HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաչիգ չիգի, հաչիգ չիգի: Պռռռռռհըհըհըհո~~»

Ժորա Նազլուղանյանը 40 տարի  վարորդ է աշխատել: Ասում է, որ 88-ի երկարաշարժից հետո է «ոչխարի պոչը բռնել»: Այժմ հովիվ է և ունի 120 ոչխար:

 Ըստ Ժորային` Դեբեդի  գյուղացիները  չեն ուզում անսանապահությամբ զբաղվել, ոչխարի հետևից գնալ:

«Մեր գյուղի պես ոչխար ունեցող չկար: Սաղ կրեցին տարան: Երևի մի 500-600 գլուխ ոչխար տարան: Էն որ ասում են միամիտ լոռեցի Է~~, հմի մերն էր: Մենք վաճառողների վրա վաճառել ենք  30 հազար դրամով: Սրանք էլ ոչխարները վաճառել են պարսիկներին և ամեն մի ոչխարից 70 -85 հազար դրամ եկամուտ են ունեցել: Հիմա գյուղում հատուկենտ մարդիկ կան, որ ոչխար են պահում»,- պատմում է Ժորան: 

«120 ոչխար ունեք, արդեն ֆերմեր եք»,-ասացի Ժորային:

«Ֆերմեր չեմ, բայց ֆերմերին մոտիկ եմ»,- պատասխանեց:

Ժորային առաջարկեցի իր ոչխարների հետ նկարվել: «Իծան էլ ունեմ, կացի իծանս էլ բերեմ»,- ասաց նա: 

«Հաչիգ  չիգի, հաչիգ չիգի: Պռռռռռհըհըհըհո~~»,- մի քանի անգամ չոբանավարի ձայն տալով` դեպի արոտավայրի լանջը գնաց հովիվը: Այծերը հովվի կանչի վրա արագ մագլցեցին լանջը և մոտեցան տիրոջը:  Ժորան բացատրեց , որ «հաչիգ չիգի» նշանակում է «այծ, արի»: Նկարվելիս Ժորան  ոչխարների բերանը կոնֆետ էր դնում:

Հարցրի մարտի 9-ին կայանալիք  Դեբեդի գյուղապետի ընտրություններից: «Խաբար չեմ` ով կընտրվի: Ով ուզում ա ընտրվի, ինձ հմա մինա,-ասաց նա  և հիշեց,- գյուղապետ, գյուղապետ մեր հին գյուղապետն էր:  Ողորմածիկ դառավ Պապինյան Ֆելիքսը:  Էս ասֆալտն էլ է նա արել,  Էս արոտավայրի կողքերքի ծառերն ինքն ա տնկել: Մանկապարտեզն էլ  է նա բացել, ծնվող երեխային փող էր տալիս, մեռնողի հարազատներին օգնում էր, գերազանցիկ սովորողներին պարգևատրում էր:  Էն մարդը գնաց ջահել-ջահել` 30 տարեկանում ինֆակտ ստացավ»:  

«Մեր գեղը լրիվ պրոբլեմ ա»,- ասաց  գյուղի մուտքի ճանապարհաեզրին  պատ շարող երեք տղամարդկանցից մեկը:  Վերջիններիս  հարցրի գյուղից Ռուսաստան արտագաղթողների մասին:

«Պահ, նաղդ գնացող ենք երեքս էլ: Գնանք ու կարող է վաբշե  չգանք էլ, հա բա գանք ստեղ, ինչ անենք»,- պատասխանեց նրանցից մեկը:  «Դեբեդը շատ դժվար ոտքի կկանգնի:  Գյուղը վարկերի տակ խեղդվում ա»,- ասաց նրանցից մեկը: Նրանք այդպես էլ  չցանկացան հայտնել իրենց անունները:

Դեբեդի դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը մեղադրեց  Ռուսաստան աշխատանքի մեկնող դեբեդցիներին:  «Չեն ուզում աշխատել մեր գյուղացիք, լոդր են: Գյուղում հրաժարվում են 60 հազար դրամ աշխատավարձով իրենց առաջարկվող անասնապահական աշխատանքներից, իսկ Ռուսաստանում ամենաստորացուցիչ աշխատանքն  են համաձայնում կատարել»,-ասաց դպրոցի տնօրենը: 

Խանութի վաճառողուհին` Լենան

Գյուղի կենտրոնում գտնվող  խանութի վաճառողուհի Լենային հարցրի գյուղացիների վճարունակության մասին:

«Էս պահին  խանութին  2 մլն. դրամի պարտք ունեն»,- ասաց Լենան:

Գյուղամիջում կանգնած մեկ այլ դեբեդցի` Սամվել Պետրոսյանը, սկսեց խոսել իրենց գյուղի խնդիրների մասին:

Նա դրանցից, որպես կարևոր, առանձնացրեց երկուսը` խմելու ջրի ու ճանապարհների խնդիրը:  Ու հետո հոգոց հանելով`ասաց. «25 կմ-ից  գյուղ ջուր բերելը խաղ ու պար չի»: 

Այցելեցինք նաև Դեբեդի մանկապարտեզ:Բակում 14 երեխաներ էին խաղում: Մանկապարտեզը տարրական պայմաններից զուրկ է, չունի նաև փոքրիկների ննջարան:

Իսկ վաղը Դեբեդում համայնքապետի ընտրություններն են:  

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
Այսթաղծոտ մանումներ, անկախ երկրի զավակվեր չես սրանք:Անկախության հոգսն է ծորում անմեղ աչուկներից: Սրանք էլ, մեծ լոռեց պես, պիտի ասեն,-ապրեք երեխեք , բայց մեզ պե՞ս ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter