) հանրային կազմակերպվածության,

գ) պայքարի միջոցների ճիշտ ընտրության,

դ) վարչախմբին չենթարկվելու` քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու միջոցով:

Խնդրի ճիշտ ձեւակերպումն առաջնային քայլ է, քանզի առանց հանրային վստահության առկայության չի կարող լինել ոչ մի պայքար: Ուստի քաղաքական օրակարգ բարձրացված խնդիրը պետք է հուզի բոլորին, անտարբեր չթողնի անգամ Հայաստանի հեռավոր գյուղում բնակվող քաղաքացուն:

Հանրային կազմակերպվածությունը բոլորովին հակադիր է կուսակցական պայքարի մարտավարությանը: Այստեղ միանձնյա որոշողներ ու անպատասխանատու որոշումներ չկան: Քաղաքացիական պայքարի բջիջներն այստեղ տարբեր անուններով գործող, տարբեր սոցիալական շերտեր ներկայացնող, տարբեր գաղափարների կրող մեծ ու փոքր խմբերն են, որոնք որոշումներ կայացնում են կոլեգիալ կարգով, իսկ հարկ եղած դեպքում օպերատիվ ղեկավարումն իրականացնում են այնպես, որ դա համահունչ լինի պայքարի ամբողջ տրամաբանությանը եւ սկզբունքներին: Ամեն դեպքում քաղաքացիական պայքարի հիմնարար սկզբունքը պատասխանատվության սկզբունքն է: Չկա որեւէ գործ, արարք, որոշում որի համար պատասխան տվողեր չլինեն: Ցանկացած որոշման համար հարկ է պատասխան տալ, իսկ քո ենթակայության տակ եղած գործի անհաջողության կամ վարչախմբին վաճառվելու դեպքում վստահ լինել, որ պատասխան ես տալու երբեմն ոչ մարդկային ձեւերով: Այստեղ ցանկացած հանդուգն առաջարկի համար պետք է կամովին պատասխանատվություն վերցնել: Կուսակցական լիդերներն այստեղ տեղ չունեն: Փոխարենը կամային պատասխանատուներն են բնական ընտրության միջոցով ի հայտ գալիս, ովքեր պատրաստ են հանձն առնել ինչ-որ գործ անել կամ խումբ ղեկավարել:

Պայքարի միջոցների ճիշտ ընտրությունը կարեւորագույն բաղադրատարր է, քանզի դրանից է կախված վարչախմբի ռեակցիան: Ակնհայտ է, որ ՀՀ օրենսդրության պատիժ եւ պատասխանատվություն սահմանող նորմերը հանցավոր վարչախումբն օգտագործում է ոչ միայն կամայականորեն` միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաեւ նպատակաուղղված կերպով: Այդ կամայականությունն ու նպատակաուղղվածությունն, անշուշտ, գործելու է նաեւ քաղաքացիական պայքարի ժամանակ: Ուստի պայքարի բռնի միջոցները հանցավոր վարչախմբի համար հարմար առիթ են ցանկացած քաղաքացիական պայքար օրենքից դուրս դնելու եւ այն ոչնչացնելու համար: Դրա համար հաջողության հասած բոլոր քաղաքացիական շարժումները իրենց խնդիրները լուծել են ոչ բռնի միջոցներով, իսկ բռնի միջոցների դիմել են միայն ինքնապաշտպանության համար, երբ ակնհայտ է դարձել, որ պետության իրավապահ մարմինները վերածվել են ահաբեկչական կազմակերպությունների: Հարկ է նկատել, որ մի քանի քաղաքացիական շարժումներ ընդհանրապես դիմել են «մաքուր ձեռքերի» մարտավարությանը: Կամքի վրա հիմնված այս տեխնոլոգիան անգամ ի զորու է տանկեր կանգնեցնել:

Իր խնդիրը ձեւակերպած, լավ կազմակերպված եւ ոչ բռնի միջոցներով գործող քաղաքացիական շարժումը դեռեւս անկարող է ազդել վարչախմբի վրա, քանի դեռ վարչախմբի համար չի ստեղծել անհաղթահարելի եւ իրավական վեճ հարուցող իրավիճակ: Նման իրավիճակի ձեւավորումը կատարվում է վարչախմբին չենթարկվելու` քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու միջոցով: Հարկ է նկատել, որ հանցավոր վարչախմբերը, իրենց բնույթից եւ օրենքը խախտելու հարցում կաշկանդված չլինելու հանգամանքից ելնելով, մշտապես հակված են իրենք հարուցել տարաբնույթ դեպքեր, գործողություններ, որոնք միանգամից կարող են նոր քաղաքական իրավիճակի վերածվել: Այստեղ հարկ է նկատել, որ վարչախմբի կողմից հանրային շերտերի մեջ ներդրվող «չքաղաքականացնելու» թեզը հենց «իրավիճակը» չեզոքացնելու մեխանիզմ է իրենից ներկայացնում: Կարելի է վստահաբար պնդել, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրության շրջանում սկսում են շրջանառվել «չքաղաքականացնելու» կոչեր, ուրեմն տվյալ դեպքը, գործողությունը մեծ ներուժ ունի դառնալու քաղաքական նոր իրավիճակի գեներացիայի ակումուլյատոր:

Ընդհանրապես քաղաքացիական անհնազանդության տեսակները բավական տարբեր են: Կախված երկրի ու բնակչության առանձնահատկություններից, այս կամ այն քայլի ազդեցիկության հանգամանքից` աշխարհում քաղաքացիական շարժումներն օգտագործել են քաղաքացիական անհնազանդության տարբեր ձեւեր: Ղարաբաղյան շարժման ժամանակ, օրինակ, շատ ազդու ձեւ էր գործադուլներին, դասադուլներին դիմելը: Նախորդ երկու տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիական նախաձեռնությունները կիրառել են նաեւ ճանապարհները փակելու, երթեւեկությունը պարալիզացնելու, շենքերը (առանձնատները) շրջափակելու, քրեաօլիգարխիայի ակնհայտ ապօրինի կառույցները ապամոնտաժելու կամ միջոցները ոչնչացնելու ձեւեր եւ այլն:

Ընդհանրապես քաղաքացիական պայքարի մասին կարելի է երկար խոսել, սակայն այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ երկիրը քրեօլիգարխիկ վարչակարգի ճիրաններից ազատելու եւ իրավական պետություն կառուցելու գործում այն ամենից հարմար եղանակն է լիարժեք արդյունքներ գրանցելու եւ պետությունը զարգացման ռելսերի վրա դնելու համար:

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter