HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նոր նախագիծ՝ կեղծ օգտատերերի գրառումներից եւ վիրավորական մեկնաբանություններից պաշտպանվելու համար

ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԶԼՄ-ներին: Մասնավորապես՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակները պնդում են, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել  սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի» միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է «մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը»: Ըստ հեղինակների՝ խնդիրը առավել կարեւորվում է նրանով, որ մի շարք լրատվական միջոցներ վերարտադրում եւ տարածում են կեղծ օգտատերերի՝ զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը՝ դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետեւանքով այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում նույնիսկ այն անձանց, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում: «Ուստի, կարեւոր է սահմանել այն լրատվական միջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումներըեւ մեկնաբանությունները»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

«Հետքի» հարցերին պատասխանում է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Ինչո՞վ է պայմանավորված բոլոր խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ օրենսգրքում նման փոփոխությամբ հանդես գալը: Խնդիրն այդքան հրատա՞պ է:

Նախ և առաջ ցանկանում եմ մատնանշել այն հանգամանքը, որ այս հարցն արդեն տևական ժամանակ է՝ մտահոգում է հասարակության ամենատարբեր շերտերի՝ լինեն լրագրողներ, ֆեյսբուքյան հասարակ օգտատերեր, բլոգերներ, թե պարզապես հարցին քաջատեղյակ անձինք: Խնդիրն այն է, որ բավական երկար ժամանակ է, ինչ խոսվում է ֆեյսբուքյան տիրույթում առկա, երբեմն նույնիսկ անկառավարելի մթնոլորտի մասին, երբ անհայտ կամ կեղծ օգտատերերը տարածում են այնպիսի տեղեկություններ, որոնք բացի այն, որ չեն համապատասխանում իրականությանը, մեծամասամբ անցնում են թույլատրելիի սահմանը, պարունակում են վիրավորանք, զրպարտություն, անձի պատիվը, արժանապատվությունը, հեղինակությունը, գործարար համբավը արատավորող, հաճախ գռեհիկ, բոլոր տեսակի չափերն անցնող տեղեկություններ: Խնդիրն այն է, որ եթե անձն իր համար որդեգրել է այդպիսի գործելաոճ, ապա նա պետք է պատրաստ լինի պատասխանատվության ենթարկվել: Եթե որևէ մեկը ցանկանում է վիրավորել կամ զրպարտել ինչ-որ մեկին իր անունից, ապա դա իր իրավունքն է՝ բնականաբար դրանից բխող համապատասխան հետևանքներով: Սակայն բոլորվին այլ հարց է, երբ իրական կյանքում շատ զգուշավոր մարդիկ վիրտուալ կյանքում սկսում են «հերոսանալ», խրոխտ ու համարձակ կեցվածքով մտքեր հայտնել և այլն:  Խնդիրն ավելի է բարդանում, երբ լրատվական կայքերն էլ այցելություն ապահովելու համար այս վիրտուալ արկածախնդիրներին դարձնում են հերոսներ: Բայց այս ամբողջ շղթայի մեջ կարծես բաց է մնում մեկ հարց, թե ով պետք է պատասխանատվության կրի այն մարդու առաջ, ում վիրավորել են կամ զրպարտել: Ահա այս հարցերի կարգավորմանն է ուղղված այն նախագիծը, որը խորհրդարանական բոլոր ուժերի աջակցությամբ դրվել է շրջանառության մեջ:

Քաղաքացիական օրենսգրքի վիրավորանքի, զրպարտության, գործարար համբավին վերաբերող նորմերը կարգավորում են խնդիրը, արդյոք նման սահմանափակումները լրատվամիջոցներին չի՞ կաշկանդում ազատ օգտվել աղբյուրներից:

Նախ՝ կցանկանայի նախագիծը բաժանել երկու մասի՝ անհայտ աղբյուրից վերցված և տարածված գրառումներ և որևէ  լրատվական նյութի տակ տեղ գտած վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանություններ: Նախագծի առաջին մասը  պարզապես ուղղված է գործող իրավակարգավորման առավել հստակեցմանը: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այսօր ևս կարելի է լրատվամիջոցի դեմ դիմել դատարան, եթե տեղեկատվության աղբյուրը անհայտ է: Ընդ որում՝ սա շատ ավելի վտանգավոր և հայեցողական մեկնաբանության տեղ է թողնում, քան առաջարկվողը, որի մասին կխոսեմ ստորեւ: Ինչ վերաբերում է լրատվական նյութի տակ վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար պատասխանատվություն սահմանելուն, այսինքն՝ նախագծի երկրորդ մասին, ապա պետք է նշել, որ նշված կարգավորումը նորույթ է մեր օրենսդրությունում:

Ընդ որում՝ երկու կարգավորումների համար էլ հիմք են ծառայել ՄԻԵԴ որոշումները: Մասնավորապես՝ մեկնաբանությունների մասով ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2013 թվականին, ընդունվեց որոշում (Դելֆին ընդդեմ Էստոնիայի), որը սահմանեց, որ լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում իր կայքում տեղ գտած վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունների համար: Հիմքում, իհարկե, դրվել էր հենց այն հանգամանքը, որ լրատվամիջոցը հարթակ է այդ մեկնաբանությունների տարածման համար, այլ կերպ ասած՝ լրատվամիջոցի վրա բեռ դնելը հենց նրանով է փաստարկել դատարանը, որ ԶԼՄ-ն իր գործունեությամբ նպաստում է այնպիսի տեղեկությունների տարածմանը, որոնք վիրավորում կամ զրպարտում են մարդուն: Առաջնորդվելով ՄԻԵԴ-ի արտահայտած դիրքորոշումներով՝ նախագծով այնպիսի մեխանիզմ է սահմանվել, որ կարգավորումը շատ կոշտ չլինի: Այն է՝ լրատվամիջոցին հնարավորություն է ընձեռվել հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը պահանջը ներկայացնելու պահից  անհապաղ, սակայն ոչ ուշ քան տասներկու ժամվա ընթացքում: Սա, անկասկած, լրատվամիջոցին իրավիճակը գնահատելու և իր շահերին համապատասխան որոշում կայացնելու հնարավորություն կտա: Քանի որ շատ իրավիճակներում լրատվամիջոցը ուղղակի չի կարող հետևել այդ մեկնաբանությունների հայտնվելուն, իսկ ըստ դատարանի մոտեցման՝ նա այդ պահից ի վեր արդեն պատասխանատու է համարվում: Դա չի նշանակում, իհարկե, որ լրատվամիջոցը պետք է այդքան սպասի, եթե նա ունի հնարավորություն դա անհապաղ հեռացնելու: Միևնույն ժամանակ, նախագծով սահմանվել են որոշ հասկացություներ, որոնք մինչ այս պահը օրենդրության մեջ և դատական պրակտիկայում տեղ չեն գտել, մասնավորապես՝ հրապարակային էլեկտրոնային կայք, կայքի իրավատեր:

Իսկ ինչպե՞ս է իրավատերը կառավարելու ֆեյսբուքյան ասուլիսների դեպքում օնլայն հարցերի հոսքը: Հնարավոր է լինեն հարցեր, որոնք պարունակում են վիրավորանք կամ զրպարտություն, այս դեպքում ո՞վ է պատասխանատվություն կրելու:

Կայքի իրավատիրոջ համար տրվել է երկու չափանիշ՝ հնարավորություն և իրավասություն հեռացնելու այդ մեկնաբանությունը: Այո, ֆեյսբուքյան ասուլիսների ժամանակ, երբ հարցազրուցը առցանց ռեժիմում է լինում, դրանք հնարավոր չէ վերահսկել: Ասեմ նաև, որ այս կարգավորումը լրատվամիջոցի վրա նախնական մոդերացիա անելու պարտականություն չի դնում, այսինքն՝ ի սկզբանե նա պատասխանատու չէ, եթե որևէ վիրավորական մեկնաբանություն է հայտնվել: Այլ հարց է, եթե անձը, ում մասին արվել է մեկնաբանությունը, դիմում է լրատվամիջոցին: Այստեղ արդեն վերջինս պիտի գնահատի իրավիճակը, ինչպես այսօր և որոշի՝ արդյոք դա վիրավորա՞նք է, թե՞ ոչ, հանե՞լ, թե՞ ոչ: Եթե չի հանում և վստահ է, որ այդտեղ վիրավորանք կամ զրպարտություն չկա, ապա որևէ խնդիր չկա:

Նախագծի մյուս իրավակարգավորումը վերաբերում է տեղեկատվության անհայտ աղբյուրի սահմանմանը: Այսօր առկա իրավակարգավորմամբ, եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

Բայց Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշում՝ Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ի, որտեղ հստակեցվում է, թե ինչ է տեղեկատվության աղբյուրը: Այս նախադեպը բավարա՞ր չէր դատական պրակտիկան այդ ուղղությամբ զարգացնելու համար:

Նախ նշեմ, որ ՄԻԵԴ-ն ունի բազմաթիվ որոշումներ, որտեղ տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվություն է սահմանում: Այս առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, այո, ևս ունի որոշում, որտեղ անդրադարձել է մի շարք հարցերի՝ հատկապես բացահայտել է, թե ինչ է նշանակում տեղեկատվության աղբյուր, որ դեպքում է կատարված հղումը համարվում պատշաճ և լրատվամիջոցին ազատում պատասխանատվությունից: Համապատասխանաբար, տեղեկատվության աղբյուր համարվել են հեղինակները (անձինք) և լրատվական գործակալությունները: Այլ հղումները պատշաճ չեն և չեն ազատում պատասխանատվությունից: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ տեղեկատվություն հրապարակողը, եթե նույնիսկ հրապարակել է տեղեկատվության բովանդակությունը բառացի կամ բարեխիղճ և հղում է կատարել աղբյուրին, չի ազատվում պատասխանատվությունից, եթե դատավարության ընթացքում կապացուցվի, որ նա գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` զրպարտություն լինելու մասին, քանի որ նման դեպքում անձի մոտ առկա է զրպարտելու դիտավորությունը։ Նշված դեպքում ինչպես տեղեկատվությունը կրող աղբյուրը, այնպես էլ այդ տեղեկատվությունը հրապարակողը կրում են համապարտ պատասխանատվություն որպես համատեղ վնաս պատճառողներ։

Նախագիծը այս առումով որևէ  բան չի փոխել, հակառակը, հավատարիմ մնալով այս տրամաբանությանը՝ է՛լ ավելի մանրամասն է հարցին անդրադարձել, նաև՝ հենց լրատվամիջոցների շահերի տեսանկյունից: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը չի պատասխանել այն հարցին, թե որ դեպքերում է տեղեկատվության աղբյուրը համարվում անհայտ: Մանրամասնված չեն այն դեպքերը, թե արդյոք լրատվական միջոցը պատասխանատվություն կկրի, եթե, օրինակ, հղում կատարի հրապարակային գործունեությամբ լայնորեն հայտնի կեղծ օգտատիրոջը (դատարանի սահմանած իմաստով տեղեկատվության աղբյուրին): Այս առումով նախագծով նախատեսվել է. «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվություն»: Այսինքն՝ ֆորմալ հղումը կլինի, սակայն եթե անձը չի կարողանում գտնել նրան, օրինակ՝ որպեսզի իմանա՝ ում դեմ դիմի դատարան, նա կհամարվի անհայտ, և ուրեմն լրատվության միջոցն է դրա համար պատասխանատու:  Ի՞նչ է նշանակում՝ ողջամիտ ջանքեր և այլն: Սրանք բոլորը դատական ապացուցման խնդիր են: Բայց, կրկնում եմ, այսօր ևս կարելի է դիմել դատարան լրատվամիջոցի դեմ կեղծ օգտատիրոջ կատարած գրառաման համար: Այլ հարց է, որ շատերը չեն օգտվում այդ իրավունքից: Ի դեպ, այսպիսի մոտեցման հիմքում ընկած է այն փաստարկը, որ լրատվամիջոցը առավել լսելի է դարձնում անհայտ աղբյուրին, ինքն է վստահում այդ աղբյուրի գրածին, ինքն է տարածում: Հենց տարածման վրա է դրված շեշտը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում: Տարածելու համար է պատասխանատու լրատվամիջոցը:

Այս առումով, հղում տալով՝ լրատվական գործունեություն իրականացնողը կպահպանի Վճռաբեկ դատարանի որոշման այն պահանջը, ըստ որի՝ ինքը պետք է տեղեկատվությունը տարածելիս բացահայտի աղբյուրը: Սակայն, աղբյուրի բացահայտումը միշտ չէ, որ նշանակում է տրամադրել նաև անձին նույնականացնող տվյալներ: Ուստի, այս առումով ևս մի կարգավորում է նախատեսվել, որ եթե հղում կա, բայց անհնար է նույնականացնել անձին, և լրատավամիջոցը դառնում է պատասխանատու, ապա նա կազատվի, եթե ներկայացնի նույնականացնող տվյալներ: Սա ամենակարևոր կարգավորումներից է, որը թեթևացնում է ԶԼՄ-ի բեռը:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ մատնանշել, որ այս նախագիծը մինչ օրենք դառնալը դեռ պետք է քննարկումների փուլ անցնի, ուստի, եթե կլինեն ողջամիտ առաջարկներ, վստահ եմ՝ նախագծի բոլոր համահեղինակները պատրաստ են քննարկել և ընդունել: Ի դեպ, տեղյակ եմ նաև երեկ համացանցում տեղ գտած մեկնաբանություններին, դրանցից որոշները հետաքրքիր հարցադրումներ էին պարունակում և քննարկումների ընթացքում կարելի է դրանց անդրադառնալ: Ասեմ նաև, որ պետք չէ կարծել, թե նախագիծը կպատասխանի այս դաշտում տեղ գտած բոլոր խնդիրներին, բայց որ զգալիորեն կշտկի իրավիճակը՝ վստահ եմ:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter