Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ոստիկանությունը չի դադարեցնում «Գառնի» արգելոցի շինարարությունը` «գյուղապետը չի դիմել մեզ»



«Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը «Գառնի» արգելոցում ընթացող ապօրինի շինարարությունը դադարեցնելու համար ոստիկանություն չի դիմել»,- այսօր «Հետքի» հարցմանն ի պատասխան` տեղեկացրին Ոստիկանության hասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը մեզ հայտնեց, թե ինքը երկուշաբթի օրը` փետրվարի 24-ին, պատվիրված նամակ է ուղարկել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին եւ զարմանք հայտնեց, թե ինչպես կարող էր նամակը հինգ օրում ոստիկանություն չհասնել: Մինչդեռ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի բողոքի հիման վրա, համայնքապետի ասելով, նույն օրը ոստիկանության Աբովյանի բաժանմունք են հրավիրվել եւ հարցաքննվել համայնքապետարանի աշխատակիցները, ովքեր միջամտել են եւ արգելոցի տարածքում աշխատող բանվորներից պահանջել դադարեցրել ապօրինի շինարարությունը:

Երեկ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի մոտ Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանի, ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի եւ նախարարության իրավաբանների մասնակցությամբ քննարկվել է շինարարության օրինականության հարցը: Ա. Վարդանյանի ասելով` ՊՈԱԿ-ի տնօրենը պնդել է, որ լիազոր մարմինը նախարարությունն է, եւ ինքը շինարարություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի թույլտվության կարիքը չունի: Այդ տեսակետը չեն պաշտպանել անգամ նախարարության իրավաբանները:

Սա, իհարկե, ամենակարեւոր հարցն է, որի մասին չեն ցանկանում բարձրաձայնել մշակույթի նախարարությունում եւ ոչ մի բացատրություն չեն տալիս հնչող այն պնդումներին, որ նախարարությունն անօրինական  շինարարություն է իրականացնում: Մշակույթի նախարարությունը, որ նման դեպքերում շատ հիմնավոր հրահանգներ է տալիս այլոց, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է իրականացնել շինաշխատանքները օրինականությունը պահպանելու համար, չէր կարող չիմանալ, որ շինարարություն սկսելուց առաջ նախ պետք է փաստաթղթերի օրինականությունն ապահովել: Նախարարության իրավաբանները հենց դրա համար են, որպեսզի կառավարությունը գոնե իրավական առումով անսխալ լինի:

Այնինչ, դեռեւս 2009թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած մշակույթի նախարարության գիտխորհրդի նիստում, որը նախագահել է Արեւ Սամուելյանը, ներկայացվել եւ հավանության է արժանացել «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում զբոսաշրջիկների համար սպասարկման կետ` բացօթյա սեզոնային սրճարան կառուցելու՝ ՊՈԱԿ-ի տնօրենի առաջարկը: Գիտխորհուրդն այդ նիստում 4 կետից կազմված որոշում է ընդունել, որից մեկով ՊՈԱԿ-ին հանձնարարվել է «հավանության արժանացած առաջարկի նախագծի մշակմանը անցնել»: «Մշակում» ասելով՝ նկատի է առնվել սրճարանի համար նախագիծ պատվիրելը: Խորհուրդը չի անդրադարձել ամենաառաջնային հարցին` կառուցապատման իրավունք ձեռք բերելուն:

Տեղին է նշել, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը այդ նիստում մոլորության մեջ է գցել գիտխորհրդի ադամներին՝ ասելով, թե «սրճարանը գտնվում է Գառնիի տաճարից բավականին հեռավորության վրա եւ չի նկատվելու, քանի որ թաքնված է ծառերի մեջ»: «Հենապատը տաճարից գտնվում է մոտ 90 մ հեռավորության վրա եւ մեծ ազդեցություն չունի տաճարի պատմամշակութային միջավայրի վրա, քանի որ տաճարի կողմից դիտելով` առաջին պլանում գտնվում է բաղնիքը ...»,- հայտնել է զեկուցողը:

Տեղում արված լուսանկարներից անգամ ակնհայտորեն երեում է, որ այն ոչ թե «թաքնված է ծառերի մեջ», այլ ընկուզենիների հովանու տակ է, ամենաաչքի ընկնող տեղում, իր դիրքով ավելի բարձրադիր վայրում է, քան Արքունի բաղնիքը եւ ստվերում է թողնում վերջինը:

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կադաստրային վկայական չունի, եւ նախարարությունը չի մտահոգվել այդ փաստով: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին ուղված մեր հարցին` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն ունի՞ կադաստրի վկայական, վերջինս պատասխանել էր. ««Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը վկայական չունի: Վկայականների կազմումը ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության իրավասությունն է: Կառավարության դեռեւս 2003թ. որոշման (չի ասվում, թե որ որոշման- Ս.Պ.) 4-րդ կետով հանձնարարվել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը` ՊՈԱԿ-ի տնօրինմանը հանձնված շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության գույքն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՊՈԱԿ-ին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` կնքելով համապատասխան պայմանագիր: Մինչ օրս, սակայն, նման պայմանագիր չի կնքվել»:

Մեր խնդրանքով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը մեկնաբանել է ՊՈԱԿ-ի տնօրենի բացատրությունը: «Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 26.01.2006թ. հ. 346-Ն որոշման համաձայն ՊՈԱԿ-ներին, այդ թվում նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ամրացված «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի անշարժ գույքը պետական գրանցում ստանալու համար նախ պետք է հանձնվի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը, ինչն առայսօր չի արվել վերոհիշյալ ՊՈԱԿ-ի կողմից: Պարզաբանենք, որ անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար պետք է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրվի: Մասնավորապես, պետք է ներկայացվի տեղեկատվություն անշարժ գույքի մասին՝ գույքի ու զբաղեցրած հողամասի մակերես, հաշվեկշռային արժեք, գույքի կազմ, վիճակ եւ այլն: Դրանից հետո, ըստ կարգի, հանձնաժողովի անդամները պետք է տեղազննություն կատարեն, անշարժ գույքի ուսումնասիրություն իրականացնեն, որից հետո միայն այն կարող է ընդունվել ՊԳԿ վարչության հաշվեկշիռ, ինչին կհետեւեն պետական գրանցումն ու  վկայականի տրամադրումը»:

Պետգույքի կառավարման վարչությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ ամենը հնարավոր է իրականացնել ցանկացած պահի: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ամրացված «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի անշարժ գույքի նկատմամբ հնարավոր կլինի ՀՀ սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնել անշարժ գույքը սահմանված կարգով վարչության տնօրինությանը հանձնելուց հետո: Նշված գործընթացի ավարտից հետո ՊՈԱԿ-ի հետ կկնքվի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կադաստրին ներկայացնելուց հետո միայն ՊՈԱԿ-ին կտրամադրվի անշարժ գույքի օգտագործման վկայական»,- նշված է «Հետքին» տրված պատասխանում:

Արգելոցի կադաստրային վկայական չունենալը միայն ՊՈԱԿ-ի տնօրենի անգործությամբ չպետք է բացատրել: Ամենայն հավանականությամբ, այն ի սկզբանե շատ լավ մտածված է եղել, որպեսզի անարգել կարողանան նախ` կառուցել սրճարանն ու դրա հարակից շինությունները (ջրահեռացում, զուգարան եւ այլն), որից հետո, եթե շատ անհրաժեշտ լինի, անշարժ գույքի վկայականն էլ կստանա, որտեղ արդեն, պատմամշակութային արժեքների հետ միասին, որպես արգելոցի անքակտելի մաս կամրագրվեն Վ. Պողոսյանի բիզնես կառույցները: Արգելոցի տարածքը կադաստրային վկայականով ամրագրելը մշակույթի նախարարությանը կզրկեր շինարարություն իրականացնելու հնարավորությունից:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ