HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուսանագյուղի երիտասարդ բնակիչը կարևորում է ավագանու դերը

Արսեն Վարդանյան

Ավագանու ինստիտուտը թեպետ դժվարությամբ, սակայն սկսել են կարեւորել նաեւ գյուղական համայնքներում:

Աղասի Մարգարյանը Գուսանագյուղի երիտասարդ բնակիչ է: Նախկինում մասնակցել է համապետական եւ համայնքային նշանակության բոլոր ընտրություններին: Ընտրություններին մասնակցում է, որովհետեւ կարծում է, որ իր ձայնը որոշիչ է եւ որպես քաղաքացի պարտավոր է արտահայտել իր կարծիքն ու տեսակետն այս կամ այն որոշումների վերաբերյալ: Իհարկե գյուղական համայնքներում մի փոքր դժվար է, որովհետեւ կան նաեւ մտերիմ-բարեկամական հարաբերություններ: Թեպետ ըստ Աղասի Մարգարյանին, այն գերակշռող դեր չի ունենցել վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ:

«Կարծիք կա, որ ավագանու ինստիտուտը կայացած չէ, որովհետեւ ԱԺ-ն, որպես «մայր ավագանի» տեսնում ենք, որ եւս խնդիրներ ունի այդ առումով,-ասում է Աղասի Մարգարյանը,-հասարակական հիմունքներով ձեւավորված կառավարման այս ձեւն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ չի վճարվում ավագանու անդամը, համապատասխան որակավորում չի անցնում, բայց եւ այնպես միտում կա, որ ամեն ինչ լավ հիմքերի վրա է դրվելու»:

Աղասու համոզմամբ, ավագանու ընտրությունները գյուղի համար մի կողմից գրեթե ոչինչ չփոխող երեւյթ են, մյուս կողմից էլ սխալ է դրան մշտապես քննադատաբար մոտենալը: «Միշտ էլ հնարավորություն պետք է տալ, թեկուզ հակակշիռ բեւեռներ ընտրվեն, հետաքրքիր բանավեճեր ու թեկուզ կենցաղային խոսակցությունների միջոցով նոր թարմ գաղափարներ ծնվեն: Համենայնդեպս, չեմ բացառում երիտասարդ ավագանու անդամների ընտրության հարցում դրական կողմեր, թող լինի նոր ու որակյալ սերնդափոխություն: Ամեն դեպքում նախընտրում եմ գյուղը տեսնել իր ունեցած արժեքները պահպանող, եղածը գնահատող եւ նորը ստեղծելու ձգտումով լի երիտասարդների»,-ասում է Ա. Մարգարյանը:

39-ամյա Գալուստ Անտոնյանը Գուսանագյուղի գյուղապետարանում աշխատում է որպես օպերատոր: Մշտապես ներկա է լինում ավագանու նիստերին եւ վստահեցնում է, որ ցանկացած ծրագրի ժամանակ ավագանին համայնքի կողքին է: «Գյուղի 8 ավագանու թեկնածուներից 3-ը նախկին ավագանու անդամներ են, մյուս հինգը՝ երիտասարդներ են:

Վատ չեմ վերաբերվում, եթե այս անգամ էլ երիտասարդներ ընտրվեն` իհարկե իրենց հետ բերելով թարմություն, նորություն, նոր գաղափարներ,-ասում է Գալուստ Անտոնյանը,-ցանկալի է ավագանու ինստիտուտը քայլեր ձեռնարկի աշխատատեղերի հետ կապված, առանց այն էլ գյուղում աշխատանք չկա, արտագնա աշխատանքի մեկնողներն էլ են քիչ: Գյուղը ոռոգման համակարգ չունի երկրաշարժից հետո, ցանկալի է վերականգնվեր ոռոգման ջրի համակարգը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter