HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մարզավիճակի հարցը լուծվող է, իսկ պահեստայինների նստարանը՝ համակարգային խնդիր

Երեկ Կրասնոդարում կայացած ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականի 0-2 հաշվով պարտությունը ռուսներից պետք է դասել մեր թիմի պասիվին թե արդյունքի, թե ցուցադրած խաղի տեսանկյունից: Կարծես արդեն սովորական է դարձել, որ ընկերական խաղերում մեր թիմը դժգույն ելույթ է ունենում: Սրանից առաջ վերջին ընկերական հանդիպումը ալբանացիների հետ էր, երբ Տիրանայում Մինասյանի սաները պարտվեցին նույն 0-2 հաշվով ու առանձնապես ոչինչ չցուցադրեցին, բայց հետո գեղեցիկ խաղեր անցկացրին չեխերի, բուլղարների, իտալացիների հետ:

Ալբանացիների հետ մեր թիմը խաղաց անցած տարվա օգոստոսին, երբ աշուն-գարուն մրցաշրջանը նոր-նոր էր բացվում: Այս անգամ էլ նույն մրցաշրջանը վերսկսման փուլում է: Ակնհայտ էր, որ հայ ֆուտբոլիստները դեռեւս չեն մտել ռիթմի մեջ, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ՝ երեք-չորս տուր, գուցե ավելին: Սակայն նույն վիճակում էր նաեւ մեր մրցակիցը: Ռուսաստանի առաջնությունը մեկնարկում է մարտի 8-ին, այս ընթացքում ռուսական թիմերը անցկացրել են միայն ընկերական խաղեր եւ մասնակցել եվրագավաթների խաղարկություններին: Սակայն երկու ընտրանիների տարբերությունն ակնհայտ էր: Չնայած ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում այս պահին Ռուսաստանը 22-րդն է, իսկ մենք՝ 30-րդը, իրականում տեսանք, որ գոնե այս հատվածում նրանք շատ ավելի ուժեղ են:

Իտալացի Ֆաբիո Կապելլոյի թիմն ըստ էության ավելի զորեղ է, քան հոլանդացի Ադվոկատինը, որի հետ մենք երկու խաղ ենք անցկացրել 2011-ին: Պատահական չէ, որ ռուսներն առաջին տեղով են հաղթահարել ընտրական փուլը եւ անմիջապես Բրազիլիա մեկնելու հնարավորություն ստացել՝ իրենցից հետ թողնելով «եվրոպացի բրազիլացիներին»՝ Պորտուգալիային, որի հետ կխաղանք «Եվրո-2016»-ի շրջանակներում: Կապելլոյի թիմը լավ է աշխատում եզրերում, արագ է, ռուսները սկսել են մեկ հպումով, միջին ու երկար փոխանցումներով դիտարժան ֆուտբոլ ցուցադրել, նկատելի է նաեւ որոշ ֆուտբոլիստների տեխնիկան, հավաքականն ունակ է արագ հակագրոհներ կազմակերպել: Մրցակցին այս թիմը կարողանում է խանգարել կոլեկտիվ պաշտպանությամբ, երբ մեկ հոգուն գրոհում են երկուսով, հարկ եղած դեպքում էլ դիմում են տակտիկական խախտման՝ երբեմն դրսեւորելով ռուսական ֆուտբոլին բնորոշ կոշտություն:

Այս ամենի առկայությամբ, սակայն, ռուսները մեզ համար անհաղթահարելի մրցակից չեն, չնայած որ միշտ էլ ռուսական ֆուտբոլը անդուր է եղել մեր թիմերին: Ռուսաստանի ընտրանու ամենամեծ առավելությունը մեր հանդեպ նրանց փոխարինողների երկար նստարանն է. երեկվա խաղում Կապելլոն գրեթե ամբողջությամբ փոխեց կազմը, սակայն դրանից նրանց խաղի որակը չփոխվեց: Եթե Կերժակովին կարող է փոխարինել երիտասարդ Կոկորինը, ապա Մխիթարյանին քիչ թե շատ արժանի մեկն այսօր չկա մեր թիմում. Հենրիխը ոչ միայն բարձրակարգ, այլեւ ունիվերսալ ֆուտբոլիստ է, ինչը կրկնապատկում է նրա արժեքը: Նույն համեմատականները կարելի է անցկացնել ռուսների ու մեր դարպասապահների, պաշտպանների, կիսապաշտպանական գծի խաղացողների միջեւ:

Այո, հսկա երկիր է, եւ քանակը որակ է տալիս, բայց նույն Բելգիան ու Հոլանդիան էլ Հայաստանի չափ են, սակայն տարբերությունը մեր համեմատ երեւի ավելի մեծ է. եթե ներքին առաջնությունը, թիմերի ենթակառուցվածքները, պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվողների թիվը եւ մասսայական ֆուտբոլը անհրաժեշտ մակարդակի չեն, ապա դա չի կարող իր արտացոլանքը չստանալ ազգային թիմի վրա: Արտերկրում ու ներսում խաղացող մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ չեն կարող շարունակաբար թիմն իրենց հետեւից տանել:

Միայն Մխիթարյանն է, որ այս պահին ունի անհրաժեշտ խաղամակարդակ, ինչը Գերմանիայում հանդես գալու արդյունք է: Մեր թիմի գլխավոր խնդիրը, նույնիսկ մրցաշրջանի ամենաեռուն փուլում եղել է ու կա պաշտպանությունը: Արզումանյանը, Եդիգարյանը, Հարոյանն ու Մկոյանը անօգնական տեսք ունեին ռուսների արագ եզրայինների ու կենտրոնից ներխուժող խաղացողների ֆոնին: Մի փոքր անակնկալ էր ձախ եզրում Կամո Հովհաննիսյանի փոխարեն տեսնել Արտակ Եդիգարյանին, որը տեւական ժամանակ դուրս էր մնացել ազգային թիմից: Ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանի կարիքն այսօր էլ զգացվում է, չնայած Կամոն, որ ունակ է խաղալ թե աջ, թե ձախ եզրում, արագավազ ու նաեւ կոշտ ֆուտբոլից չխուսափող է, աստիճանաբար լրացնում է այդ բացը: Պատահական չէր, որ հիմնականում հենց Եդիգարյանի եզրից էին կազմակերպվում ռուսների գրոհները: Ազգությամբ ադրբեջանցի Սամեդովը շարունակ լարվածության մեջ էր պահում Եդիգարյանին, որը պարբերաբար սխալվում էր դիրք ընտրելիս:

21-րդ րոպեին հենց Սամեդովի անցումից ու փոխանցումից հետո Կոկորինը կրնկով գրավեց Բերեզովսկու դարպասը: Կոկորինին էլ չկարողացավ չեզոքացնել Արզումանյանը: Ռոբերտն ու Արտակը շատ ցածր արդյունավետությամբ էին խաղում: 43-րդ րոպեին էլ Հարոյանը բաց թողեց կենտրոնից դեպի Սամեդովը եկող փոխանցումը, որը կրկին դիրքի առավելություն ստացավ Եդիգարյանի նկատմամբ, վերջինս էլ գցեց մրցակցին: Դմիտրի Կոմբարովի 11-մետրանոց հարվածի ուղղությունը Բերեզովսկին կռահեց, բայց չկարողացավ հասնել գնդակին՝ 2-0:

Եղան պահեր, երբ մեր պաշտպանները անտեղի փորձում էին շուտ փոխանցում կատարել՝ ազատվելով գնդակից, երբ կարելի էր ուղղակի ավելի վստահ գործել՝ գնդակն ուղարկել դարպասապահին: Մենապայքարներում շատ դեպքերում հաղթում էին ռուսները, հայերն էլ պարբերաբար սայթաքում էին: Մեր թիմից միայն 3 վտանգավոր հարված եղավ. մեկն առաջին կեսում հեռվից կատարեց Մխիթարյանը, որը չեզոքացրեց դարպասապահ Ակինֆեեւը: Մի հարված նույն կեսում տուգանայինից կատարեց Մովսիսյանը, որը դարպասապահը որսաց, նմանատիպ դրվագ էլ եղավ երկրորդ կեսում, երբ Յուրայի հարվածից հետո գնդակը կրկին հայտնվեց Ակինֆեեւի ձեռքերում: Հարձակողական գեղեցիկ ու արագ անցումներով հայտնի մեր թիմին բնորոշ խաղ չէր սա: Մարզման ժամանակ վնասվածք ստացած Արասի փոխարեն խաղացող Սարկիսովն էլ դուրս էր մնացել գործողություններից: Ընդհանրապես, Արթուրին խաղընկերները համեմատաբար քիչ են օգտագործում գրոհներ կազմակերպելիս (սա միայն երեկվա խաղին չի վերաբերում), այնինչ նա լավ արագություն ունի, ճարպիկ է, չնայած տեխնիկապես նույն Արասին չի հասնում:

Փոխարինման մտած ոչ մի ֆուտբոլիստ ունակ չեղավ որեւէ նշանակալի բան անել, ընդհանուր թիմն էր վատ մարզավիճակում: Բայց եթե, նախկին փորձից ելնելով, մտածենք, որ մրցաշրջանի ընթացքում ամեն ինչ կարող է կարգավորվել, պատկերացնենք, որ թիմի կորիզը հանդես կգա առանց վնասվածքների, մարտական կազմով, ապա պահեստայինների կարճ ու անհամարժեք նստարանը շարունակում է համակարգային խնդիր մնալ ազգային թիմի համար: Նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի համար սա դժվար փորձություն ու մեծ մարտահրավեր է լինելու: Նա պիտի առանց այդ էլ քիչ քանակի հայ ֆուտբոլիստներից կարողանա գտնել լավագույններին՝ հավաքականում գոնե պարբերաբար խաղացնելու եւ այդպես աճեցնելու համար՝ ներկա պահին իբրեւ արժանի փոխարինող, իսկ հետո նաեւ՝ որպես թիմի կորիզ:

Հ.Գ. «Եվրո-2016»-ում մեր մրցակիցներից Պորտուգալիան 5-1 հաշվով ջախջախել է Կամերունին, Դանիան 0-1 պարտվել է Անգլիային, Սերբիան 2-1 հաղթել է Իռլանդիային, իսկ Ալբանիան 2-0 հաշվով առավելության է հասել Մալթայի հանդեպ: Պահեստային մրցակից Ֆրանսիան էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել Հոլանդիայի դարպասը:

Մայիսի 31-ին Հայաստանի ընտրանին Ժնեւում կհանդիպի աշխարհի առաջնության եւս մի մասնակցի՝ Ալժիրին, որը Ռուսաստանի հետ հայտնվել է նույն խմբում: Հունիսի 6-ին էլ Շալանդի սաները Մայնցում կմրցեն տանտեր Գերմանիայի հետ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter