HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը շարունակվում է

Փետրվարի 28-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Շարբաթյանի սպանության գործով ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դատաքննության մեղադրանքի պաշտպանությանը Լոռու մարզի դատախազության դատախազներ Պետրոս Մարտիրոսյանի և Սոս Տոնոյանի հետ ներգրավվել էր նաև ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնակատար Սերգեյ Մարաբյանը: Դատակոչված 8 վկաները, թեև դատարանի բերման ենթարկելու մասին մի քանի որոշումներին, այս անգամ էլ չէին ներկայացել դատարան, որոնց հետ կապված Վանաձորի ոստիկանությունից կրկին հավատ չներշնչող արձանագրություններ էին ուղարկվել դատարան: Վկաների վերաբերյալ դատարանում հայտարարությամբ հանդես եկան ամբաստանյալներ Արեն Վերանյանը, Սամվել Դիլոյանը և պաշտպան Ռուբեն Հակոբյանը:

«Իմ պաշտպանյալների վիճակի մեջ էլ մտեք: Ինչու չի ուզում ոստիկանությունը վկաներին բերի: Ինչ-որ բանից վախենում են, երևի դեռ չեն հասցրել հետները նախապատրաստական աշխատանքներ տանել»,-ասաց պաշտպանը: Դատավոր Հովակիմյանը հայտարարեց, որ դեռ կանդրադառնա վկաներին: Դատարանն անցավ տուժողի իրավահաջորդ, վկա Հասմիկ Մանուչարյանի հարցաքննությանը: Վերջինս դատարանում հրաժարվեց իր նախաքննական այն ցուցմունքներից, որոնք ուղղակիորեն առնչվում էին Սամվել Շարբաթյանի սպանության ականատես վկայի`Հայկ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքների հետ: Հասմիկ Մանուչարյանը դատարանում հայտարարեց. «Ես իմ ախպորը հետ չեմ բերի և ես հայտարարեցի բոլորին, լինելով իրավահաջորդ, ես ունեմ իրավունք կարծիք հայտնելու, ես տղաներից ոչ բողոքում եմ, ոչ էլ պատրաստվում եմ գնդակահարության»:

Հասմիկ Մանուչարյանը դատարանին նաեւ հայտնեց, որ եղբոր` Սամվել Շարբաթյանի սպանությունից անմիջապես հետո իր քրոջ որդին, սպանությանը ականատես վկա Հայկ Ասլիկյանը իրեն ազգանուններով չի ասել, թե կոնկրետ ովքեր են սպանել եղբորը: «Հայկն ասել է իրենք»,- ասաց նա: Մեղադրող Սերգեյ Մարաբյանը դատարանին ներկայացրեց Հասմիկ Մանուչարյանի նախաքննական 03.12.2012թ.-ի ցուցմունքի այն հատվածը, որտեղ վկան հայտնել է. «Զրուցել եմ նաև Հայկի հետ, Հայկը հաստատել է, որ եղբորս ռեստորանի բակում ծեծի են ենթարկել մի խումբ տղաներ, կոնկրետ քանակը չասաց, բայց հաստատեց, որ ծեծողների մեջ եղել է Արտակը, Չուգունը (Արեն Վերանյանը) և Դիլոյանը: Հայկն ինձ ասաց, որ խառը հարվածում էին եղբորս, ինձ կոնկրետ չի ասել, թե նրանցից ով Սամվելի մարմնի կոնկրետ որ հատվածին է հարվածներ հասցրել»:

Նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո մեղադրող Մարաբյանը հարցեց վկային. «Դուք հստակ անուն էիք տալիս, որ Հայկն ասաց, որ հարվածում էին գլխին, ամբոխը գցել էր գետնին: Սա դու՞ք եք գրել, ճի՞շտ է» : «Ես եմ գրել»,- պատասխանեց վկան: «Ձեր ձեռքո՞վ, պնդու՞մ եք սա»,- կրկին վկային հարցրեց մեղադրողը: «Ես էլի եմ պնդում` անունները չտալով»,- պատասխանեց վկան: Մեղադրող Պետրոս Մարտիրոսյանը դատարանում կարդաց Հասմիկ Մանուչարյանի 19.02.2013թ.-ի լրացուցիչ ցուցմունքը, որտեղ վկան հայտնել է. «Ես համոզված եմ, որ ձեր մոտ հարցաքննությունների ժամանակ Հայկը տվել է ճիշտ ցուցմունքներ: Երբ ես գնացի «Մուշ» ռեստորան և տեսա եղբորս սպանված վիճակում, Հայկին հարցրի` ո՞վ է արել, ի՞նչ է եղել, նա հակիրճ ասաց այդ երեքի անունը, այսինքն, որ Սամվել Դիլոյանը, Արեն և Արտակ Վերանյանները ծեծելով սպանել են եղբորս»:

Հասմիկ Մանուչարյանն ասաց, որ ցուցմունքում ամբաստանյալների ազգանունները գրել է սեփական նախաձեռնությամբ: Մեղադրող Սերգեյ Մարաբյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին վկաներ Հասմիկ Մանուչարյանի և Հայկ Ասլիկյանի առերես հարցաքննության համար: Պաշտպան Ռուբեն Հակոբյանը առարկեց միջնորդությանը. «Եթե առերեսում եք անում, այն արեք կոնկրետ հակասությունների շուրջ»,- ասաց պաշտպանը և միջնորդության բավարարելու խնդիրը թողեց դատարանի հայեցողությանը: «Էդ գործի նյութերին ես շատ լավ ծանոթ եմ, եթե դուք ուշադիր եղել եք, վկան ասում է. «Չեմ ուզում այդ մարդկանց տեսնել», որից երևում է, որ նաև վկայի անվտանգության խնդիր է եղել: Մենք ունենք 2 վկաներ և 180 աստիճանի անկյան տրամաբանորեն հակասող ցուցմունքներ: Եթե անգամ անունների մասով վկան ասաց, որ անունները ինքն է գրել, դա չի փոխում ընդհանուր ցուցմունքների հետ կապված նշված հանգամանքերը, որովհետև Հայկ Ասլիկյանի՝ դատարանում տրված ցուցմուքնում էական ոչինչ չի ասվում, իսկ նախաքննական ցուցմունքում դետալ առ դետալ սկսած պատի հեռավորությունից ներկայացնում է սպանության հանգամանքերը: Փորձենք հասկանալ՝ որն է իրականությունը, որպեսզի մեղադրանքի կողմը հասկանա, թե որն է իր հաջորդ քայլը»,- ասաց մեղադրող Մարաբյանը: Միջնորդությանը առարկեց նաև Հասմիկ Մանուչարյանը: Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 11-ին: 

Մեկնաբանություններ (1)

datavor
Vkaner@ petq e hamaxmbven u miasnabar hastaten irenz tesaz@. Da vkaneri anvtangutyan paymanneriz mekn e. Dataxazutyunn el ir hertin petq e vkanerin qnni u bazahayti nranz ahabekox andzanz. Yereq srika dazanabar spanel en mi anpashtpan mardu u hima el irenz gishatich vohmakov sparnum en nuyn kerp varvel vkaneri het. Dranz petq e datel vorpes krknahanzagorz.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter