HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղաժամկետ ազատում. դատապարտյալը առանձնացրել է «տաբուի» տակ գտնվող հոդվածները

Ռուբեն Ամատունի, «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

Ի սկզբանե ցանկանում եմ իրազեկել, որ իմ կողմից Ձեզ ներկայացվող պահանջները և խնդրանքները բոլորովին ինքնանպատակ չեն, այլ բխում են բոլոր դատապարտյալների, առաջնահերթ` ուղղված, դրական… և նրանց ընտանիքների շահերից:

Ես 4 տարուց ավել է՝ պատիժ եմ կրում և տեսնում եմ, որ չեն գործում դատապարտյալներին զբաղմունքով, աշխատանքով ապահովելու, ուղղվելու, կարճաժամկետ մեկնում տրամադրելու, բաց տիպ տեղափոխելու և, իհարկե, ամենակարևորը` վաղաժամկետ պայմանական ազատմանը վերաբերող ինստիտուտը և օրենքները: Ես, լինելով դրական դատապարտյալ, անհամբեր սպասում էի իմ վաղաժամկետ ազատման ժամկետի լրանալուն: Այն լրացավ 28.07.2013, սակայն ես ապրեցի դառը հիասթափություն, քանի որ ինձ` դրական դատապարտյալիս, բնութագրելով դրական` չազատեցին վաղաժամկետ` ակնարկելով, որ չեն կարող և ինձ մերժեցին գործող օրենքին և իրենց կամքին հակառակ: Ես նկատեցի, որ վաղաժամկետ ազատում կատեգորիկ կերպով չի կիրառվում ՀՀ Քր. Օր.-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 266, 268… հոդվածներով դատապարտվածների նկատմամբ, սակայն մի հետաքրքիր փաստ` վերը նշված հոդվածներով դատապարտվածները կազմում են ՀՀ դատապարտյալների 80%-ից ավելին, այսինքն` ինչ-որ անձի կամ անձանց ձեռնտու է դատապարտյալներիս թվաքանակի պահպանումը և ավելացումը:

 Անձամբ ես դատապարտված եմ ՀՀ Քր. Օր. 175/1, 34- 176/1, 35-175/2 հոդվածների հատկանիշներով 143000 ՀՀ դրամի համար՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, դրսևորում եմ պատշաճ վարքագիծ և վերաբերմունք, կատարում եմ ադմինիստրացիայի բոլոր օրինական պահանջները, չունեմ որևէ տույժ, քաղ. հայց, արժանացել եմ 2 խրախուսանքի, վերջինը` «տրված հանձնարարությունները բարեխղճորեն կատարելու համար»:

Հիմնադրել եմ «Կրթական ինքնագործ միավորում», որտեղ ցանկացողներին սովորեցնում ենք տարբեր առարկաներ, մասնավորապես` անգլերեն, իսպաներեն, սակայն, միևնույն է, ինձ իմ հասանելիք, օրինական վաղաժամկետով չեն ազատում, քանի որ իմ հոդվածը մտնում է վերը նշված, տաբուի տակ գտնվող հոդվածների շարքում: Ինձ հետ համատեղ պատիժ կրող բազմաթիվ դատապարտյալներ զարմանքով են ինձ հարցնում՝ իսկ քեզ ինչու՞ չեն ազատում, և ավելացնում՝ որ քեզ էլ չեն ազատում, էլ մեզ որտեղի՞ց ազատեն: Եվ ահա, այս պահից սկսած՝ նրանց մոտ ծնվում է անտարբերություն օրենքի նկատմամբ, նկատվում է կարգապահության անկում. նրանք կորցնում են իրենց հավատը օրենքի, արդարության և պետականության նկատմամբ: Մեր հայ ազգին բնորոշ է հաշտվել վատ պայմաններին, իրավունքի և օրենքի ոտնահարմանը և բողոքի ձայն չբարձրացնելը:

Սակայն, ես չեմ կարող հաշտվել իմ իրավունքի և ազատության ոտնահարման, օրենքների խախտման փաստերի հետ, ես վաղուց պետք է գտնվեի մորս կողքին, խնամեի նրան, ընտանիք կազմեի, այնինչ, ինձ պահելով գերու կարգավիճակում՝ խլում են իմ կյանքը և ճակատագիրը: Բայց չէ՞ որ, ըստ ՀՀ Սահմանադրության, «բոլոր քաղաքացիներս հավասար ենք օրենքի առջև, արգելվում է խտրականությունը, ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, պետությունը պետք է ապահովի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային սկզբունքներին և նորմերին համապատասխան», սակայն Սահմանադրության այս բոլոր հոդվածների պահանջները չեն կիրառվում դատապարտյալներիս նկատամամբ: Ըստ Սահմանադրության` «ՀՀ նախագահն է հետևում Սահմանադրության պահպանմանը և ապահովմանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությանը, ինչպես նաև ՀՀ նախագահն է գլխավորում արդարադատության խորհուրդը»:

Ես դիմում եմ ՀՀ նախագահին՝ խնդրելով ուշադրություն դարձնել վերը նշված խնդիրներին, որոնց անհապաղ լուծում է հարկավոր:

Ես և այլ դատապարտյալներ բազմիցս տարբեր լրատվամիջոցներով ահազանգել, բարձրաձայնել ենք  մեր իրավունքների ոտնահարման մասին: Անձամբ ես 5 ամսից ավել է՝ տպագիր մամուլի և հեռուստաընկերությունների միջոցով  հայտարարում եմ ՀՀ Քրեական օրենսգրքի 48, 76, 77 և Քրեակատարողական օրենսգրքի 114, 115 հոդվածների, արդարադատության նախարարի 30.05.2008 N 44 հրամանի, իմ իրավունքների և ազատությունների ոտնահարման, խախտման և անտեսման մասին, սակայն մինչ օրս ոչ մի պատկան մարմին չի արձագանքել: Եվ ես հիմա դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով, ըստ ՀՀ Քր. դատ. Օր.-ի 175-րդ և 179-րդ հոդվածների կանոնների՝ ԶԼՄ-ով իմ հրապարակած նյութերը` կատարված և կատարվող հանցագործությունների մասին, ընդունել որպես հաղորդում և հանձնարարել, որ կատարվի քննություն, բացահայտվի օբյեկտիվ ճշմարտությունը և վերականգնվի արդարությունը:

Առավել անհասկանալի և անբացատրելի է ՀՀ նախագահի հրամանագրով 2006թ.-ից գործող «Անկախ հանձնաժողովի» գործելաոճը:

«Անկախ հանձնաժողովը» ստեղծվել է որպես միջանկյալ մարմին դատապարտյալների վաղաժամկետ ազատման գործընթացը հսկելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով: «Անկախ հանձնաժողովի» գործելուց հետո զգալիորեն նվազել է վաղաժամկետ ազատվողների թիվը, և դա հանգեցնում է նրան, որ հիմա ամեն ամիս վաղաժամկետ ազատման ներկայացվող 110-130 դատապարտյալներից ազատվում է 3-5 մարդ, որոնց պատժի ավարտին մնացել են հաշված ամիսներ և եթե դատապարտված չեն տաբուի տակ գտնվող հոդվածներից որևէ մեկով: Օրինակ՝ 2013թ. հուլիսին «Կոշ» վարչական հանձնաժողով է ներկայացվել պայմանական վաղաժամկետ ազատման 170 անձ, որից 17-ից ներկայացվեցին հաջորդ փուլ` «Անկախ հանձնաժողով», 17-ից 4-ը ստացան անկախ հանձնաժողովի հավանությունը և ներկայացան վերջին փուլ՝ դատարան: Դատարանը 4-ին էլ ազատեց:

Սեպտեմբեր` 170-ից 23-ը (որից 12-ը ազատվեցին համաներումով), մնացած 11-ը ներկայացվեցին անկախ հանձնաժողովին, որի հավանությունը ստացան 6-ը և ազատվեցին դատարանով:

Հոկտեմբեր՝ 1-ին փուլ՝ 117-ից 17-ը, 2-րդ փուլ՝ 17-ից` 5-ը, և 3-րդ փուլ՝ դատարան՝ 5-ից 3-ը (2-ին մերժեց դատարանը):

Նոյեմբեր՝ 140-ից 14-ը,  2-րդ փուլ՝ 14-ից` 4-ը, և 4-ից 3-ը դատարանով ազատվեցին, դեկտեմբեր՝ 113-ից 13-ը, , 2-րդ փուլ՝ 13-ից 4-ը, այդ 4-ն այսօրվա դրությամբ (19.02.2014) դեռ սպասում են դատարանի որոշմանը:

2014թ. հունվար՝ 107-ից 9-ը ստացան վարչական հանձնաժողովի հավանությունը: Այս ամենը դրական դատապարտյալների բացակայության հետևանքը չէ, այլ մեր կառավարության` Օլիմպոսից ինչ-որ հզոր ուժի միջամտության հետևանք, որը անձամբ ես որակում եմ որպես հակահասարակական և հակապետական գործունեություն:

Ինչ վերաբերում է «Անկախ հանձնաժողովի» կազմին, ապա այն կազմված է 3 խմբից (յուրաքանչյուրում՝ 8 անդամ), և ամեն խումբ սպասարկում է երեքից-չորս քրեակատարողական հիմնարկ, միշտ` նույն հիմնարկները: Այդ խմբերից յուրաքանչյուրի 8 անդամներից վեցը անպայման ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և ղեկավարներ են, այսինքն՝ այստեղ տեղի է ունենում երկու խավերի շահերի բախում: Անհրաժեշտ է փոխել «Անկախ հանձնաժողովի» անդամների կազմը՝ ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ փոխարինելով մանկավարժներով, հոգեբաններով, դասախոսներով, սոցիոլոգներով, այսինքն՝ անձանցով, ովքեր իրենց գործի բերումով վատ տրամադրված չեն հանցագործություն կատարած անձի նկատմամբ: Դա կտրուկ կփոխի այս լարված վիճակը, քանի որ այլևս չի լինի շահերի բախում: Միաժամանակ դիմելով Արդարադատության նախարարին` խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի չխախտվի 30.05.2008 N 44 հրամանը:

Իհարկե, կան դատապարտյալներ, ովքեր ունեն հանցածին դիրքորոշում, բայց չէ՞ որ բոլորն այդպես չեն: ՀՀ-ում գործող իրավապաշտպան անհատները և կազմակերպությունները, ներառյալ` մարդու իրավունքների պաշտպանը, ոչինչ չեն կարողանում անել այս խնդրի լուծման ուղղությամբ, քանի որ նրանց գործողությունները սահմանափակ են: Չեն նկատվում իրավապաշտպանների կողմից կտրուկ և վերջնական գործողություններ վաղաժամկետ ազատման գործընթացի գործարկման ուղղությամբ:

10.02.2014թ. ես ստացա ինձ հասցեագրված գրություն Արդարադատության նախարարությունից, որում, մասնավորապես, ասվում էր գալիք բարեփոխումների մասին քրեակատարողական ոլորտում, վաղակետ ազատման ընթացակարգի բարեփոխման, այդ անհրաժեշտությամբ Պրոբացիոն ծառայության ստեղծման, ինչպես նաև դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցների անբավարարության մասին: Եվ վերջում ինձ բացատրվում էր վաղաժամկետ  ազատման ընթացակարգը՝ ըստ դա սահմանող հոդվածների պահանջների: Պահանջներ, որոնք չեն գործում:

Ի պատասխան այս ամենի` ես ընդամենը կրկին պահանջում եմ ինձ ազատել օրենքով նախատեսված և ինձ հասանելիք վաղաժամկետի միջոցով: Վաղաժամկետ ազատման խնդիրը ոչ թե ընթացակարգի փոփոխումն է, այլ դատապարտյալին անհատական մոտեցումը, քանի որ ինձ չեն ազատում՝ ասելով, որ «քո 175, 176 հոդվածները արգելված են», և իսկապես որ այդպես է՝ այդ և իմ կողմից վերը նշված հոդվածներով ոչ մեկի վաղաժամկետ չեն ազատում, և դրանում մեղք չունեն բանտերի ադմինիստրացիաները: Պահանջվում է ընդամենը անհատական մոտեցում յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ, և եթե նրա վարքը և մյուս օրենքով նախատեսված հատկանիշները թույլ են տալիս, ապա հարկավոր է վաղաժամկետ ազատել, եթե ոչ, ապա փորձել ուղղել նրան: Մի՞թե այս գործընթացն այդքան դժվար է:

Խնդիրը ոչ թե վաղաժամկետ ազատման գործընթացի մեջ է, այլ «արգելված հոդվածներ» կոչվող հասկացության վերացման, այսինքն՝ կատարվում է խտրականություն, ինչը Սահմանադրության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտում է: Ես հրավիրում եմ այս խնդրի լուծման վրա կառավարության, հասարակության, նախագահի և կաթողիկոսի ուշադրությունը: Հուսով եմ, որ իմ խնդրանքը կընդունվի և կտրվի դրական ընթացք, որը կունենա դրական վերջաբան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter