HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեհվազում համայնքային ընտրություններից ակնկալիքներ չունեն

Մարիամ Մաթևոսյան

Մարտի 9-ին Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում տեղի ունեցան համայնքի ղեկավարի և ավագանիների ընտրություններ:

Առաջադրված միակ թեկնածուն՝ գործող գուղապետ Սասուն Զաքարյանն այս ընտրություններում առաջադրվում է արդեն հինգերորդ անգամ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ միայնակ պայքարելն այդքան էլ հետաքրքիր չէ.  «2006 թվականին կայացած  ընտրությունն ավելի թեժ էր, քանի որ մրցակցություն կար»,-ասում է Ս. Զաքարյանը:

Այն հարցին, թե տեղյակ է, թե ինչու է մյուս թեկնածու` անկուսակցական Ռոմիկ Պողոսյանն ինքնաբացարկ հայտնել, ասում է. «Ես իրեն մրցակից չէի էլ համարում, ու ինքն էլ դա գիտակցելով՝ ինքնաբացարկ տվեց»:

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն` Ռոմիկ Պողոսյանը, նշում է, որ պատճառը համակիրների բացակայությունն է գյուղից, քանի որ հենց նրանք էլ պետք է օգնեին ձայն հավաքել. «Մոտ 15 օր առաջ եմ իմ թեկնածությունը հետ վերցրել, քանի որ հասկացա, որ պայքարն անհավասար պայմաններում պետք է ընթանար»,- ասում է անկուսակցական թեկնածուն ու հավելում, որ նույնիսկ գյուղում շատերն այդպես էլ չեն իմացել, որ նա ևս իր թեկնածությունն է առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Նա նաև նշում է, որ հաջորդ ընտրություններին իր թեկնածությունը մեկ անգամ ևս կառաջադրի, և միայն հաղթելու պայմանով, եթե, իհարկե,  մինչ այդ համայքների խոշորացում չլինի:

Ընտրւթյունների մասին իրենց նկատառումներն են հայտնում նաև գյուղի բնակիչները: «Որ ճիշտն ասեմ, այդքան էլ մեծ սպասումներ չունեմ էս ընտրություններից: Չգիտեմ էլ որքանով կարևոր ընտրություն է համայնքի համար: Իրենց աչքը լույս, մեզ ի՞նչ, միայն խոստումներ են տալիս»,-ասում է Լիլիթ Մկրտչյանը

«Լավ գյուղ ա, շրջանի ամենահարուստ գյուղն ա, բայց գործ չեն անում մեր ժողովուրդը: էն ա տրակտորը քանի տարի ա նույն տեղում կանգնած ա, մի վարորդ չեն գտնում, որ աշխատացնեն»,-դժգոհում է Վազգեն Խուդյանը՝ ձեռնափայտը մեկնելով գյուղամիջում կանգնեցրած տրակտորին:  Հարցին, թե ինչ կփոխի այս ընտրությունն իրենց կյանքում, նա պատասխանում է. «Ոչինչ էլ  չի փոխվի: Ինչպես եղել ա, այնպես էլ գնալու ա: Ասում են` ինձ ընտրեք, լավ ա լինելու, կաշխատնեք, բայց հենց աշխատավարձ են ստանում, վերջանում ա: Ամառը մի անգամ եկեք մեր գյուղ. ամբողջ փողոցով կոյուղաջրեր են հոսում»: Արմինեն ևս չի հավատում դրական փոփոխության, քանի դեռ պետությունը մսխում է իրենց ռեսուրսները. «Գետերը ցամաքում են, էնքան հէկեր են կառուցում Մեղրի գետի վրա: Ամեն տարի նորն են կառուցում, մեզ ինչ օգուտ, եթե մեր հոսանքը մեզ ավելի թանկ են վաճառում, քան իրանացիներին: Մի բան էլ` ջրից էլ են մեզ զրկում: Գազ չունենք, խոստացան, որ  2013 թվականին կլինի, բայց արդեն 2014-ն է, շարունակում եմ փեչի վրա ճաշ եփել»,-ասում է Արմինեն:

Ընտրությունները չանցան առանց հումորի: Գործող ավագանիներից մեկից փորձեցինք պարզել, թե, ըստ նրա, որն է ավագանու դերակատարությունը, մի քանի րոպե լռելուց հետո օգնության հասավ համայնքի ղեկավարը. «Բյուջե էս հաստատում, աշխատանքներին օգնում, գալիս ես նիստերին մասնակցում»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 321 ընտրող, որը կազմում է ընտրողների 69 %-ը, որից գործող գյուղապետի օգտին քվեարկել է 293 մարդ, 18-ը դեմ են քվարկել, իսկ  9 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Իսկ ավագանու ընտրություններում, 5 գործող ավագանիներից  բավականաչափ քվե չկարողանալով ապահովվել, 2-ը դուրս են մնացել ընտրապայքարից` իրենց տեղը զիջելով Վարազդատ Հովհանիսյանին և Գեորգի Ծատրյանին: Վերջինս 140 ձայն հավաքելով՝ առաջ անցավ մրցակիցներից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter