HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռիսկային վարորդները կարող են խուսափել պատասխանատվությունից. ապահովագրողն ահազանգում է

Ինչպես հայտնի է, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ) Հայաստանում գործում է 2011-ի հունվարի 1-ից: 2013-ի հունվարի 1-ից էլ գործում է ԱՊՊԱ-ի «Բոնուս-Մալուս» համակարգը: Այս համակարգի էությունն այն է, որ կարգապահ վարորդները վճարում են ավելի քիչ (բոնուս), իսկ պատահարների պատճառ դարձած ռիսկային վարորդները՝ ավելի շատ (մալուս):  

«Բոնուս-Մալուս» համակարգը գործում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ընդունած կանոններով: Ըստ դրանց՝ յուրաքանչյուր վարորդ առաջին անգամ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս գրանցվում է համակարգի աղյուսակի 10-րդ դասում (տես նկարը), որը բազիսային է: Եթե առնվազն 345 օր ԱՊՊԱ պայմանագիր ունեցող անձը չի դարձել ԱՊՊԱ պատահարի պատճառ, ապա նոր պայմանագիր կնքելիս նա ընդգրկվում է 9-րդ դասում եւ պայմանագրի դիմաց վճարում է 3 տոկոսով ավելի քիչ: Այսպես 9 տարի անց նա կարող է վճարել 50 տոկոսով քիչ գումար, այսինքն՝ ԱՊՊԱ գնի ուղիղ կեսը: Իսկ եթե անձը ՃՏՊ-ի պատճառ է դարձել, ու դրա հետեւանքով ապահովագրողը վճարում է կատարել երրորդ կողմին, ապա մեկ դեպքի համար վարորդը ստանում է մալուս՝ 4 դասի չափով: Այսինքն՝ գալիք տարի նա վճարում է 16 տոկոսով ավելի թանկ: Ընդ որում՝ յուրաքանչյուր դեպք անձին արժենում է 4 դաս: Ստացվում է, որ տարվա մեջ 3 կամ ավելի պատահարների մեղավոր ճանաչված վարորդը հաջորդ տարի վճարելու է ԱՊՊԱ-ի գնի կրկնակին: Չնայած առաջ հայացքից կարող է թվալ, թե միայն 12 տարի անց կարգապահ վարելուց հետո անձը կկարողանա վերադառնալ բազիսային՝ սկզբնական չափին, ըստ կանոնների՝ 4 տարի «մաքուր» վարելու դեպքում նա տեղափոխվում է 10-րդ դաս՝ բազիսային մակարդակ:

Ապահովագրող բոլոր ընկերությունները իրենց հաճախորդ վարորդների պատահարները ուղարկում են բյուրոյի բազա: Եթե վարորդը մեկ տարի հետո պայմանագիր է կնքում նույն կամ մեկ այլ ընկերության հետ, հարցում է ուղարկվում բազային՝ վարորդի դասը ճշտելու համար: Բազայում որոնումը կատարվում է անձնագրով ու նաեւ, եթե կա այդպիսին, սոցքարտով: Չնայած «Բոնուս-Մալուս»-ը ուժի մեջ է մտել 2013-ից, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով ապահովագրողները բազայից սկսել են օգտվել միայն 2014-ից: Նախորդ տարի ապահովագրողներն ուղղակի հարցնում էին քաղաքացիներին, թե արդյոք նախկինում ունեցել են պատահարներ: 

ԱՊՊԱ ոլորտի մասնագետ Հայկ Մելքոնյանը նկատել է, որ այստեղ առկա է որոշակի բաց: Քանի որ հարցումը կատարվում է անձնագրի սերիայով, իսկ անձնագիրն էլ փոփոխվող փաստաթուղթ է, անձի նախկին տվյալները նոր անձնագրի դեպքում այլեւս չեն երեւում: Միակ փաստաթուղթը, որ տրվում է անժամկետ, սոցիալական քարտն է, սակայն այն պարտադիր չէ: Ստացվում է, որ եթե վարորդը ռիսկային է, մեկ կամ մի քանի պատահարների մեղավոր է եղել, նոր պայմանագիր կնքելիս կարող է ներկայացնել նոր անձնագիր (2014-ից՝ նույնականացման քարտ) եւ բազայում երեւալ իբրեւ նոր վարորդ: Մյուս կողմից՝ բոնուսներ կուտակած վարորդներն էլ կորցնում են իրենց զեղչերը եւ հայտնվում զրոյական վիճակում:

Այսպիսով՝ բազայի նշված անկատարությունը թե ապահովագրողների, թե կարգապահ վարորդների շահերից չի բխում, իսկ ռիսկային անձանց համար սա, բնականաբար, շատ լավ է:  

Մասնագետի հաշվարկմամբ՝ տարեկան միջինը Հայաստանում լինում է 40.000 ՃՏՊ, որոնց համար ապահովագրող ընկերությունները վճարումներ են կատարում: Այդքան վարորդից եթե 10.000-ի տվյալները մաքրվեն, ապա ամեն մեկի հաշվով չի հավաքագրվի միջինը 2500 դրամ (սա այն 16 տոկոսն է, որն ավելանում է ԱՊՊԱ-ի բազային արժեքին ռիսկային վարորդների համար): Այսինքն՝ ընդհանուր կկազմի 25.000.000 դրամի վնաս ապահովագրողների համար:   

Հայկն առաջարկում է երկու տարբերակ. կամ պարտադիր դարձնել սոցքարտի առկայությունը ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս, կամ էլ բազայում հարցումը կատարել վարորդական իրավունքներով, որոնք ներկայում նույնպես տրվում են ժամանակավոր՝ 10 տարով, եւ փոփոխվող սերիական համարով են. Հ. Մելքոնյանի մոտեցմամբ՝ կարելի է պարզապես վարորդական վկայականի համարը չփոփոխել, ինչպես խորհրդային տարիներ էր, երբ այն տրվում էր անժամկետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter