HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ալումյան. «Համոզված եմ՝ մեր բանտերում կան անմեղ մարդիկ»

«Հետքի» հարցերին պատասխանում է փաստաբան Հայկ Ալումյանը

-Պարոն Ալումյան, արխիվում ուսումնասիրում եմ պատժի առավելագույն չափի դատապարտվածների քրեական գործեր, որոնք քննվել են 1990-ականներին: Մարդիկ են, ովքեր շարունակում են պատիժ կրել, բայց պարբերաբար բարձրաձայնում են, որ դատական սխալի հետևանքով են բանտում: Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում համակարգին այսօր անդրադառնալ այդ գործերին, չէ՞ որ հանրային վստահությունն այդպիսով կավելանա դատական համակարգի նկատմամբ:

-Պատկերացրեք՝ 15 տարի առաջվա գործը, որով մարդուն դատապարտել են ցմահ ազատազրկման, դատարանը հիմա վերանայի նոր երևան եկած հանգամանքով, ճանաչի ցմահ դատապարտյալին անմեղ ու ազատություն վերադարձնի: Հանրության մեծամասնությունը, համոզված եմ, կընկալի սա հետևյալ կերպ՝ փող տվեցին, մարդասպանին ազատեցին: Մի մասը կասի՝ ա՛յ, տեսնում եք մեր դատարաններն ինչքան անարդար են, անմեղ մարդուն այսքան ժամանակ պահել են բանտում: Եվ հանրության չնչին մասն այստեղ դրական երևույթ կտեսնի: Հին գործերի վերանայմամբ, կարծում եմ, դատական իշխանությունը չի բարձրացնի վարկանիշը, բայց, միևնույնն է, համակարգը մի օր պետք է իր մեջ խիզախություն գտնի, անդրադառնա այդ խնդիրներին: Եթե կա չնչին կասկած, որ անմեղ մարդ է դատապարտվել, իհարկե, պիտի գնալ այդ գործի հետևից, պիտի խոշորացույցի տակ վերաքննել այդ գործը: Մի խնդիր էլ կա, թե ինչու համակարգը կխուսափի վերաքննել այդ գործերը: Անմեղ դատապարտյալին ազատություն վերադարձնելով՝ պետությունը հսկայական գումարներ պիտի փոխհատուցի նրան կրած բարոյական և այլ տառապանքների համար:

-Այդ դեպքում ինչո՞ւ դատական համակարգը չի կաշկանդվում հանրության կարծիքից, երբ հովանավորչություն ունեցող, իշխանության հետ կապեր ունեցող մարդիկ, օրինակ, սպանության համար շատ հաճախ չեն դատապարտվում կամ մի քանի տարի անց հայտնվում են ազատության մեջ: Փոխարենը դատարաններում հաճախ եմ տեսնում մի երկու մետր հոսանքալար գողացողի, ում հանդեպ օրենքը գործում է ողջ խստությամբ:

-Ես չեմ հասկանում, ինչպես է Հայաստանի Հանրապետությունը դատապարտում հոսանքալար գողացողին, երբ նույն պետությունն է զրկել այդ մարդուն արդար ճանապարհով գումար վաստակելու, իր ընտանիքը արժանավայել պահելու հնարավորությունից: Փոխարենը, այո՛, մեկը կարող է մինչև իսկ երեք մարդ սպանել ու այսօր քայլել ազատության մեջ: Շատերն արդեն մոռացել են, բայց ես լավ եմ հիշում «Նուբարաշենի» խճուղու սպանությունը, երբ երեք անձ սպանվեց տաքսու մեջ՝ վարորդը, ռազմական բժիշկը զուտ նրա համար, որ մեքենայի մեջ մեկն էլ կար, ում հետ հաշիվներ ունեին, բայց սպանություն կատարողը մի քանի տարի անց ազատվեց:

-Երբ հին գործերի վերանայման հարցերի մասին բարձրաձայնում եմ՝ պաշտոնյանները հաճախ սկսում են հիշել տուժողներին: Մի՞թե Կառավարության դիմաց հավաքվող բանակում զինվոր կորցրած սևազգեստ մայրերը տուժող չեն, մի՞թե մարտի 1-ի զոհերի հարազատները տուժող չեն, և մի՞թե Բուդաղյանները տուժող չեն…

-Մի բան էլ ես եմ ավելացնում նման դեպքերում: Ասում եմ՝ տուժողները կրկնակի տուժում են, երբ իրենց հարազատին սպանողը ազատ շրջում է դրսում, իսկ մեղքը չհիմնավորված մարդը պատժվում նրա փոխարեն՝ զուտ նրա համար, որ ասեք՝ վե՛րջ, այս գործն էլ փակեցինք:

-Մի քանի տարի առաջ «անմեղ դատապարտյալ» արտահայտությունը գրեթե չէր կիրառվում, «դատական սխալ» արտահայտությունը կարելի էր լսել միայն մասնագիտական միջավայրում: Այսօր ընկալումները փոխվում են: Դուք հավատում եք, որ հայաստանյան բանտերում կան անմեղ մարդիկ:

-Ես ոչ թե հավատում եմ, այլ համոզված եմ, որ մեր բանտերում կան անմեղ մարդիկ, նաև տասը տարի է ջանում եմ, որ իմ համոզմունքը հասցնեմ բոլորին: Իմ համոզմունքը կարող եմ ապացույցներով ամրապնդել: Դատական դեպարտամենտը հրապարակեց տվյալներ, որ անցյալ տարի 100-ից ավելի արդարացման դատավճիռներ են եղել: Այսինքն՝ դատախազությունը, նախաքննությունը 100 անգամ սխալվել են: Եվ ես համոզված եմ, որ 100-ը դեռ բոլոր անմեղները չեն: 10-15 տարի առաջ 1-2 արդարացման դատավճիռ էր լինում կամ տարիներով չէր լինում: Սա չի նշանակում, որ նախաքննության մարմինները 15 տարի առաջ ավելի լավ էին աշխատում, ծիծաղելի կլինի այդպես մտածել: Անգամ աշխարհում այդպես չէ: Ուրեմն պայմանական 15 տարի առաջ առնվազն էլի մի 100 մարդ պիտի արդարացվեր: Այսինքն՝ 1990-ականներին զրոին ձգտող արդարացման դատավճիռների քանակը նշանակում է մի բան՝ բոլորը դատապարտվում էին՝ անմեղ, թե մեղավոր: Ունենք դատավորներ, ովքեր 30-40 տարի աշխատում են, բայց որևէ մեկին չեն արդարացրել: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ մարդու կերպարը, նրա ներաշխարհը, նրա գիտելիքների մակարդակը:

-Ի՞նչը բերեց նրան, որ Արևմուտքում մշակեցին գործիքներ՝ ԴՆԹ թեսթ, նոր փորձաքննություններ: Իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ տասնյակ տարիներ անց ցմահ դատապարտված մարդիկ արդարացման դատավճիռներով վերադառնում են հասարակություն: Մեզ մոտ օրենքով են ոչնչացվել իրեղեն ապացույցները:

-Զարուհի՛, ինձ ոգևորում է ձեր պայքարը, որ բարձրացնում եք դատական  հնարավոր սխալների, հնարավոր անմեղ դատապարտյալների, նաև իրեղեն ապացույցների պահպանման հարցերի մասին: Մինչև Ձեր հոդվածները, ես էլ չէի մտածել իրեղեն ապացույցների պահպանման կարևոր նշանակության մասին: Նույն կերպ, օրենսդիրները ժամանակին չեն մտածել այդ մասին: Բայց Ամերիկայում ինչ-որ մեկը մտածել է, ու հիմա գիտության զարգացմամբ վերաբացվում են անգամ 1980-ականների գործեր:

-Պարոն Ալումյան, երբ ուսումնասիրում եմ հին քրեական գործերը, տեսնում եմ՝ այնքան քիչ են լուսանկարները: Ինչո՞ւ են, ըստ Ձեզ, այդքան խղճուկ քննվել այդ գործերը: Աշխարհի տարբեր փորձագիտական կենտրոններին գրված նամակների պատասխաններում փորձագետները նշում են, որ քրեական գործերում առկա շատ ու որակյալ լուսանկարներով հնարավոր է 3D մոդելավորմամբ վերականգնել հանցագործության պատկերը:

-Քրեական դատավարության օրենսգրքում կա նորմ, որ փորձաքննություններին պիտի կցված լինեն լուսանկարներ: Եթե նայենք գործերը, կտեսնենք, որ կեսից էլ քիչ գործերում է, որ այդ լուսանկարները կան: Կամ դեպքի վայրի զննության համար սխեմաներ են գծում, փոխարենը ամեն անկյունը լուսանկարեն: Շատ բաներ պետք է վերագրել անփութության:

-Ի՞նչ անել, ինչպե՞ս հասնել վերանայումների, երբ նոր երևան եկած հանգամանք անգամ չի կարող լինել, քանի որ ապացույցները ոչնչացված են:       

-Զարուհի՛, խորհրդային տարիներից հիշո՞ւմ եք մի ֆիլմ, գիրք, որտեղ անմեղ մարդը դատապարտվի:

-«Հանդիպման վայրը փոխել չի կարելի»…

-Հանճարեղ ֆիլմ, բայց այնտեղ էլ արտահայտություն կա. «Եթե նստած է, ուրեմն մի բան արել է»: Այդ պրոբլեմի կրողն ենք, չենք կարողանում պատկերացնել, որ ամբաստանյալի աթոռին անմեղ մարդ է՝ մինչև այն պահը, երբ օրինական ուժի մեջ է մտնում նրա հանդեպ դատավճիռը: Հիշո՞ւմ եք նույնիսկ մինչև մի տասը տարի առաջ ամբաստանյալներին վանդակների մեջ էին նստեցնում: Էլ ի՞նչ ենք քննարկում: Հիմա նույնիսկ գազաններին վանդակների մեջ չեն պահում կենդանաբանական այգիներում: Մեկ այլ տեսանկյուն էլ կա, որ դատարանը կարող է վստահաբար սխալվել: Այսինքն՝ վստահ լինել, որ ինքը ճիշտ է, բայց հետո պարզվի, որ սխալվել է: Օրինակ՝ Վերաքննիչ դատարանը Մատաղիսի գործով ցմահ ազատազրկում տվեց: Դատարանը վստահաբար կարծում էր, որ իրենք են մեղավորները, հետո միայն պարզվեց, որ երեք տղաները անմեղ են:

-Եթե 90-ականներին լիներ Մատաղիսի գործը, ի՞նչ եք կարծում, տղաները դեռ դատապարտված կլինեի՞ն՝ հաշվի առնելով, որ հասարակական հնչեղությունը, մամուլը նաև մեծ դեր խաղացին այս գործով: Իսկ 90-ականներին իրավական ժուռնալիստիկա չկար…

-Ճի՛շտ է, շատ բան էր փոխվել այդ ժամանակ՝ քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ: Բայց եթե նույնիսկ այս դեպքը 90-ականներին լիներ ու նրանց դարձյալ Զարուհի Փոստանջյանը պաշտպաներ, կարծում եմ, դարձյալ արդարացում կլիներ: Ինչ էլ ասենք, փաստաբանից պիտի սկսենք: Փաստաբանից շատ բան է կախված:

-Որտե՞ղ եք լուծումները տեսնում: Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ մեր ենթագիտակցության մեջ արմատավորված կարծրատիպերը դուրս գան:

-Ձեր շնորհիվ քիչ-քիչ փոխվում են կարծրատիպերը: Նաև դուք՝ լրագրողներդ, մեծ դեր ունեք այս հարցում: Չեխովի խոսքերն են. «Ես կաթիլ-կաթիլ իմ մեջից հանել եմ ստրուկին»: Սերունդ է փոխվում, ներկայիս սերունդն առողջ կասկածամտություն ունի: Դա, անշուշտ, բերելու է ցանկալի արդյունքի արդարադատության ոլորտում:

Մեկնաբանություններ (3)

Անահիտ Թումանյան
Շատ ճիշտ ասացիք, : 2005թիվ, տղայիս, ևս 9-ը երիտասարդի փակել էին վանդակի մեջ, ասես շատ վտանգավոր հանցագործների և Վայք քաղաքի դատավորը՝ Լևիկ Պողոսյանը մատը թափահարելով այդ 19-ամյա և 20-ամյա երիտասարդների վրա ասում էր. : Ահա այդպիսին են մեր դատավորները և չկայացած դատական համակարգը....
Զարուհի
Տիկին Անահիտ, Ձեր որդին հիմա ազատության մեջ է?
ՏԱԹև
ԱՍԵՄ ՈՐ ԱՄԵՆ ՏԵՂ ՓՈՂՈՎ ԴԱՍԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԵՐ ԵՆ....ԵՎ ԱՍԵՄ ՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԿԱՇԱՌՔՈՎԱ...ՄԻ ՔԻՉ ԽԵՂՃ ՄԱՐԴ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ ՎՈՐ ՉԲՈՂՈՔԻ...ԿԱՄ ՎԱԽԱՑՆՈՒՄ ԵՆ....ՎՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ......ՄԱՆԱՎԱՆԴ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter