HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Կեղծ օղիների ինդուստրիան ու Սամվել Ալեքսանյանի հնարամտությունը

Հնարամտության մասին

«Երևան սիթի» խանութների ցանցը շարունակում է արգելված օղիների վաճառքը: Խոսքը, մասնավորապես, «ԶելյոնայաՄետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար», «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ», «Բուֆետնայա Տրադիցիա» օղիների մասին է, որոնց 0.5 լիտրանոց շիշն արժե 700 դրամ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ 2010-2011թթ. դիմել է դատարան՝ այդ օղիներն արգելելու պահանջով, քանի որ դրանք շփոթության աստիճան նման են Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրվող օղիներին:

2012թ. հուլիսի 10-ի ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը լրատվամիջոցներին ասաց, որ բոլոր արգելված օղիները շրջանառությունից հանել է, ընդ որում՝ առգրավել է ոչ միայն պատրաստի արտադրանքը, այլև արտադրության ռեսուրսները՝ շշերը, խցանները, պիտակները, արտադրության միջոցները: Բայց այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց արգելված օղիները կրկին հայտնվեցին «Երևան սիթի»-ում: Այդ օղիների վրա փոխվեց ընդամենը արտադրողի անունը՝ նախկինում արգելված օղիներն արտադրվում էին «ԱԳ» ընկերության անունից, ներկայում՝ «Ա և Գ»: Հենց այս հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ ԴԱՀԿ-ը թույլատրի վաճառքը:

Իրականում երկուսն էլ «Ալեքս գրիգ» անվան հապավումն են, ավելին՝ երկուսն էլ ներկայանում են նույն հասցեով՝ ք. Երևան, Պ. Տիչինա 3-րդ նրբանցք: Կասկած չկա, որ օղիներն արտադրվում են նույն տեղում, հետևաբար ԴԱՀԿ-ի անգործությունը համարում ենք ոչ հիմնավոր: Պետական մարմինը չպետք է թույլ տա, որ նման պարզամիտ հնարքներով գործարարները խաբեն իրեն: Իրականում Սամվել Ալեքսանյանի արտադրած օղիները կեղծ չեն, դրանք ընդամենը շփոթության աստիճան նմանակում են այլ օղիների: Հետևաբար, դրանց թույլատրելիությունը կարգավորվում է մրցակցության մասին օրենքներով:

Ցանկացած ոք, ով «Երևան սիթի»-ից ռուսական հայտնի բրենդը նմանակած օղի է գնում, նախապես գիտի, որ դրանք արտադրված ու շշալցված են Հայաստանում, գիտի՝ ո՞ւմ կողմից, ու եթե չգիտի՝ կարող է տեղեկանալ շշի վրայի պիտակից: Այսպիսի օղիներ արտադրելու համար առավելագույնը տուգանք են նշանակում, ու տուգանք նշանակողն էլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է: Կարծում ենք՝ իմաստ չունի, որ այս հանանձնողովը պիտակի վրա ամեն մի տառի փոփոխության դեպքում կրկին վարույթներ հարուցի, այդպես երբեք չեն կարող նմանակված օղիները հանել շրջանառությունից: Պարզապես ԴԱՀԿ-ը պետք է ավելի վճռական ու հետևողական լինի, արտադրության միջոցները բռնագրավի մամուլի ներկայությամբ: Մեկ այլ խնդիր էլ կապված է այդ էժանագին օղիների որակի ու առողջության համար վտանգավորության աստիճանի հետ, հանգամանք, որը դուրս է մնացել պետական մարմինների ուշադրությունից:

Կեղծ օղիների ինդուստրիան

Կեղծ օղիների արտադրության համար պատասխանատվությունը քրեական օրենսգրքով է՝ 207 հոդված, 1-3 տարի ազատազրկում: Հայաստանում ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են կեղծ օղիներ իրացնողներ, անգամ արտադրամասեր, սակայն չի կարելի ասել, թե կեղծ օղիները լուրջ վտանգ չեն ներկայացնում: Դրանք շատ ավելի վտանգավոր են, քանի որ արտաքին ձևավորումը որևէ կերպ չի տարբերվում օրիգինալից: Կեղծ օղիների ինդուստրիան հատկապես զարգացած է Ռուսաստանում, դրանում մեծ դերակատարում ունի ադրբեջանական մաֆիան:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում ու Հյուսիսային Կովկասի հարավային շրջաններում կան կեղծ օղիներ արտադրող հատուկ գործարաններ, որոնք այն աստիճան են նմանակում օրիգինալին, որ սպառողը գործնականում տարբերել չի կարող: Կեղծ օղիների ինդուստրիան այդ երկրում այն աստիճան զարգացած է, որ այս տարվա առաջին ամիսներին տեղի է ունեցել օրինական արտադրվող օղիների իրացման ծավալների մոտ 30% անկում:

Ընդ որում՝ կեղծվում են ոչ միայն ռուսական հայտնի բրենդները (հատկապես ամենատարածվածները՝ «Զելյոնայա մարկա», «Պարլիամենտ» և այլն), այլև՝ եվրոպական բրենդները՝ «Ֆինլանդիա», «Աբսոլյուտ»: Ի՞նչ երաշխիք կա, որ այդ կեղծված օղիների մի մասը չի հայտնվում հայկական վաճառասեղաններում: Նման երաշխիք գոյություն չունի, թեև տեղական շուկայում ռուսական ու ուկրաինական օղիների իրացմամբ զբաղվում են բացառապես պաշտոնական դիստրիբյուտորները:

Օրինակ՝ ռուսական օղիների ներկրմամբ զբաղվում են հիմնականում «Ադամիում» և «Սարգիս Կարոլինա» ընկերությունները, ու դրանք համագործակցում են անմիջապես արտադրողի հետ: Բնականաբար, այդ ընկերությունները ներկրում են օրիգինալ տարբերակները, սակայն չեն կարող երաշխավորել, որ որևէ այլ մեկը չի ներկրում կեղծվածը: Առավել ևս, որ կեղծվածները ևս ակցիզավորվում են, իսկ հայաստանյան իրավապահ մարմինները կեղծ օղիները կարողանում են հայտնաբերել բացառապես ակցիզի բացակայության միջոցով:

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանն ավելի անպաշտպան կլինի կեղծված օղիների հանդեպ, եթե այսօր արդեն գործնական քայլեր չձեռնարկվեն:

Մեկնաբանություններ (2)

Կարինե
ՏՄՊՊՀ-ն պետք է ոչ թե 1 մլն դրամ տուգանի, այլև 100 մլ դրամ: Եթե ոչ` ուրեմն անիմաստ է
hasmik
lfiki oxinery patrastvac en hidrolizvac cpirtic, vory arajacnum charorak urucq, parzapes chpetq e gnel ajd tujny

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter