HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքրաշենի մեծ խնդիրները. գյուղացիները հույս ունեն, որ իրենք էլ գազ կունենան

Մարիամ Խալաթյան 

Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղը հիմնադրվել է 1800-ականներին:

Հիմնադիրները Արեւմտյան Հայաստանի Բասեն գավառից գաղթած բնակիչներն են եղել: Սկզբում համայնքին տրվել է Գետիկ Ներքին, Լեռնանցք, Կեյտի Պոկր, Կետի Պոկր, Քեթի Ներքին անվանումները, իսկ 1967թ.-ին վերանվանվել է Փոքրաշեն: 

Փոքրաշենն այսօր ունի 228 բնակիչ` 50 տնտեսություն: Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, գյուղում զբաղվում են նաև հողագործությամբ` մշակում են հացահատիկ, ճակնդեղ: Համայնքի հողերի մեծամասնությունն արոտավայրեր են, քանի որ Փոքրաշենը չունի ոռոգման համակարգ: 

Համայնքի խնդիրների մասին տեղացիները բարձրաձայնելուց խուսափում են` պատճառաբանելով, թե` «ենթադրենք ասեցինք էս չունենք, էն չունենք, ո՞վ կբերի կտա», բայց խոստովանում են. խնդիրներով հանդերձ սիրում են իրենց գյուղը: Դա է նաև պատճառներից մեկը, որ այստեղ արտագաղթի թիվը ցածր է: Վերջին տարիներին փոքրիկ այս գյուղից ընդամենը 2-3 ընտանիք է արտագաղթել: 

Գյուղամիջում շատ քիչ բնակիչների կարող ես հանդիպել, բոլորն իրենց գործերով են տարված, ուստի տպավորություն է ստեղծվում, թե գյուղը դատարկ է: Քանի որ Փոքրաշենում, ինչպես մարզի մյուս բոլոր համայնքներում, մարդկանց զբաղվածությունը լուրջ խնդիր է, այստեղից ևս արտագնա աշխատանքի մեկնողները շատ են: Համայնքի ղեկավարն ասում է, գրեթե ամեն ընտանիքից մեկ մարդ գտնվում է դրսում: 

Գյուղը, թեև փոքր է, բայց ունի մեծ խնդիրներ: Փոքրաշենը մինչ օրս գազաֆիկացված չէ, գյուղի երիտասարդությունը չունի որևէ զբաղմունք: Համայնքում չկա նաև մանկապարտեզ, բայց գյուղն ունի բավական կոկիկ դպրոց: Փոքրաշենի միջնակարգ դպրոցում 22 աշակերտ է սովորում, այնտեղ դասավանդում է 8 մանկավարժ` բոլորը Գյումրիից: Կան դասարաններ, որտեղ սովորում են 1-ական աշակերտ: Դպրոցի տնօրեն Զոհրապ Արշակյանն ասում է` սաների առաջադիմությունը վատ չէ, ունեն և’ օլիմպիադաների մասնակիցներ, և’ շրջանավարտներ, ովքեր դարձել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ: 

Կյանքը դժվար է, ժամանակները` ծանր, դա էլ քիչ է, այս ձմռանն էլ մի շարք ջրագծեր սառել են, այդ թվում եւ դպրոցինը: Չնայած իրենց խնդիրներին՝ փոքրաշենցիները լավատես են և հույս ունեն, որ շուտով իրենց գյուղում էլ շատ խնդիրներ լուծում կստանան եւ կլուծվի կարեւորներից` գազաֆիկացման խնդիրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter