HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

(սկիզբը)

Երկրորդ մաս, Անգլիացիները Ղարաբաղում

... Անգլիացիները մուսուլմանական աշխարհի հետ կապված չափազանց մեծ շահեր ունեն և երբեք չհավատաք, որ Անգլիան կարող է պաշտպան կանգնել հայերին:  

 Բեքստոն[1]

1. ԱՆԴՐԱՆԻԿԸ ԳՐԱՎՈՒՄ Է ԶԱԲՈՒՂԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՐՇԱՎԵԼՈՒ ՇՈՒՇԻ

Օսմանյան թուրքերի հավանական ագրեսիային հակահարված տալու համար Արդրանիկը կարգի էր բերում Զանգեզուրում հավաքագրած ուժերը, բաժանելով նրանց վաշտերի, գումարտակների և գնդերի:

Ապահովության համար որոշվեց ռազմամթերք և զինվորական այլ և այլ պիտույքները, որոնք կուտակված էին Գորիսում և շրջակա գյուղերում, անհրաժեշտության դեպքում տեղփոխել Սիսիան, որը թիկունքում գտնվելով, ավելի ապահով էր և իր բնական ամրություններով ավելի դժվարամատույց, քան Գորիսի շրջանը:

Անդրանիկը զբաղված էր հիշյալ պատրաստություններով, երբ լուր ստացվեց Ղարաբաղից, որ թուրքերը դուրս են բերել Շուշուց և տեղափոխել Աղդամ իրենց հիմնական ուժերը, թողնելով միայն մանր-մունր զորախմբեր, ցրված Ղարաբաղի շրջակա մուսուլմանական բնակավայրերում: Խնդրում էին Անդրանիկին իր զորամասով շտապ անցնել Ղարաբաղ ու միանալով տեղական մեծաթիվ զինված ուժերին, ամրանալ այնտեղ` Ղարաբաղը և Սյունիքը Ադրբեջանի նվաճողական նկրտումներից ապահովելու համար:

Թուրքերի հեռանալու մասին Ղարաբաղից ստացված լուրերը հաստատվեցին նաև այլ, ավելի հավաստի աղբյուրներից:

Անդրանիկը իսկույն զինվորական խորհրդի նիստ գումարեց, հրավիրելով նիստին նաև Շուշու գնդի չարաբաստիկ հրամանատար գնդապետ Միքայել Մելիք- Շահնազարյանին և ղարաբաղցի մի շարք այլ սպաների, իմանալու նրանց կարծիքը դեպի Ղարաբաղ արշավելու նպատակահարմարության մասին: Բոլորը միաբերան հավանություն հայտնեցին և խնդրեցին Անդրանիկին որքան կարելի է շուտ սկսել գործողությունները, հայտարարելով, որ ղարաբաղցի սպաները իրենց դնում են Անդրանիկի տրամադրության տակ, միշտ պատրաստ կատարելու նրա բոլոր հրամանները:

Անդրանիկը արշավանքի բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտեց 1918 թ. նոյեմբերի 28-ին (ն. տ.), իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան սկսվեց հարձակումը Զաբուղի ձորի ուղղությամբ: Մարտիկների շղթաները, չհանդիպելով լուրջ դիմադրության, արագ թռիչքներով մտան ձորը և բռնեցին Ագարա գետի աջափնյա պաշտպանական բլուրները և ժայռերը: Թշնամին գործողությունների հենց սկզբից հասկացավ, որ Անդրանիկը մտադրություն ունի գրավել Զաբուղի ձորը և դեպի Շուշի տանող խճուղին ազատել թուրք-ադրբեջանական ուժերի հսկողությունից: Անհուսալի համարելով գետի աջափնյա դիրքերի պաշտպանությունը, հակառակորդը քաշել էր այդտեղից իր ուժերը և ամրացել ձախափնյա բարձունքներում, որտեղից սկսեց հրացանային և գնդացրային ուժեղ կրակ տեղալ հայերի գրաված դիրքերի վրա:

Կեսօրվա մոտ քրդական բազմաթիվ ուժեր, ձիավոր և հետևակ, Սուլթան-բեկ Սուլթանովի ղեկավարությամբ դիրքեր գրավեցին գետի վերին հոսանքի շրջանում` Ավդալար-Լաչինի անառիկ լեռնալանջերին, Մարքիզի բարձունքների վրա, պաշտպանելու «Քուրդիստանի» մատույցները և խճուղու այդ շրջանով անցնող ուղեմասը:

Նոյեմբերի 29-ի ամբողջ օրը անցավ գետի աջ և ձախ ափերի բնագծերում և Զաբուղի հովտում ամրացած երկու հակառակորդ կողմերի միջև տեղի ունեցող փոխհրաձգությամբ և հետախուզական բախումներով:

Նոյեմբերի 30-ի վաղ լուսաբացին Անդրանիկի «Հատուկ հարվածող զորամասի» հեծելազորի ջոկատները Զաբուղի ձորում ամրացած հայ մարտիկների եռանդուն փոխգործողություններով սրարշավ անցան Ագարա գետը և ապա ճեղքելով թշնամու ձախափնյա պաշտպանության գիծը, արագ ու վճռական գործողություններով սկսեցին թևանցել հակառակորդին, որը հանկարծակիի գալով, կարճատև հուսահատական դիմադրությունից հետո, սկսեց խուճապահար նահանջել գետի հովտով և լեռնալանջերով դեպի հարավ, թողնելով մեծ թվով սպանվածներ և վիրավորներ: Ձորում գործող հայկական ուժերը հնարավորություն ստացան գրավելու Զաբուղի կամուրջը: Նրանց մի մասը բռնեց քիչ առաջ թշնամու լքած ձախափնյա դիրքերը, իսկ մի մասն էլ հրաման ստացավ միանալու թիկունքից նոր հասած ջոկատներին և արագորեն առաջանալու խճուղով և նրա աջ և ձախ կողմերի լեռնալանջերով դեպի Ավդալար-Լաչին-Մարքիզ գիծը, որտեղ ամրացած քրդերը սկսել էին ուժեղ դիմադրություն ցույց տալ հայկական հեծյալ ջոկատների կատաղի գրոհներին:

Զաբուղի ձորը և կամուրջը հակառակորդի ուժերից մաքրելուց հետո, Անդրանիկը մի խումբ սպաների ուղեկցությամբ անցավ Զաբուղը և, բարձրանալով դեպի քրդական ճակատը, տեղավորվեց ճակատի մոտ գտնվող մի փոքր սարավանդի վրա, ու կանգնած ամբողջ հասակով, այդտեղից սկսեց ղեկավարել մարտը, ակնդետ հետևելով նրանց ընթացքին: Քիչ անց թշնամու դիրքերից նկատեցին Անդրանիկին և, հավանորեն, ինչ-որ նշաններից կռահելով նրա ով լինելը, կրակեցին ... գնդակը սակայն վրիպեց և մահացու կերպով խոցեց Անդրանիկին կողք-կողքի կանգնած կապիտան Ստեփան Սարգսյանին, որը տեղնուտեղը մահացավ[2]: Սպաների թախանձանքով Անդրանիկը փոխադրվեց ապահով տեղ: Սարգսյանի կորուստը նրան խորապես վշտացրեց[3]:

Երբ քրդերի դեմ կռվի մեջ մտան Զանգեզուրից նոր եկած հետևակ և հեծյալ օժանդակ ուժերը, միացած ձորի կռվողների հետ, քրդերը այլևս կորցրին Մարքիզը իրենց ձեռքում պահելու վերջին հույսերը: Նոյեմբերի 30-ի երեկոյան, դեռ մութը չկոխած, հայ մարտիկները գրոհով վերցրին Ավդալարը: Դա ստիպեց Սուլթան-բեկ Սուլթանովին անձնատուր լինել: Նա բանագնացներ ուղարկեց Անդրանիկի մոտ և հաշտություն խնդրեց: «Քո հեծյալ ջոկատների նժույգների սմբակների տակ տրորվեցին մեր անառիկ դիրքերը և նրանց քաջ պաշտպանները, - գրում էր Սուլթան-բեկը Անդրանիկին: - Քուրդիստանի մատույցները այժմ քո ձեռքումն են, քո ձեռքումն են նաև Զաբուղի անմատչելի դիրքերը. ճանապարհը դեպի Շուշի այլևս բաց է քո առաջ, տար քո անպարտելի մարտիկներին ուր կամենում ես, միայն թե, խնդրում են, ձեռք չտալ Քուրդիստանին»: Անդրանիկը բանագնացներին պատասխանեց, որ նպատակ չունի հարձակվելու «Քուրդիստանի» վրա, այլ կամենում է, որ քրդերը դադարեն Ադրբեջանի և օսմանյան թուրքերի ձեռքում գործիք ծառայել հայերի դեմ և չփակեն այլևս Գորիս-Շուշի ճանապարհը հայերի առաջ:

Անդրանիկը այդ օրը գիշերեց Ավդալարում, պատրաստվելով հաջորդ օրը, դեկտեմբերի 1-ին, արշավելու դեպի Շուշի:

2. ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՄՏՆԵԼ ՂԱՐԱԲԱՂ

Բայց մի անակնկալ դեպք, որը վճռական նշանակություն ունեցավ Ղարաբաղի ամբողջ հետագա ճակատագրի համար, խանգարեց հայ ժողովրդի քաջամարտիկ հերոսին իր երկօրյա լարված հաղթական մարտերից և զգալի մարդկային կորուստներից հետո մուտք գործել Ղարաբաղ:

1918 թվի դեկտեմբերի 1-ին, երբ Անդրանիկը եռանդուն պատրաստությունների մեջ էր` իր մարտիկների ջոկատով դեպի Շուշի սլանալու համար, Շուշուց ուղարկված մի տարեց ձիավոր հայ, շտապ ծոցից հանելով մի ծրար, հանձնեց Անդրանիկին: Դա Շուշու նախկին քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի անունով Բաքվից ստացված հեռագիր էր մի ոմն անգլիական գեներալ-մայոր Թոմսոնի ստորագրությամբ, որը իրեն համարում էր Անդրկովկասի անգլիական զորքերի հրամանատար:

Հեռագրի մեջ Մելիք- Շահնազարյանից պահանջվում էր անհապաղ հայտնել Անդրանիկին` դադարեցնել զորաշարժը դեպի Շուշի, մինչև Թոմսոնի Բաքվից ուղարկած զինվորական ներկայացուցիչների գալը Անդրանիկի մոտ:

Հեռագիրը առաջ բերեց Անդրանիկի և նրա զինակիցների մեջ կատաղի զայրույթ: Ղարաբաղցի սպաները առաջարկեցին չհավատալ հեռագրին, կասկած հայտնելով, որ այն սարքված է Ադրբեջանի կառավարության կողմից` խափանելու Անդրանիկի մուտքը Ղարաբաղ և պահանջեցին շարունակել զորաշարժը դեպի Շուշի: Բայց հեռագրում բերված սպառնալիքը, թե «... զորաշարժի դադարեցման պահանջը չկատարելու դեպքում հայերի գերծողությունները կդիտվեն իբրև թշնամական ակտ Մեծ Բրիտանիայի կայսրության դեմ», ստիպեց Անդրանիկին ավելի զգույշ լինել և որոշ ժամանակ սպասել Ավդալարում անգլիական ներկայացուցիչների գալուն:

***

Անգլիացիների մուտքը Անդրկովկաս առանձին խանդավառությամբ ընդունվեց հայերի կողմից: Եվ դա հասկանալի էր: Կարծում էին, որ կենտրոնական պետությունների դեմ դաշնակիցների տարած վճռական հաղթանակով ապահովվում էր հայության մնացորդների ֆիզիկական գոյությունը կոտորածների վտանգից: Բացի դրանից, հուսալի հեռանկարներ էին բացվում չարաբաստիկ «Հայկական  հարցի» լուծման համար:

Ղարաբաղի հայության և առանձնապես նրա մտավորականության կողմից նույնպես անգլիացիների երևալը Բաքվում ընդունվեց խորին բավականությամբ: Հույսեր էին տածու, թե անգլիացիների գալով կվերանա թուրքական վտանգը, որ Ղարաբաղը կազատվի կղզիացումից, որ կբացվեն և անվտանգ կդառնան ճանապարհները, կվերսկսվեն բարիդրացիական հարաբերությունները հարևան մուսուլմանների հետ, կհաստատվի երկրում կայուն խաղաղություն, ժողովրդի պարենային ծանր վիճակը կթեթևանա և, վերջապես, Ղարաբաղի Հայաստանին վերամիավորվելու հարցը կլուծվի դրականորեն:

Սակայն քչերը գտնվեցին, որոնք տակավին չէին մոտացել պատմության ու մոտիկ անցյալի դասերը և քաղաքական իրադրության մեջ տեղի ունեցած այդ առերևույթ նպաստավոր փոփոխությունը գնահատեցին ավելի զգաստ:

Անգլիացիները չէի՞ն, որ դեռևս 18-րդ դարից սկսած դարձել էին հենարան օսմանյան անարգ բռնակալության ու թուրքական լծի տակ հեծող մանր ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի կատաղի թշնամին: Այդ դեռևս անցյալում: Իսկ վերջին ամիսներում անգլիացիները չէի՞ն, որ դավով ու խաբեությամբ տապալել տվին Շահումյանի կառավարությունը և այդպիսիով նպաստեցին Բաքվի անկման ու տեղական հայերի կոտորածին: Այդ նույն անգլիացիներն էին 1918 թվի սեպտեմբերի 20-ի ոճրագործության հեղինակները: Իսկ Անդրանիկի արշավը դեպի Ղարաբաղ կասեցնելու համար Բաքվի անգլիական հրամանատարության հեռագիրը չէ՞ր ապացուցում արդյոք, որ անգլիացի ծովահենները Բաքու մուտք գործելու առաջին իսկ վայրկյանից ստանձնել են այդ երկրի ռեակցիոն բեկական-կալվածատիրական կառավարության նվաճողական հավակնությունների հովանավորությունն ընդդեմ Ղարաբաղի բազմատանջ հայության, դառնալով այսպիսով օսմանյան թուրքերի քաղաքականության հետևողական շարունակողները Ադրբեջանում: Գիտակցելով այդ ամենը, մի՞թե կարող էր լավ բան սպասել Ղարաբաղը խորամանկ Ալբիոնի ներկայացուցիչների մուտքից: Իհարկե, ոչ: Եվ Ղարաբաղի գործիչներից ավելի զգոն տարրերը անհրաժեշտ համարեցին առնել իսկույն Մելիք- Շահնազարյանի ձեռքից  անգլիական հրամանատարության հեռագիրը, որպեսզի չկարողանա այն ուղարկել Անդրանիկին: Բայց, ինչպես տեսանք, այդ չէր հաջողվել. Մելիք Շահնազարյանը կարողացել էր շտապ մարդ գտնել ու հեռագիրը արագ տեղ հասցնել: Նույն մարդիկ միաժամանակ առաջարկեցին «ժողորդական կառավարության» նախագահ Իշխանյանին անհապաղ հանդես գալ ժողովրդին ուղղված մի դեկլարացիայով, թե Ղարաբաղի կառավարությունը վերստին անցնում է իշխանության գլուխ և վերսկսում է իր ժամանակավորապես ընդհատված աշխատանքը, թե ձեռնարկված է շտապ հրավիրելու ժողովրդական համագումար նոր կառավարություն կազմելու համար:

«Ժողովրդական կառավարության» անմիջապես իշխանության գլուխ անցնելու կենսական անհրաժեշտությունը հանգամանորեն պատճառաբանվեց և հիմնավորվեց Շուշու «Ապառաժ» թերթի 1918 թ. դեկտեմբերյան մի շարք համարներում:

Առաջին գործնական քայլը, կրկին իշխանության գլուխ անցած Ղարաբաղի կառավարության, այն պիտի լիներ, որ նա արագ միջոցներ պիտի ձեռք առներ Ղարաբաղի զինված ուժերով բռնելու Ասկերանը` արգելելու համար ադրբեջանական և այլ թշնամի ուժերի մուտքը Ղարաբաղ:

Կասկածից միանգամայն դուրս է, որ անգլիական հրամանատարության մուսուլմանասեր քաղաքականաության վտանգը Ղարաբաղի նկատմամբ չեզոքացնելու միակ խելացի միջոցառումը այն կարող էր լինել, որ Ասկերանում հայերի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ անգլիական հրամանատարության ներկայացուցիչները տեսնեին Ղարաբաղում պատկառելի կազմակերպվածությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու իրական ուժ և աներեր վճռականություն:

Սակայն կույր հավատը և վստահությունը անգլիական օկուպանտների նկատմամբ դարձրել էր մարդկանց թուլամորթ, անհեռատես և անվճռական, ջլատել էին իրադրությունը ճիշտ հասկանալու ր գնահատելու կարողությունը:

***

Անգլիական հրամանատարությունը Անդրանիկին երկար սպասել չտվեց: դեկտեմբերի 2-ին Թոմսոնի կողմից Բաքվից ուղարկված երկու անգլիական սպաները հասան Շուշի, ընդունվելով հայ բնակիչներից ուրախության անկեղծ ցույցերով: Նրանք կարճատև հանգստից հետո շարունակցին իրենց ճանապարհը Ավդալար:

Անդրանիկը անգլիացի սպաներին ընդունեց զուսպ զայրույթով և շատ սառը: Նա հայտնեց իր զարմանքը, որ ստիպում են իրեն կրկին վերադառնալ Գորիս, մինչդեռ ինքը գտնվում է Հայաստանի տերիտորիայում և հետևապես ազատ է շարժվելու, ուր կամենա: Նա հատկապես վշտացած էր այն բանից, որ իրեն վերադառնալ ստիպողները հայերի «դաշնակից» համարված անգլիացիներն են:

Սպաները իրավունք չհամարեցին, ավելի ճիշտ, չհամարձակվեցին պատասխանել Անդրանիկին, տեսնելով նրա զայրույթից հուրհրատող ապառնալից աչքերը, այլ կեղծ ակնածանքով հանձնեցին նրան Թոմսոնի նամակը:

Նամակում պահանջվում էր դաշնակից բարձր հրամանատարության անունից դադարեցնել զորաշարժը դեպի Շուշի և վերադառնալ Գորիս: Այնուհետև գրեթե բառացի, կրկնվում էր նույն սպառնալիքը, ինչ ասված էր նախորդ օրը ստացած հեռագրում, եթե Անդրանիկը հրաժարվեր կատարել Թոմսոնի պահանջը:

Անդրանիկը տեղի տվեց և զորամասով վերադարձավ Գորիս, կատարելով այդպիսով ճակատագրական մեծ սխալ:

Մի քանի օրից հետո եկան կրկին Անդրանիկի մոտ Թոմսոնից ուղարկված երկու կապիտաններ` մի անգլիացի և մի ֆրանսիացի:

Այս անգամ Թոմսոնը պահանջում էր Անդրանիկից հորդորել Ղարաբաղի հայերին «դադարեցնելու ռազմական գործողությունները մուսուլմանների դեմ», չնայած որ այդպիսի գործողություններ առհասարակ տեղի չէին ունենում հայերի կողմից, մանավանդ օսմանյան թուրքերի քաշվելուց հետո:

Միանգամայն պարզ էր, որ Ադրբեջանի ղեկավարները պրովոկացիոն լուրեր էի տարածել հայերի մասին, թե ղարաբաղում անիշխանություն է և հայերը իբրև թե ակտիվ կռիվներ են մղում ադրբեջանցիների դեմ, իսկ Թոմսոնը չէր բարեհաճել նախապես ստուգելու իրողությունը, հավատ ընծայելով ադրբեջանցիների սուտ հավաստիացումներին:

Ադրբեջանի կալվածատերերի այդ ճարպիկ դավերը հայերի դեմ կատարվում էին մի նպատակով` հետագայում արդարացնելու արդեն նախապատրաստվող հարձակումներ հայկական բնակավայրերի վրա:

Անգլիական խորամանկ գեներալին այս անգամ էլ հաջողվեց թելադրել իր կամքը Անդրանիկն, որը կազմեց և Գորիսի տպարանում տպագրել տվեց հետևյալ հրամանը, որը հետո տարածվեց Ղարաբաղում[4]:

Հայկական հատուկ հարվածող զորամասի պետ

Նո. 640

1918թ.

Գեներալ Անդրանիկի հրամանը

Վանադայի, Դիզակի, Խաչենի և Ջիվանշիրի զինվորական հրամանատարներին, բոլոր կոմիսարներին և հայ ազգաբնակչությանը.

Այս հրամանը ստանալուն պես անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները թյուրքերի և տաճիկների դեմ: Դաշնակիցները մեզանից պահանջում են անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Ինձ մոտ են եկել անգլիական և ֆրանսիական մի-մի կապիտան և հայտարարել են, որ արդեն որոշված է Կովկասում չթույլատրել պատերազմելու: Տաճկական զորքերը պետք է հեռանան: Բաքուն և Բաթումը գտնվում են անգլիացիների ձեռքում և նրանք շարժվում են դեպի Թիֆլիս: Բոլոր հարցերը պետք է որոշվեն խաղաղարար կոնգրեսում: Դաշնակիցների ներկայացուցիչների ձեռքով ինձ հանձնված նամակի մեջ անգլիական գլխավոր հրամանատար Թոմսոնը զգուշացնում է, որ այսուհետև ամեն թշնամական գործողություն կարող է վատ անդրադառնալ հայկական հարցի լուծման վրա:

Գեներալ-մայոր ԱՆԴՐԱՆԻԿ

 

3. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՐՈՍԱԿՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՏԻԺ ԱՎԵՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԸ

Անդրանիկի Ղարաբաղ անցնելու արգելքը և ապա նրա հրամանը, բնականաբար, չէր կարող բացասաբար չանդրադառնալ ղարաբաղի հայ բնակչության տրամադրության վրա:

Հիասթափությունը փոխվեց հուսահատության, երբ Ադրբեջանը անգլիացիների միջոցով Անդրանիկի մուտքը Շուշի ձախողելու հետո, իր իշխանությունը Ղարաբաղի վրա տարածելու համար, բոլորովին ազատ համարեց իր ձեռքերը` դիմելու տեռորի և ջարդերի քաղաքականության:

Անդրանիկի հրամանը Ղարաբաղում տարածվելուց հետո` Կարիագինոյի, Ջեբրայիլի, Թարթարի և Ղարաբաղի սահմանակից այլ վայրերի մուսուլմանները Ադրբեջանում ապաստան գտած թալեաթական սպաների ղեկավարությամբ սկսեցին կատաղի արշավանքներ գործել հայկական գյուղերի վրա, թալանելով և կոտորածի ենթարկելով բնակիչներին:

1919 թվականի հունվարի սկզբներին Շուշում կազմված Ղարաբաղի ժամանակավոր ազգային խորհուրդը նույն ամսի 12-ին այդ վայրագությունների առթիվ անգլիական հրամանատարության ուղղած գրության մեջ հայտնում էր. «... Առաջին անգլիական միսիայի (Շուշի) գալուց հետո Բաքվում գտնվող դաշնակից զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնի հրամանով բոլոր ռազմական գործողությունները մեր (հայերի) կողմից դադարեցվեցին, ինչպես այդ մասին շատ անգամ բանավոր հայտնված է ձեզ: Մինչդեռ Ադրբեջանի զորքերը կազմակերպված բանդաների հետ միասին մինչև օրս շարունակում են կործանել հայկական գյուղերը, սպանել անպաշտպան հայերի, բռնաբարել կանանց, քշել անասունները և թալանել հայ գյուղերի ունեցվածքը: Բրիտանական միսիայի Շուշի գալուց հետո[5], 1918 թ. դեկտեմբերի 22-ին և 23-ին Ալիանլու գյուղի մուսուլմանները հարձակվեցին Արփա-Գյադուկ, Թեզխարաբ, Սպիտակ-շեն, Պետրոսաշեն և Խծաբերդ գյուղերի վրա, ավերելով և կողոպուտի ենթարկելով նրանց: Այդ հարձակումների ժամանակ սպանվեցին 30-ի չափ հայ գյուղացիներ: Դեկտեմբերի 22-ին Ղաջար գյուղի մուսուլմանները հարձակվեցին Մաշադիքենդ գյուղի վարուցանքով զբաղված հայ գյուղացիների վրա, սպանեցին երկուսին և քշեցին անասունները: Դեկտեմբերի 24-ին Յաղլաքենդ գյուղի մուսուլմանները հարձակվեցին հայկական Սոս գյուսի վրա և քշեցին 2 ձի և 4 գոմեշ:

1919 թ. հունվարի 2-ին ալիանլուեցի մուսուլմանները կրկին հարձակում գործեցին Խծաբերդի վրա, սպանեցին երկու հայերի, վիրավորեցին շատերին, հրդեհեցին գյուղի հարդանոցները և քշեցին անասունների մի մասը:

Հունվարի 5-ին Մալիբեկլի գյուղի մուսուլմաններն սպանեցին երկու հայ գեղջկուհիների Ֆարման կոչված վայրում: Հունվարի 6-ին ադրբեջանցիների և օսմանյան թուրքերի ձեռքով ավերված Ղարաղշլաղ գյուղի գյուղացիներից 30 մարդ, որոնք գնացել էին այդ գյուղը թաքցրած հորերից ցորեն բերելու, ենթարկվեցին մուսուլմանների հարձակման. ղարաղշլաղցիներից մի հոգի վիրավորվեց, իսկ 15 հոգի գերի տարվեցին իրենց բեռնակիր անասուններով, որոնց վիճակը հայտնի չէ մինրև օրս:

Նույն հունվարի 6-ին ադրբեջանական ջոկատները դուրս գալով Կարիագինոյից, գիշերը շրջապատեցին հայկական Դուդուկչի գյուղը և ապա ներխուժելով տները, սպանեցին 5 մարդ, վիրավորեցին շատերին, հրդեհեցին հարդանոցները և քշեցին տավարը:

Հունվարի 8-ին ադրբեջանական զինված ուժերը տաճկական ասկերների հետ, տաճիկ սպա Իսմայիլ-Փեհրի-բեյի գլխավորությամբ հարձակվեցին հայկական Ճարտար գյուղի վրա, բայց ետ մղվեցին:

Հունվարի 9-ին և 10-ին ադրբեջանական ուժերը դարձյալ տաճկական ասկերների և այս անգամ նաև ալիանլուեցիների հետ, թվով մի քանի հազար մարդ, կրկին հարձակվեցին հայկական Խծաբերդ և Խանձաձոր գյուղերի վրա: Այդ հարձակման ժամանակ հայերից սպանվեցին 5 մարդ, հրդեհվեցին գյուղերի հարդանոցները և քշեցին անասունները ...»[6]:

Ազգային խորհուրդը երկու օր հետո, հունվարի 14-ին, լրացուցիչ հայտնում է Շուշու անգլիական միսիային. «Ասկերանի Բերդի շրջանում Ադրբեջանի զորքերը քանդել և ոչնչացրել են հայերի 16 ջրաղացներ և հափշտակել այնտեղ գտնված հացամթերքները, այդպիսով այդ շրջանի հայ բնակչությանը զրկելով հացահատիկը ալյուրի վերածելու հնարավորությունից:

Ադրբեջանի զինված բանդաները շարունակում են թալանել հացահատիկի պաշարները և քշել անասունները Ասկերանի շրջանի հայկական գյուղերից:

Ադրբեջանի զորքերը, միացած Ադրբեջանում ապաստան գտած օսմանյան ասկերներին և տեղական բանդաներին, տաճկական սպաների ղեկավարությամբ սկսել են հարձակումներ գործել այս անգամ Կարիագինոյի գավառի հայկական գյուղերի վրա:

Ադրբեջանական զինված ջոկատները, մուտք գործելով հայկական Ղարաբաղի տերիտորիան, բանդիտական ազատ գործողություններ են ծավալում Ասկերանի և Խանքենդու (ներկայիս Ստեփանակերտի - Հ. Թ.) միջև ընկած խճուղու երկարությամբ[7]:

***

Հայերի բողոքները ադրբեջանական և տաճկական միացյալ զինված ուժերի հարձակումների առթիվ ամենանվազագույն ուշադրության իսկ չէին արժանանում անգլիական հրամանատարության կողմից: Գեներալ Թոմսոնը ոչ մի միջոց ձեռք չէր առնում ստիպելու Ադրբեջանի կառավարությանը` վերջ դնելու հայերի սպանություններին ու գյուղերի ավերումներին: Մինչդեռ հայերի դեմ ուղղված Ադրբեջանի ամեն մի հերյուրած, միտումնավոր, ստահոդ գանգատն արժանանում էր ամենամեծ ուշադրության և առիթ ծառայում նույն անգլիական հրամանատարության համար ուղղելու հայերի հասցեին անհաշիվ հանդիմանություններ ու սպառնալիքներ:

Ժողովուրդը տեսնում էր և համոզվում, ու «դաշնակից» և «բարեկամ» հորջորջվող անգլիացիների օրոք ևս Ղարաբաղի դրությունը դեպի լավը փոխվել չի կարող: Ընդհակառակը, քանի գնում, այնքան սրվում էր իրադրությունը և տագնապը սաստկանում:

Ղարաբաղի ազգային խորհուրդը 1919 թ. հունվարի 15-ին Բաքվի հայոց ազգային խորհրդին ուղղած իր նո. 144 գրության մեջ ի միջի այլոց հայտնում էր. «... Մենք, որ տաճիկների տիրապետության օրերին պաշտպանել ենք մեր երկիրը, մեր պատիվն ու մեր ժողովրդի ֆիզիակական գոյությունը, անգլիական միսիան այստեղ ժամանելուց հետո, մեր ամբողջ հույսը դնելով նրա վրա, դիմել ենք խաղաղ կյանքի, հաստատ հավատացած լինելով, որ մեր կյանքի դեմ ոչ մի դավ չէ նյութվելու: Բայց երևում է, որ այդպես գործելով չարաչար պիտի պատժվենք ու հիմնահատակ կործանվենք շնորհիվ մեր վստահության»:

Դժբախտաբար, այդ «վստահության» կորստաբեր լինելու բավականաչափ ուշ արթնացած գիտակցությունը փոխանակ խթանելու ազգային խորհրդին` հրաժարվելու իր թուլամորթ, երկրի համար կործանարար, Ղարաբաղի հնօրյա պայծառ համբավը արատավորող գործողության դատապարտելի եղանակից և կտրուկ շրջադարձ կատարելու իր քաղաքականության մեջ անգլիացիների նկատմամբ, նա չշեղվեց մի անգամ ընտրած կորստաբեր ուղուց, շարունակելով «վստահության» իր ստրկամիտ քաղաքականությունը:

Սակայն շարունակենք ծանոթանալ Ազգային խորհրդի հուսաբեկ գանգատին, որից կարելի է բավականաչափ հստակ պատկերացում կազմել Ղարաբաղի ընդհանուր վիճակի մասին այդ ծանր օրերին[8]:

«Եվլախի ճանապարհը միանգամայն անապահով է հայերի համար, - գրում է ազգային խորհուրդը, - ավելի ևս երկաթուղիներում: Մյուս կողմից բոլոր հեռագրատները Ադրբեջանի իշխանության ներքո են: Ուստի ոչ մի հնարավորություն չունենք մեր կրիտիկական դրությունը հանդես բերել Բաքվում և մեր վիճակը տնօրինելու միջոցներ առաջարկել:

... Մենք ներկայումս ավելի անելանելի դրության մեջ ենք գտնվում, քան նույնիսկ առաջ ... Շուշու անգլիական միսիան մեզ պարզապես հայտնել է, որ ինքն անուժ է թուրքերի հարձակումների առաջն առնելու կամ հայ ժոովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու: Ինչո՞վ բացատրել գեներալ Թոմսոնի լռությունը, չէ՞ որ Ղարաբաղի հայությունը օր չի լինում, որ հարձակման չենթարկվի: Ճանապարհները կտրված են, և մենք շրջապատվում ենք ամեն կողմից: Այդ ամենի մասին Շուշու անգլիական միսիան հեռագրով և նամակներով հայտնում է գեներալ Թոմսոնին (?), բայց վերջինս, չհավատալով նույնիսկ իր սպաների այդ զեկուցումներին, միանգամայն անուշադրության է մատնում 200 հազար հայության կրիտիկական վիճակը: ... «Ազերբայջան» պաշտոնական թերթի մեջ տպագրվում են հազար տեսակ ստահոդ լուրեր Ղարաբաղի հայերի ապստամբության մասին և ոչ ոք մեզնից հնարավորություն չունի հերքելու, քանի հեռագրատները նրանց (թյուրքերի) ձեռքին են, ներ բողոքը տեղ չի հասնում:

... Մինչև օրս մենք պաշտպանվել ենք տաճկական զորքերի և տեղական մահմեդականների դեմ և ինքներս մեզ կառավարել ենք առանց  դրսից որևէ օգնություն ստանալու: Մի ամբողջ տարի մենք տարել ենք հազար ու մի տանջանք, բայց մեր ազատության և անկախության վրա թույլ չենք տվել ոչ ոքի բռնանալու: Ներկայումս էլ մեզ համար ցանկալի է, որ անգլիական միսիան ինքը կառավարե Ղարաբաղի հայությունը, մինչև մեր վիճակը կորոշվի խաղաղաբար վեհաժողովում ... Որպեսզի պարզ լինի մեր ներկա վիճակը, կարևոր ենք համարում հայտնել, որ հունվարի 5-ից (1919 թ.) սկսած Ադրբեջանի զորքերը, Ղարաբաղում մնացած թուրքական ասկերները և զանազան մուսուլման խմբեր զինվորական շտաբ են կազմակերպես Աղդամում տաճիկ սպաների գլխավորությամբ, բերել են տվել մեծ քանակությամբ ռազմամթերք, թնդանոթներ, գնդացիրներ, մի քանի հազար մարդից բաղկացած բանակ ուղարկել են Զաբուղի ձորը և կրկին գրավել են Ասկերանը և նոր զորք ուղարկել Խանքենդի:

Այդ ամենից երևում է, որ մեզ շրջապատում են թե ճակատից և թե թիկունքից ... իսկ մենք ճշտությամբ կատարելով անգլիական միսիայի պահանջները, ոչ մի միջոց չենք ձեռնարկում դրա առաջն առնելու, ուրիշ խոսքով, մենք մեր ձեռքով փորում ենք Ղարաբաղի հայության գերեզմանը[9]:

Միանգամայն ճշմարտացի խոստովանություն և որակում սեփական կարճատես, թուլամորթ և հանցավոր քաղաքականության:

Ժողովրդի ծանր նյութական վիճակի մասին ազգային խորհուրդը հայտնում է. «Ժողովուրդը նյութական ծանր դրության մեջ է: Տնային բոլոր իրերը, անկողինը և մինչ իսկ շորերը շուկա է հանել ծախելու մի կտոր հաց ձեռք բերելու համար»[10]: Այդ խոսքերը վերաբերում էին գլխավորապես քաղաքի հայ բնակչության տնտեսական դրությանը, թեև գավառի բնակչության մեծ մասի պարենային վիճակը նույնպես նախանձելի չէր:

Նամակի վերջում ազգային խորհուրդը խնդրում էր նյութական (դրամական) օգնություն:

Ադրբեջանի կառավարության կազմակերպած հարձակումների առաջն առնելու համար անգլիական հրամանատարությունը, ինչպես ասացինք, չդիմեց որևէ միջոցի, հակառակ Ղարաբաղի և Բաքվի ազգային խորհուրդների բազմիցս բողոքների: Չդիմեց որևէ միջոցի, որովհետև այդ հարձակումները ծրագրված էին համատեղ գեներալ Թոմսոնի հետ: Դա չափազանցություն չէ: Այդ անհերքելիորեն ապացուցվեց, երբ մի քանի ամիս հետո քաղաքի հայկական մասը ենթարկվեց, Շուշու անգլիական միսիայի խորհրդով և անգլիական Բաքվի հրամանատարության գիտությամբ, Սուլթանովի բանդիտների գնդակոծմանը, իսկ մի օր չանցած Շուշու մերձակա մի շարք հայկական գյուղեր սկսեցին ավերվել և կոտորածի ենթարկվել նույն ադրբեջանցի բանդիտների ձեռքով, Շուշու անգլիական միսիայի և Բաքվից եկած անգլիական սպաների աչքերի առաջ: Եվ այդ բոլոր չարագործությունները կատարվում էին անգլիական հրամանատարության սադրանքներով, ունենալով մի նպատակ - ստիպել Ղարաբաղի հայությանը ենթարկվելու Ադրբեջանին:

Գեներալ Թոմսոնը այնքան էր հղփացել Ադրբեջանի կառավարության առատաձեռն «նվերներով» և լկտիացել անգլիական գլխավոր հրամանատարության խրախուսանքներով, որ գործում էր համարձակ, առանց քաշվելու անգամ դաշնակից ֆրանսիացիներից, որոնց ներկայացուցիչը Թիֆլիսում բացարձակ դեմ էր արտահայտվել անգլիացի սպաների Ադրբեջանում վարած թյուրքոֆիլ քաղաքականության: Նա ասել էր, որ այդ քաղաքականությունը «բնավ չի համապատասխանում այն խնդիրներին որոնք դրվում են դաշնակիցների կողմից: Դա ըստ երևույթին զինվորականների քաղաքականությունն է, որոնք, ինչպես երևում է, լավ յուրացրել են հնդկական և պարսկական գաղութային քաղաքականության պրիոմները»[11]:

Ֆրանսիացին, իհարկե, սխալվում էր, ենթադրելով, թե անգլիական զինվորականները արևելյան Անդրկովկասում գործում են ինքնագլուխ,  առանց անգլիական կենտրոնական իշխանությունների սանկցիայի, ղեկավարվելով լոկ գաղութային երկրներում «յուրացրած» քաղաքականության «պրիոմներով»:

(շարունակություն)

 

[1] Անգլիայի Համայնքների պալատի անդամ: Բնաբանը (էպիգրաֆ) քաղված է 1914-1918 թվերի Համաշխարհային պատերազմի նախօրյակին բանաստեղծ Հովհ. Թումանյանի հետ Բեքստոնի ունեցած զրույցից: Տես` ՀՍՍՌ Պետական պատմական կենտրոնական արխիվի ֆոնդ 223, գործ 72, թերթ 27:

[2] Ստեփան Սարգսյանը, որը հայտնի էր Ստեսար կեղծանունով, բնիկ ղարաբաղցի էրԼ Նա միջնակարգ կրթությունը ստացել էր Գևորգյան ճեմարանում, իսկ բարձրագույնը` Պետերբուրգի գյուղատնտեսական ինստիտուտում: Սարգսյանը երկար ժամանակ աշխատակցել էր Թիֆլիսի և Շուշու հայկական թերթերին Ստեսար ստորագրությամբ: Նա իր համեստ և ազնիվ բնավորությամբ, իր անձնվեր հայրենասիրությամբ ու քաջությամբ հարգված ու սիրված էր ամենքի կողմից:

[3] Անդրանիկի բազմաթիվ հերոսական սխրագործությունների դեպքերով հարուստ կյանքի մի քանի այդպիսի բախտավոր դիպվածները առիթ էին ծառայել հյուսելու նրա «անխոցելիության» լեգենդը, որը հավանորեն ծագելով իր զինակիցների շրջանում, այնուհետև տարածվել էր հայ ժողովրդի մեջ և նույնիսկ անցել հարևան ժողովուրդներին` թուրքերին, քրդերին և ռուսներին:

Պատմում են, օրինակ, այսպիսի մի դեպք: Երբ 1917 թվին Անդրանիկը գտնվում էր Հյուսիսային Կովկասի Արմավիր քաղաքում, նրան այցելության են գալիս Դոնի կոզակներ, որոնք առաջին համաշխարհային պատերազմում, Կովկասյան ճակատում, մասնակցել էին Անդրանիկի կամավորական ջոկատների հետ թուրքերի դեմ մղված կռիվներին: Կոզակները հենց որ տեսնում են Անդրանիկի, չոքում են նրա առաջ, համբուրում հագուստի փեշերը և խոր գլուխ տալիս: Երբ արմավիրցի ռուսները հարցնում են, թե ինչը ստիպեց նրանց այդ ձևով տեսակցել մի հայ զինվորականի հետ, դրան կոզակները պատասխանում են. «Անդրանիկը ոչ միայն հերոս է, այլև սուրբ մարդ է. պատերազմի ահեղ մարտերում, երբ նա սուրը մերկացրած սլանում էր իր նժույգի վրա դեպի թշնամին, նրա վրա կարկուտի պես գնդակներ էին տեղում, բայց ապարդյուն, ոչ մեկը նրան չէր խոցում ...»:

[4] Զետեղում ենք անփոփոխ իսկականից մեքենագրած օրինակից, որ պահվել էր ընկեր Արշավիր Քամալյանի մոտ: Հ. Թ.

[5] Խոսքը անգլիական այն միսիայի մասին է, որ գեներալ Թոմսոնը Շուշի ուղարկեց ոմն մայոր Մոնկ-Մեզոնի գլխավորությամբ, Անդրանիկին Ավդալարից Գորիս վերադարձնելուց հետո:

Այդ միսիայի կազմի մեջ էր մտցված իբրև թարգման, բայց իրապես Ադրբեջանի գործակալ ու լրտես, մուսուլմանական նախկին «դիկայա դիվիզիայի» ռուս սպա Մասլեննիկովը:

Միսիայի առաջի գործն այն եղավ, որ սկսեց իր պրոադրբեջանական քաղաքականության օժանդակողների հավաքագրում կատարել հայ կոչվող տականքներից և նրանց միջոցով գաղտնի պրոպագանդ մղել և հետախուզական աշխատանք կատարել Ղարաբաղում: Եվ, դժբախտաբար, քիչ չգտնվեցին դավաճաններ, ինչպես Սոկրատ-բեկ Մելիք Շահնազարյանը, միլիցիապետ Միքայելյանը և այլք, որոնք դարձան փաստորեն ադրբեջանական ագենտ Մասլեննիկովի գործիքը` վնասելու իրենց գաղտնի և բացահայտ դավերով Ղարաբաղի հայության ազատագրական պայքարին, սիստեմատիկ տեղեկություններ հաղորդելով անգլիական միսիային Ղարաբաղի զինված ուժերի, զինամթերքի վիճակի, երկրի տնտեսական դրության, ժողովրդի տրամադրության, այս կամ այն գործչի և նրա գործունեության վերաբերյալ և այլն:

[6] ՀՊՊԿԱ, ֆ. 223, գ. 86, թերթ 52:

[7] Նույն տեղում, թ. 54:

[8] Բերում ենք որոշ հապավումներով:

[9] ՀՊՊԿԱ, ֆ. 223, գ. 86, թ. 46:

[10] Նույն տեղում, թ. 46:

[11] ՀՊՊԿԱ, ֆ. 213, գ. 72, թ. 21:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter