HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի ավագանին չհաստատեց 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը մարտի 7-ին հրավիրած ավագանու արտահերթ նիստը բացելուց հետո անմիջապես անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: Ավագանու անդամներից երկուսը դժգոհեցին, որ համայնքի ղեկավարը քվեարկության չդրեց նիստի օրակարգը` նշելով, թե օրենքով նախատեսված կարգով արտահերթ նիստի օրակարգը քվեարկությամբ չի հաստատվում:

ՏԻՄ օրենքի չիմացության մասին հնչած երկուստեք մեղադրանքներից հետո, առանց հաստատելու նիստի օրակարգը, վերջապես քննարկվեցին Գորիսի համայնքի 2013թ. բյուջեի կատարման և 2014 թ· բյուջեում փոփոխություններ իրականացնելու մասին մի քանի անգամ հետաձգված հարցերը:  

Խոսելով 2013թ. բյուջեի ծախսերի մասին` Հ.Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ տարում համայնքի բյուջեի խնայողությունները կազմել են 22,6%, որը, սակայն, չի վերաբերում պարտադիր լիազորությունների կատարման համար նախատեսվող ծառայություններին, խնայողությունները հիմնականում առաջացել են քաղաքապետարանի աշխատակազմի վարչական ծախսերի կրճատման, գնումների կազմակերպման, ինչպես նաեւ նախատեսված որոշակի աշխատանքներ չիրականացնելու արդյունքում: 

Հարություն Հովհաննիսյան

Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հարություն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ 2013թ.-ին Գորիսի համայնքային բյուջեի եկամուտներն ապահովվել են 103.1%-ով, ընդ որում, առանձնապես բարձր արդյունք է գրանցվել գույքահարկի հավաքագրման հոդվածով (135,2%), որը  հիմնականում պայմանավորված է բազաների ճշտմամբ, ապառքների հավաքագրումով:

Նվազագույն ցուցանիշ գրանցվել է վարչական գանձումների ուղղությամբ (43.6%): Առանձնապես թերացումներ, ըստ բաժնի պետի, նկատվել են համայնքի տարածքում տաքսի ծառայություն իրականացնողներին հարկային դաշտ բերելու հարցում:

«Բազմիցս նաև ճանապարհային ոստիկանությանն ենք դիմել, սակայն դրական արդյունք այդպես էլ չի արձանագրվում»,- ասաց  Հ. Հովհաննիսյանը:

Անցնելով քննարկվող հարցի շուրջ մտքերի փոխանակմանը` ավագանու անդամ Ռուզաննա Տոռոզյանը նշեց, որ իր կարծիքով իրավական, ֆինանսավարկային, բյուջետային և արտաքին կապերի մշտական հանձնաժողովը 2013թ. բյուջեի կատարման մասին պետք է հարցեր ունենար կամ որևէ արձանագրություն ներկայացներ, ինչը, սակայն չէր արվել և այդ մասին որեւէ փաստաթուղթ չէր ներկայացվել քննարկման:

Ավագանու անդամներից Գոռ Տիգրանյանը դժգոհեց, որ «ինքը ոչ մի գործից տեղյակ չի, բանավոր քննարկելը չի նշանակում, որ համաձայն է ներկայացված թղթի հետ»:

Գոռ Տիգրանյան

«Հի՞նչ եք կարծում, վեր տեղյակ չեմ, կարա՞մ համաձայն ինեմ, էս թղթան հինչ գիդամ, վերը կա, վերը` չէ»,- ասաց նա, որին ի պատասխան` համայնքի ղեկավարը նշեց, որ այդ ամենը մինչ այդ պետք է քննարկեին հանձնաժողովներում և տարվա ընթացքում ակտիվ լինեին:

Բյուջեի հաշվետվության մասին իրենց նկատառումները հայտնեցին նաև Մասիս Ղևոնդյանը և Արշակ Մկրտչյանը` նշելով, որ իրենք ավելի կոնկրետ փաստարկներ, ապացույցներ են ակնկալում, որոնք կարող են հաստատել բյուջեով կատարված բոլոր ծախսերը:

Չնայած Գոռ Տիգրանյանը մեկ անգամ ևս բազմանշանակ շեշտեց, թե «հարցեր շատ կան», սակայն այլ հարցեր չհնչեցին և քվեարկության 6 դեմ, 3 կողմ եւ 1 ձեռնպահ արդյունքով ավագանին չհաստատեց Գորիս համայնքի 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ավագանին եւ համայնքի ղեկավարը «լեզու չգտան» նաեւ 72 մլն-ը բաշխելու հարցում

Օրակարգի երկրորդ հարցով նախատեսվում էր փոփոխություն կատարել համայնքի 2014թ. բյուջեում, ըստ որի` 72,583.3 հազար դրամ տարեսկզբի ազատ մնացորդը պլանավորվում էր ուղղել ֆոնդային բյուջե` համայնքային տարբեր խնդիրների լուծման նպատակով, մասնավորապես` նախակրթական հաստատությունների վերանորոգման, Տաթևացի հրապարակի բարեկարգման, լուսավորության ապահովման, փողոցների փոսալցման, նշագրման, ճանապարհային նշանների տեղադրման, մանկական գրադարանի վերանորոգման, աղբահանության կազմակերպման նպատակով  մեքենասարքավորումներ ձեռք բերելու  համար:

Լսելով բյուջեում նախատեսվող փոփոխության մասին հրապարակված որոշման նախագիծը` ավագանու անդամ Արշակ Մկրտչյանն իր առարկությունը հայտնեց այն մասին, որ բյուջեում կատարվող փոփոխությունը չի համապատասխանում ավագանիների այն խմբի առաջարկությանը, ովքեր ավագանու փետրվարի 26-ին նշանակված նիստին չէին ներկայացել և տասը անդամների ստորագրությամբ քաղաքապետից պահանջել էին բյուջեում առաջարկվող փոփոխությունները քննարկել բնակչության մասնակցությամբ` նախապես վեր հանված հիմնախնդիրների առաջնահերթությունները որոշելու համար:

Արշակ Մկրտչյան

«Փետրվարի 28-ին կայացած հանրային քննարկման ժամանակ որոշեցինք այդ փոփոխություններն ուղորդել այլ խնդիրների լուծմանը, որը չի համապատասխանում ներկայացվածին»,- առարկեց Արշակ Մկրտչյանը:

Նրան ասվեց, որ այդ մասին ավագանիներն իրենք էին պարտավոր գրավոր արձանագրություն ներկայացնել:

«Ես, որ իմանայի, իմ ձեռքով երկու տող կգրեի, փաստաթուղթ կսարքեի»,- պատասխանեց Ա· Մկրտչյանը և հավելեց, որ նախատեսվող աշխատանքների համար նաև ծախսերի չափ են ներկայացրել, ինչը հերքեց համայնքի ղեկավարը:

Վերջինս նաև իր նկատառումը հայտնեց այն մասին, որ, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, ավագանու անդամներն այդպես էլ չմասնակցեցին կոնկրետ խնդիրների շուրջ համայնքում դիտարկումներ կատարելու համար նախատեսվող շրջայցերին:

Շարունակելով իրենց պնդումներն այն մասին, որ քաղաքապետարանը հաշվի չի առել իրենց առաջարկները` ավագանին 5 դեմ, 2 ձեռնպահ և 3 կողմ արդյունքով չհաստատեց նաեւ 2014թ. բյուջեում առաջարկվող փոփոխությունը:

Օրակարգային ևս 3 հարց քննարկելուց և կողմ քվեարկելուց հետո ավագանու երեք անդամներ ցուցադրաբար լքեցին դահլիճը, և համայնքի ղեկավարը ստիպված էր ընդմիջում հայտարարել: Կես ժամ անց, երբ ավագանու նոր անդամներ ներկայացան նիստին և քվորումն արդեն ապահովված էր, այս անգամ նիստը լքեցին օրակարգի երկու հարցերին դեմ և 1 ձեռնպահ քվեարկողները: Հեռանալուց առաջ հնչեց ավագանու անդամ Հրայր Յոլյանի ռեպլիկը՝ ուղղված համայնքի ղեկավարին և նիստը արձանագրող աշխատակազմի քարտուղարին· «Էս հի՞նչ ա, թազա մարդ եք պիրում, վեր քվորում լրացնե՞ք ...»:              

Մեկնաբանություններ (1)

Lion
Petq che miamit linel hargeliners, es amen@ liskai xarern en, u vomanq ayster katarum en nra naxoroq hrahangvac qayler@, arcyunqum ban@ khasni nran, vor verevic vorosh anteryak ishxanavorner kzangen storin, kxndren vor mijamti ibr harc lucor. Isk mayr arvesi uzacn el henc da e, arcyunqum voroshneri hamar achqi luys kdarna arves@, ibr teseq yes der harcer em lucum Syuniqum, haskacnelov ibr aranc inc xndirner kunenaq ayster, bayc da miayn tvacial e u vorosh anteryakneri hamar, isk Syunecu hamar na arden varuc loyal e ir qaylerov handerc, yev bolor@ giten vor na spasum e voch shat herunerum gtnvor ir ardar datastanin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter