HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարգսյանին արգելել են մուտք գործել Ջավախք

Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Վահե Սարգսյանին քիչ առաջ արգելել են մուտք գործել Ջավախք` հայ-վրացական Բավրայի մոտ տեղակայված վրացական անցակետից: Այսօր նա մեկնում էր Ախալքալաք` մասնակցելու Վահագն Չախալյանի եղբոր հարսանեկան արարողությանը:

Վահե Սարգսյանը այս պահին վերադառնում է Երևան: Կատարվածի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանեց հեռախոսով:

Վահե, ինչո՞ւ Ձեզ թույլ չտվեցին անցնել սահմանը:

Ամեն անգամ` արդեն 2010-ից մի փոքր ավելի երկար են հետազոտում անձնագիրս: 2009-ի վերջին մոտս թերթեր հայտնաբերեցին, և այդուհետ իմ անձնագիրը երկար են պահում իրենց մոտ: Մինչ 2010թ. վրացական անձնագրով էի գնում Ջավախք (Վահե Սարգսյանը Ջավախքից է, նրա ծնողները և հարազատները այնտեղ են ապրում-Ք.Ա.), իսկ 2010-ի վերջին ես ստացա ՀՀ քաղաքացիություն և հրաժարվեցի Վրաստանի քաղաքացիությունից, անձնագիրս հանձնեցի դեսպանատուն և այդուհետ ՀՀ անձնագրով էի գնում-գալիս: 3-4 ամիս նորմալ անցնում էի, և հավանաբար դեսպանատնից անձնագրիս տվյալները հասան համապատասխան տեղեր և արդեն նորից սկսեցին ձգձգել անձնագրիս զննումը սահմանում: Վերջին այցելության ժամանակ էլ երկար-բարակ` ավելի քան 30 րոպե զննեցին:

Եվ այսօր էլ երկար զննելուց հետո ինձ ներկայացրեցին թույլատրման-արգելման մի թուղթ` տրված Վրաստանի պարեկային ոստիկանության կողմից, կնքված ու ստորագրված պետի կողմից, որտեղ նշված է, որ այս անձնավորության ներկայությունը վտանգում է հասարակական միջավայրը, վտանգում է մարդկանց առողջությունը, Վրաստանի անվտանգությունը և քաղաքացիների իրավական շահերն ու արտոնությունները:

Փորձեցի՞ք ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատել:

Դեպքը մոտ 30 րոպե առաջ է տեղի ունեցել: Չեմ կարծում, որ իմաստ ունի դեսպանատուն դիմել, քանի որ ես համարում եմ, որ սա վերևներից եկած, նախօրոք մտածված որոշում է, և դեսպանատունը կարող է այդ ինֆորմացիան մուտք անել, որ քաղաքացին մեզ դիմել է, բայց դա ամիսներ կտևի, և չեմ կարծում, որ ինչ-որ փոփոխություն կլիներ և կասեին՝ կներեք, սխալ ենք եղել և այլն: Նրանք շատ մանրամասն ուսումնասիրեցին, անձնագիրս պատճենահանեցին և նկարեցին ինձ և այլն:

Այդ փաստաթուղթը մեկանգամյա՞ արգելք է, թե՞ այլևս իրավունք չունես մուտք գործել Ջավախք:

Ժամկետ նշված չէ: Ոնց որ անժամկետ թոշակի են ուղարկել ինձ:

Ինչի՞ հետ եք կապում սա:

Ինձ բոլորն էլ լավ ճանաչում են և գիտեն, որ ես զբաղվել եմ Ջավախքի իրավունքների պաշտպանությամբ իմ ուժերի ներածին չափով: Բարձրաձայնել եմ տարբեր խտրական մոտեցումները մամուլում, փորձագիտական շրջանակների և լրատվամիջոցների առջև ներկայացրել եմ ջավախքահայությանը հուզող խնդիրները: Ամենակարևորը, որ հարց առաջացրեց` իմ կողմից որոշակի գրականության տեղափոխելն է: Բայց դրանք ինչ-որ վտանգավոր գրականություն չի եղել, այլ Ջավախքի ժողովրդական հեքիաթներ, մամուլ և այլն, որը որևէ վտանգ չէր ներկայացնում: Դա ես նորմալ գործողություն եմ համարում, որը նաև ֆիքսված  է հայ-վրացական միջպետական պայմանագրում, որ մշակութային փոխգործակցություն կա: Միջազգային կոնվենցիաներով նույնպես նշվում է, որ մայր պետության հետ ազգային փոքրամասնությունները իրավունք ունեն մշակութային սերտ շփումներ ունենալ: Ես շարժվել են օրենքների և կոնվենցիաների կետերով և չեմ ափսոսում իմ արածի համար:

Ի՞նչ եք մտադիր անել:

Ես դեռ նոր եմ սահմանից վերադառնում: Լրատվամիջոցները կբարձրացնեն հարցը, բայց ուզում եմ նշել, որ երեկվա Մարգվելաշվիլու այցելության ֆոնին, որը շատ ջերմ ու բարեկամական էր, սա մտածելու տեղիք է տալու ՀՀ-ի ամենաբարձրաստիճան ղեկավարությանը, քանի որ ես նշել եմ, որ ՀՀ նախագահի նկարը երկար-բարակ նայել և շպրտել են և հաջորդ անգամ թույլ չեն տալիս այդ նկարը Ջավախք տանողին: Սա մտածելու տեղիք պիտի տա մեր երկրի բարձրաստիճան իշխանավորներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter