HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զորակում ՀՀԿ վստահված անձինք զբաղված են մարդկանց ընտրատեղամասեր բերելով

Արարատի մարզի Զորակ համայնքում համայնքապետի եւ ավագանու ընտրություններ են: Գյուղում առավոտից դրությունը լարված է: Ընտրատեղամասի հարեւանությամբ՝ փողոցի երկու կողմերում մեծ թվով ավտոմեքենաներ են շարված: Իսկ տեղամասի բակում հավաքվել են հիմնականում «ջիփավորները»: Լարվածության պատճառն այն է, որ թեկնածուները ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից են եւ երկու կուսակցություններն էլ քվեներ հավաքելու խնդիր ունեն:

Համայնքապետի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ անդամ, գործող համայնքապետ Մանուկ Մալոյանը եւ ԲՀԿ-ական Էդուարդ Հարությունյանը: Իսկ ավագանու 7 տեղի համար պայքարում է ավագանու 11 թեկնածու: Նրանցից 8-ը ՀՀԿ-ական է:

Զորակի ընտրատեղամասը գտնվում է համայնքապետարանի հարեւանությամբ՝ մշակույթի տան շենքում: Դրսում հավաքվել են մեծաքանակ մարդիկ, այդ թվում՝ ոստիկաններ: Ակտիվ են հատկապես համայնքապետի թեկնածու Մանուկ Մալոյանի եւ ՀՀԿ-ական ավագանու թեկնածուների վստահված անձինք: Նրանք ազատ մուտք ու ելք են անում ընտրատեղամաս՝ իրենց հետ բերելով ընտրողների:

Ուշագրավն այն է, որ «բերման ենթարկված» ընտրոողների գերակշիռ մասը օգնության կարիք ունեն եւ նրանց հետ քվեախուց են մտնում այլ մարդիկ:

Ընտրողների հոսքը մեծ է եղել հատկապես առավոտյան ժամերին:  Այստեղ ընտրողներից մեկը փորձել է քվեարկել այլ անձնագրով, սակայն հանձնաժողովի անդամը կանխել է, իսկ մի ընտրող քվեարկել է այլ քաղաքացու փոխարեն: Վերջինս եկել է ընտրատեղամաս եւ պարզել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է եւ առանց քվեարկելու հետ է գնացել: Այս դեպքերի արձանագրված չեն:

Ցուցակներում կան նաեւ անճշտություններ: 10 ընտրողի գրություն է տրվել՝ ընտրելու  իրավունքը վերականգնելու: 10-ից 5-ը հետ է վերադարձել եւ լրացուցիչ ցուցակներով մասնակցել ընտրությանը, իսկ մյուսները չեն վերադարձել:

Հանձնաժողովի նախագահը հավաստիացնում էր, որ Զորակում ընտրություններն անցնում են առանց միջադեպերի եւ լարվածության: Ըստ նրա՝ 1361 ընտրողից ժամը 16-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 640-ը:

Նշենք, որ Զորակի ընտրատեղամասում ՀՀԿ-ական թեկնածուների վստահված անձինք չեն փակցնում վկայականները: Ընտրական հանձնաժողովի նախագահ Վարուժան Խուդեդանյանը աչք է փակում ՀՀԿ-ականների գործողությունների վրա: Երբ անծանոթները հետաքրքրվում են վստահված անձանց ով լինելով, մեծ դժկամությամբ են ցույց տալիս վկայականները պատճառաբանելով՝ «մատերս արդեն մազոլ եղավ թուղթը հանել-դնելով»:

Երբ հերթական անգամ երիտասարդ վստահված անձանցից պահանջում են ներկայանալ, իրավիճակը շտկելու համար հանձնաժողովի նախագահը տեղից բղավում է. «արա, արդեն իրիկուն ա, թղթերը կորցրե՞լ եք»: Հետո պատճառաբանում է, որ բոլորին դեմքով ճանաչում է եւ վկայականը չէ, որ նրանց ճանաչել պիտի տա:

Վարուժան Խուդեդանյանը մոտ 5 րոպե ժապավեններ էր փնտրում, որպեսզի վստահված անձինք վկայականները փակցնեն, սակայն ոչ մի ժապավեն չգտավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter