HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարծես պետությունը հանցանք է գործել ու մաքրել հետքերը

Պատկերացում էլ չունեի, թե ինչի ականատեսը պիտի դառնամ՝ մտնելով դատարանների արխիվ և ուսումնասիրելով անկախ Հայաստանի առաջին տարիներին քննված քրեական գործերը, երբ «Անմեղության հայկական ծրագիր» կազմակերպությունը «Հետքի» հետ նախաձեռնեց «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը: 

Հիմնականում ընտրությունս կանգ առավ մահապատժի ու ցմահ ազատազրկման դատապարտված Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների, 18-21 տարեկանում ձերբակալվածների, զինվորական ծառայության ժամանակ կատարված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի վրա: Մեծ մասամբ մարդիկ են, ովքեր պատիժ են կրում նախորդ դարից, սակայն պնդում են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել ճաղերի հետևում, պայքարում են իրենց գործերի վերաբացման համար: Դատապարտյալների այս խումբը չունի անգամ ՄԻ Եվրոպական դատարան դիմելու հնարավորություն, քանի որ նրանց դատավճիռները կայացվել են մինչև Հայաստանի՝ ԵԽ անդամ դառնալը: 

Ինչո՞ւ որոշեցի ժամանակի փոշու տակից հանել հին քրեական գործերը 

Ինչո՞ւ սկսեցի սրբել փոշին հին քրեական գործերից, ցույց տալ հանրությանը, թե ինչպես էին մարդկանց դատապարտում մահապատժի ոչ հեռավոր 1990-ականներին: Նախ` այդ գործերը հանրության ուշադրությունից վրիպել են, այդ տարիներին դեռ զարգացած չէր իրավական լրագրությունը, դատարանում մեկ-երկու լրագրող կարելի էր տեսնել, իսկ այժմ լինում են դեպքեր, երբ կայքերի լրագրողները դատարանից անգամ ուղիղ միացումով եթեր են հեռարձակում նիստերը: Բացի դրանից, ազդակ դարձավ “Innocence Project” միջազգային կազմակերպության գործունեությունը, որտեղ մասնագետները պայքարում են դատական սխալի շտկման, անմեղ մարդկանց բանտերից դուրս բերելու համար: Նրանք ԴՆԹ թեսթի կիրառմամբ, իրեղեն ապացույցների պահպանմամբ արդեն 25 տարի օգնում են անմեղ դատապարտյալներին վերագտնել իրենց ազատությունը թեկուզ տասնյակ տարիներ անց: Այս կազմակերպության օրինակով ծնվեց «Անմեղության հայկական ծրագիրը», որի նպատակը նույնն է՝ նպաստել, որպեսզի վեր հանվեն դատական հնարավոր սխալները, շտկվեն դրանք, չխեղվեն մարդկային ճակատագրերը, իսկ եթե խեղվել են տարիներ առաջ, ապա վերականգնվեն:    

Ազդակ եղավ նաև այն, որ չորս տարի է՝ պետական մարմիններին ուղղված դիմումներով, հանդիպումներով խնդրում ենք ուսումնասիրել պատժի առավելագույն չափի դատապարտվածների քրեական գործերը, սակայն ապարդյուն: Պետական որևէ մարմին պատրաստակամություն չհայտնեց նայելու այդ գործերը, տեսակավորելու, հասկանալու, թե նորանկախ Հայաստանի դատական համակարգն ինչպիսին էր մեկ հասարակարգից մյուսն անցնելու ժամանակահատվածում:

Ի՞նչ տեսա դատարանների արխիվում 

Այսպիսով, «Հետքը» միայնակ մտավ դատարանների արխիվ: Չորս ամիս է՝ ներկայացնում ենք դատաիրավական համակարգի՝ հանրությունից թաքցված դրվագներ: Ուսումնասիրելով մոտ տասը գործ, զրուցելով իրավաբանների հետ ու լսելով մասնագիտական տեսակետներ՝ արձանագրեցինք հետևյալ նմանությունները: 

Առաջին՝ ուսումնասիրված բոլոր գործերում դատավճիռների վերջում գրված է «Իրեղեն ապացույցները ոչնչացնել» արտահայտությունը: Տպավորություն է, թե պետությունը մի մեծ հանցանք է գործել ու հմուտ հանցագործի պես մաքրել է հետքերը: Իսկ իրեղեն ապացույցների ոչնչացմամբ փակվում են քրեական գործերի վերաբացման հիմքերը: Մինչդեռ զարգացած գիտությունն այսօր թույլ է տալիս իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ վերաբացել երկարատև ու ցմահ դատապարտյալների գործերը: Վիճակագրությունը վկայում է, որ միայն Մեծ Բրիտանիայում վերջին 3 տարիներին այդ ճանապարհով 300 դատապարտյալ է արդարացման դատավճռով հայտնվել ազատության մեջ: Հայաստանում այս առումով դատական սխալի մասին պնդող դատապարտյալները հանդիպում են պատի, քանի որ պետությունն օրենքով է ամեն ինչ ոչնչացրել: Սակայն եթե մինչ «Վահան Հովհաննիսյան +30» գործի ընթերցումը իմ հրապարակումներով բարձրաձայնում էի, որ իրեղեն ապացույցները Հայաստան պետությունը ոչնչացրել է, ապա այդ գործից ոչնչացվել է գրեթե ամեն ինչ: Չկան անգամ քրեական գործի նյութերը, ողջ բազմահատորանոց գործը (մնացել են միայն 16-20 հատորները): Այս գործով եթե անգամ նոր երևան եկած հանգամանքներ լինեն, այն չի կարող վերաբացվել, քանի որ ուսումնասիրության նյութ այլևս չկա: 

Երկրորդ՝ քրեական գործի նյութերի ձևական կողմն անգամ հիշեցնում է խորհրդային հասարակարգը: Այսպես՝ դատավճիռները կայացվում էին ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ, օրինակ, 1996թ. դատավճռում կարդում ենք. «Հանուն Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության» ձևակերպումը՝ տեղ-տեղ ջնջված, տեղ-տեղ՝ պահպանված: Այս մոտեցումն է նաև վկաների, կասկածյալների, մեղադրյալների ձևաթղթերի մեջ: Ու, ընդհանրապես, անկախ Հայաստանի առաջին տասը տարիներին դատավճիռները կայացվում էին 1961թ. խորհրդային քրեական օրենսգրքով: 

Երրորդ՝ բոլոր քրեական գործերը ձեռագիր են, թվայնացված չեն, անընթեռնելի, պետք է ձեռագրաբանական հմտություններ ունենալ` կարողանալու համար դրանք վերծանել: Այդ տարիներին, բնականաբար, չէին ձայնագրվում նիստերը, ամեն ինչ գրառում էին քարտուղարները: Մահապատժի դատավճիռներով գործերը միջինը 3 հատորով սահմանափակվում են: Քիչ են լուսանկարները՝ դեպքի վայրի զննության և այլն: Այժմ անգամ լուսանկարների առկայությամբ քրեագիտական կենտրոնները 3D մոդելավորմամբ վերականգնում են հանցագործության մեխանիզմը: Մեզանում դա էլ է անհնար:

Չորրորդ՝ այնքան քիչ են նշանակված փորձաքննությունները, որ տպավորություն է, թե հատուկ պետական միջոցները խնայելու խնդիր է դրված եղել: Գործեր կային, որ նախաքննության ժամանակ նշանակվել էր ընդամենը մեկ փորձաքննություն՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն ու վերջ: Իսկ դատահոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննությունը կամ քննչական փորձարարությունը առհասարակ հազվադեպ հանդիպող երևույթներ են: 

Համակարգերը լուռ են 

«Խեղված ճակատագրերը» լուսաբանելիս եղել են դեպքեր, երբ, օրինակ, ԱԺ-ում պատգամավորներ, պետական պաշտոնյաներ ասել են. «Պիտանի, լավ գործ եք անում»: Ասել են ու անցել, և միայն: Բայց որքան կարևոր է, որ նույն պետական համակարգում լինի ընկալում, լինի կամք` անդրադառնալու դատական հնարավոր սխալներին, մարդկային ճակատագրերին, ստեղծելու գործիքներ, որպեսզի հնարավոր լինի գործերը վերանայել, նախկինների սխալները շտկել: Այլապես ստացվում է, որ պետությունը միայն պատժելու տերն է: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի արտադրության բաժնի ղեկավար Հարություն Մանսուրյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ լրագրողական հետաքննությունները միայն մարդկանց սրտերում ու հոգիներում են ռեզոնանս առաջացնում, բայց ոչ պետական համակարգերում: Լռում են անգամ այն ժամանակ, երբ ժամանակին պատասխանատու պաշտոն զբաղեցրած անձը հայտարարեց, որ կասկածում է 18 տարվա վաղեմության մեղադրանքին զինվոր Արթուր Մկրտչյանի գործով: 

Ի՞նչն է խանգարում իշխանությանն անդրադառնալ այս գործերին: Պատճառը պարզ է՝ նախկին ու ներկա հասկացություն չկա. իշխանության մեջ, դատաիրավական համակարգում նույն դեմքերն են, իսկ սխալները ջրի երես դուրս գալու դեպքում, բնականաբար, պատասխանատվություն պիտի հետևի: 

Ռեզոնանս մարդկանց սրտերում 

«Խեղված ճակատագրերին» արձագանքում են մարդիկ, թողնում մեկնաբանություններ, փոխվում է կարծրատիպը, որ բանտում միայն մեղավորներն են: Մի քանի տարի առաջ անմեղ դատապարտյալ արտահայտությունը չէր էլ գործածվում, որևէ մեկը չէր խոսում դատական սխալի մասին: Այսօր հանրությունը հավատում է, որ հայաստանյան բանտերում կարող են լինել նաև անմեղ մարդիկ: Այլ հարց է, որ պետությունը համառորեն չի ընդունում այդ իրողությունը:  

Այնպես որ, դարձյալ դիմում ենք դատապարտյալներին, մարդկանց, ովքեր տարիներով պայքարում են արդարության վերականգնման համար՝ գրե՛ք նամակներ, զանգահարե՛ք ու այցելե՛ք «Հետքի» խմբագրություն, հանրայնացրեք Ձեր խնդիրը: Միայն վատի մասին բարձրաձայնելով ու հետևողական պայքարով կարելի է իրավիճակը փոխել:

Մեկնաբանություններ (11)

Գ.
9-ին: ,,Իմ գիրն ուրիշ գրեն ա ...,, Ես խորապես համոզված եմ որ արմատացած խնդիրները կարող են լուծվել միանգամայն անսպասելի՝ ոչ սովորական եղանակներով: Իմ մտքերը չափազանց պարզ են (ինձ համար գոնե), բայց ... դժվար են ընկալվում! Ես սխալմամբ մի հոդված եմ գրել այստեղ. http://hetq.am/arm/news/30440/gitutyan-tkhur-vitchaki-masin.html
Զարուհի
Շատ լավ, շնորհակալություն: Հիշեցի այս հոդվածը, որը շատ մեկնաբանվեց, մեծ աղմուկ էր բարձրացել: Նորից նայեցի, կարդացի մի քանի մեկնաբանություններ: Թույլ տվեք կրկնվել, որ երևույթներին նայելու դիտանկյունը մի նոր շերտ է ինձ համար բացահայտում դատաիրավական ոլորտի իմ լուսաբանումների համար: Մերսի:
Գեւորգ
Կարելի է ինչ-որ կերպ բացատրել սխալն ու դաժանությունը, սակայն անտանելի են բութ անտարբերությունն ու ստոր դերասանությունը, որոնք յուրահատուկ են պատժիչ իրավահամակարգին (ոչ միայն հայկական) Հարգելի Զարուհի! Դուք ծանր էմոցիոնալ-հոգեբանական բեռի տակ եք մտել այդ պատմություններն ուսումնասիրելով: Արդյունքում կամ շատ կտխրեք, կամ էլ Ձեզ մոտ էլ անտարբերություն կառաջանա: Պատկերացնում եմ Ձեր վիճակն ու խորապես կարեկցում:
Զարուհի
Հարգելի Գևորգ զգացված եմ գնահատանքի համար: Ես ցույց եմ տալիս, որ եթե մեկ լրատվամիջոց կարող է անդրադառնալ մարդկային ճակատագրերին, կարող է պոտենցյալ անմեղ դատապարտյալներին ազատություն վերադարձնելու քայլեր անել, ապա ինչու դա չի կարող անել պետական համակարգը: Պետք է համակարգերը գիտակցեն, որ դատական սխալների շտկումը միայն կարող է վերականգնել հանրային վստահությունը այդ համակարգի հանդեպ: Բայց արդյո՞ք այդ վստահության վերականգնումը առաջնահերթ է իշխանության համար...
Գեւորգ
2-ին: //Բայց արդյո՞ք այդ վստահության վերականգնումը առաջնահերթ է իշխանության համար...// - միանշանակ ոչ, իմ կարծիքով: Իշխանության համար ամենաառաջնահերթ հարցը հենց ,,իշխանության,, անսասան լինելու խնդիրն է, որը միարժեքորեն կարող է ապահովվել միայն հարկադրանքի միջոցով: ,,Վստահությունը,, ցանկալի է անշուշտ, սակայն այն կաշկանդիչ է եւ կայուն երաշխավորություն չի կարող հանդիսանալ (այսօր վստահում են, վաղը ոչ!) ուստի եւ ընդունելի չէ որեւէ ,,իշխանության,, համար: Ես ցանկանում եմ ասել, որ ,,արդար, վստահելի, ցանկալի (եւ այլն) իշխանություն,, պարադիգման ինքնին ակնհայտ աբսուրդ է, որն էլ հազարամյակների ընթացքում, անընդմեջ տառապանքներ է պատճառել մարդկանց: Իսկ ի՜նչ անել - առաջարկ միշտ էլ կա անշուշտ, սակայն նախ պետք է խնդրի էությունը գիտակցել ...
Զարուհի
Գևորգ ջան, ինձ հետաքրքիր են Ձեր մտքերը: Խնդրում եմ գրեք, որն է խնդիրը Ձեր կարծիքով:
Գեւորգ
Կփորձեմ՝ հնարավորի սահմաններում: Սկսենք հասարակ օրինակից: Որն է ասենք ՃՈ - ի գոյության իմաստը, ըստ նշանակության - տրանսպորտի անվտանգության ապահովումն իհարկե: Իրականում, սակայն, դա մի կառույց է որը հսկայական ֆինանսական մուտքեր է ապահովում ... ոչնչից! Ուրախ կլինի ուրեմն որեւէ իշխանավոր ցրել այդ կառույցը, եթե ինչ-որ ձեւով երաշխավորվի նույնիսկ վարորդների բացարձակ կարգապահությունը? Այս պարզ օրինակից կարելի է հասկանալ, որ ՃՈ-ն իրականում միայն շահագռգռված է խախտումների քանակի ավելացմամբ եւ ոչ հակառակը, ինչպես ներկայացվում է ըստ նոմինալի!
Գեւորգ
Շար-ն: 2-րդ օրինակ - Կամուրջի վրա պահակ են նշանակում: Նրան աշխատավարձ տալու համար հաշվապահ է նշանակվում: Հաշվապահի գլխին դիրեկտոր պետք է լինի, դիրեկտորը ավտո ու վարորդ պիտի ունենա - այս ձեւով մի փոքր հիմնարկ է ստեղծվում: Հետո, որպես եկամուտ չտվող կառույց, որոշում են մեկն ու մեկին կրճատել: Իսկ ում - դե իհարկե՝ պահակին! Բազմաթիվ նման օրինակներ ու զարմանալի եզրակացություններ կարելի գտնել Պարկինսոնի գրավիչ գրքում այստեղից՝ http://royallib.ru/read/parkinson_siril/zakoni_parkinsona.html#0 (Եթե ժամանակ ունեք իհարկե) Հետո կարող ենք շարունակել դատի ու դատարանի հարցերով ...
Զարուհի
Անպայման կկարդամ Ձեր հղումով գիրքը, նայեցի մի փոքր, հետաքրքրեց: Շնորհակալ եմ: Նույն տրամաբանությունը աշխատում է փաստորեն դատաիրավական ոլորտում: Դե, իհարկե, երբ մարդկային կյանքը զրո է, իրավական համակարգի մասին մտածելն էլ անիմաստ է:
Գեւորգ
7-ին: //երբ մարդկային կյանքը զրո է, իրավական համակարգի մասին մտածելն էլ անիմաստ է:// - Գիտեք, իրականում դատողներն իրենք էլ մեղք են, որքան էլ տարօրինակ թվա դա - քանզի նրանք ծնվել են որպես նորմալ մարդ, սակայն բութ համակարգը աղացել, ռոբոտ է դարձրել նրանց, ճնշելով կարեկցանքի, ալտրուիզմի բնական զգացումները: (Իսկ շատերը, ովքեր չեն կարողացել նման ,,կատարելության,, հասնել, օրինաչափորեն դուրս են վռնդվել այդ ինստիտուտից:) Այստեղից առաջին դասը՝ պետք է փորձել օգնել այդ խեղված մարդկանց (բուժել դատավորներին - որպես վտանգավոր հիվանդների!) Ձեր ջանքերն իսկապես կարող են անսպասելի արդյունք տալ - ինչպես հայտնի մանուկի կանչը - Նայեք! թագավորը տկլոր է!
Զարուհի
Հարգելի Գևորգ, ինչքան կարդում եմ Ձեր մտքերը, այնքան զգում եմ, որ մեկ այլ հայացք են իրերին ու երևույթներին: Հետաքրքիր է իմանալ՝ ո՞վ եք Դուք մասնագիտությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter