Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Թարգմանելիս ինձ համար կարևոր սկզբունք է իմ սուբյեկտիվ դիտանկյունը համարել երկրորդական»․ Արամ Թոփչյան



«Համլետի» նոր թարգմանությունը և թարգմանական խնդիրներ

Զրուցակիցս «Համլետի» հայերեն նոր թարգմանության, ուսումնասիրության ու մեկնությունների (Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2013) հեղինակ թարգմանիչ, մշակութաբան Արամ Թոփչյանն է:

Երկու գիշեր, երբ միասին այս պարոնայք`

Մարցելլուսը և Բեռնարդոն, պահակ էին,

Կեսգիշերվա մեռելային անապատում

Հանդիպել են ձեր հոր նման մի կերպարի,

Որ լիովին, ոտքից գլուխ զրահներով,                                                           

Հայտնվել է իրենց դիմաց վեհ քայլվածքով

Ու հեռացել դանդաղ, խրոխտ: Երեք անգամ

Նրանց ապշած ու զարհուրած աչքի առջև

Քայլել է նա` իր մականի չափով հեռու,

Մինչդեռ նրանք, ահից կարծես դոնդող դարձած,            

Կանգնել են լուռ, նրա հետ չեն փորձել խոսել:

Ինձ հայտնեցին սա երկյուղած գաղտնիությամբ,

Ես էլ երրորդ գիշերն իրենց հետ հսկեցի,

Եվ, ինչպես որ ասել էին, հենց իր ժամին

Ու նույն տեսքով, ամեն մի բառ հաստատելով,                                           

Ոգին եկավ: Ես ձեր հորը ծանոթ էի.

Այս ձեռքերն են նույնքան նման:

Թարգմանությունը` Արամ Թոփչյանի  

-Շեքսպիրի «Համլետը» թարգմանել` նշանակում է ոչ միայն տեքստի հետ առնչություն ունենալ այն հասանելի դարձնելու համար, որքան որ ես կարող եմ դատել իբրև ընթերցող, այլ համամարդկային հարցերին մեկ անգամ եւս նայել սեփական դիտանկյունից։ Այս տեսակետից թարգմանչական ի՞նչ խնդիրների եք առնչվել։

-Շեքսպիրին կամ որևէ այլ գրողի թարգմանելիս ինձ համար կարևոր սկզբունք է իմ սուբյեկտիվ դիտանկյունը համարել երկրորդական և փորձել հնարավորինս ճիշտ հասկանալ հեղինակին, թափանցել նրա ներաշխարհը, հետևել նրա մտքերի ընթացքին, անկանխակալ մոտեցմամբ ընկալել նրա ասելիքն ու միտումները և ինձ պատկերացնել նրա ապրած ժամանակի մեջ: Պարզ է, որ տարբեր մարդիկ նույն երկը կարող են տարբեր կերպ մեկնաբանել և որ թարգմանչի անհատականությունն իր թարգմանության մեջ այս կամ այն չափով երևում է անխուսափելիորեն: Բայց, ըստ իս, նա պետք է ձգտի դա հասցնել նվազագույնի` առաջին պլանում թողնելով հեղինակին: Այդպես չի վարվել, ասենք, Բորիս Պաստեռնակը: Շեքսպիրի երկերի նրա թարգմանությունները, անշուշտ, գեղեցիկ ռուսերենի ու բանաստեղծական արվեստի տեսանկյունից բարձրարժեք են, բայց երբ դրանք համեմատում ես անգլերեն բնագրի հետ, ամեն քայլափոխի Շեքսպիրի փոխարեն ակնհայտորեն տեսնում ես թարգմանչին: Օրինակ` Համլետն իր ամենահայտնի մենախոսության մեջ ասում է. to suffer / The slings and arrows of outrageous fortune?, որը ես թարգմանել եմ բառացի. «տանե՞լ վայրագ / Ճակատագրի պարսատիկներն ու նետերը»: Պաստեռնակը շեքսպիրյան այս պատկերավոր հատվածը «հարթեցրել է»` ստանալով Смиряться под ударами судьбы պարզունակ նախադասությունը: Կարելի է նման այլ բազմաթիվ օրինակներ բերել, նաև` հակառակ մոտեցման, երբ նա փորձել է որոշ հատվածներ գեղեցկացնել ու դարձյալ հեռացել է բնագրից: Այսպիսի դեպքերում տպավորություն է ստեղծվում, թե Պաստեռնակը Շեքսպիրի ոչ թե թարգմանիչն է, այլ հեղինակակիցը:    

-Կարո՞ղ ենք պնդել, որ, ինչպես մի շարք այլ ստեղծագործություններ, շեքսպիրյան գործերը «ժամանակի թարգմանիչներին» թարգմանական սկզբունքները վերանայելու խնդիր են դնում։ Այլ կերպ ասած՝ դրանք համաշխարհային այն դասական նմուշներից են, որոնց հանդեպ ամեն ժամանակ պահանջում է նոր մոտեցում և կոնցեպտ:

-Իմ նախորդ պատասխանում ես արդեն մասամբ անդրադարձա այս հարցին. թարգմանական հիմնական սկզբունքներից մեկն ինձ համար այն է, որ թարգմանությունը պետք է առաջին հերթին լինի ոչ թե թարգմանչի անհատականությունը ցուցադրելու, այլ թարգմանվող բնագիրը հարազատորեն վերարտադրելու միջոց: Այս առումով մերժելի եմ համարում անպայման յուրօրինակ մոտեցում ու կոնցեպտ որդեգրելու ձգտումը: Եվ սա վերաբերում է ոչ միայն թարգմանությանը, այլև, ասենք, բեմականացմանը կամ էկրանավորմանը: Երբ, օրինակ, «Ռոմեո և Ջուլիետ»-ում Մոնտեգյուներն ու Կապուլետներն իրար դեմ մարտնչում են մոտոցիկլետներով ու ինքնաձիգներով, երբ ավագ Համլետը ոչ թե Դանիայի արքա է, այլ նյու-յորքյան մի խոշոր կոմերցիոն ընկերության նախագահ, կամ երբ տասնիններորդ դարի մի հոգեբուժարանում Օֆելիայի վրա ջրի սառը շիթ են պահում, որպեսզի նրա խելագարությունը զսպեն, նման մեկնաբանություններն ինձ խիստ անհեթեթ են թվում: Հասկանալի է. այդ ձևով փորձ է արվում շեշտել, որ Շեքսպիրի երկերն անմահ են և դրանց գործողությունը կարելի է տեղափոխել նոր ժամանակներ: Մինչդեռ դրա կարիքն ամենևին չկա. Շեքսպիրի երկերն անմահ են իրենց բուն բովանդակությամբ, անկախ նրա հերոսների անտիկ կամ միջնադարյան հագուստից, և բոլորովին պետք չէ նրանց ժամանակակից կոստյումներ ու փողկապներ կամ բանդիտական կաշվե բաճկոններ հագցնել: Այդպես նաև` թարգմանություններում. չափից ավելի օրիգինալությունը կամ «նոր կոնցեպտը» կարող է միայն խանգարել գործին: Թարգմանիչը, ասենք, կախված երկի բնույթից, կարող է օգտագործել արխայիկ կամ այսօրվա (գրական թե խոսակցական) բառապաշար, կամ, օրինակ, բանաստեղծական հատվածներ թարգմանելիս հետևել տարբեր տաղաչափական սկզբունքների: Բայց ամեն ինչ պիտի արվի տեղին և չափի մեջ, ու դրանով է նաև որոշվում թարգմանչի հմտությունը:               

-Հովհաննես Մասեհյանը գտնում էր, որ սրբապղծություն է «որևիցե խոտորում շեքսպիրյան «Սուրբ գրքի» բնագրի բառից ու տառից»: Տարիներ անց նա ասել է, թե «Գեղարվեստական թարգմանությունը շատ անգամ պահանջում է որոշ խոտորում բնագրի բառական հանդերձից՝ ոգին և իմաստն ավելի հարազատորեն տալու համար»: Ինչպիսի՞ մոտեցում եք Դուք որդեգրել  շեքսպիրյան թարգմանության  ժամանակ։

-Իմ նախորդ պատասխաններից արդեն կարելի է ենթադրել, որ ես թարգմանվող բնագրին հարազատ մնալու կողմնակից եմ: Բայց, ինչպես որ հետևում է Հովհաննես Մասեհյանի` Ձեր մեջբերած երկրորդ դատողությունից, ճշգրտությունը չպետք է վերածվի անհարկի տառացիության: Դեմ եմ թե՛ այս և թե՛ հակառակ` ազատ թարգմանության ծայրահեղություններին: Աշխատել եմ շեքսպիրյան բնագիրը վերարտադրել հնարավորին չափ ճշգրտորեն, սակայն ոչ հայերենի բարեհնչության կամ իմաստային խաթարումների հաշվին, այսինքն` գտնել այն «ոսկե միջինը», որի որոնումը սովորաբար թարգմանչի համար ամենաբարդ խնդիրն է: Կան հատվածներ, որոնք կարելի է լավ հայերենով թարգմանել բառացիորեն, բայց կան նաև այնպիսիք, որոնց ճշգրիտ կրկնությունը կհանգեցներ աղճատ հայերենի կամ իմաստային շփոթի: Իբրև վերջինիս օրինակ նշեմ հետևյալ հատվածը: Հորացիոն, իմանալով, որ իրեն նամակ են բերել, ասում է. I do not know from what part of the world I should be greeted, if not from Lord Hamlet (բառացի` «Չգիտեմ, թե աշխարհի որ մասից պետք է ողջույն ստանամ, եթե ոչ` իշխան Համլետից»): Անգլերեն նախադասությունն ինքնին անհաջող է ձևակերպված, և այն բառացի թարգմանելու դեպքում կստացվի, թե Համլետն «աշխարհի մաս» է: Ուստի ստիպված եմ եղել փոքրիկ խմբագրում անել ու նախադասությունը թարգմանել այսպես. «Չգիտեմ, թե աշխարհում ումից ողջույն սպասեմ, եթե ոչ` իշխան Համլետից»: Ի լրումն նման դեպքերի, շեքսպիրյան բնագրերում կան նաև բազմաթիվ խրթին հատվածներ, որոնք այս կամ այն կերպ մեկնաբանելու համար ուզես թե չուզես պետք է բառացիությունից հրաժարվես: Վերջապես, չափածո հատվածների համար ընտրված բանաստեղծական չափը նույնպես ունենում է իր կանոններն ու «բռնությունները», որոնք իրենց հերթին թարգմանչին պարտադրում են «ոսկե միջին» գտնելու խնդիրը:

-Ինքս դեռ թարգմանությանը ծանոթ չեմ, բայց  granish.org -ում հուլիսին հրապարակվեց Ձեր «Ի՞նչ թույն է լցնում Կլավդիուսը քնած ավագ Համլետի ականջները» հոդվածը, որն այնքան մանրամասն աշխատանք և հետազոտություն էր պարունակում, որ կարելի է ենթադրել՝ ինչպիսի մեկնություններով է ուղեկցվում ստեղծագործության թարգմանությունը։ Կմեկնաբանե՞ք նման մոտեցումը։ 

-Հայ թարգմանական մշակույթում, ցավոք, արմատացած չէ ակադեմիական հրատարակությունների, այսինքն` գեղարվեստական թարգմանությունները գիտական ուսումնասիրություններով ու հիմնավոր, սպառիչ մեկնություններով օժտելու պրակտիկան: Եթե անգամ այդպիսի հրատարակություններ եղել են, ապա դրանք կարելի է մատների վրա հաշվել: Մինչդեռ դրանց առկայությունն ուղղակի պարտադիր է զարգացած մշակույթներում: Հիշենք, օրինակ, ռուսական Литературные памятники շարքը, էլ չեմ խոսում անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով բազմաթիվ նման հրատարակությունների ու շարքերի մասին: Ես հասկանում եմ, որ նման գրքեր պատրաստելը դժվարին ու մեծ մասամբ ոչ անհրաժեշտ աշխատանք է, և որ գրքերի շուկայում միշտ էլ գերակշռելու են հանրամատչելի հրատարակությունները: Դրանց դեմ որևէ առարկություն չունեմ, բայց շատ ցանկալի է, որ դրանց կողքին մենք ունենանք նաև ակադեմիական հրատարակություններ: Եվ սա վերաբերում է հատկապես այնպիսի գրական կոթողների, ինչպիսիք են,ասենք, Շեքսպիրի երկերը:   

-Կենտրոնանալով մանրամասների վրա՝ հիշենք, որ ստեղծագործության հենց սկզբում Հորացիոն Համլետին որակում է իբրև «պատանի»։ Հերոսի բացահայտման և հոգեվիճակային խնդիրների հետ կապված նմանատիպ որակումներն ինչպիսի՞ նշանակություն են ունեցել թարգմանության ժամանակ։

-Հարկավ, Համլետը մերթ պատանի է (youth), Վիտտենբերգի համալսարանում սովորող ուսանող, մերթ էլ երեսուն տարեկան այր, և նրա կերպարի հակասականությունն ու երկվությունն սկսվում է արդեն «երկակի» տարիքից: Այս առումով ես բացառիկ ու անզուգական եմ համարում Համլետի` Մել Գիբսոնի դերակատարումը Ֆրանկո Ձեֆֆիրելլիի հայտնի ֆիլմում: Նրա դեմքին ակնհայտորեն կարելի է տեսնել ինչպես Համլետի պատանեկան միամտությունը, այնպես էլ նրան միաժամանակ բնորոշ հասունությունն ու առնականությունը: Ավելացնեմ, ի դեպ, որ դժվար է ասել` պատանի-երեսնամյա հակասությունը Շեքսպիրի անուշադրության ու անհետևողականությա՞ն արդյունք է, թե՞ միտումնավորության, որպեսզի իր առեղծվածային հերոսն այդպիսին լինի նաև անորոշ տարիքով: Ինչ վերաբերում է Ձեր նշած` հերոսի բացահայտման և հոգեվիճակային խնդիրներին, ապա բուն թարգմանության բնույթի վրա դրանք էապես չեն ազդել. ես պարզապես աշխատել եմ համապատասխան հատվածները թարգմանել այնպես, ինչպես գրել է Շեքսպիրը: Իսկ դրանց վերլուծությունն արդեն այլ խնդիր է, որին անդրադարձել եմ իմ գրքի մեկնություններում և ուսումնասիրության մեջ:     

-«Համլետի» թարգմանությունը և մեկնաբանություններն ի վերջո մի քանի տարիների Ձեր համառ աշխատանքից հետո արդեն գրքի տեսքով իմ սեղանին է։ Ես և մնացած ընթերցողներն ի՞նչ մոտեցմամբ պետք է սկսենք վերընթերցել նոր «Համլետը»։

-Խորհուրդ կտայի «Համլետի» նոր թարգմանությունն ընթերցել այնպես, ինչպես այդ երկը կկարդայիք առաջին անգամ, այսինքն` պատկերացնել, թե դա ձեզ անծանոթ գործ է, և այդ ընթացքում մոռանալ որևէ ուրիշ թարգմանությամբ Ձեզ արդեն լավ հայտնի հատվածները: Կարդալիս պետք է խուսափել համեմատություններից, որովհետև դա ձեզ պարզապես կխանգարի վայելել Շեքսպիրի այս գլուխգործոցը: Իսկ համեմատություններ հայերեն մյուս և այլ լեզուներով թարգմանությունների կամ անգլերեն բնագրի հետ կարող եք անել երկը ծայրեծայր ընթերցելուց հետո: Ես գիտակցում եմ, որ երբ մարդ սովոր է լինում որևէ գրական երկի մի քաջածանոթ թարգմանության կամ, օրինակ, երաժշտական որևէ գործի մի հանրահայտ կատարման, ապա դրանց նոր մեկնաբանությունը նա կարող է միանգամից չընկալել: Այդ պատճառով էլ առաջարկում եմ հետևել «առաջին ընթերցանության» կանոնին:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Թլկատինցի20:20 - 2 մարտի, 2014
«շեքսպիրյա՞ն գործերը»: Մի գուցէ հեղինակը ուզում էր ասել՝ Շեքսպիրի գործեր: Նկատի ունէր - Shakespeare's works or Shakespearean works?? .......«Հերոսի բացահայտման և հոգեվիճակային խնդիրների հետ կապված նմանատիպ որակումներն....» այսինքն՝ խնդիրներին առնչվող/նկատմամբ....Այլեւս փորձենք Հայերեն մտածել ու գրել:
2. Աննա20:26 - 2 մարտի, 2014
երբ իմացա, որ Համլետ է թարգմանվել, առաջին հարցը, որ ծագեց մոտս՝ ինչու՞ : Էդ հարցի պատասխանը չտեսա: Շեքսպիրն ամոբղջությամբ արդեն թարգմանված է, ու նույնսիկ խոսք չկար նախկին թարգմանություններին: իսկ լրագրողի հարցերը... ձեր համառ աշխատանքի շնորհիվ, մանրամասն աշխատանք և հետազոտություն... տպավորություն է, որ լրագրողը թարգմանչի հասարակայոնթւյան հետ կապերի բաժնի պատասխանատուն է:
3. Թորգոմ21:07 - 2 մարտի, 2014
Հարգելի Աննա, ձեր հարցերի պատասխանները կգտնեք այս հարցազրույցում. http://www.irates.am/hy/1390559119
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ